ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

6 Դկտ

Հիշատակարան

1942թ մայիսի 7
Փողոցում մի սրճագույն շուն, այս տարվա ծնունդ, նիհար, խեղճ, կարծես անտեր, թափառում է սոված. գլուխը միշտ կախ, գետինը հոտոտելով, ուտելիք է գտնում, ինչ ուտելիք կարող է գտնել այս կիսասով քաղաքում. թերևս ոսկորի կտորները, հացի փշրանքները, ձկան ոսկորները… Խե˜ղճ շուն. ցեխոտ, հողոտ, քաղցած: Ինչու է ծնվել, եկել այս չար աշխարհը, մի ոճրագործ բնության կամքով: Ստեղծում է
բնությունը` առանց մտածելու նրանց կերակրելու մասին, անհաշիվ քանակությամբ ստեղծում է և իրար վրա բաց թողնում այս խեղճ արարածներին: Եվ դարձնում է նրանց գազան. անգութ. այնինչ կենդանիները բարի են հոգով. մարդն է չար, մարդն է բնության արժանի որդին- չարագործ բնության չարագործ զավակներ: Այս խեղճ շունը, որ շփոթված քաշ է գալիս` գալարվելով սովի ձեռքից, փողոցի
տղաները քարով զարկում են, ցավ են պատճառում. վնգստում է խեղճ շունը, և, հաշտված իր վիճակի հետ, նորից թափառում է: Բարի են կենդանիները, ազնիվ են – շունը, ոչխարը, այծը, եզը, գոմեշը, ձին,
ուղտը: Չար են մարդիկ… Պատերազմը մարդկության պատիժն է իր չար սրտի համար:

1954թ ապրիլ
Գյումրեցին ասում է- մարդու պակասություն:
Այսինքն` հաց, հարստություն կա, բայց մարդ չկա, խելոք, ազնիվ, մարդասեր, քաջ մարդ չկա…
— Ի՞նչ կա, ի՞նչ չկա:
— Մարդու պակասություն, ուրիշ ոչինչ:
Բացել եմ ռադիոն և լսում եմ երաժշտություն աշխարհի զանազան վայրերից — Հինդ, Արաբ, Իրան, Բաքու, Հայաստան… Լսում եմ և երազում, բաց աչքերով…
Թափառում եմ երկրե-երկիր, սեր եմ որոնում, սիրածի եմ որոնում… Կարոտ, լաց, մայր, հայրենիք, մանկություն, երիտասարդություն, անցյալ… Երազներ, երազանք, վերացում, սլացում, եսազրկում. անուրջներում ապրում. գոյությունդ մոռանալ, ես-դ մոռանալ, ինքնամոռացում…
Առանց մարդու տիեզերքն ի՞նչ արժեք ունի, ո՞վ է հաստատողը նրա գոյության. նրան բացատրելու…
Ու՞մ համար է նա` տիեզերքը, երբ իրեն պես բոլորը` տարրերը, անզգա են: Ի՞նչ իմաստ ունի, ի՞նչ է:
Ոչինչ է նա, պարզապես մի անսահման ունայնություն, անմտություն, աննպատակություն:
Բնությունը ամենամեծ հանճարն է: Վարդը, եղնիկը, նժույգը, կարապը, դրախտահավը, քնարահավը… Նրա հանճարագեղ, հանճարեղ գործերն են:

1955թ հուլիս
Մարդը իր ինտելեկտով հիբերֆիզիկ է, նյութականից բարձր, վեր: Նա կենդանական (անասնական), բնական աշխարհի վրա իր աշխարհն է բարձրացրել` կուլտուրան, հոգեկանը: Եվ նա դրա շնորհիվ գոյության կռիվը տանում է ոչ թե մարդու դեմ, մարդը մարդու դեմ, ոչ` մարդը բնության դեմ: Մարդը նվաճում է բնության ուժերը, վերջիններին տիրում է և ծառայեցնում իր շահերի համար. և նա կռվում
է` իր վրա բնազդների դեմ ինքնիշխանության և ինքնատիրապետության համար:

1956թ դեկտեմբերի 27
Մոռանալ և խաբվել: Ուզում եմ մոռանալ անցյալս, բոլոր վատ, տխուր դեպքերը, աղետները: Չհիշեմ, այնպես լինի, որ զգամ` որ բնավ չի եղել: Խաբվել…
Խաբեցե’ք ինձ, բժիշկնե’ր, խաբեցեք, դեղագործնե’ր, խաբեցեք` մինչև վերջին րոպեն, մինչև վերջին շունչս խաբեցեք ինձ.- չիմանամ, որ հիվանդ եմ, որ ծանր հիվանդ եմ, որ չունիմ մռայլ հեռանկար, այլ պայծառ, ուրախ, արևոտ…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s