Պահոց | 10:33 ե.

ՄՈՐԻՍ ՍԵՎ

26 Նյմ

Մեծ էր սերս, ես դեռ նրա մեջ եմ ապրում
Եվ ինչքան եմ ապրում, այնքան սիրում եմ նրան:
Իմ խոհերն ու հոգին այնքան էր նա գերում ,
Որ թյուր աչքն է սրտին հուշում հույզեր դրժման:
Կարելի՞ է միթե, երբ վսեմ է այդքան,
Որ անխարդախ հոգին լիությունն իր ջնջի:
Այնքան էր փոխադարձ մեր մեջ սերը անհուն,
Որ երբ իրն է հառնում , իմըս փայլում է ջինջ,
Իմըս խեղդում է ինձ, երբ իրն է մայր մտնում
Եվ կորչելով , ինձ էլ կորսյան է մատնում:

Փետուրե գիրք մահճի ծուլությունը ծորուն
Ոչ թե իմ հանգստի երաշխիքն է հիմա,
Այլ խոնջանքի , ուր դու իմ լույսերն ես վառում:
Նա շատ հաճախ, անդեպ, իր բարձերի գրկում
Սուզում է ինձ երկար հիվանդկախ ու նկուն
Այնքան, ու ես անզոր թշնամին եմ նրա:
Այնտեղ միտքս , հագած մահվան դեմքը գունատ՝
Քնի մեջ լքում է իր մարմինը ծյուրած,
Որ ցույց տա քեզ , թե ես՝ երկփեղկված մի մարդ
Առույգ եմ քո հանդեպ, իմ նկատմամբ՝ մեռած:

Ես քո մեջ եմ ապրում այնտեղ, ուր դու չկաս,
Ես իմ մեջ եմ մեռնում, որ լինեմ այստեղ.
Ինչքան հեռու,այնքան դառնում ես դու ներկաս,
Թեկուզ քեզ հետ, սակայն բացակա եմ ես դեռ:
Ես զգում եմ թեպետ բնությունը խոցված,
Թե ավելի քո մեջ ապրում եմ ես, քան իմ ,
Բայց անվրդով գործող զորությունը՝ աստված,
Որ պատժապարտ մարմնիս մեջ է մղում հոգին,
Նախազգալով , թե նա ընկնում է խորթ անկյուն,
Սփռում է այն քո մեջ իբրեվ միակ կյանքում:

ՆՈՐ ԷՋԵՐ ՉԱՐԵՆՑԻ ԿՅԱՆՔԻՑ

26 Նյմ

Եղիշե Չարենցի մահից տասնամյակներ հետո էլ հայտնաբերվում են նյութեր, որոնք ոչ միայն լրացնում, այլև նույնիսկ հավակնում են սրբագրել մինչ այս եղած պատկերացումների, զարգացումների տրամաբանությունը, վերանայել բանաստեղծի կյանքի մի շարք դրվագներ, մղել նոր մեկնաբանությունների ու հետևությունների: Նման համոզմունք հայտնելու իրավունք են տալիս նաև այն նորահայտ փաստաթղթերը, որոնք պահվում են մոսկովյան արխիվներում ու առ այսօր հայ ուսումնասիրողների ու ընթերցողների համար մնացել են անհայտ: Առայժմ դրանցից միայն երկուսի մասին կփորձենք պատմել ստորև:
Հանրահայտ փաստ է, որ 1930-ական թվերի կեսին խորհրդային տոտալիտար համակարգը երկիրը վերածել էր մի հսկայական բանտի, որտեղ հասարակությունը մատնված էր բացարձակ մեկուսացման ու հսկողության: Այդ հալածանքներն առավել խստությամբ կրում էին մտավորականները, արվեստի ու գրականության աչքի ընկնող ներկայացուցիչները: Մշակութային ոլորտը պատվել էր գործակալների ցանցով, խստագույն գրաքննությունն ուղեկցվում էր բռնություններով, ահաբեկումներով ու մատնություններով: Բազմաթիվ լրտուներ իրենք էլ գրողներ էին, ստեղծագործական միությունների անդամներ, ովքեր նստում, զրուցում էին գրչակից ընկերների հետ, իսկ այնուհետև այդ զրույցների բովանդակությունը հանձնում հատուկ ծառայություններին: Նման տեղեկությունները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվում էին պատժիչ մարմինների կողմից, որոնց էլ հաջորդում էին «կանխարգելիչ միջոցառումները»: Այլախոհությունը հատուցվում էր կյանքի գնով կամ սիբիրյան անժամկետ տաժանակրությամբ: Բայց նույնիսկ նման իրավիճակում գտնվում էին եզակի անհատներ, որոնք շարունակում էին պայքարել հանուն մարդկային արժանապատվության և ստեղծագործ մտքի ազատության: Չարենցն այդ բացառիկների թվում էր:
Նոր փաստաթղթերը, որոնց մասին նշեցինք, դուրս են բերվել Ռուսաստանի ՊԱԿ-ի արխիվներից: Առաջին վավերագրում Չարենցի անունն ընդհանրապես հիշատակված չէ: Սակայն այնտեղ նկարագրվող դրվագներից երկուսն ուղղակիորեն առնչվում են մեծ գրողին: Ինչպես հայտնի է, 1934 թ Մոսկվայում կայացավ Խորհրդային գրողների առաջին համագումարը: Երկրի կյանքում դա դիտվում էր նշանակալի իրադարձություն, իսկ հետհամագումարյան տրամադրությունները միանգամից հայտնվեցին հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Այդ օրերին կազմված զեկուցագիրը, որն անդրադառնում է հիշատակված նյութին, կոչվում է այսպես` «ԽՍՀՄ ՆԳԺԿ պետական անվտանգության գլխավոր վարչության քաղաքական գաղտնի բաժնի տեղեկանքը անցած համագումարի և Խորհրդային Միության գրողների նոր ղեկավարության հանդեպ գրողների վերաբերմունքի մասին»։ Ստորագրել է նույն բաժնի պետ Մալչանովը: Անթվակիր է, սակայն բովանդակությունից ելնելով կարել է ասել, որ այն գրվել է 1934 թ. սեպտեմբերի 9-ից ոչ շուտ (ՌԴ ԴԱԾ Կենտրոնական արխիվ, ֆոնդ 3, գործ 56, էջ 70-93): Մենք կանդրադառնանք նշված ընդարձակ փաստաթղթի միայն այն հատվածներին, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են համագումարին հայ գրողների պատվիրակության մասնակցությանը, նրանց խնդիրներին ու Չարենցի անձին:
Վկայակոչելով իր գործակալների զեկույցները, տեղեկանքի հեղինակը մասնավորապես գրում է. «…Մեջբերենք այն հաղորդումները, որոնք բացահայտում են ազգային լեզուներից թարգմանություններ կատարող ռուս բանաստեղծների խմբերի ներսում թշնամական, մեծապետական-շովինիստական տրամադրությունները։ Համագումարի կողմից ազգային գրականությունների հանդեպ հանդես բերված ուշադրությունը թարգմանիչների միջավայրում հարուցեց առանձնահատուկ, շովինիստական գունավորում ունեցող տրամադրություններ։ Ընդհանուր հնչերանգն այսպիսին էր. «Ազգային գրողները վատն են։ Ըստ էության, մենք ենք նրանց դարձնում գրողներ՝ զոհաբերելով սեփական ստեղծագործությունը։ Դրա փոխարեն ոչ միայն երախտագիտություն չենք տեսնում, այլև բախվում ենք մշտական դժգոհությանը, անդրկուլիսային մեղադրանքներին և այլն։ Այդ գրողներին մեզ մոտ լայնորեն հրատարակում են, շրջապատում են պատիվներով, ընտրում են միության կենտրոնական մարմնի կազմում և այն, իսկ մենք՝ հետին տեղերում ենք…»։
Այնուհետև, ընդհանուրից անցնելով անհատական կարծիքների թվարկմանը, լրտուն գրում է, որ, օրինակ, Բրոդսկին (խոսքը Դավիդ Բրոդսկու մասին է- Հ. Չ.) այս իրավիճակը բնութագրել է իբրև «պատմական անարդարություն» և կանխատեսել, որ Գորկու նախաձեռնությունը (տարեկան 6 ալմանախ), կձախողվի որակյալ նյութերի պակասի պատճառով։ Իսկ մեկ ուրիշ գրող` Ալեքսանդր Գատովը «դժոհեց հայերից, որոնք իրեն հիացական նամակներ են գրել իր թարգմանությունների առիթով, սակայն համագումարում դա լռության մատնեցին, քանի որ նախանձում էին վրացիներին, որոնց գործերը թարգմանել է Պաստեռնակը, և հիմա թիկունքում փսփսում են, թե Գատովի գիրքը վատն է»: Հիշեցնելով, որ Ն. Տիխոնովն ու Բ. Պաստեռնակն այլևս չեն թարգմանելու, Գատովն ասել էր, որ ինքն էլ կվարվի այդպես և կամ կստիպի, որ հայերն իր դուռը գան ու խոնարհվեն իր առաջ:
Կասկածից վեր է, որ այս գանգատներն ու սպառնալիքները մեծապես վերաբերում էին հենց Չարենցին: Նման մտքեր ու վերաբերմունք նա կարող էր արտահայտել, և կան դա ապացուցող մի շարք վկայություններ:
Ա. Գատովը 1933 թ. աշնանը գրողների մի խմբի հետ եղել էր Հայաստանում։ Այդ տարվա նոյեմբերին Մաքսիմ Գորկու նախաձեռնությամբ ստեղծված ԳՄ կազկոմիտեի անդրկովկասյան բրիգադի կազմում Գատովից բացի Երևան էին մեկնել Վ. Կիրպոտինը, Վ. Կավերինը, Մ. Կոլոսովը։ Մասնավորապես, Գատովը ստանձնել էր Ն. Զարյանի, Գ. Մահարու, Վ. Նորենցի, Վ. Ալազանի, Ս. Տարոնցու, ինչպես նաև Չարենցի որոշ գործերի թարգմանությունը: Պահպանվել է Չարենցի ընդարձակ մի նամակ՝ հասցեագրված Գատովին, որտեղ խոսք է գնում վերջինիս թարգմանած ստեղծագործությունների մասին: Դրականորեն արտահայտվելով մի քանի բանաստեղծությունների թարգմանության վերաբերյալ, Չարենցը միևնույն ժամանակ ոչ բոլորից էր գոհ մնացել: Դրա հետ մեկտեղ Չարենցը հրաժարվել էր փոխադարձաբար թարգմանել Գոտովի գործերը, ինչը կարող էր վերջինիս դժգոհությունը հարուցել: Իսկ ահա 1934 թ. հունվարին գրված մեկ այլ նամակում Չարենցն արդեն Մոսկվայում բնակվող թարգմանչուհի Աննա Հովհաննիսյանին գրում էր. «Չե՞ս կարող կապվել լենինգրադցի ռուս բանաստեղծների` օրինակ Տիխոնովի և Տեսնյակովի հետ, որպեսզի նրանք իրենց վրա վերցնեն թարգմանությունների մի մասը… Ես կուզեի գործ ունենալ միայն նրանց հետ, այլ ոչ թե ինչ-որ ապաշնորհների..»: Ճիշտ այդպես Մոսկվայի գեղարվեստական գրականության պետական հրատարակչության տնօրեն Նակորյակովին ուղղված գրության մեջ Չարենցը գանգատվում էր իր գործերի թարգմանության վատ որակից ու անփույթ վերաբերմունքից և պահանջում էր փոխել գրքի խմբագրին: Ավելի ուշ Պետհրատարակչության ազգային գրականության բաժնին հասցեգրած մեկ այլ նամակում Չարենցն ասում էր. «Լուրեր են հասնում ինձ, որ իմ դիմումն ընկ. Նակորյակովին`կապված իմ բանաստեղծությունների գրքի հրատարակության մի քանի հարցերի հետ մեկնաբանվում է որպես բողոք …»:
Զուտ գրական տարակարծություններին ազգային խտրականության կամ հակակրանքի երանգներ հաղորդելը նման իրավիճակներում շատ հարմար էր: Ճիշտ նույն կերպ էլ նրանք վարվեցին վրացիների պարագայում: Հետաքրքրական է, որ վրաց գրողների մասին Չարենցի արտահայտած ոչ նպաստավոր կարծիքը պիտի վերհիշվեր նաև երկու տարի անց` 1936-ի նոյեմբերին, այս անգամ արդեն Չարենցի հարցաքննության արձանագրությունում: Այնտեղ քննիչը, դիմելով բանաստեղծին, ասում է. «…Դուք ունեցել եք մի շարք զրույցներ հետևյալ հարցերի շուրջ` Հայաստանի դրության, ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի, վրաց գրողների պատվիրակության` զուտ հակահեղափոխական դիրքերից: Հետաքննությունը ձեզնից պահանջում է ճիշտ պատասխան»: Չարենցն իր բացատրության մեջ ջանում է մեկնաբանել եղելությունը, սակայն ըստ էության տվյալ փաստը չի ժխտում:
Հաջորդ դրվագը, որի մասին փաստաթղթում բավականին հանգամանալից է խոսվում, վերաբերում էր Մաքսիմ Գորկու առանձնատանը կազմակերպված խնջույթին: Ռուս գրողները տհաճությամբ էին արտահայտվում այդ հավաքի մասին և ասում, որ այնտեղ նույնիսկ նշանակություն էր ունեցել այն հանգամանքը, թե ով էր Գորկուն ավելի մոտ կամ հեռու նստած: Գրող Վ. Վիշնևսկին իր հերթին հավելում էր, որ այդ տեսարանն այնքան զզվելի էր, որ Պաստեռնակը չդիմացավ ու խնջույքի կեսից հեռացավ:
Հատկապես այս հետաքրքրական փաստն է, որ մեզ համար կարևորություն է ներկայացնուման՝ թույլ տալով բացահայտել այդ նույն դրվագի շրջանցված շերտը: Բանն այն է, որ խնջույքին հրավիրված է եղել նաև Եղիշե Չարենցը, իսկ Չարենցի երկեր ժողովածուի 6-րդ հատորի ծանոթագրությունների բաժնում գրականագետ Ալմաստ Զաքարյանն, իբրև հավելյալ տեղեկություն, հետևյալն է պատմում Բորիս Պաստրնակի հետ իր մի հանդիպման մասին. «…1958 թ. օգոստոսի սկզբներին իր ամառանոցում (Մոսկվայի տակ, Պերեդելկինոյում) մեր խնդրանքով Պաստեռնակը հուշեր պատմեց Չարենցի մասին. զրույցին ներկա էր բանաստեղծուհի Ս. Կապուտիկյանը: Պաստեռնակի պատմածով առանձնապես տպավորիչ է եղել իր հանդիպումը Չարենցի հետ Սովետական գրողների առաջին համագումարի առթիվ Մ. Գորկու ամառանոցում կազմակերպված խնջույքին: Պաստեռնակն ու Չարենցը նստած են եղել կողք-կողքի, հետո խնջույքի կեսին ամառանոցից երկուսով եկել են Մոսկվա և ամբողջ ճանապարհին զրուցել…»:
Ստացվում է, որ կեսից հավաքը լքել էր ոչ միայն Պաստեռնակը, և եթե նրա վաղաժամ հեռանալը վերը նշված փաստաթղթում բացատրվում էր իբրև դժգոհության ցույց, ապա կարելի՞ է նույնն ասել նաև Չարենցի պարագայում:
Պատասխանը փորձենք ստանալ այլ աղբյուրներից: Բանն այն է, որ համագումարի իր ելույթի մեջ Չարենցը բարձր էր գնահատել Բորիս Պաստեռնակին, բայց և հակառակվել էր գրող Իլյա Էրենբուրգի տեսակետին, որն ասում էր, թե Պաստեռնակի ստեղծագործության բարդության և մասսաների անկուլտուրականության վերաբերյալ կարծիքները որոշ չափով պետք է հնչեն որպես անախրոնիզմ։ «Ես շատ եմ սիրում Բ. Պստեռնակին. իմ ստեղծագործության որոշ գծերով ինքս նման եմ նրան, բայց այդուհանդերձ զգում եմ, որ մեր «բարդությունը» մասամբ «ինտելիգենտական» բարդություն է, որը մենք պետք է հաղթահարենք»,- ասել էր նա: Ահա այս առիթով էլ Մաքսիմ Գորկու տանը նրան մոտեցել էին Էրենբուրգն ու Պաստեռնակը և մեղադրել «օպպյուրտինիզմի», այսինքն՝ հաշտվողականության, հարմարվողականության, անսկզբունքայնության մեջ։ Չարենցն ընդունել էր նրանց այդ դիտողությունը։ Իսկ հետևանքը կարող էր դառնալ համերաշխության ցուցադրական ակտը` լքել խնջույքը` չսպասելով ավարտին:
Չարենցյան անհանդուրժողականության և ընդվզումների վկայություն հանդիսացող հաջորդ փաստաթուղթը, ինչպես արդեն ասացինք, նույնպես պահվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կենտրոնական արխիվում (ֆոնդ 3, ցուցակ 3, գործ 121, էջ 61-69): Այս բավականին ընդարձակ, մեքենագիր գրությունը, որն առաջին հայացքից կարծես թե որևէ առնչություն չէր կարող ունենալ մեծ բանաստեղծի հետ, իրականում կրում է արժեքավոր տեղեկություններ, որոնց լույսի ներքո մի շարք իրադարձություններ ստանում են առավել տրամաբանական ու արժանահավատ մեկնաբանություններ:
Փաստաթուղթն ունի այսպիսի ընդարձակ անվանում. «ԽՍՀՄ ՆԳԺԿ Պետանվտանգության գլխավոր վարչության Գաղտնի- քաղաքական բաժնի հատուկ հաղորդագրությունը գրողներ Ի. Ս. Պոստուպալսկու, Պ. Ս. Կարաբանի (Շլեյման) և Վ. Ի. Նարբուտի հակախորհրդային խմբի մասին»:
«Խիստ գաղտնի» մակագրությունը կրող այս հաղորդագրությունը կազմվել է 1936 թ. հունիսի 25-ին, հիշյալ բաժնի պետ, պետանվտանգության կապիտան Ստրոմինի կողմից: Գրության պատճեններն անմիջապես ուղարկվել են մի քանի հասցեներով: Դրանցից առաջինը ստացել է ՆԳ ժողկոմ Յագոդան: Գաղտնի ծառայությունների անհանգստությունն էր հարուցել այն փաստը, որ դեռևս 1935 թ. ամռանը ուկրաինացի գրող Իգոր Պաստուպալսկու նախաձեռնությամբ, նրա հայրենակից Պավել Կարաբանի և ռուս գրող Վլադիմիր Նարբուտի ակտիվ մասնակցությամբ հիմնադրվել էր Խորհրդային գրողների միությունից անկախ մի կազմակերպություն, ուր համախմբվում էին ազատ հայացքներով ու «վտանգավոր» նպատակներով գրողները: Հիմնադրումից շատ չանցած խմբին անդամագրվել էին ևս մի քանի ազդեցիկ մտավորականներ, իսկ աշնանն այդ կազմակերպությունն արդեն խորհրդանշական անուն ուներ ու կոչվում էր «Ավագների միավորում»: Ինչպես իր զեկույցում գրում էր անվտանգության աշխատակիցը, «…պարբերաբար կազմակերպվող հավաքների ժամանակ խումբը հակախորհրդային ոգով քննարկում էր հասարակական-քաղաքական և գրական խնդիրներ…»:
Սակայն վերադառնանք այդ գաղտնի խմբում Չարենցի դերակատարությանը, անուն, որը փաստաթղթում հիշատակվում է մի քանի անգամ: Ահա, հաղորդագրության առաջին էջերից մեկում կապիտան Ստրոմինը գրում է. «…Խմբի անդամների առաջին խորհրդակցությունից հետո կապեր են հաստատվել ուկրաինացի գրողներ Բաժանի, Ռիլսկու, Պանչի, Կոպիլենկոյի, Սեմենկոյի և ուրիշների, ազգայնականորեն տրամադրված հայ գրող Եղիշե Չարենցի հետ: Արդյունքում ազգային հանրապետությունների գրողների հետ կապերն ընդլայնվել ու ամրացել են…»:
Չարենցը ե՞րբ կարող էր իմանալ նորաստեղծ կառույցի գոյության ու դրա նպատակների մասին: Ո՞վ կարող էր նրան հայտնել այդպիսի տեղեկություններ և ստանալ անդամակցելու համաձայնությունը: Ամենայն հավանականությամբ, խմբի և Չարենցի միջև կապավորի դերը ստանձնել է Մ. Բաժանը, որը, ինչպես փաստաթղթում է ասվում, «նախորդ տարվա (այսինքն՝ 1935-ի) ամառը անցկացրել է Վրաստանում և կապեր ունի տեղի ազգայնական գրողների հետ…»: Հայտնի փաստ է, որ նույն տարվա աշնանը Միկոլա Բաժանը Պ. Տիչինայի հետ եղել էր նաև Երևանում՝ Հայաստանում սովետական կարգերի հաստատման 15-ամյակի տոնակատարությանը մասնակցելու նպատակով: Միաժամանակ հայտնի է, որ Չարենցը նրան հրավիրել էր տուն ու երկար զրուցել: Կարող ենք ենթադրել, որ հենց այդ հանդիպումն էլ կանխորոշել էր դեպքերի հետագա ընթացքը:
Իսկ ինչպիսի՞ն էր Չարենցի մասնակցության աստիճանը: Արդյո՞ք նա համագործակցում էր միայն հեռակա կարգով, թե մասնակցե՞լ է այդ գաղտնի հավաքույթներին, որոնք սովորաբար գումարվում էին նախաձեռնողներից որևէ մեկի տանը:
Ամենայն հավանականությամբ, ներկայությունը մի շարք դեպքերում եղել է ուղղակի: Այդ մասին խիստ հետաքրքիր վկայություն ենք գտնում նույն Բաժանի հուշերում: Վերջինիս հիշողության մեջ հատկապես տպավորվել էր մոսկովյան մի երեկո, որը նա անց էր կացրել Չարենցի հետ՝ մի խումբ ռուս գրողների շրջապատում: Ի դեպ, ներկաներից շատերի անունները հիշատակվում են քննության առարկա հաղորդագրության էջերում իբրև «Ավագների միավորման» անդամներ: Ուկրաինայում հրապարակած իր հոդվածում Մ. Բաժանն այդ մասին հետևյալն է գրել. «…Հիշում եմ, հիշում, և վերջ չկա հիշողություններիս, որ սկիզբ են առնում այն երեկոյից, երբ Պավլիկի (Պավել Անտակոլսկու) հրավերով նրա մոտ եկանք Նիկոլայ Տիխոնովը, Վիկտոր Գոլցևը, Եղիշե Չարենցը և ես: Հայազգի Եղիշեին ու ինձ՝ ուկրաինացուս, ուրախալի էր լսել, թե ինչպես են ռուս գրողները՝ Պավլիկը, Նիկոլայը և Վիկտորը, հուզված խոսում մեր բազմազգ գրականության գլուխգործոցները համամիութենական ընթերցողին հասցնելու իրենց ձգտման և ստեղծագործական օգնություն ցույց տալու պատրաստակամության մասին…»: Այդ օրը ամենքը հիացած էին Չարենցի՝ Բաժանի խոսքերով՝ «փոքրահասակ, կրակոտ, հիվանդագին, նյարդային շարժումներով, ամիջական հակազդեցությամբ, նուրբ դատողություններով, շատ անկեղծ և հաճախ իր կարծիքը հայտնելիս շատ կտրուկ, լեռնային սրաթռիչք թռչնի կիսադեմով այդ մարդու» ելույթով: Այժմ դժվար չէ կռահել, թե ինչի մասին կարող էր խոսել Չարենցն այն երեկո:
Բայց որ նրա կարծիքի հետ խմբի անդամները հաշվի էին նստում, և նրա որոշ առաջարկություններ դարձնում քննարկման նյութ, այդ մասին հավաստում էին նաև անվտանգության աշխատակիցներն ու նրանց գրող-ինֆորմատորները: Ահա ևս մի հատված գաղտնի փաստաթղթից. «…Այդ հավաքի ժամանակ Պաստուպալսկին նորից գրողների առանձնահատուկ կազմակերպություն ստեղծելու հարցը բարձրացրեց՝ ի հակադրություն խորհրդային Գրողների միության: Պաստուպալսկին հայտարարեց. «Հետաքրքիր է, որ բոլոր հանրապետություններում ընկերները միանման են մտածում: Լավ կլինի իսկական մարդկանց կազմակերպություն ստեղծել: Չարենցն ինձ ասաց, որ եթե կրկին վերաբացենք գրասերների ընկերությունը,- իսկ դա իսկապես գաղափար է,- այնտեղ միայն իսկական մարդիկ կլինեին»:
Հետաքրքրական է, որ Չարենցը վկայակոչել է դեռևս հեղափոխությունից առաջ մշակութային կյանքում նշանակալի դերակատարություն ունեցող ընկերություն՝ համոզված լինելով, որ այն կարող էր իբրև նախատիպ ծառայել նորաստեղծ միության համար:
Նույն փաստաթղթում մի քանի անգամ հիշատակվում էր բանաստեղծ ու արձակագիր Լեոնիդ Պերվոմայսկու անունը: Վերջինս մասնակցել էր 1936 թ. մայիսի 1-ին կայացած գաղտնի հավաքին:
Զարմանալի զուգադիպությամբ (իսկ գուցե նաև ոչ պատահաբար) հենց նույն օրը, երբ խմբի անդամները իրենց զրույցում հերթական անգամ հիշատակում էին Չարենցի անունը, «Լիտերատուրնայա գազետա» թերթում տպագրվել էր Պերվոմայսկու բանաստեղծությունը՝ նվիրված Չարենցին: Այդ ստեղծագործությունը անսովոր երկար ու հետաքրքիր վերնագիր ուներ՝ «Եղիշե Չարենցին՝ հայ բանաստեղծին, որին, ինչպես և շատ-շատերին, զարմացրել է իմ ազգանունը»:
Մոսկովյան կապերի մասին անուղղակիորեն վկայող փաստերից մեկն էլ կարել է համարել այն, որ երբ Մոսկվայում նույն այդ օրերին նախապատրաստվում էին լույս ընծայել Չարենցի ռուսերեն ժողովածուն, ապա բանաստեղծի խնդրանքով արտահաստիքային խմբագիր է ընտրվում Իգոր Պաստուպալսկին: Եվ դա այն դեպքում, երբ գիրքն արդեն ուներ նշանակված մեկ այլ խմբագիր: Միայն թե, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ…
Եթե հիշում եք, մատնագիր- փաստաթուղթը կազմվել էր 1936 թ. հունիսի 25-ին: Երեք օր անց Չարենցի ժողովածուն ստորագրվում է տպագրության… և այլևս լույս չի տեսնում (ի դեպ, չհրատարակված այդ գրքի եզակի օրինակը այժմ էլ պահպանվում է Մոսկվայում, գրականության և արվեստի կենտրոնական արխիվում): Սակայն դա ընդամենը դժբախտությունների շղթայի առաջին օղակներից էր: Ուշադրություն դարձնելով այս ամսաթվին և Չարենցի կյանքում այդ պահից հետո կատարված իրադարձությունների հաջորդականությանը, պետք է արձանագրել, որ դրանցում տրամաբանական կապի գոյությունը միանգամայն իրատեսական է: Հետագա օրերին նա հայտնվում է մեկուսացման մեջ: Շաբաթներով փակվում է տանը: Թերթերն այլևս ոչ մի բառ չեն գրում նրա մասին: Օգոստոսի սկզբին արգելում են բուժման նպատակով արտասահման մեկնել: Մի քանի օր անց Բերիան նրան կանչում է Թբիլիսի, որտեղ կայանում է ծանր ու ճնշող խոսակցություն: Սեպտեմբերի 24-ին ՆԳԺԿ-ն Չարենցից տեղեկանք է վերցնում Երևանից չբացակայելու համար: Իսկ մնացյալն արդեն հայտնի պատմություն է: Մեծ գրողի երկրային կյանքին մնացել էր մեկ տարուց փոքր-ինչ ավել ժամանակ…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Աստանայից մեկ շաբաթ առաջ

26 Նյմ

Հաշված օրեր են մնացել Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի մեկնարկին: Այս պահին հայտնի է, որ դրա մասնակիցները քննարկելու են ձգձգվող հակամարտությունները (այդ թվում` իրավիճակը Հարավային Կովկասում), սպառազնությունների կրճատման, Աֆղանստանից ու Միջին Ասիայից եկող մարտահրավերների դեմ պայքարի հարցերը, իսկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ամենայն հավանականությամբ կներկայացնի եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության մասին առաջարկությունը: Գագաթաժողովին մասնակցելու են ԵԱՀԿ անդամ 56 և գործընկեր 12 երկրների նախագահներ ու վարչապետեր, 68 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Ահա նման ներկայանալի ու տարողունակ ընդգրկում խոստացող Աստանայի հեռանկարը, ըստ կազմակերպիչների, կարող է մեծ հույսեր արթնացնել: Իսկ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը ոչ ավել, ոչ պակաս, խոստանում է, որ այն Եվրոպայում անվտանգ կեցության հիմքերը կդնի: Սակայն ոչ բոլորն են Մասիմովի պես հափշտակության գիրկն ընկնում և շարունակում են կարծել, որ ունենալով մի շարք լուրջ անհամաձայնություններ և չունենալով ոչ մի նշանակալի ընդհանրություն, մասնակիցներն իրենց կեցվածքով նոր հանդիպումը կվերածեն գագաթաժողովի` հանուն գագաթաժողովի: Բացի այդ, գագաթաժողովներն այն տեղը չեն, որտեղ ընդունվում եմ կոնկրետ որոշումներ: Մի խոսքով, Աստանայից ակնկալիքները չափազանց ուռճացված են հրամցվել հանրությանը, և այդ շարքում մեծ չափաբաժին էլ հասել նաև Ղարաբաղի խնդրին: Ըստ դիտորդների, թե Հայաստանում, թե Ադրբեջանում այդ բանն արվել է ավելի շատ քարոզչական պատերազմի տրամաբանությամբ: Ընդ որում, կա այն էական տարբերությունը, որ եթե ադրբեջանցիներն ասում են, թե գագաթաժողովից իրենք դրական ակնկալիք ունեն, կարող են ճանապարհային քարտեզ ստորագրել և նման բաներ, ապա հայկական կողմն ընդամենը անորոշ ու թռուցիկ ակնարկներ հնչեցրեց հնարավոր առաջընթացի մասին, այն էլ միայն Ռուսաստանից երկրի նախագահի վերադարձից հետո:
Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ մեր սպասելիքները խիստ համեստ են, այդ դեպքում ո՞րը կարող է լինել աառավելագույնը, ինչը կարելի է հուսալ Աստանայից: Այս հարցի շուրջ ենթադրությունները խիստ տարբեր են: Ոմանք կարծում են, որ դա կլինի մի հայտարարություն, որը կամրագրի, թե Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ են խաղաղ գործընթացին: Հնարավոր է, որ ստորագրվի հումանիտար բնագավառում համագործակցության փաստաթուղթ, ինչպես արվեց Մոսկվայում: Կարող են արծարծվել նաև սահմանում առկա լարվածությունը թուլացնելուն ուղղված հարցեր: Իսկ ոմանք չեն բացառում, որ համանախագահող երեք երկրները քննարկման կներկայացնեն կարգավորման մի նոր փաթեթ, ինչը ամենևին էլ նորարարություն չի լինի, այլ պարզապես ինչ-ինչ թարմացված կետեր որոշակի հստակեցում կհաղորդեն արդեն եղածին ու ոչ ավելին, հակառակ դեպքում կտրուկ փոփոխությունը կհանգեցնի կողմերից մեկի մերժմանը, մի բան, որի ականատեսը եղել ենք շատ անգամներ:
Այնուհանդերձ, եթե մի պահ պատկերացնենք այնպիսի անակնկալ զարգացում, որի պայմաններում փորձ կարվի գագաթաժողովի վերջնական փաստաթղթում մեզ համար անցանկալի ինչ-որ դրույթ ներառել (ՆԱՏՕ-ի բանաձևի օրինակը դեռևս աչքներիս առաջ է), ապա հազիվ թե Հայաստանին այլ բան մնա անելու, քան իր «վետո»-ի իրավունքն օգտագործելու հնարավորությունը: Հատկանշական է, որ այս օրերին նույնիսկ կոչեր հնչեցին այն մասին, թե Սերժ Սարգսյանը կարող է Լիսաբոնից հետո բոյկոտել նաև Աստանան, ինչն, իհարկե, լուրջ չէ և որևէ լավ բանի հանգեցնել չի կարող: Պետք է կարծել, որ ցանկացած պարագայում Հայաստանը կհրաժարվի ստորագրել մի այնպիսի փաստաթուղթ, որը կվնասի մեզ, և հետևողական կլինի առանձնապես այն դեպքում, երբ ներկաները քայլեր կձեռնարկեն վերահաստատելու առկա բանակցային գործընթացի ֆորմատը:
Ի դեպ, մեր հանգստությունն ու լավատեսությունը ոչ բոլորն են կիսում: Օրինակ, Կարնեգի հիմնադրամի Հարավային Կովկասի փորձագետ, բրիտանացի Թոմաս դե Վաալը հայտարարել է, որ թեև չկա ոչ մի հիմք ենթադրելու, թե Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում քաղաքական բեկում կլինի Լեռնային Ղարաբաղի հարցով, սակայն նաև հավելել է, որ խաղաղության պայմանագրի ձեռքբերման հարցում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների վրա ճնշում կարող է լինել միայն արտաքին ուժերի կողմից: Բրիտանացու այս վիճահարույց դրույթի խոցելի կետերից մեկն այն է, թե արդյոք միջազգային ուժերը բավականաչափ հետաքրքրված չեն նման մեթոդների կիրառմամբ ու դրանց հետևանքներով և արդյոք ունեն այն անհրաժեշտ ռեսուրսները, որոնք թույլ պիտի տան հայերից և ադրբեջանցիներից խաղաղության պայմանագիր կորզել:
Աստանայից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանը անհրաժեշտ համարեց գագաթաժողովի ընթացքում ղարաբաղյան հարցի լուծման պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա։ «Ղարաբաղյան հակամարտության հարցում որոշակի առաջխաղացման հասնելու հնարավորությունը կախված է Հայաստանի դիրքորոշումից»,- հայտարարեց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը։ Սա սեփական պատասխանատվությունը հարվածի տակ չդնելու արդեն հնացած ու անարդյունավետ միջոց է, ինչը հազիվ թե լուրջ ուշադրության արժանանա որևէ մեկի կողմից: Պարզապես Բաքվում հասկանում են, որ վերջին շրջանում իրենց ջանքերով կուտակված բացասական լիցքերը նորանոր բարդություններ ու խոչընդոտներ են ստեղծել, և այժմ ցանկություն ունեն դրանք վերագրել հարևանին, որպեսզի Աստանայում ներկայանան մաքուր ձեռքերով: Բայց Ղազախստանում այս անգամ կնայեն ոչ թե ձեռքերի մաքրությանը, այլ այն մտադրություններին, որոնք մտմտում են կողմերը ապագայի համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԿԼՈԴ ԷՍՏԵԲԱՆ

26 Նյմ

Մի ծառ

Ծառ ու հետո ծառ ու հետո ցուրտը
Ես չեմ ուզում ՝կույրն այդ ինձ առաջնորդի
Հանց միայնակ , որ գնում են հարատև

Ծառ ու հետո անգամ ոչ մի ծառ, մի անջրպետ
Ուրիշները՝ որոնց սիրել եմ , հեռու են…

Դա կլինի երեկո

Դա կլինի երեկո, այն նույն ժամին
Երեկոյան աղավնիները
Կիջնեն ճյուղերին,
Ինչ որ մեկը կասի՝
Զի բարձր են խոտերը՝ եկեք նստենք,
Եվ վասն ժամանցի
Պատմենք մի քիչ հիմար պատմությունն
Այն արքայի, ով հավատում էր, որ ամեն ինչ գիտի
Եվ ով կորցրեց ամեն ինչ.
Ոմն մեկը կասի՝ դա տխուր վերջաբանով առակներից է՝
Մոռանանք,
Հանց արևն է դանդաղ մայր մտնում:

Կա

Կա –իր խոռոչներով ճանապարհը կա,
Կա – ամենուր այդ ահավոր պատուհասը կա՝
Ինչը հայտնում ու վկայում է վասն իմ չգոյության
Խոնարհվում եմ մինչ գետին:

Թարկմանությունը ՝Թոնդրակի

%d bloggers like this: