Պահոց | 3:58 ե.

ՉԱՐԱԳՈՐԾԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

24 Նյմ

ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐ
ԻՄ ՊԱՅՔԱՐԸ (հատվածներ)

…Երբ ես հիմա, երկար տարիներ անց, հետ եմ նայում այդ ժամանակներին, միանգամայն հստակ իմ առջև պատկերանում են երկու շատ կարևոր հանգամանք.առաջին. ես նացիոնալիստ դարձա,երկրորդ. ես սովորեցի ուսումնասիրել և հասկանալ պատմությունը:
Հին Ավստրիան «ազգությունների պետություն» էր: Գերմանական կայսրությունում ապրող գերմանացին, ըստ էության, չի կարող կամ գոնե այն ժամանակ չէր կարող պատկերացնել, թե այդ փաստն ինչ նշանակություն ունի ազգությունների այդ պետությունում ապրող յուրաքանչյուրի առօրյա կյանքի համար: Ֆրանս-պրուսական պատերազմում հերոսական բանակների հրաշալի հաղթանակների աղմուկի մեջ գերմաններն աստիճանաբար սկսեցին ավելի օտարվել գերմանական սահմանի այն կողմում ապրող գերմանացիներից, մասամբ սկսեցին անգամ նրանց չհասկանալ: Ավելի ու ավելի հաճախ սկսեցին շփոթել, հատկապես ավստրիական գերմանացիների հետ կապված, քայքայվող կայսրությունը ի բնե առողջ ժողովրդի հետ:
Մարդիկ չէին հասկանում, որ եթե ավստրիական գերմանացիները զտարյուն չլինեին, նրանց ուժը երբեք չէր բավականացնի, որպեսզի այդ չափով իրենց կնիքը դնեն 52 միլիոնանոց պետության կյանքի վրա: Մինչդեռ ավստրիական գերմանացիներն այդ արեցին այնպես, որ Գերմանիայում նույնիսկ կարող էր սխալ պատկերացում ստեղծվել, թե իբր Ավստրիան գերմանական պետություն է: Կամ դա միանգամայն արտասովոր անհեթեթություն է, կամ փայլուն վկայություն հօգուտ 10 միլիոն ավստրիական գերմանացիների: Միայն սակավաթիվ գերմանացիներ քիչ թե շատ պատկերացում ունեին այն լարված պայքարի մասին, որն ընթանում էր Ավստրիայում գերմաներեն լեզվի շուրջ, գերմանական դպրոցի և գերմանական մշակույթի շուրջ: Միայն հիմա, երբ նման տխուր իրողությունները բաժին են ընկել նաև Գերմանիայի միլիոնավոր գերմանացիներին, որոնք ստիպված են կրել օտարերկրյա լուծը և, տենչագին երազելով վերամիավորվել իրենց հայրենիքին, գոնե կարողանալ խոսել իրենց մայրենի լեզվով, միայն հիմա գերմանացի բնակչության լայն շրջանակներում սկսեցին հասկանալ, թե ինչ է նշանակում պայքարել սեփական ազգության համար: Հիմա արդեն շատերը կհասկանան, թե ինչ մեծ դեր են խաղացել ավստրիական գերմանացիները, ովքեր, իրենք իրենց թողնված լինելով, դարեր շարունակ կարողացել են պահպանել գերմանացի ժողովրդի արևելյան սահմանը, կարողացել են երկար և քայքայիչ պայքարում պահպանել գերմանական լեզվական սահմանն այնպիսի դարաշրջանում, երբ գերմանական կայսրությունը շատ էր հետաքրքրվում գաղութներով, բայց շատ քիչ ուշադրություն էր դարձնում սեփական միս ու արյանն իր սեփական սահմաններում:
Ինչպես ամենուր և ցանկացած պայքարում, այնպես էլ հին Ավստրիայի ներսում հանուն մայրենի լեզվի պայքարում երեք շերտ կար. մարտնչողներ, անտարբերներ և դավաճաններ: Արդեն դպրոցական նստարանից նկատվում էր այս տարբերակումը: Հանուն մայրենի լեզվի պայքարում ամենաբնորոշն ընդհանրապես այն է, որ կրքերն ամենաթեժ ձևով հարվածում են, թերևս, դպրոցական նստարանին, որտեղ էլ հենց աճում է նոր սերունդը…
Ինձ էլ դեռ վաղ պատանի հասակում բաժին ընկավ մասնակցություն ունենալ ազգային պայքարում, որ բռնկվել էր հին Ավստրիայում: Մենք դրամական ֆոնդեր էինք հավաքում, մենք մեր հագուստը զարդարում էինք կապույտ տերեփուկով և սևակարմրաոսկեգույն ժապավեններով, մենք «Deutschland uber alies» էինք երգում ավստրիական հիմնի փոխարեն: Եվ այս ամենը` ի հեճուկս բոլոր արգելքների: Մեր երիտասարդությունն անցնում էր հայտնի քաղաքական դպրոցով արդեն այնպիսի տարիքում, երբ ազգային պետությանը պատկանող երիտասարդ մարդիկ չէին էլ մտածում պայքարին մասնակցելու մասին և իրենց ազգային մշակույթի գանձերից միայն մայրենի լեզվից էին օգտվում: Որ այն ժամանակ անտարբերների շարքին չէի պատկանում, ինքնին հասկանալի է: Ամենակարճ ժամանակամիջոցում ես դարձա մոլեռանդ «դոյչ-նացիոնալ», ինչն այն ժամանակ, բոլորովին էլ նույնը չէր, ինչ այժմ դրվում է այդ կուսակցական հասկացության մեջ:
Ես այդ ուղղությամբ այնքան արագ էի աճում, որ արդեն 15 տարեկանում հստակ պատկերացում ունեի այն տարբերության մասին, որն առկա էր դինաստիական «հայրենասիրության» և ժողովրդական «նացիոնալիզմի» միջև: Ես արդեն այն ժամանակ վերջինի կողմնակիցն էի:
…Համաշխարհային պատմության դասավանդումը միջնակարգ դպրոցում հիմա էլ շատ ցածր մակարդակի վրա է: Միայն սակավաթիվ ուսուցիչներ են հասկանում, որ պատմության դասավանդման նպատակը երբեք չպետք է լինի պատմական տարեթվերի ու իրադարձությունների անգիր արած անիմաստ կամ մեխանիկական կրկնություն: Բանը բոլորովին էլ այն չէ, թե արդյոք պատանին անգիր գիտի, թե հատկապես որ օրն է տեղի ունեցել այս կամ այն ճակատամարտը, երբ է ծնվել այս կամ այն զորավարը, կամ որ թվականին է այս կամ այն (հիմնականում աննշան) միապետը թագադրվել: Ողորմած Աստված, բանը բոլորովին էլ դա չէ:
Պատմություն «սովորել»` նշանակում է կարողանալ որոնել և գտնել այն գործոններն ու ուժերը, որոնք պայմանավորել են այս կամ այն իրադարձությունը, որոնք մենք հետո պետք է պատմական իրադարձություն համարենք:
Ընթերցման և ուսանելու արվեստն այս ոլորտում հանգում է հետևյալին. հիշել էականը, մոռանալ ոչ էականը:
Իմ ողջ անձնական ճակատագրի և հետագա ողջ կյանքի մեջ, գուցե, վճռական դեր է խաղացել այն հանգամանքը, որ երջանիկ եմ եղել ունենալու այնպիսի պատմության ուսուցիչ, ով ընդամենը շատ քչերի նման կարողացավ իր դասավանդման հիմքում դնել հենց այս մոտեցումը: Լինց քաղաքի ռեալական ուսումնարանի պատմության այն ժամանակվա ուսուցիչ, դոկտոր Լեոպոլդ Պետչը, ում մոտ ես սովորում էի, այդ սկզբունքի կենդանի մարմնավորումն էր: Բարեհամբույր արտաքինով, բայց վճռական բնավորությամբ այդ ծերուկն իր փայլուն պերճախոսությամբ կարողանում էր մեր ուշադրությունը ոչ միայն գամված պահել դասավանդվող առարկայի վրա, այլև պարզապես գերել մեզ: Հիմա էլ ես սրտի թրթիռով եմ հիշում այդ ալեհեր ուսուցչին, ով իր բոցաշունչ խոսքով հաճախ ստիպում էր մեզ մոռանալ ներկան և ապրել անցյալի մեծագույն իրադարձությունների հրաշալի աշխարհում: Չոր պատմական հիշողությունները նա կարողանում էր վերածել աշխույժ ու գրավիչ իրականության: Հաճախ ենք մենք նրա դասերին հիացմունք ապրել, և քիչ չեն եղել դեպքերը, երբ նրա պատմածից հուզվել ենք արտասվելու աստիճան:
Մեր երջանկությունն էլ ավելի մեծ էր լինում, երբ այդ ուսուցիչը մատչելի ձևով կարողանում էր, հենվելով ներկայի վրա, մեկնաբանել անցյալը և, հենվելով անցյալի դասերի վրա, եզրահանգումներ անել ներկայի համար: Ավելի, քան մեր մյուս ուսուցիչները, նա կարողանում էր թափանցել արդիականության այն թեժ խնդիրների մեջ, որոնք այն ժամանակ մեր ողջ էությունն էին համակում: Մեր փոքրիկ ազգային ֆանատիզմը նրա համար մեր դաստիարակության միջոց էր: Ավելի հաճախ վկայակոչելով մեր ազգային արժանապատվության զգացումը` նա մեզ բարձրացնում էր էլ ավելի մեծ բարձունքի, քան դրան կարելի էր հասնել որևէ այլ եղանակով:
Այդ ուսուցիչն ինձ համար պատմությունն ամենասիրելի առարկան դարձրեց: Հակառակ իր սեփական ցանկության` նա արդեն այն ժամանակ ինձ երիտասարդ հեղափոխական դարձրեց:
Իրականում, ո՞վ կարող էր այն ժամանակվա պայմաններում պատմություն ուսանել նման ուսուցչի մոտ և չդառնալ այն պետության թշնամին, որն իր դինաստիայի միջոցով այդքան ճակատագրականորեն էր ազդում ազգի ճակատագրերի վրա:
Ով կարող էր այն ժամանակվա պայմաններում պահպանել դինաստիային հավատարմությունը, որն անցյալում և ներկայում այդքան խայտառակ ձևով դավաճանել էր գերմանացի ժողովրդի շահերը սեփական շահադիտական նպատակներով:
Մի՞թե մեզ` այն ժամանակ դեռևս բոլորովին պատանիներիս միանգամայն պարզ չէր, որ այդ ավստրիական պետությունը մեր` գերմանացիներիս հանդեպ ոչ մի սեր չի տածում և ընդհանրապես տածել չէր էլ կարող: Համբսբուրգների տան տիրապետության պատմության հետ ծանոթությունը լրացվում էր նաև մեր սեփական ամենօրյա փորձով: Հյուսիսում և հարավում օտարազգի թույնը հոշոտում էր մեր ազգության մարմինը, և անգամ ինքը` Վիեննան, մեր աչքին ավելի ու ավելի էր ոչ գերմանական քաղաք թվում:
Դպրոցում ստացած սերը պատմական մտածողության հանդեպ երբեք չլքեց ինձ իմ ողջ հետագա կյանքում: Պատմության ուսումնասիրումն ինձ համար դառնում է արդիականության պատմական իրադարձությունները, այսինքն` քաղաքականությունը հասկանալու անսպառ աղբյուր: Ես ինձ խնդիր չեմ առաջադրում «սովորել» արդիականությունը, թող որ նա սովորեցնի ինձ…

ՄԱԿ-ը մեկ ուզում է, մեկ չի ուզում

24 Նյմ

Այն, որ հատկապես այս պահին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նախաձեռնեց նամակ հղել այդ կառույցի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին և մեղադրել Ադրբեջանի իշխանություններին պատմական փաստերը աղավաղելու, բանակցային գործընթացը խոչընդոտելու, ռազմական գործողություններ հրահրելու մեջ, թերևս ունի իր հիմնավորումը: Ընդգծելով, թե Ադրբեջանն իր քաղաքականությամբ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված նորմերը, խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությանը և դրանով սպառնալիք ստեղծում միջազգային անվտանգության ու խաղաղության համար, Նազարյանը չէր մոռացել հավելել, որ ցավոք, չնայած Հայաստանի բազմաթիվ հորդորներին, ՄԱԿ-ի կառույցները որևէ ուշադրություն չեն դարձնում թվարկված երևույթներին ու որևէ կերպ չեն արձագանքում դրանց:
ՄԱԿ-ի դերակատարության մասին խոսելու բազմաթիվ առիթներ են եղել: Հատկապես Ղարաբաղի խնդրի առնչությամբ վերջինս երբեք էլ առանձնապես բուռն հակումներ ու հետևողականություն չի դրևսորել, իսկ բոլորովին վերջերս նույն Բան Կի-Մունը` այն հարցին, թե ՄԱԿ-ը ի՞նչ քայլեր է մտադիր ձեռնարկել ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ, պատասխանել էր, որ «խնդիրը պետք է լուծվի խաղաղության և երկխոսության ճանապարհով, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը կատարում է իր միջնորդական առաքելությունը դա լուծելու համար»: Այլ կերպ ասած, ՄԱԿ-ը չի զբաղվում (կամ չի ցանկանում զբաղվել) Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ` առաջնությունը զիջելով ԵԱՀԿ-ին:
Սակայն այլ բան է ասելը, մեկ այլ բան` իրական պատկերը: Միայն վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում ՄԱԿ-ի պատերի ներքո Ղարաբաղի անունը շոշափվել է տասնյակ անգամներ ու ամենատարբեր առիթներով: Հոկտեմբերի 5-ին Գլխավոր ասամբլեայի 6-րդ կոմիտեում ընթացող քննարկման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակները «կրակահերթեր» փոխանակեցին, երբ ադրբեջանցիները փորձեցին մեզ մեղադրել ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Ավելի ուշ ՄԱԿ կենտրոնատեղում անդամ-երկրների մասնակցությամբ քննարկվեցին ներքին տեղահանվածների խնդիրները, և սա նույնպես չավարտվեց առանց բախումների: Հետո` Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեի «Տարածաշրջանային զինաթափումն ու անվտանգությունը» խորագրով լսումների ժամանակ հին պատկերը կրկնվեց: Իսկ նոյեմբերի 3-ին օրակարգում արդեն նոր թեմա էր` «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», որտեղ ելույթներով հանդես եկան մոտ չորս տասնյակ երկրների պատվիրակներ, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչը: Նոյեմբերի 18-ին ՄԱԿ-ի սոցիալական, մշակութային և հումանիտար հարցերով կոմիտեի նիստում ընդունվեց «Անհայտ կորած անձանց մասին» բանաձևը, որն առաջ էր քաշել Ադրբեջանը: Որպես համահեղինակներ, բանաձևին միացան 71 երկրներ և այն կքննարկվի դեկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում:
Այսքանից հետո փոքր-ինչ տարօրինակ է պնդել, թե իբր ՄԱԿ-ը հեռու է մնում որևէ դերակատարությունից և հակված չէ միջամտել տարածաշրջանային խնդիրներին: Ինչ վերաբերում է Գլխավոր ասամբլեայի դեկտեմբերի 13-ին սպասվելիք նիստին, ապա արդեն իսկ հայտնի է, որ այնտեղ Ադրբեջանը փորձ կկատարի անցկացնել հակահայկական իր նոր բանաձևը՝ «օկուպացված» տարածքների մասին: Թեև այս բանաձևի նախագիծը ավելի վաղ հետ էր կանչվել ղարաբաղյան հարցի կարգավորման միջազգային միջնորդների ճնշման տակ, սակայն Բաքվի նոր փորձը հազիվ թե պատահականություն կամ իմպուլսիվ քայլ համարվի: Բանն այն է, որ դեկտեմբերի սկզբին Աստանայում մեկնարկող ԵԱՀԿ գագաթաժողովի աշխատանքների ընդհանուր ֆոնի վրա դա կարող է խթանիչ լիցքեր հաղորդել Ադրբեջանին, որը Աստանայի փորձը ձախողելու պարագայում ձեռքի տակ պահուստային տարբերակ կունենա: Եվ այսօր Հայաստանի ներկայացուցիչ Նազարյանի վերը հիշատակված նամակի անհրաժեշտությունը պետք է դիտարկել այս զարգացումների համատեքստում: Երկար ժամանակ Երևանը կրկնում էր, թե ՄԱԿ-ը այն ամբիոնը չէ, որտեղից պետք է Ղարաբաղի հարց տաևփողել, բայց արի ու տես, որ այժմ ինքն է օգտագործում նույն կառույցը` Բաքվին հակազդելու համար:
Իսկ եթե եղածին հավելենք նաև այս տարվա սեպտեմբերին Լատվիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի քարտուղարի հատուկ բանագնաց Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի այն անսպասելի նախաձեռնությունը, որով առաջարկվում էր ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակել, ապա էլ ավելի ակնհայտ կդառնա այդ կառույցում նշմարվող փոփոխությունների ուղղությունը: Ի դեպ, բանագնաց դիվանագետն էլ ավելի հեռուն գնաց՝ առաջարկելով փոխել հակամարտության կարգավորման ձեւաչափը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի «ապարդյուն» փորձերը։ Սա արդեն բոլորովին նման չէ Բան Կի-Մունի այն հանգստությանը, թե Մինսկի խումբն ի վիճակի է կրել միջնորդի ծանր ու պատվավոր բեռը:
Երեկ Հայաստանի ԱԳՆ-ում անցկացվել է խորհրդակցությունը ՀՀ գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական բնագավառի վերջին զարգացումներին, քննարկվել են Հայաստանի միասնական արտաքին քաղաքականության իրականացմանը, գերատեսչությունների արտաքին կապերի համակարգմանն առնչվող հարցեր: Տպավորություն է ստեղծվում, որ մեր երկիրը ներկա պահին որոշ դրույթներ վերանայելու լուրջ դրդապատճառներ ունի:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

24 Նյմ


«ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԻ ՄԻ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ Է ԳՏՆՈՒՄ»

Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի` Կարսում գտնվող կարծեցյալ տան առքուվաճառքի մասին թուրքական իշխանությունների խոսակցությունները վեր հանեցին կարևոր մի հարց` որտե՞ղ է իրականում ծնվել մեծ բանաստեղծը: Խոսակցություններ շրջանառվեցին նաև բանաստեղծի անտիպ գործերի մասին: ՈՒ դարձյալ հարց` ենթակա՞ է հրապարակման Չարենցի ողջ ժառանգությունը: Ի՞նչ ենք փորձում ասել կամ թաքցնել: Մեղադրում ենք Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասելին (որը, ծանոթանալով ձեռագրերին, ըստ ցանկության, հրապարակել ու մեկնաբանել է դրանք) իր մասնավոր դիրքորոշումների համար, սակայն մեզ մոտ նույնպես չկա հստակություն: Թվում է` քննարկվում է կարևոր մի հարց, ու շարունակ լուսանցքում է մնում ամենակարևորը: Թեմայի շուրջ ներկայացնում ենք մեր զրույցը գրականագետ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԻ հետ:
-Թուրքիայում բարձրացվում է Չարենցի տան վաճառքի հարցը, մինչդեռ պարզվում է` տան հասցեն հստակ չէ: Շրջանառվում է տան հասցեի երկու տարբերակ:
-Ոչ թե երկու, այլ շատ հասցեներ են շրջանառվում: Չարենցի ընտանիքը Կարսում մի քանի տուն է ունեցել, նախ` պետք է հստակեցնել` ո՞ր տունն ենք որոնում: Որքան հասկանում եմ` մարդիկ ուզում են նախ և առաջ գտնել այն տունը, որտեղ Չարենցը ծնվել է: Հստակեցնելու խնդիր այս դեպքում չկա, որովհետև կան ճշգրիտ հասցեն ու տեղի նկարագրությունը:
-Հնարավո՞ր է գտնել տունը, եթե հասցեների նկարագրություններ կան, բայց դրանք փոխվել են:
-Այսօր Երևանում, ասենք, դժվա՞ր է ինչ-որ աղբյուրից ճշտել, որ Մաշտոցի պողոտան ժամանակին կոչվել է Սունդուկյան փողոց: Ինձ զարմացնում է հետևյալը. այն տունը, որ հիմա ներկայացնում են, տպագրում են լուսանկարները, ֆիլմեր են նկարահանում, մոմավառություններ կազմակերպում, ո՞վ որոշեց, որ դա Չարենցի տունն է և ինչպե՞ս: Արդյոք որևէ մասնագետ հիմնավորե՞լ է փաստերով, տեղեկություններով, քարտեզներով, հուշերով։ Երբ ես այս հարցերը բարձրացնում եմ, դա չեմ անում էժանագին սենսացիայի համար: Կան հիմնավորումներ:
-Մերո՞նք են խաբում, թե՞ թուրքերը:
Առայժմ մերոնք են խաբում, իսկ թուրքերն օգտվում են մեր միամտությունից:
-Այսինքն, մե՞նք ենք որոշել, որ դա է Չարենցի տունը:
-Այո, իհարկե, թուրքերն ի՞նչ գիտեն` ո՞վ է Չարենցը: Ամենամեծ իմացությունը Չարենցի մասին, որ այսօրվա շարքային կամ ոչ շարքային թուրքը գիտի, այն է, որ Չարենցն այն մարդն է, ում դիմանկարը հազարդրամանոց թղթադրամի վրա է պատկերված:
-«Հուրիեթ» օրաթերթի հոդվածագիր Իրեմ Քյոքերն իր հրապարակման մեջ շատ ավելին էր ասել։
-Նրանք գուցե հիմա ինչ-որ բան գիտեն: Չարենցը երբեք թուրքերեն չի թարգմանվել, չի հրապարակվել, եթե նույնիսկ մեծ ցանկություն ունենան ինչ-որ բան իմանալու Չարենցի մասին, շատ դժվար կլինի: Վերադառնանք տան խնդրին: Հիմք են ընդունում մի քանի աղբյուրներ, ասում են` «Երկիր Նաիրի» գրքում նկարագրություններ կան, Ավետիք Իսահակյանը մի ժամանակ այցելել է այնտեղ ու նկարագրություն թողել: Բայց ի՞նչ է գրված այնտեղ. Չարենցը գրում է` մեր տունը գտնվում էր բերդի տակ, որից զառիթափով ծուռումուռ մի արահետ էր իջնում մինչև փողոց: Հիմա մենք տունը ցույց ենք տալիս փողոցի վրա, ոչ թե ծուռումուռ արահետով դեպի վեր` բերդի տակ: Այսինքն, տունը պետք է փնտրել սարալանջի վրա, Օվրաժսկայա փողոցում, որը մի քանի տներից բաղկացած ոչ մեծ փողոց է: Երկրորդ փաստարկը. Չարենցի տունը եղել է երկհարկանի, բարվոք, ինչը բազմաթիվ աղբյուրներում նշված փաստ է: Այսօր մեզ ցույց են տալիս կիսախարխուլ, գետնատարած մի քարակույտ և ուզում են համոզել, որ դա Չարենցի տունն է: Երրորդ փաստարկը. ասում են, որ Չարենցի տունը գտնվում է Սուրբ Առաքելոց վանքի մոտակայքում: 19-րդ դարի վերջին հայկական բնակավայրերում կային եկեղեցիների ծխականներ, եթե եկեղեցու մոտակա տներում երեխա էր ծնվում, մարդ էր մահանում, կամ որևէ արարողություն էր լինում, արձանագրվում էր տվյալ եկեղեցու ծխամատյանում: Չարենցի ծնունդն արձանագրվել է Աստվածածին եկեղեցում, այն պարզագույն պատճառով, որ տունը մոտ չի եղել Առաքելոց եկեղեցուն: Ամենաանհեթեթը. ասում են` թուրքերն են ցույց տվել Չարենցի տան տեղը: Չարենցն այնտեղ ապրել է հարյուր տարի առաջ, այսօր չկա մի թուրք, որ հիշի, երկրորդ, երբ նա ապրում էր այդ տանը, դեռ Չարենց չէր, նույնիսկ այդ անունը դեռ չուներ: Այսպես կարելի է շատ մանրամասներ թվարկել:
-Այնուամենայնիվ, որտեղի՞ց է սկիզբ առել վարկածը:
-Առաջին հրապարակումը Չարենցի տան վերաբերյալ եղել է մոտավորապես տասնվեց տարի առաջ, պատմություն այն մասին, թե ինչպես է հայ վարորդը Կարսում զրույցի բռնվել թուրքերի հետ, որոշել է, որ պիտի գտնի Չարենցի տունն ու իբր գտել է: «Չարենցի տուն» արտահայտությունը շրջանառության մեջ է դրվել հենց այդ ժամանակներից, կրկնվել է անընդհատ, նստվածք թողել մարդկանց գիտակցության մեջ: Շարքային քաղաքացուն չես մեղադրի, որ այցելության է գնում Չարենցի տուն, նա լսել է դա պատկան մարմիններից: Բայց ի՞նչ են մտածում նրանք, ովքեր այս ժողովրդին տանում, այնտեղ են հասցնում: Ինչպես Դավիթ Գասպարյանն ասաց` երկու տան մոտ մոմ են վառել: Երբ չկա կոնկրետություն, ու գնում են գործարքի, պոլսահայ մեծահարուստների են գտնում, որոնք պիտի գնեն տունը, թուրքական իշխանություների հետ են ուզում համաձայնություն ձեռք բերել, նույնիսկ Հայաստանի տուրիստական կազմակերպություններն արդեն իրենց ուղեցույցների մեջ ներգրավել են այդ կետը` «ՈՒղևորություն Չարենցի տուն»։ Ես դա համարում եմ ոչ միայն դիլետանտություն, այլև անլրջություն: Մի ամբողջ երկրի, ժողովրդի կամա թե ակամա խաբելու մղումը վիրավորական է:
-Այսինքն, լա՞վ է, որ մինչ այսօր չենք գնել տունը ու չենք վերածել տուն-թանգարանի:
-Իհարկե, լավ է: ՈՒ հրաշալի է, որ մենք սիրում ենք Չարենցին, ուզում ենք պահպանել նրա հիշատակը, նախանձախնդիր ենք այն մասունքների նկատմամբ, որ կարող են այնտեղ պահպանված լինել կամ չլինել: Բայց պետք չէ՞ արդյոք ճշմարտությունը հստակեցնել: Չեմ ուզում խիստ լինել, բայց կարծում եմ, որ որոշ մարդիկ գործարքի հոտ են առել, տարածք է, պետք է գնել-վաճառել, պետությունը միջոցներ կտրամադրի, խմբեր կտանեն-կբերեն: Իսկ եթե կան նման լայն հնարավորություններ, ուրեմն, կորչի ամեն սրբություն:
-Մեր հարևանները եկամտի նոր աղբյո՞ւր են որոնում, թե՞ ուզում են բարի հարևան երևալու քաղաքականությունը շարունակել:
-«Մենք ենք, մեր սարերի» մեջ մի այսպիսի արտահայտություն կա. «Եթե ասեմ, որ էս կացինը մի փութ ոսկի արժի, կհավատա՞ս»: Թուրքերը հասկանում են, որ իրենց այդ փլատակը մի փութ ոսկու արժեքով կարող են վաճառել հայերին, ինչո՞ւ չանեն դա: Ավելին ասեմ. Հայաստանից գնացած տարբեր մարդիկ արդեն հինգ տուն են գտել, ամեն մեկն իր համար քաղաքի մի անկյունում մասնավոր օգտագործման Չարենցի տուն է գտնում։ Այս պատմությունը կարող էր լինել չափազանց ծիծաղելի, եթե այսքան տխուր չլիներ:
-Իրեմ Քյոքերի հայտարարությունը Չարենցի տան առիթով, թե «դա մեկն է այն արժեքներից, որ թուրքերը չեն գնահատում», ոչ մի կերպ չեմ հասկանում: Ի՞նչ է ուզում ասել Քյոքերը:
-Երկու իմաստով կարող է ասել, առաջինը` դուք գնահատեք այս ամենը, որովհետև հայերի համար շատ մեծ արժեք ունի, այսինքն, շատ ավելի բարձր գնով են ուզում վաճառել, քան պատրաստ ենք տալու դրա դիմաց: Երկրորդ, թուրքերն էլ վաղ թե ուշ բարբարոսական վիճակներից պիտի դուրս գան ու գնահատեն մշակութային արժեքները: Իրենց հողի վրա ապրել է թեկուզ թշնամի երկրի, բայց մեծ բանաստեղծ: Մեծ գրողները համամարդկային արժեք են, նրանք մեկ ազգի սեփականությունը չեն: ՈՒ եթե քաղաքակիրթ ես համարում քեզ, պետք է գնահատես նաև այդ արժեքը: Այդ երկու իմաստներով կարելի է հասկանալ նրա ասածը, նայած թե ինչ շեշտադրումով է արտասանել:
-Ի՞նչ կասեք Չարենցի անտիպ գործերի մասին։ Ձեր կարծիքով` դրանք «կուսական տեսքով» ենթակա՞ են հրապարակման:
-Այն ամենը, ինչ ստեղծել է մեծ պոետի գրիչը, ենթակա է հրապարակման: Պուշկինն ասում էր` նույնիսկ դերձակին ուղարկած հանճարեղ մարդու երկտողը պատմական մեծ արժեք է: Չարենցի յուրաքանչյուր տող, հաճելի է դա ինչ-որ մեկին, թե ոչ, պատմամշակութային արժեք է և պետք է անխտիր հրապարակել: Երբ խճանկար ենք հավաքում ու ինչ-որ մի հատված չենք լրացնում, պատկերն ամբողջական չի լինում:
-Միգուցե Չարենցն ինքը որոշ գործեր գրել է չհրատարակելո՞ւ մտադրությամբ:
-Երբ մարդը թղթին ինչ-որ բան է հանձնում, դա արդեն հասցեագրված է մեկ այլ մարդու:
-Գրողները մի՞շտ են իրենց բոլոր գործերը տպագրում:
-Տպագրել-չտպագրելն այլ խնդիր է, գրելն ու մտածելը, որ դա երբևէ պիտի անցնի հանրությանը, այլ: Գործողության իմաստը կորչում է. այդ դեպքում` ինչո՞ւ է գրել:
-Ձեր ասած խճանկարի ամբողջական պատկերը լրացնելով` գուցե ուրի՞շ Չարենց «ստանանք»:
-Ես հարցը չեմ դիտարկում այդ տեսանկյունից: Կա բանաստեղծ, գրել է գործեր, դրանք եկել- հասել են մեզ, և մենք չենք կարող աչք փակել ու ասել, թե դրանք չկան: Կան, և սա փաստ է, առարկայական իրողություն: Պիտի կարողանանք ճիշտ տեղադրել այդ գործերն ամբողջական պատկերի մեջ, ոչ թե Չարենցի անտիպ գործերը հրապարակած ամերիկացու պես գռեհկացնել դրանք: Արևմուտքում հարյուրավոր նման էջեր են ստեղծել մեծ գրողները, բայց հիվանդագին դրսևորումներով չեն վերաբերվում դրան: Ի վերջո, մենք մշակույթի հետ գործ ունենք: Գրողի ստեղծագործությունը պետք է մշակութային տեսանկյունից դիտարկել, նոր միայն` նեղ անձնական։ Իսկ մենք ճիշտ հակառակն ենք անում, ամեն ինչը վերագրում ենք անձին, անձնականին: Եթե Րաֆֆու «Սամվել» վեպում հերոսը ծնողներին սպանում է, ուրեմն, Րաֆֆին է՞լ է ծնողասպան: Սա էլ Չարենցի հերոսն է, Չարենցն ինքը չէ: Մոտեցումների խնդիր կա:
-Բայց կա նաև դաստիարակության խնդիր: Չարենցը մեծություն է, երիտասարդներն ի՞նչ պիտի վերցնեն նրանից, եթե, ոմանց համոզմամբ, իր որոշ գործերում միասեռականություն է քարոզում:
-Ես կարդացել եմ նրա ինտիմ գործերը և միասեռականության հակում չեմ նշմարել, անկեղծ եմ ասում: Պարզապես պիտի շատ ուզենաս, որ նշմարես այդպիսի հակում:
-Հեղափոխականներն ինչո՞ւ են այդքան բուռն արձագանքում Չարենցի էրոտիկ գործերին, ասես ինչ-որ բան են ուզում ապացուցել։ Փարաջանովին են մեջբերում` «եթե հոմոսեքսուալիստները չլինեին…» և նման այլ կոչեր։ Տեսնո՞ւմ եք` արձագանքներն ինչպիսին են:
Ամեն կարգի արձագանք էլ հնարավոր է: Շուտով լույս կտեսնի իմ գիրքը, և կտեսնեք, թե 26-27 թվերին ինչեր են գրել Չարենցի մասին, սարսափելի տողեր, ավելի վատ հայհոյանքներ ու գնահատականներ։ Անցել է մոտ 80 տարի, և ոչ մի բան «չի պակասել» Չարենցից: Նա հրաշալի տողեր ունի` «ինչպես անհաս Արարատին նետած քար»: Չարենցը ոնց կար, այդպիսին էլ մնալու է` անսասան։ Այդ քարերը չեն կարող ազդել նրա կերպարի վրա:
-Պարույր Սևակի մասին նույնպես որոշ դիտարկումներ եք արել, որոնց հետևել են բացասական, հակադիր կարծիքները: Մեր գրականագետները չեն կարողանում նման կարևոր հարցերում ընդհանուր հայտարարի գալ, ու մարդիկ չգիտեն` ինչին և ում հավատալ:
-Գրականագիտությունը, նախ և առաջ, գիտություն է, ուր բանավիճում են և տարատեսակ կարծիքներ հայտնում: Պետք չէ, որ բոլորը նույն երաժշտությունը նվագեն: ՈՒղղակի կան «վտանգավոր» թեմաներ, ինչից շատերն զգուշանում են, շրջանցում: Ես չեմ վախենում նման թեմաների շուրջ բարձրաձայն խոսելուց: Չկա ավելի կարևոր բան, քան ճշմարտությունը: Պետք չէ մարդկանց խաբել, Լենինի կերպար հորինել: Հանճարներն էլ են մարդիկ, մեծ, խելացի մարդիկ, բայց իրենց թուլություններով: Ո՞վ ասաց, որ նրանց կյանքում, կենցաղում, պահվածքի մեջ ամեն ինչ կատարյալ է: Հենց դրանցով են նրանք յուրահատուկ` իրենց առանձնահատկություններով, մոլորություններով, թերություններով: Չմոռանանք, որ մեծ գրողները բոլորովին ուրիշ հարթության վրա ապրող մարդիկ են, ժամանակի, տարածության ուրիշ զգացողություններով, նրանց տեսակի մեջ շատ բաներ մեզ անընկալելի են: Նրանք գիտելիքների հսկայական պաշար, փիլիսոփայական այնպիսի ընկալումներ են ունեցել, որ մենք կերազեինք դրանց մի մասնիկն ունենալ: Մենք փորձում ենք նրանց վերաբերվել մեր` շարքային մարդու դիրքերից, դրա համար էլ անընդհատ սխալվում ենք: Բայց հենց նեղն ենք ընկնում, նրանց ենք հիշում, նրանց մտքերն ենք օրինակ բերում, ուղեցույց դարձնում:
-Կարծում եք` Չարենցի ողջ անտիպ ժառանգությունը պետությունն ամբողջությամբ պիտի գնի՞:
-Եթե տեր է իր մշակույթին, պիտի գնի: Անհատի մոտ մնալու մեջ էլ վտանգ չեմ տեսնում, եթե այդ անհատը կտրամադրի դրանք հրապարակման, ուսումնասիրման: Իմպրեսիոնիստների կտավներ կան, որոնք անհատ հավաքորդների մոտ են, կտավների արժեքը դրանից հո չի՞ տուժել: Փոխանակ շնորհակալ լինենք, որ այդ մարդու մոտ պահպանվել են Չարենցի «անտիպներն» ու հասել մեզ, սկսում ենք անուն կպցնել` ինչո՞ւ էիր պահել ու չէիր ասում, ինչո՞ւ վաճառեցիր: Ես յուրաքանչյուր գտնված թերթիկի համար ուրախանում եմ: Նույն պետությանը պիտի հարց տանք` Երևանում է Չարենցի գերեզմանը, ինչո՞ւ ոչինչ չեք ձեռնարկում, գնացել, սահմանից այն կողմ քարակույտերի մեջ տուն եք որոնում: Երևանի Նալբանդյան 27 հասցեում երկար ժամանակ ապրել է Չարենցը, ազատ տարածք է, ինչո՞ւ մշակութային կենտրոն չեք դարձնում: Չէ, Թուրքիան հրապուրիչ է: Մեր շատ գրողներ ուրիշ երկրներում են ապրել, մահացել, էլի ոչինչ չի արվում: Ամբողջ ինտրիգն այն է, որ հենց Թուրքիայում է: Հայ-թուրքական հերթական լարն է, որ ծնգծնգացնում են։ Ընդամենը:
-Ո՞Ւր է տանում այս ինտրիգը` կապված Չարենցի տան, անտիպ գործերի հետ։
-Բանավեճից է ծնվում ճշմարտությունը: Տանում է ճշմարտության:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Պարտվածների հաղթանակը

24 Նյմ

Լիսաբոնում իր աշխատանքներն ավարտեց պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի հանդիպումը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ 28 ու գործընկեր 48 երկրների ներկայացուցիչներ: Գագաթաժողովի արդյունքում ընդունվեց եզրափակիչ փաստաթուղթ, որն արդեն ստացել է «Լիսաբոնյան հռչակագիր» անունը: Հենց դրանում են ներառված այն դրույթները, որոնցից այնպես դժգոհ էր Հայաստանը: Մասնավորապես հռչակագրի 35-րդ կետում ասված է. «…Մենք կոչ ենք անում խուսափել այնպիսի քայլերից, որոնք կվտանգեն տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Մենք կրկին մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև կշարունակենք սատարել այդ տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հաշվի առնելով նշված սկզբունքները»:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 19-ին որոշեց չմեկնել Լիսաբոն և իր որոշումը բացատրեց նրանով, թե Հայաստանի համար անընդունելի են հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումները: Իսկ Լիսաբոնյան հռչակագրում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, ինչն, ըստ նախագահի, վատ ազդակ է և կարող է լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում:
Այս ամենից հետո խիստ տարօրինակ է, երբ մեր երկրի քաղաքական ուժերի համար էականը շարունակվում է դիտվել ոչ թե ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, այլ նախագահի չմեկնելու փաստը: Ստացվում է, որ Հայաստանում ընդամենը մի մարդ տեսավ ու հասկացավ, թե իրականում ինչ է կատարվում, իսկ մյուսներն ինչպես կային, այնպես էլ մնացին ծնծղաներ զարկողներ, իրենց քաղաքական գիտակցության աստիճանը նախագահին գովերգելու չափաբաժնով որոշող մունետիկներ:
Առաջին անգամ ՆԱՏՕ-ն փոխում է իր վերաբերմունքը Ղարաբաղի խնդրի առնչությամբ: Այդ Դաշինքը, որ վերջին 10 տարիների ընթացքում մշտապես հենվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումների վրա, այս անգամ ոչ միայն ինքնուրույն, այլև ԵԱՀԿ-ից տարբերվող վերաբերմունք է դրսևորում, սակայն դա Հայաստանում քչերի համար է անհանգստության շարժառիթ: Իսկ այդ «դինջ» կեցվածքի պայմաններում նույնիսկ անհրաժեշտություն չառաջացավ խորհելու նաև այն մասին, որ Լիսաբոն չմեկնելը լավագույն լուծում դիտվել չէր կարող թեկուզև այն պարզ պատճառով, որ դիվանագիտության մեջ նեղացածի կեցվածք ընդունելը, ինքնամեկուսացումը բոլորովին էլ շահեկան ու արդյունավետ տարբերակ համարել չի կարելի:
Եվ քանի որ մխիթարական ոչինչ էլ չստացվեց այդ դեմարշից, այժմ էլ նույն ուժերը ջանում են ամեն գնով մեղմել ՆԱՏՕ-ի հռչակագրի ծանրությունը, հարթել դրա սուր անկյունները: Համոզում են, թե իբր վտանգն այնքան էլ մեծ չէ, քանի որ իր թերությունների հետ մեկտեղ այդ փաստաթուղթը կատեգորիկ բնույթի պահանջ կամ նորմ չի սահմանում: Էլ ավելի հեռուն գնացողները քիչ է մնում ապացուցեն, որ Հայաստանի համար դրանից ավելի լավ կոմյունիկե մինչև օրս ոչ եղել է, ոչ էլ կլինի: Վերջիններս մեր կարճատես ուշադրությունն են հրավիրում այն փաստի վրա, թե իբր այստեղ կան ոչ միայն բացասական սահմանումներ: Ճիշտ է, ասում են նրանք, նշվում է, որ հակամարտությունները պետք է լուծվեն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, բայց ոչ մի պարագայում դա չի ներկայացվում որպես կարգավորման միակ սկզբունք: Իսկ եթե չի ներկայացվում, կնշանակի ինքնորոշման չգրված իրավունքը գրվածի հաշիվ է:
Հասկանալի է, որ բոլոր այս երևակայական տեսիլքները մեկնաբանելուց հետո անհնար էր չհասնել այն բարձրագույն կետին, որտեղից տեսանելի էր, թե ինչպես է ՆԱՏՕ-ն իր նույն հռչակագրով Ադրբեջանին շատ կարևոր ուղերձներ հղում հանձին այն մտքի, ըստ որի հակամարտությունները պետք է լուծվեն սահմանված ձևաչափերում և միայն խաղաղ ճանապարհով` զերծ մնալով գործողություններից, որոնք կասկածի տակ կդնեն տարածաշրջանային անվտագությունը: Մի խոսքով, սրանից ավելի լավ բան նույնիսկ երազել չէինք կարող: Իսկ երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր բրիֆինգի ժամանակ հայտարարեց, թե Հյուսիսատլանտյան դաշինքը որևիցե դերակարատարություն չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում, հայաստանցիների ցնծությունը հասավ իր գագաթնակետին: Նախ միաբերան որոշվեց, որ այդ հայտարարությունն անմիջականորեն կապված է Սերժ Սարգսյանի որոշման հետ, այսինքն մեր նախագահը մի լավ նեղն է գցել Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Եվ հետո սահմանվեց, թե Սարգսյանի Լիսաբոն չգնալը մեսիջ էր Ադրբեջանին ու միջազգային հանրությանն առ այն, որ մեզ հետ չի կարելի խաղ անել:
Իհարկե, ոչ ոք այդպես էլ ինքն իրեն հարց չտվեց այն մասին, որ եթե ՆԱՏՕ-ն իրոք դերակատարում չունի ու հետագայում նույնպես չի պատրաստվում որևէ կերպ միջամտել, այդ դեպքում ո՞րն է նրա հռչակագրի հիշյալ դրույթները սահմանելու իմաստը, ինչու՞ են այնտեղ ընդհանրապես քննության առնում Ղարաբաղի հարցը: Եթե Հայաստանի համար Դաշինքի վերաբերմունքն էական չէ, ապա Երևանն ինչու՞ էր ամիսներ շարունակ խնդրում ու պահանջում, որ ՆԱՏՕ-ն բանաձև չընդունի ու քիթը չխոթի մեր գործերի մեջ: Եվ վերջապես, եթե հայկական կողմը լրջորեն որոշել էր բոյկոտել գաղաթաժողովը, ապա ի՞նչ պատճառով դա չարվեց հիմնավորապես, այլ սոսկ մասնակի` պահեցին նախագահին, բայց ուղարկեցին երկու նախարարներին:
Վերջին օրերի ընթացքում ամենահաճախ կրկնվող միտքը եղել է այն, թե մեր նախագահի կոշտ դիրքորոշումը հաղթանակ է և ոչ թե դիվանագիտական պարտություն: Այսքանից հետո մեզ մնում է միայն ճշտել, թե այդ ու՞մ հաղթեց նախագահը և ինչու՞ մենք ազգովին չենք ցնծում այդ հաղթանակի համար:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ