Պահոց | 10:05 ե.

ԼԱՈ ՑԶԻ

27 Նյմ

Ազատագրման Ուղու և Ճշմարիտ Ուժի կանոն

§ 1

1 Անվանակոչված Դաոն իրական Դաո չէ:
2 Անվանակոչված անունը իրական անուն չէ:
3 Անգոյությունն է համարվում Երկնքի և Երկրի սկիզբ:
4 Գոյությունն է համարվում բազմարարչության Մայր:
5 Ուստի նրա անհաս-անորսալի էությունը տեսնելու համար
6 Ձեռք բեր իրական անգոյությունը:
7 Եվ նրա երևակվելը դիտելու համար մնա գոյության մշտնջենության մեջ:
8 Դրանք երկուսն էլ հասունանում են հավասարապես և իրենց անվամբ են լոկ տարբեր:
9 Լինելով միակցված`նրանք կոչվում են ծածուկ:
10 Խորհրդավորն ու կրկին խորհրդավորը` բազում գաղտնի բաների Նախադուռն են:

§ 2

1 Երբ որ Երկնքի տակ պարզվեց, որ գեղեցիկը գեղեցիկն է,
2 Հենց նույն պահին ի հայտ եկավ տգեղությունը,
3 Երբ որ բոլորն հասկացան, որ բարի է բարին,
4 Հենց այդ նույն պահին հայտնվեց և չարիքը:
5 Քանզի լինելն ու չլինելն են իրար արարում:
6 Բարդը և պարզը ստեղծում են իրար:
7 Երկարն ու կարճը հասնում են իրար:
8 Բարձրն ու ցածրը ձգվում են իրար:
9 Ձայներն ու հնչյունները ներդաշնակվում են մեկը մյուսի հետ,
10 «Մինչը» և «հետոն» հաջորդում են իրար:
11 Այդ իսկ պատճառով իմաստունը գործում է անգործությամբ և սովորեցնում է լռությամբ:
12 Դրանից են ծագում բազում արարչագործությունները,
13 Իսկ նա դրանք չի ղեկավարում:
14 Նա ծնում է դրանք և դրանց չի տիրում,
15 գործում է` չակնկալելով հատուցում,
16 կատարելության հասնելով` չի համարում դա հաջողություն,
17 որպեսզի երբեք չձգտի հաջողության,
18 ինչը երբեք էլ նրան չի լքում:

Թարգմ. Լուսինե Մանուկյան

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

27 Նյմ

Եղել է նաև այսպիսի օր. 1996 թ. ամառ, Լեռնային Ղարաբաղում:

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ

27 Նյմ

Լույսի զինվորի գիրքը

Լույսի զինվորը նա է, ով ընդունակ է հասնելու կյանքի հրաշքին և մինչև վերջ պայքարելու այն ամենի համար, ինչին հավատում է: Եվ չնայած ոչ ոք ինքն իրեն լույսի զինվոր չի համարում, այնուամենայնիվ յուրաքանչյուր ոք կարող է լույսի զինվոր դառնալ:
1
Լույսի զինվորը չի մոռանում բարիքը:
Կռվում նրան օգնում են հրեշտակները. երկնային ուժերը ամեն ինչ այնպես են դասավորում, որ հնարավորություն են տալիս նրան լավագույնս դրսևորելու իրեն: «Ո՛նց է բախտը բերում»,- ասում են ընկերները:
Իսկ լույսի զինվորին հաճախ է հաջողվում այն, ինչ վեր է մարդկային ուժերից: Դրա համար էլ ամեն արևածագի նա ծնկի է գալիս ու գոհացում հայտնում իրեն պահպանող բարեգութ հովանավորության համար:
Սակայն լույսի զինվորի երախտագիտությունը միայն հոգևոր ոլորտով չի սահմանափակվում. նա երբեք չի մոռանում ընկերներին, որովհետև իրենք միասին են արյուն թափել մարտի դաշտում:
Կարիք չկա լույսի զինվորին հիշեցնելու ուրիշների ցուցաբերած օգնության մասին: Նա ինքը միշտ հիշում է դա և բոլոր պարգևները կիսում նրանց հետ:

2
Աշխարհի բոլոր ճանապարհները տանում են դեպի լույսի զինվորի սիրտը. նա առանց երկմտելու նետվում է հորձանուտը կրքերի, որոնցով մշտապես լի է նրա կյանքը:
Զինվորը գիտե, որ ինքն ազատ է իր ընտրության մեջ, նա խիզախորեն է որոշում կայացնում` առանց ետ նայելու, իսկ հաճախ նաև` գլուխը կորցրած:
Նա սիրում է իր կրքերը և քաղում դրանց պրուղները: Նա գիտե` պետք չէ հրաժարվել հաղթանակների նվիրած բերկրանքից: Հաղթանակները կյանքի մի մասն են, և ուրախացնում են նրանց հոգիները, ովքեր հասել են դրանց:
Բայց երբեք զինվորը տեսադաշտից չի կորցնում այն, ինչ ստեղծվում է դարերի համար, հիշում է, թե որքան ամուր են այդ կապերը, և ժամանակն ինչքան անզոր է դրանց դեմ:
Լույսի զինվորը կարողանում է զանազանել անցողիկը հաստատունից:

3
Լույսի զինվորը հույսը դնում է ոչ միայն սեփական ուժերի վրա, այլև օգտագործում է իր հակառակորդի էներգիան:
Նա մարտի է նետվում` զինված միայն արվեստով խանդավառության և հարվածելու ու հակահարված տալու. մարտի հնարքներ, որոնք նա երկար սովորել է: Սակայն հետո գիտակցում է, որ ո՛չ խանդավառությունը, ո՛չ էլ հմտությունները բավարար չեն հաղթանակի հասնելու համար. անհրաժեշտ է նաև փորձառություն:
Եվ այդ ժամանակ նա բացում է իր սիրտը տիեզերքի առաջ ու խնդրում, որ Աստված խելք տա ու ոգևորի իրեն՝ հակառակորդի յուրաքանչյուր հարվածից «պաշտպանություն» գիտության դասեր քաղելու: «Նա լի է նախապաշարումներով,- ասում են ուղեկիցները: -Դադարեցնում է մարտը և աղոթում: Իսկ հակառակորդին հենց դա էլ հարկավոր է»:
Լույսի զինվորը բանի տեղ չի դնում ծաղրական խոսքերին, քանզի գիտե, որ ամեն մի ուսումնառություն, առանց խանդավառության ու փորձի, իզուր կորած է:

4
Լույսի զինվորը երբեք չի գնում խարդավանքների, բայց կարողանում է շեղել հակառակորդին և մոլորության մեջ գցել:
Որքան էլ նրա հոգին տոչորում է հաղթական նպատակին հասնելու անհագ ծարավը, միևնույն է, նա չի խուսափում խաղեր տալուց և այսպես ռազմավար է դառնում:
Զգալով, որ ուժերը տեղի են տալիս՝ նա ստիպում է հակառակորդին մտածել, թե ինքը չի շտապում, պատրաստվելով հարձակվել աջ թևի վրա, նա իր զորքերը տեղափոխում է ձախակողմ:
Պատրաստվելով անհապաղ սկսել ճակատամարտը` ձևացնում է, թե իրեն պատել է նինջը և իբր ուր որ է՝ քնելու է:
‹‹Տեսե՛ք` ոնց է ընկել նրա մարտական ոգին››,- ասում են ընկերները: Այնինչ լույսի զինվորը բանի տեղ չի դնում այդ դիտողությունները, քանզի բարեկամներին անգամ անհասանելի են այն խորամանկություններն ու հնարքները, որոնք նա կիրառում է ռազմադաշտում:
Լույսի զինվորը գիտե, թե ինչ է ուզում: Եվ իր ծրագրերը բացատրելու կարիքը չունի:

5
Ահա թե ինչ է ասում լույսի զինվորի ռազմավարության մասին չինացի իմաստունը:
‹‹Քո թշնամուն հարկադրի՛ր հավատալ, որ նա քիչ բանի կհասնի` քեզ վրա հարձակվելով, և դրանով դու կթուլացնես նրա մարտական եռանդը:
Եթե հասկացել ես, որ հակառակորդը գերազանցում է քեզ, մի՛ ամաչիր ռազմի դաշտը նրան զիջելուց, քանզի կարևոր է ոչ թե մի ճակատամարտի արդյունքը, այլ պատերազմի վերջնական ելքը:
Եթե քո ուժերը բավարար են, մի կո՛ղմ նետիր կեղծ ամոթը և թու՛յլ ձևացիր: Դա կստիպի հակառակորդին կորցնել զգուշավորությունը և հաձակվել քեզ վրա` չսպասելով հարմար պահի:
Հակառակորդին հանկարծակիի բերելու ունակությունը հաղթանակի գրավականն է պատերազմում››:

6
‹‹Տարօրինակ է,- ինքն իրեն խորհում է լույսի զինվորը,- ինձ այնքան շատ մարդիկ են հանդիպել, ովքեր առաջին իսկ հնարավորության դեպքում ձգտում են ներկայանալ իրենց ամենավատ կողմերով: Զինվորական ճնշման տակ նրանք թաքցնում են իրենց ներքին ուժը, մենակության վախը ծածկում են անկախության դիմակով: Նրանք չեն հավատում սեփական հնարավորություններին, բայց ամեն անկյունում ազդարարում են իրնց առաքինությունների և արժանիքների մասին››:
Զինվորը տեսնում է այդ հատկանիշը շատ կանանց ու տղամարդկանց մեջ, որոնց ճանաչել է: Բայց նա երբեք չի տրվում խաբեությանը, չի հավատում առաջին տպավորությանը, իսկ եթե ցանկանում են հետաքրքրել ու զարմացնել նրան, համառորեն լռություն է պահպանում: Սակայն անխտիր օգտվում է նա ցանկացած հարմար պահից, որ շտկի իր թերությունները, քանզի, ինչպես հայելու մեջ, ինքն իրեն տեսնում է ուրիշ մարդկանց մեջ:
Լույսի զինվորը միշտ բաց է` ամեն մի նոր բան սովորելու համար:

Թարգմ. Թամար Ղահրամանյան

ՄԱՐԿՈՍ ԱՎՐԵԼԻՈՍ

27 Նյմ

Ինքս ինձ հետ մենակ

Հասկացիր ոչ միայն այն, որ կյանքը յուրաքանչյուր օր նվազում է և մնում է նրա ավելի քիչ մասնաբաժին, այլ նաև այն, որ շատ երկար կայնքի դեպքում ոչ միշտ է պահպանվում մտքի ուժը տեղի ունեցողը հասկանալու և աստվածային ու մարդկային գործերն ըմբռնելու համար:
Երբ մարդը բթանում է, այդ չի ազդում նրա շնչառության, մարսողության, երևակայության, ցանկությունների և նման բաների վրա: Սակայն թուլանում է իշխանությունն իր անձի վրա: Նա արդեն չի հասկանում իր պարտականությունները, ընդունակ չէ պատկերացում կազմել շրջապատի մասին և չի կարող իրեն հաշիվ տալ այն բանում, որ ավելի լավ է հրաժեշտ տալ այդպիսի կյանքին: Այդ ամենը պահանջում է հստակ բանականություն, որն արդեն անվերադարձ կորսված է: Այսպիսով, հարկ է շտապել ոչ միայն այն բանի համար, որ մենք ավելի ու ավելի ենք մերձենում մահվանը, այլ նաև այն բանի համար, որ դեռ կյանքի ընթացքում մեզ դարանակալում է իրերի ճշմարիտ դիտարկման և ընկալման ընդունակության կորուստը:

Հարկ է ուշադրություն դարձնել և այն բանին, որ մի կողմնակի ու փոփոխական բան բնության ստեղծագործություններում ունի հատուկ գրավչություն և գայթակղիչություն: Թխած հացի վրա տեղ-տեղ հայտնվում են փոքրիկ ճաքներ: Այդ ճաքերը անհարազատ են հացթուխի արվեստի հիմնական նպատակին, բայց հացին տալիս են առանձնահատուկ ախորժահամ տեսք: …Ցածր կռացած հասկերը, առյուծի մռայլ ճակատը, վարազի երախից հորդացող փրփուրը և շատ այլ բաներ, որոնք ինքնին ամենևին էլ գրավիչ չեն, զուգակցվելով այն բանին, ինչ ստեղծել է բնությունը, ուժեղացնում են ընդհանուր տպավորությունը: Այդ բոլորը դեպի իրեն է ձգում այն մարդուն, ով ունի առանձնահատուկ ընկալունակություն և Ամբողջի էության ավելի խորը ըմբռնում: Դժվար թե նա կարողանա չզգալ կարևորությունը նման երևույթների, որոնք միշտ ուղեկցում են բնության գործունեությանը: Ողջ գազանների երախներին նա կնայի նույքան հրացմունքով, ինչքան բնությանը օրինակող պատկերներին ստեղծված նկարիչների և արձանագործների տաղանդով: Խորամուխ հայացքով նա ունակ է ճանաչել ոչ միայն ծաղկման ժամանակաշրջանի գեղեցկությունը, այլ նաև ծերունու և պառավի առանձնահատուկ գեղեցկությունը, երեխայի հրապույրը: Եվ շատ կա այնպիսի բան, որ մատչելի է ոչ յուրաքանչյուրին, այլ բացվում է միայն նրան, ով ճշմարտապես մերձեցել է բնությանը և նրա գործերին:

Հիպոկրատը բուժելով բազմաթիվ հիվանդություններ, ինքը հիվանդացավ և մահացավ: Քաղդեացիները շատերին մահ կանխագուշակեցին, իսկ այնուհետև իրենց էլ վրա հասավ ճակատագիրը: Ալեքսանդրը, Պոմպեոսը, Գայոս Կեսարը հիմնովին քանդելով այդքան քաղաքներ և մարտերում կոտորելով տասնյակ հազարավոր հեծյալների ու հետևակների, վերջ ի վերջո իրենք էլ հրաժեշտ տվեցին կյանքին: Հերակլիտեսը, ով այդքան դատողություններ արեց համաշխարհային հրդեհի մասին, մահացավ ջրգողությունից…. Դեմոկրիտին կերան մակաբույծները: Սոկրատեսին սպանեցին նույնպես յուրատեսակ մակաբույծները: Բայց այս ամենից ի՞նչ եզրակացություն: Դու նավ բարձրացար, նավարկություն կատարեցիր, հասար նավահանգիստ. պահն է իջնելու:Եթե քեզ այլ կյանք է սպասում, ապա քանի որ աստվածները ամենագո են, նրանք այնտեղ էլ կլինեն: Եթե դա կլինի անզգայության վիճակ, ապա դու ստիպված չես լինի այլևս տառապանքներ և վայելքներ կրել ու ծառայել պատյանին, որն ավելի վատն է նրանից, ով պատյանի գերին է: Քանզի վերջինը բանականություն է և հանճար, իսկ պատյանը` հող ու մոխիր:

Մի´ մսխիր կյանքի մնացորդները ուրիշների մասին մտքերի վրա, եթե միայն խոսքը ինչ-որ հանրօգուտ բանի մասին չէ: Չէ՞ որ մտորելով այն մասին, թե ով ինչ է անում և հանուն ինչի է անում, ով ինչ է ասում, մտածում և ձեռնարկում, դու ձեռքից բաց ես թողնում այլ գործ. ամբողջ հար և նմանը շեղում է սեփական ուղեցույց էության մասին հոգսերից: Հարկ է վերացնել սեփական պատկերացումներից ողջ աննպատակը և անբովանդակը ու հատկապես այն ամենը, ինչ ներշնչվում է հետաքրքրասիրությամբ և զայրույթով: Հարկավոր է ընտելացնել մեզ միայն այնպիսի մտքերին, որոնց վերաբերյալ անսպասելի հարցին. «Ինչի՞ մասին ես դու այժմ մտածում», կարողանաս շիտակորեն պատասխանել, որ այս մասին և այս մասին: Այդ մտքերը լեցուն են անկեղծությամբ ու բարյացակամությամբ և արժանի են հանրակեց էակին, ով գարշում է զգայական հաճույքներից, վայելքներից, քմահաճությունից, նախանձից, կասկածամտությունից և նման բաներից, որ կստիպեն կարմրել քո մեջ եղած լինելու գիտակցմամբ: Մարդը, ով երբեք չի թողնում հսկողությունն այն բանի, որպեսզի լինի լավագույնների թվում, քուրմ է և աստվածների աջակից: Նա նաև բարեկամացած է իր ներսում ապրող աստվածության հետ, որը դարձնում է մարդուն անմատչելի հաճույքների, անխոցելի տառապանքների համար, թշնամի ամեն տեսակ ամբարտավանության, անզգայուն չարության ցանկացած դրսևորման հանդեպ, մարտիկ մեծագույն պայքարում, որտեղ նա պետք է դիմակայի բոլոր կրքերին: Աստվածությունը խթանում է նրան խորապես համակվել արդարությամբ և ամբողջ հոգով ողջունել ողջ տեղի ունեցողն ու իրեն բաժին հասած ճակատագիրը: Իսկ այն մասին, թե ինչ է խոսում, գործում կամ խորհում ուրիշը, պետք է մտածել ոչ հաճախակի, այն դեպքում, երբ այդ պահանջում է մեծ և հանրօգուտ գործը: Այդպիսի մարդը զբաղված է բացառապես իր անձնական գործերով, իսկ նրա մտորումների մշտական առարկան Ամբողջի կազմությամբ նրան նախանշված ճակատագիրը: Առաջինը նա ձգտում է հասցնել կատարելության, իսկ ինչ վերաբերում է երկրորդին, ապա նա հաստատապես ապավինում է նրա բարեգթությանը: Քանզի յուրաքանչյուրին բաժին հասած ճակատագիրը և´ համապատասխանեցված է իրեն, և´ օգտակար: Նա հիշում է նաև, որ ողջ բանականը միմյանց միջև հարազատությունում է, որ հոգատարությունը բոլոր մարդկանց նկատմամբ համապատասխանում է մարդու բնույթին, բայց արժեքավոր է հավանությունը ոչ բոլոր մարդկանց, այլ միայն բնությանը ներդաշնակ ապրողների: Նա երբեք աչքաթող չի անում, թե ինչ են իրենցից ներկայացնում նրանք, ովքեր ապրում են ոչ այնպես, ինչպիսին են նրանք տանը և տնից դուրս, գիշերը և օրվա ընթացքում, և ում հետ, ու ինչպիսի բարեկամություն են անում: Եվ գովեստը մարդկանց, ովքեր իրենք իրենց էլ չեն բավարարում, նա բանի տեղ չի դնում:

Մի գործիր ո´չ սեփական կամքի դեմ, ո´չ ընդհանուր բարօրության հետ ներհակությամբ, ո´չ որպես թեթևամիտ կամ ինչ-որ կրքի ազդեցությանը ենթարկվող մարդ: Մի մարմնավորիր միտքդ ճոռոմ ձևերում, մի հրապուրվիր ո´չ բազմախոսությամբ, ո´չ բազմակատարմամբ: Թող ներսիդ աստվածությունը լինի ղեկավարը խիզախ, հասուն, պետության շահերին նվիրված էակի; իշխանությամբ օժտված, իրեն պահակետում զգացող հռոմեացու, նման այն մարդու, ով կարիք չզգալով ո´չ երդման, ո´չ երաշխավորների, անվրդով սպասում է կյանքը թողնելու կանչին: Եվ լուսավոր կլինի հոգումդ, և դու կարիք չես ունենա ո´չ դրսի օգնության, ո´չ այն հանգստության, որը կախված է ուրիշներից:
Այսպիսով, պետք է լինել ճշտակատար, այլ ոչ թե վերափոխվող:

Եթե դու մարդկային կյանքում գտնում ես ավելի լավ բան, քան արդարությունը, ճշմարտությունը, խելամտությունը, խիզախությունը, այլ խոսքով`ինքնաբավությունը քո մտքի, որն ընդունակ է ցույց տալ գործողության ուղին, բանականության և քո ճակատագրի հետ ներդաշնակ ուղին, այսինքն`այն ամենի հետ, ինչ բաժին է հասնում քեզ անկախ ընտրությունից; այդ ժամանակ, ասում եմ ես, եթե իսկապես տեսնում ես այս ամբողջի հետ համեմատած ավելի լավ բան, ապա դիր ողջ հոգիդ, որպեսզի ապրես լավագույնի հնարավորությունը:
Իսկ եթե չգիտես քո մեջ ապրող, առանձին ձգտումներն իրեն ենթարկեցրած, բոլոր պատկերացումները հետազոտելու ընդունակ, Սոկրատեսի բառերով ասած`զգացունքների գայթակղության համար իրեն անմատչելի դարձրած, աստվածների կամքին հլու և մարդկանց նկատմամբ կարեկցանքով լի հանճարից ավելի գեղեցիկ բան, եթե դրա հետ համեմատած ողջ մնացածը համարում ես աննշան և խղճուկ, ապա քո ուշադրությանը մի արժանացրու ոչ մի կողմնակի բան:
Ինչ-որ երկրորդական բանով գայթակղված մի կողմ խոտորվելով դու արդեն չես կարող լիակատար կերպով տրվել միակ, քեզ պատկանող բարիքին ծառայելուն: Չէ որ անթույլատրելի է բանականության և քաղաքացիականության բարիքի կողքին դնել ինչ-որ օտարածին բան`ամբոխի հավանությունը, արբեցում իշխանությամբ, հարստությամբ, հաճույքներով լի կյանքով: Բայց այդ բոլորը կարող են անսպասելիորեն գրավել և տիրել քեզ, հենց դու կվերագրես նրանց թեկուզ աննշան արժեք: Դրա համար էլ, ասում եմ քեզ, անկեղծորեն և ազատ ընտրիր լավագույնը ու հենվիր նրան: «Բայց լավագույնը օգտակարն է»: Եթե այն օգտակար է քեզ համար որպես բանական արարածի, ապա պահպանիր այն, եթե քեզ համար որպես անասունի`հրաժարվիր նրանից: Զերծ պահիր դատողության ընդունակությունը ամբարտավանությունից, որպեսզի հնարավորություն ունենաս զգուշորեն հետազոտություն կատարել:

Երբեք քեզ համար օգտակար մի համարիր այն, ինչը երբևիցե կդրդի քեզ խախտել խոստումը, մոռանալ ամոթը, ատել որևէ մեկին, կասկածել, երդվել, կեղծավորել, ցանկանալ մի այնպիսի բան, որը թաքցնում են պատերի ու փականքների ետևում: Չէ որ նա, ով գերապատվությունը տվել է իր բանականությանը, իր հանճարին և նրա առաքինությանը ծառայելուն, չի դնում ողբերգական դիմակ, չի հեծեծում, կարիք չունի ո´չ առանձնության, ո´չ բազմամարդության: Նա կապրի, և այդ է ամենագլխավորը, ոչնչի հետամուտ չլինելով և ոչնչից չխուսափելով: Նրան բացարձակապես չի անհանգստացնում, թե մեծ կամ փոքր ժամանակահատվածում նրա հոգին կգտնվի մարմնական պատյանում, և երբ կգա կյանքից բաժանվեու պահը, նա կհեռանա այնպես անվրդով, ինչպես կկատարեր մի այլ բան նրանից, ինչ կարող է արվել արժանապատվությամբ և պատվով: Չէ որ իր ողջ կյանքում նա միայն մտածում է այն բանի մասին, որպեսզի թույլ չտա իր հոգուն նվաստանալ մինչև այն աստիճանը, ինչը վայել չէ բանական և քաղաքացիականության կոչված էակին:
Թարգմ. Աշոտ Տիգրանյան

ՄԻԽԱՅԻԼ ԲԱԽՏԻՆ

27 Նյմ

Իրականում դիմակահանդեսը դերակատարների ու հանդիսականների բաժանում չի ճանաչում: Նա նույնիսկ սաղմնային ձևով բեմ չի ճանաչում: Բեմը կավերեր դիմակահանդեսը (ինչպես և հակառակը` բեմի կործանումը կավերեր թատերական ներկայացումը): Դիմակահանդեսը չեն դիտում, նրանում ապրում են, և ապրում են բոլորը, քանի որ ըստ իր գաղափարի նա համաժողովրդական է: Քանի դեռ դիմակահանդեսը տեղի է ունենում, ոչ մեկի համար այլ կյանք չկա, դիմակահանդեսայինից բացի: Նրանից ոչ մի տեղ չես փախչի, քանզի դիմակահանդեսը տարածական սահմաններ չի ճանաչում: Դիմակահանդեսի ժամանակ միայն նրա օրենքներով, այսինքն` դիմակահանդեսային ազատության օրենքներով կարելի է ապրել: Դիմակահանդեսը տիեզերական բնույթ ունի, դա ողջ աշխարհի առանձնահատուկ վիճակն է, նրա վերածնունդը և նորացումը, որին բոլորն են մասնակցում: Այսպիսին է դիմակահանդեսը` իր գաղափարով, իր էությամբ, որը կենդանի զգացել են նրա բոլոր մասնակիցները: Դիմակահանդեսի այդ գաղափարն ամենից պարզորոշ դրսևորվում և գիտակցվում էր հռոմեական սատուռնալիաներում, որոնք ընդունվում էին որպես իրական և լիակատար (բայց ժամանակավոր) վերադարձ ոսկեդարի սատուռնական երկիրը: Սատուռնալիաների ավանդույթները չընդհատվեցին և կենդանի էին միջնադարյան դիմակահանդեսում, որը տիեզերական նորացման այդ գաղափարը միջնադարյան մնացյալ բոլոր տոնակատարություններից առավել ամբողջական և մաքուր էր մարմնավորում: Դիմակահանդեսային տիպի մյուս միջնադարյան տոնակատարությունները այս կամ այն առումով սահմանափակված էին և իրենց մեջ դիմակահանդեսի գաղափարը պակաս ամբողջական և մաքուր տեսքով էին մարմնավորում. սակայն դրանցում նույնպես այն առկա էր և որպես սովորական (պաշտոնական) կենսակարգի սահմաններից ժամանակավոր ելք էր ընկալվում:
Այսպիսով, դիմակահանդեսն այս առումով ոչ թե գեղարվեստական թատերա- ներկայացումային մի ձև էր, այլ ասես հենց կյանքի իրական (բայց ժամանակավոր) մի ձև, որը ոչ թե պարզապես խաղում էին, այլ որով համարյա թե իրականում ապրում էին (դիմակահանդեսի ժամանակահատվածում): Դա կարելի է և այսպես արտահայտել . առանց բեմահրապարակի, առանց բեմի, առանց դերասանների, առանց հանդիսատեսների, այսինքն` առանց գեղարվեստա-թատերական որևէ առանձնահատկության, դիմակահանդեսում հենց կյանքն է խաղում` ներկայացնելով իր գոյության մեկ այլ, ազատ (արձակ) ձևը, իր վերածնունդն ու վերակենդանացումը լավագույն ակունքներից: Իրական կենսակերպն այստեղ միաժամանակ նաև նրա վերածնված իդեալական ձևն է:
Միջնադարի ծիծաղական մշակույթի համար բնորոշ են այնպիսի կերպարներ, ինչպիսիք են ծաղրածուներն ու հիմարները: Դրանք սովորական (այսինքն` ոչ դիմակահանդեսային) կյանքում դիմակահանդեսայինի էության հաստատուն, կարծես թե մշտական կրողներն էին: Այդպիսի ծաղրածուներն ու խևերը, ինչպես, ասենք, Տրիբուլեն Ֆրանցիսկ Առաջինի արքունիքում (նա կերպավորված է նաև Ռաբլեի վեպում ), ամենևին էլ բեմահարթակում ծաղրածուի և հիմարի դեր խաղացող դերասաններ չէին (ինչպես հետագայում բեմի վրա Առլեկինի, Գանսվուրստի և այլոց դերերը խաղացող կատակերգու դերասաններն էին ): Նրանք ծաղրածու և հիմար էին մնում միշտ և ամենուր, կյանքում որտեղ էլ հայտնվեին: Որպես ծաղրածու և հիմար` նրանք կյանքի հատուկ` միաժամանակ իրական և իդեալական, ձևի կրող են: Նրանք կյանքի և արվեստի սահմանին են, կարծես ինչ-որ միջանկյալ ոլորտում. նրանք պարզապես տարօրինակ կամ հիմար (կենցաղային իմաստով) մարդիկ չեն, սակայն նաև կատակերգու դերասան չեն:

%d bloggers like this: