Պահոց | 5:10 ե.

Կռահումներ ըստ տողատակերի

19 Նյմ

Ավարտվեց նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Սա այն դեպքերից մեկն էր, երբ ներկայացած հնարավորությունն օգտագործվեց միանգամայն այլ նպատակների համար: Այդ իմաստով Ռուսաստանի հայերի միության տասնամյա հոբելյանին նվիրված հանդիսությունները չափազանց հարմար ֆոն էին հերթական քաղաքական քննարկումների համար: Պետք է նկատել, որ այս անգամ այցն աչքի ընկավ ոչ միայն իր հագեցվածությամբ, այլև ժամանակային առումով պահի ճիշտ ընտրությամբ: Աստրախանի բանակցություններից հետո և Աստանայի գագաթաժողովից օրեր առաջ թերևս կար անհրաժեշտություն մի վերջին անգամ հստակեցնելու կողմերի դիրքորոշումներն առավել հրատապ ու կարևոր խնդիրների շուրջ: Իսկ եթե ասվածին հավելենք նաև ՌԴ նախագահ Մեդվեդևի այցը Բաքու, ապա Հայաստանի համար Ռուսաստանի ղեկավարության հետ շփումները կրկնակի կարևորություն էին ձեռք բերում:
Մյուս կողմից հարկ է նկատել, որ ըստ էության մեզ այդպես էլ անհայտ մնաց, թե նախագահն ինչ է խոսել ու քննարկել Մոսկվայում: Եթե մի կողմ թողնենք այն փոխադարձվող հաճոյախոսություններն ու արարողակարգային սիրալիությունները, որոնք միշտ էլ արտասանվում են լրագրողների ներկայությամբ, ապա բուն բանակցությունների նյութի շուրջ որևէ լրատվություն չտրամադրվեց: Եղան ելույթներ, շնորհավորական ուղերձներ, պարգևատրումներ, եղան երկու երկրների դարավոր բարեկամության մասին հուզիչ հիշատակումներ ու հավաստիացումներ, սակայն վերջին արդյունքներն այդպես էլ մնացին ստվերում: Եվ միակ հիշատակումն այդ մասին, ինչը կարող է որոշակի կռահումների հիմք դառնալ, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը Ս. Սարգսյանի արտասանած հետևյալ ամփոփիչ խոսքերն էին. «Մեր կողմից տրված բոլոր հարցերը գտել են դրական արձագանք, և ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ հիմա վերադառնում եմ Հայաստան շատ ավելի վստահ վաղվա օրվա նկատմամբ»:
Պիտի խոստովանենք, որ առաջին հայացքից սրանք տարօրինակ խոսքեր են: Ապագայի նկատմամբ վստահությունն ու հույսը Մոսկվայում ձեռք բերած Հայաստանի նախագահը նման կերպ արտահայտվելու համար պիտի որ լուրջ հիմքեր ունենար: Իսկ ներմուծվող ոգևորությունը կարող էր ծնունդ առնել երկու պարագայում` կամ Ռուսատանը մեր երկրին երաշխիքներ է տվել, որ Ղարաբաղի հարցում հանդես կբերի նպաստավոր մոտեցում ու վճռական պահին աջակից կլինի, կամ երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու գործում հերթական շոշափելի օժանդակությունը կցուցաբերի, ինչպես դա եղավ նախորդ տարի` կես միլիարդ դոլար վարկի տեսքով:
Երկու դեպքերի համար էլ որպես սկզբնաղբյուր պիտի ծառայեն այն բառերը, որոնք թաքնված էին երկրի ղեկավարների արտասանած մտքերի տողատակերում: Մասնավորապես, Ղարաբաղյան հիմնախնդրի մասով Ս. Սարգսյանի մի արտահայտություն իր ներսում պարունակում էր նմանատիպ տարրեր: Դ. Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, շնորհակալություն հայտնելով վերջինիս ղարաբաղյան կարգավորման գործում միջնորդական ջանքերի համար, Ս. Սարգսյանն ասել էր. «Ռուսաստանը միշտ կարևոր դեր է խաղացել Կավկասում: Հուսով եմ, որ Ձեր ջանքերը կավարտվեն արագ և դրական»: Եթե դրականի մասին մեր պատկերացումներին հավելենք նաև հույսն այն մասին, որ գործը գլուխ կգա արագ (մի բան, ինչի մասին երբևէ խոսք չի գնացել, այլ, ընդհակառակն, մշտապես նշվել է, որ սա երկարատև պրոցես է), ապա մեզ մնում է ենթադրել, որ Հայաստանի նախագահն այդպես կարծելու համար պիտի որ ունենար ծանրակշիռ հիմքեր: Իսկ թե ո՞րը կարող է լինել դա իրագործելու մեխանիզմը, հազիվ թե հրապարակման ենթակա լինի:
Մոսկովյան այցի կարևոր դրվագներից մեկն էլ Ս. Սարգսյանի հանդիպումն էր ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Խոսակցությունը հայ-ռուսական երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքի ու հեռանկարներների մասին էական էր այնքանով, որ Ռուսաստանն այս անգամ էլ խոստացավ մեզ միայնակ չթողնել դժվարություններին դեմ հանդիման:
Եթե վստահելու լինենք պաշտոնական վիճակագրությանը, ապա այս տարի Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով: Իսկ Ռուսաստանն ավանդաբար համարվում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը: Նման պատկերի համատեքստում արդեն ընկալելի է Սարգսյանի այն միտքը, թե «Պատահական չէ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և հուսալի գործընկերը: Պատահական չէ նաև, որ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ասպարեզում հենց Ռուսաստանն է զբաղեցնում առաջին տեղը»:
Եթե մոսկովյան այցելությունը դիտարկելու լինենք երկու երկրների միջև շարունակվող քաղաքական խորհրդատվությունների մի օղակը կամ որոշ իմաստով նաև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ամփոփող փուլ, ապա այս օրերին անհրաժեշտություն կառաջանա դա քննել նաև ոչ պակաս կարևոր այլ երկխոսությունների` Ալիև-Ահմադինեժադ կամ Մեդվեդև-Ալիև շփումներին զուգահեռ: Միայն այդ պարագայում հնարավոր կդառնա կռահել մեզ շրջապատող երկրների վարած քաղաքականության ուղղվածությունը և ստանալ պարզաբանումներ այն հարցերի համար, որոնք մնացին անպատասխան:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: