ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ

28 Նյմ

ՍԻՐԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամուսնուց նամակ եկավ: Նա այլեւս չէր սիրում նրան եւ լքել էր: Երկու տարվա ընթացքում առաջին նամակը: Հեռավոր քաղաքից:
«Աղջկան ռեզինե գնդակը մի տուր: Ես լսում եմ, թե ինչպես է նա դրանով խփում հատակին: Այդ ձայնից իմ սիրտը արագ է խփում»:
Մայրն աղջկանից խլեց գնդակը: Նա ինը տարեկան էր:
Հետո ամուսնուց եւս մի նամակ եկավ: Այն արդեն ուրիշ քաղաքից էր ուղարկված:
«Թող մեր աղջիկը դպրոց գնալիս այդ կոշիկները չհագնի: Ես լսում եմ դրանց տկտկոցը սալահատակի վրա: Ասես տրորում է իմ սիրտը»:
Այդ կոշիկների փոխարեն մայրն աղջկան տվեց կտորե փափուկ մաշիկները: Աղջիկը լացեց եւ դադարեց դպրոց գնալ:
Հետո եւս մի նամակ եկավ: Նախորդ ուղերձից հետո ընդամենը մեկ ամիս էր անցել, բայց ամուսնու ձեռագիրը ծերունական էր:
«Աղջկան կերակրաթասը մի տուր: Երբ նա այնտեղից բրինձ է քերում, իմ հոգում ասես կատուներ են ճանկռտում»:
Մայրը սկսեց աղջկան իր փայտիկներով կերակրել, կարծես թե նա երեք տարեկան էր: Հետո նա հիշեց այն ժամանակը, երբ նա իրոք երեք տարեկան էր, իսկ ամուսինն այնքան երջանիկ խաղում էր նրա հետ:
Աղջիկը կամացուկ մոտեցավ պահարանին եւ հանեց կերակրաթասը: Մայրը ճանկեց այն նրա ձեռքից ու ջարդուփշուր արեց այգու քարի վրա: Ահա թե որ ձայնից է կոտրվում նրա ամուսնու սիրտը: Նա մռայլվեց եւ իր կերակրաթասն էլ քարով տվեց: Ահա այդ ձայնի՞ց է կոտրվում նրա սիրտը: Մայրը ճաշասեղանը նետեց այգի: Իսկ այս ձայնը ո՞նց է: Նա նետվեց դեպի տան պատը եւ սկսեց բռունցքներով խփել դրան: Հետո մեջքանց նետվեց թղթե միջնորմի վրա` պատռեց, ասես տեգով խփեց, ընկավ հատակին: Ո՞նց է քեզ այս ձայնը:
— Մամա, մայրիկ:
Աղջիկն արտասվաթոր վազեց մոր մոտ, իսկ նա սկսեց ապտակել նրան: Դե, այս ձայներն էլ լսի:
Դրա արձագանքն եղավ ամուսնու նոր նամակը: Մեկ ուրիշ հեռավոր քաղաքից:
«Դուք չհամարձակվեք որեւէ ձայն հանել: Դուք չհամարձակվեք դռները շրխկացնել: Դուք չհամարձակվեք պատուհանները բացել: Դուք չհամարձակվեք շնչել: Դուք չհամարձակվեք ժամացույցը լարել»:
«Դուք, դուք, դուք…»,- շշնջում էր կինը՝ արցունք թափելով: Հետո ընդմիշտ դադարեց ձայն հանել: Նույնիսկ` ամենացածր: Նա ու աղջիկը մահացան:
Տարօրինակ է, բայց ամուսինը մահացել էր նրա հետ նույն անկողնում:
Թարգմ. Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s