ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

28 Նյմ

ՍԵՐ ԵՎ ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄ

Վիլյամ Սարոյանի կյանքում քիչ չեն եղել աղմկահարույց ու անսպասելի պատմությունները։ Ինչպես յուրաքանչյուր մեծ արվեստագետ, նա ևս զերծ չէր տարօրինակություններից ու զանազան թուլություններից։ Սակայն մի դեպք, այնուամենայնիվ, առանձնանում է այդ ընդարձակ շարքում։ Խոսքը սկսնակ դերասանուհի Քարոլ Մարկուսի հետ Սարոյանի ամուսնության ու կրկնակի բաժանման մասին է։ Սարոյանը 34 տարեկան էր, երբ 1942-ի մի սովորական օր Հոլիվուդի ռեստորաններից մեկում հանդիպեց ու ծանոթացավ իր ապագա կնոջ հետ։ Քարոլը նրանից փոքր էր 16 տարով, բայց նշանավոր գրողի համբավն ու հմայքն անմիջապես գերեցին աղջկան։ Մեկ տարի անց նրանք ամուսնացան։ Ծնվեցին երկու զավակները՝ Արամն ու Լյուսին։ Ամեն ինչ ընթանում էր իր բնականոն հունով։ Անխախտ սիրո հավաստացումները, ընտանեկան մթնոլորտի ջերմությունը որևէ բանով չէին նախանշում այն շրջադարձը, որ պիտի հաջորդեր ավելի քան 6 տարիների համատեղ կյանքին: Եվ երբ, այնուամենայնիվ, բաժանումը կայացավ, Սարոյանի անսպասելի որոշումը անակնկալի էր բերել բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին երջանիկ զույգին։ Այդ առթիվ զանազան ենթադրություններ էին արվում։ Նույնիսկ Չապլինի կինը՝ Ունան, որ Քարոլի ընկերուհին էր, ասում էր, թե իբր պատճառը պատերազմի օրերին Սարոյանի կնոջ՝ ամուսնուն հասցեագրած նամակներն էին, որոնք լի էին քերականական սխալներով, իսկ դա չէր կարող չզայրացնել բծախնդիր գրողին։ Դա, իհարկե, ճշմարիտ լինել չէր կարող։ Իսկ իրական դրդապատճառն իմանալու համար տասնամյակներ պահանջվեցին։ Միայն Սարոյանի մահից հետո հայտնի դարձան մանրամասներ, որոնք առաջին հայացքից կարող են պարզապես անհավանական համարվել։
Համաձայն այդ պատմությունների, խնդիրն ուղղակիորեն առնչվում էր Քարոլի ազգային պատկանելությանը։ Մայրական կողմից նա հրեա էր, սակայն երկար ժամանակ այդ փաստը գաղտնի էր պահում ամուսնուց՝ խուսափելով հնարավոր հետևանքներից։ Այս մտավախությունը հավանաբար հիմքեր ուներ, ինչի մասին կարելի է միայն կռահել։ Իսկ թե ինչ պատահեց 1949 թվի վաղ գարնանը, այդ մասին գրողի որդին՝ Արամ Սարոյանը շարադրել է հոր մասին պատմող իր հիշողություններում.
«…Եվ մի գիշեր, անկողնում, երկուսով սեր անելուց անմիջապես հետո, երբ Քարոլը Բիլի վերաբերմունքից ելնելով` իրեն ապահով էր զգում, կատարում է իր երկարաձգած քայլը և ամուսնուն հայտնում, որ ինքն իրականում հրեուհի է։ Սարոյանի պատասխանը կայծակնային էր։ Նա վեր կացավ, վերցրեց իր անկողինը և գնաց, պառկեց հյուրասենյակի բազմոցին։ Կեսգիշերին վերադարձավ ննջարան, վառեց լույսը ու մի կողմ նետեց վերմակը՝ Քարոլին թողնելով մորեմերկ։ ։
Առավոտյան Սարոյանը լքում է կնոջն ու երեխաներին, որից հետո՝ Քարոլի համաձանյությամբ ապահարզն է տալիս ու բռնում Եվրոպա տանող ճանապարհը։
Թե որքանով էր լուրջ այս միջադեպը, որպեսզի ամուսինների բաժանման առիթ հանդիսանար, դժվար է ասել։ Կատարվածը նախ և առաջ տարօրինակ էր նրանով, որ հակասեմիտական տրամադրությունները երբևէ չէին արտահայտվել ոչ Սարոյանի ստեղծագործություններում, ոչ նրա կյանքի այլ իրավիճակներում ու հարաբերություններում։ Ի դեպ, պետք է նկատել, որ Սարոյանի այդ տարիների պահվածքում հազվադեպ չէին անսպասելի բռնկումների դեպքերը։ Դրանցից մեկի մասի հենց ինքն է խոստովանում. «…Եղավ, որ խենթացա… 72 ժամ խենթ եղա, խենթություն եկավ վրաս։ Մարդ չիմացավ։ Ես ու իմ աստված կռվեցանք ու ես հաղթեցի…»:
Որքան որ անսպասելի էր անջատումը, նույնքան էլ անակնկալ կերպով 1951-ին ընտանիքը կրկին միավորվում է։ Նույնիսկ պսակադրության արարողություն է կայանում Լոս Անջելեսի հայկական եկեղեցում։ Բայց Սարոյանի նման մարդը ստեղծված չէր ընտանեկան կյանքի համար։ Վերջնական բաժանումը տեղի է ունենում 1955-ին։
Իր կյանքի հետագա տարիները Սարոյանը նախընտրեց ապրել ամուրիի կարգավիճակով։ Ճիշտ է, խոսում էին այն մասին, որ այդ ընթացքում նա սիրային կարճատև կապ է ունեցել բազմաթիվ հայտնի ու անհայտ կանանց, այդ թվում նաև նշանավոր դերասանուհի Մերիլին Մոնրոյի և ոչ պակաս հանրահայտ Շելի Ուինթրզի հետ, իսկ ավելի ուշ խիստ մտերմիկ հարաբերություններ էր հաստատել մի հայուհու՝ Գեյլ Սարգսյանի հետ, բայց այդ կապերից և ոչ մեկն այդպես էլ չպսակվեց նոր ամուսնությամբ, և ամենայն հավանականությամբ Սարոյանը բնավ չհետաքրքրվեց, թե ինչ ազգության ներկայացուցիչ էին իր սիրահետումի թիրախները։
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s