Պահոց | 7:44 ե.

ՔԱՂՎԱԾՔ ՄԱՄՈՒԼԻՑ

25 Նյմ

ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆԸ՚ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆԸ ՉԷ,
ՆԱԽԱՐԱՐՆ ԷԼ ՆԱԽԱՐԱՐ ՉԷ

Վերջին օրերին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Կարսում գտնվող, ըստ որոշ հրապարակումների, այն տունը, որտեղ ապրել է Եղիշե Չարենցը: Մեր թերթը եւս անդրադարձել է այդ թեմային:
Իսկ գրականագետ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԸ համոզված է, որ դա Չարենցի տունը չէ, իսկ թուրքերին էլ մոտ 15 տարի առաջ ապակողմնորոշել է հայ վարորդը: Բայց գրականագետին ավելի շատ վրդովեցրել է այն հանգամանքը, որ Հայաստանից մարդիկ, նույնիսկ պատվիրակություններ են գնացել ու լուսանկարվել այդ փլատակների առաջ` կարծելով, թե դա Չարենցի տունն է: Չարխչյանը, մատնանշելով Չարենցի քրոջ, եղբոր, ինչպես նաեւ դասընկերների ու խաղընկերների հուշերը, ասում է, որ դրանցում հստակ նկարագրված է, թե ինչպիսին է եղել Չարենցի տունը, որը բոլորովին տարբերվում է թուրքական կառավարության կողմից վաճառքի հանված տնից: Ընդ որում, Չարենցի տունը երկհարկանի է. ՙՉարենցի ընտանիքը Կարսում 3-4 տուն է փոխել: Նրանք ապրել են եւ Ալեքսանդրիա, եւ Լոռիս-Մելիքովի փողոցներում գտնվող տներում եւ Բերդի տակ: Բերդի տակի տունը համարվում է Չարենցի հայրական բնակարանը, այն տեղը, որտեղ ինքը ծնվել է: Եթե մենք կոնկրետ որոնում ենք հատկապես այն տունը, որտեղ ինքը ծնվել է, ապա դա գտնվում է Բերդի տակ՚: Իսկ որպես դրա վառ ապացույց գրականագետը ՙԵրկիր Նաիրի՚-ից ներկայացրեց հետեւյալ մեջբերումը. ՙՄենք ապրում ենք Վարդանի կամրջի մոտերքը, Բերդի տակ, մեր տնից դեպի հիշյալ փողոցը հիշում եմ ծուռումուռ մի արահետ՚:
Եվ զարմանալին այն է, որ մշակույթի նախարարությունում երեք օրերի ընթացքում այդպես էլ մեկը չգտնվեց, որ հստակ մեկնաբանություն ներկայացնի, թուրքական մամուլում հրապարակված նյութերի կապակցությամբ դիրքորոշում արտահայտի: Եթե ոմանք դեռեւս զարմանում են մշակույթի նախարարության լռությունից, ապա մենք վաղուց դադարել ենք զարմանալուց: Թուրքական ֆիլմերի փառատոն է, նախարարությունը լռում է, ադրբեջանական ֆիլմերի փառատոն է, հերթապահ պատասխաններ է տալիս: Դե, ինչ գործ ունի մշակույթի նախարարը Չարենցի կամ նրան վերագրվող քանդված տան հետ. նրան Իտալիաներն ու Ֆրանսիաներն են հետաքրքրում: Չէ, մոռացանք, մեկ-մեկ էլ հանճարեղ մտքեր է արտահայտում, ինչպես վերջերս է արել: Ասուլիսի ժամանակ նա ներկաներին հարցրել է, թե արդյոք գիտե±ն, թե այնտեղ գտնվող երեխան ինչ գործիքի վրա (պետք է լինի` ինչ գործիք) է նվագում: Ներկաներից մեկը պատասխանել է` ջութակի: Կենսաբան նախարարուհին, իբր, հումորով շարունակել է. ՙԱվելի վատ… թավջութակի՚:
Դե ինչ, երեւի ավելի վատ մշակույթի նախարար չենք ունեցել:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

25 Նյմ

ԵՐԵՎԱՆԸ ՀԱՆԳՐՎԱՆ Է

Երևանը հայ ժողովրդի դարավոր ընթացքի ամենակարևոր հանգրվանն է, ապագա ընթացքի մեկնարկը, հայության հույսն ու լույսը: Թե իմանայիք` ինչ էր քաղաքը 20-ական թվականներին. ողջ հայությունը Հալեպից, Պոլսից, Թիֆլիսից, Մոսկվայից գալիս էր էստեղ` էս քոսոտ կավե գյուղաքաղաքը` հաշիշով հագեցած:
Բայց նրանք` Արուս Ոսկանյանը` էդ շքեղ կինը, Հրաչ Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Թամանյանը, Թորոս Թորամանյանը` էս ժողովրդի սերուցքը, իրենց մայրաքաղաքն էին շինելու` Թամանյանի սրտից, Թորամանյանի սիրուց բխած, որ տասնամյակներ հայոց հին տաճարի ավերակներում ողկույզների փոշին էր սրբում, կիրն էր ձեռքի մեջ տրորում` Երևանը հառնեցնելու համար: ՈՒ մեծ քաղաք, մայրաքաղաք ունեցանք:
Կարողանանք չտեսնել ժամանակի դժվարությունները. դատարկված արվարձանները, չծխացող գործարանները, ինչպես որդին կարող է ուրանալ ծնողի արատը, կարողանանք էդ արատն ուրանալ և դարձյալ գուրգուրել մեր գեղեցիկ, հզոր քաղաքը, որ տեսնենք քաղաքի շունչը նորից կենդանացած, նորից աշխույժ, զվարթ, մարդկանց` միմյանց հանդեպ սիրով լեցուն: Գուրգուրենք և կունենանք այդ քաղաքը, որովհետև ի սկզբանե էր: Աստված չտա, որ սև բերաններ բացենք մեր քաղաքի վրա, որ չարությամբ խոսենք մայրաքաղաքի մասին, ուրիշը չունենք. աշխարհը լի է գեղեցիկ քաղաքներով, բայց մերը չեն. ինչ կուզես ասա` մերն այս է:
Եթե արժանավոր մարդիկ ենք, մեզ արժանի քաղաք պիտի ունենանք, եթե մշակութային ժողովուրդ ենք, եթե ճկուն, դիմացկուն, իրասածի ցեղ ենք, պետք է ունենանք մեր քաղաքը: Փարիզը գեղեցիկ է, շատ գեղեցիկ, հարուստ քաղաքներ կան` հաջողությունը հաջողության վրա կուտակած` սկսած սալարկից, պատերից, իմպերիական հաջողությունների պատմությամբ: Էդ հարուստը չենք մենք, միշերտանի է մեր քաղաքը. մի հաջողության քաղաք է, և ժամանակը այլ հարստության շերտեր պետք է կուտակի մեր որդիների, որդոց որդիների օրոք: Աստված տա` մի 100 տարի հետո Երևան եկողները տեսնեն, որ այստեղ շերտ շերտի վրա հարստություն կա և դարերի, սերունդների աշխատանք:
30.12. 2000

38-րդ անկայուն զուգահեռականը

25 Նյմ

Հյուսիսային Կորեայի բանակի կողմից Դեղին ծովում գտնվող հարավկորեական Յոնփհոնդո կղզու ռմբակոծումը վերջին օրերի ամենանշանակալի իրադարձությունն էր և այս օրերին աշխարհը լարվածության մեջ պահող թիվ մեկ միջադեպը: Նոյեմբերի 23-ի առավոտյան կղզու ուղղությամբ ավելի քան 200 հրթիռ արձակվեց: Ավերվեցին շուրջ 80 բնակելի շինություններ, կան զոհեր ու մեծ թվով վիրավորներ: Տեղի բնակչությունը տարհանվեց, շատերն ուղղակի խուճապի մատնված ձկնորսական նավերով փախան մայրցամաք: Իսկ հրթիռակոծությունը դադարեցվեց միայն այն բանից հետո, երբ ագրեսիային ի պատասխան` օդ բարձրացավ հարավկորեական ռազմական ավիացիան և նույնպես հարվածներ հասցրեց Հյուսիսային Կորեայի տարածքին: Ամենքը խորապես համոզված էին, որ սա նոր պատերազմի մեկնարկն էր: ՄԱԿ-ի պատասխանատուները նույնիսկ հարկ համարեցին արձանագրել, որ 1953-ի Կորեական եռամյա պատերազմի ավարտից ի վեր ամենալուրջ միջադեպն էր ծավալվում: Բայց հետո իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց` հնարավորություն ստեղծելով ռեալ գնահատել կացությունը:
Այս տարի Հյուսիսն ու Հարավն արդեն առիթ ունեցել էին երկու անգամ կրակ բացել մեկմեկու վրա: Առաջին դեպքը հունվարին էր, երկրորդը` օգոստոսին: Մարտին խորտակվեց հարավկորեական ռազմանավը` Սեուլի համոզմամբ` հարևան երկրի սուզանավի գրոհի հետևանքով: Իսկ ահա վերջին բախումի առիթով Հարավային Կորեայի ներկայացուցիչները խոստովանեցին, որ Հյուսիսի կողմից իրենց կղզու գնդակոծումը հրահրվել է այդ տարածքում անցկացվող փորձարկումների ժամանակ տեղի ունեցած կրակոցներով: Սակայն սա ևս վերաբերմունքի փոփոխություն չի բերում, և բոլորը միաբերան դատապարտում են Փհենյանի գործողությունները: Ճապոնիան իր աջակցությունը հայտնեց Սեուլին ու նաև կոչ արեց Չինաստանին (որը մեծ ազդեցություն ունի ԿԺԴՀ-ի վրա), միասնական գործել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կողմերին հորդորեց «անհապաղ ուշքի գալ»: Ռուսաստանը հարկ համարեց հիշեցնել, որ «նրանք, ովքեր դա նախաձեռնել են, իրենց վրա հսկայական պատասխանատվություն են վերցնում»: Եվրամիությունը իր խորը մտահոգությունն արտահայտեց կատարվածի առնչությամբ: Իսկ ԱՄՆ նախագահ Բ. Օբաման հայտարարեց, որ իր ղեկավարած երկիրը հաստատում է պարտավորվածությունները` պաշտպանել Հարավային Կորեային: Ի դեպ, բոլոր կողմերի համար սա հազիվ թե այնքան անսպասելի էր, որքան այժմ փորձում են ներկայացնել: Դեռևս այս տարվա հուլիսին Հյուսիսային Կորեան զգուշացևել էր, որ եթե իր սահման մոտ Հարավը ամերիկացիների հետ կրկին զորավարժություններ անցկացնի, ապա Փխենյանը կդիմի «ֆիզիկական պատասխանի»:
Պատասխանը տրվեց, և այժմ ամենքին մտահոգողը հետևյալ հարցն է` կա՞ ավելի լայնածավալ պատերազմական գործողությունների սկսման հավանականություն: Թեև այս հարցին որևէ մեկը չի կարող անսխալ բացատրություն տալ, սակայն գերիշխող տեսակետն այն է, որ հազիվ թե ամեն բան եղածից այն կողմ անցնի: Ամեն դեպքում որևէ երկիր դեռևս իր քաղաքացիներին դուրս չի բերել այդ տարածաշրջանից, ու չեն ձեռնարկվել այնպիսի գործողություններ, որոնք սովորաբար նախորդում են մեծ վտանգներին:
Անկեղծ ասած, միջազգային հանրությունն արդեն հոգնել է այս կարգի սադրանքներից ու վաղուց հասկացել է, թե շատ դեպքերում որոնք են լինում դրանց իրական նպատակը: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Փհենյանը պարզապես մատի վրա խաղացնում է աշխարհին: Ամեն անգամ նա հնարում է որևէ նոր բան, դրան հաջորդում է կարճ բախումը, ինչից անմիջապես հետո սկսվում են բանակցությունները, և Հյուսիսը իրեն խիստ անհրաժեշտ հերթական մարդասիրական օգնությունն է գրպանում: Նրանք, ովքեր պատրաստ են լինում այդ կարգի կոմպրոմիսային քայլի, գերազանց հաշվարկել են, որ շատ ավելի էժան է մի քանի տոննա սնունդ ուղարկել այդ երկիր, քան պատերազմել: Բայց թե այդ խաղը որքան կարող է շարունակվել`հայտնի չէ: Կգա մի օր, երբ բոլորի համբերությունը կհատնի:
Ճիշտ նույն կերպ աշխարհը տեղապտույտ է տալիս այն կացության մեջ, որ կոչվում է ԿԺԴՀ-ի միջուկային ծրագիր: Այսօր ոչ ոք լիակատար համոզվածությամբ չի կարող ասել` Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրն իրողությու՞ն է, թե՞ խոշոր ծավալների բլեֆ, որով վերջինս վտանգավոր փորձության է ենթարկում առաջին հերթին հենց իրեն: Ու քանի դեռ գաղտնիքը մնում է գաղտնիք, դրանից զգուշանում են:
Սակայն ամբողջ մեղքը Փհենյանի վրա բարդելը նույնպես ճիշտ չէ: Հարավային Կորեան իր կոշտ պահվածքով ու մի շարք գործողություններով շատ դեպքերում ուղղակի հրահրում է որևէ կոնֆլիկտ: Հենց միայն զորախաղերի անցկացումը 38-րդ հորիզոնականով բաժանարար գծի մերձակայքում դրա վառ ապացույցն է: Եղածին կարող ենք հավելել նաև ամեն կարգի պատժամիջոցները, որոնք էլ իրենց հերթին են Հյուսիսին դնում անելանելի կացության մեջ` ստիպելով ժամանակ առ ժամանակ բռնկվել:
Այսօր աշխարհը մտմտում է այն մասին, թե ինչպե՞ս կարելի է հիմքեր ստեղծել Հյուսիսային ու Հարավային Կորեաների վերամիավորման համար: Սակայն ռազմական միջամտությունից ավելի խելամիտ բան դեռևս չի մտածվել: Ու քանի դեռ դա այդպես է, Միացյալ Նահանգները Տոկիոյից դեպի Հարավային Կորեա է շարժում իր «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը, որը տանում է 75 ռազմական ինքնաթիռ և մոտ 6 հազար զինվոր։ Ասենք` առանց այդ էլ Հարավային Կորեայում տեղակայված է մոտ 29 հազար ամերիկացի զինծառայող։ Իսկ այս տեղաշարժերի պարագայում չի բացառվում, որ շատ շուտով բոլորին արդեն սկսի մտահոգել ոչ թե երկու Կորեաների, այլ ԱՄՆ- Չինաստան հարաբերությունները…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: