ԱՐԹՈՒՐՈ ՊԵՐԵՍ ՌԵՎԵՐՏԵ

22 Նյմ

Դու թանկ արժես

Շատ անգամ եմ ամաչել տղամարդ լինելուց: Պատճառները տարբեր են, բայց ոչինչ այնպես ինձ չի շիկնեցնում, ինչպես տղամարդկանց որոշ կարգի պահվածքը, բարային շաղակրատանքը, հակառակ սեռի աչքի առաջ կատարած արարքները: Ոմանք ենթադրում են, թե աշխարհը որսատեղի է, իրենք էլ՝ հավանոցի աքլորներ: Դոնժուանական հայացքները, որոնք ասում են՝ ահա ես, փոքրիկս, միշտ պատրաստ, տրամդրված՝ քեզ էս ու էն անելու: Սրտիկդ ուտելու: Այդպիսի պահվածքը հատուկ է ինչպես հզոր ու խորամանկ տիպերին, այնպես էլ ոջլոտ կիսաճաղատներին ու գջլոտ թափթփուկներին: Ես համոզվել եմ, որ ամենաանտաշ ու ստոր կաղնակեր կենդանին անգամ համոզված է, որ բոլոր կանայք խելքները թռցնում են իր հմայքից: Գոյություն ունի նաև ամենօրյա պատարագ կատարողի, մեծահոգի դասախոսի, հասկացող պետի դիմակ հագած խարդախ երկերեսանին, ով դարանակալ հետևում է այն պահին (դասախոսական, աշխատանքային, և այնպիսի մարդու խուսափուկ հայացքով, որն իբր անպատկառ կամ անամոթ ոչ մի մտադրություն չունի), թե երբ գործը խորամանկություններով առաջ տանի:
Սակայն իմ սիրելի քույրիկներն էլ են երբեմն հեշտացնում գործը: Ռիսկի դիմելով, որ Կռվի Պատրաստ Ոզնուհիների Միությունը (ԿՊՈՄ) կարող է ինձ մաղադանոսի թերթիկի պես բզիկ-բզիկ անել, պիտի ասեմ, որ հափշտակիչը ոչնչանում է, երբ մատչելի զոհեր չի գտնում, բայց դե աշխարհը լի է գառնուկներով, որոնք սպասում են, որ գայլն իրենց ուտի: Իսկ դրանից դերերը փոխվում են: Կան նաև այնպիսի կանայք, ովքեր կարիքից դրդված, — գոյատևելը նույնքան օրինական պատճառ է, որքան ցանկացած որևէ այլ պատճառ, — համաձայնում են կասկածելի դաշտում խաղալ: Ես այս ամենն անտեղի չեմ ասում, որովհետև ընկերուհիներցս մեկը նոր է պատմել իր՝ աշխատանքի ընդունվելու վերջին հարցազրույցի մասին: Կեսից ես արդեն գիտեի, թե ինչով է ավարտվելու պատմությունը: Եվ ոչ այն պատճառով, որ շատ խելացի եմ:
Պատկերացրեք առաջին գործողությունը: Աշխատանքային խորհրդակցություն ապագա աշխատակցուհու հետ ծանոթանալու համար: Երեք աշխատակիցներ, աշխատանքային զրույց, վիսկի: Կինը՝ փայլուն ինքնակենսագրությամբ, ում շատ է պետք այդ աշխատանքը, ի սկզբանե ծուղակն է ընկել. վայելուչ աղջկա նման հագնված՝ ցանկանում է գեղեցիկ երևալ և դուր գալ: Տոնիկ է խնդրում: Մի երկու բաժակ վիսկիից հետո երկու աշխատակիցները հեռանում են: Նա զգում է, որ աշխատանքն արդեն իրենն է: Պետը խնդրում է մնալ որոշ մանրամասներ պարզաբանելու համար:
Գործողություն երկրորդ: Նա կպել է իր տոնիկին, մինչ պետը գովասանքների շարան է բացում իր անձի հասցեին՝ թե որքան խելացի է և որքան բարձրակարգ, թե որքան հեռու կարող է գնալ ձեռնարկությունում: Նա սկսում է անհարմար զգալ, փոքր ումպեր է անում տոնիկից: Երրորդ վիսկիից հետո պետի կենացները քաղցրանում են, հայացքն անհաճո դառնում: Մերթընդմերթ ձեռքին ազատություն է տալիս և դիպչում աղջկա ծնկին: Միանգամայն հայրաբար, բայց ո՛չ աչքերն են հայրական, ո՛չ էլ ձեռքը: Եվ այդ պահին աղջիկը երկրորդ սխալն է գործում: Նրան շատ է պետք այդ աշխատանքը, և այդ աղբին «գնա մորդ ծնկին դիր ձեռքդ» ասելու փոխարեն շարունակում է այնտեղ մնալ՝ դիմանալով ոտնձգություններին: Համոզված է, որ գլուխ կհանի: Վստահ է, որ կկարողանա տեղը դնել դրան: Եթե համառորեն դիմանա, ձեռք կբերի այդ անիծյալ աշխատանքը: Այնպես որ, դեռ մնում է այնտեղ նստած՝ վայելուչ աղջկա իր կոստյումով ու պայուսակով, հուզիչ կերպով իր տոնիկին կառչած, նողկանքի և ամոթի արցունքները զսպելով:
Սխալ երրորդ. նա դեռ չի գնացել, երբ այդ ողորմելին փոխում է տակտիկան: Սկսում է անձնական բնույթի հարցեր տալ և ավարտում սեքսի մասին անկապ բաներ դուրս տալով, հարցը խառնելով Աստծո գոյության կամ չգոյության մասին դատողությունների հետ. որովհետև նա, — էդ մի բանը նա շա՜տ պարզ է ուզում ցույց տալ, -հավատացյալ մարդ է: Քիչ անց հարցնում է, թե արդյոք աղջիկը լեսբուհի չէ՞: Իսկ նա տոնիկի բաժակը դրա տխմար ու վավաշոտ դեմքին չի դաջում, այլ շարունակում է դիմանալ և գործը քննարկել: Ի վերջո, համոզվելով, որ ձեռք գցելու բան չկա, սրիկան ավարված է համարում հարցազրույցը: Ես քեզ կզանգեմ աշխատանքի համար, — խոստանում է նա: Անշուշտ, երբեք էլ չի զանգի:
Այս գեղեցիկ և խրատական պատմության բարոյախոսությունը. որոշ տղամարդիկ ընդունակ են իրենց տականքի նման պահելու, բայց որոշ կանայք էլ ընդունակ են կուլ տալու անկուլտալին: Կարիքից կուրացած՝ սթափ չտեսնելով այն սահմանը, որտեղ դրվում է «բավակա՛ն է» բայը: Այս աշխարհը լավագույնը չէ հնարավոր աշխարհներից, գրեթե միշտ էլ վատագույնն է, և այդ համատեքստում կան խաղեր, որոնք անպատիժ չեն կարող մնալ՝ անտեսելով ռիսկերը և վճարվելիք գինը: Անպատվությունը սնունդ է առնում բարդություններից, կարիքից և վախից: Դա անարդարացի է և սարսափելի, բայց դա կա: Աշխարհը, փողը, աշխատատեղերը շարունակում են շատ հաճախ մնալ այնպիսի սինլքորների ձեռքին, ինչպիսին էդ բոզի տղան, ում նկարագրում էի մի քանի տող վերև: Վաղ, թե ուշ խնդիրն ավարտվում է հասարակ «վերցրու կամ թող»- ով: Եվ ամեն կին իր արժանապատվությանը համապատասխան է որոշում «բավական է»-ի սահմանը:

Թարգմ. Կարինե Չոբանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s