Միջպետական վատառողջություն

18 Նյմ

Հայ-վրացական հարաբերություններում զանազան խնդիրների ի հայտ գալն ու դրանց արծարծումն այնպիսի մշտական ու պարբերական բնույթ է կրում, որ այլևս անհնար է դարձել որևէ մեկին հավաստիացնելը, թե երկու երկրների միջև պահպանվում է փոխըմբռնման ու բարիդրացիական մթնոլորտը: Մի սկանդալին հաջորդելու է գալիս մյուսը, մի անախորժությունն անմիջապես իր տեղը զիջում է հերթականին: Եվ եթե վերջին զարգացումներն արտաքուստ ներառում են կրոնական բնույթի անհամաձայնությունները, ապա դրանք նույնպես նույն շղթայի մասն են կազմում` սերված այն հետևողական քաղաքականությունից, որն այսօր իրականացնում են վրացական իշխանությունները:
Այլ կերպ դժվար է բնորոշել Վրաստանի ռեինտեգրացիայի և իրավունքների պաշտպանության փոխնախարար Ելենա Թևդորաձեի պահվածքն ու խոսքերը, որոնք լիարժեքորեն դրսևորվեցին ,,Թբիլիսիի հայ համայնքը. խնդիրներ և հեռանկարներ,, խորագրով կոնֆերանսի ժամանակ: Թևդորաձեն այնտեղ բացակայտորեն հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում կարգավիճակ չի ստանա։ Երբ նույն հարցը բարձրացրեց Վատիկանի ներկայացուցիչ Կլաուդիո Գուգերոտտին, տիկին փոխնախարարն այնմիջապես փրփրեց, ասաց, որ Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում, այսպես կոչված, մասնաճյուղ է, մեկ անգամ ևս կրկնեց, թե Էջմիածնի եկեղեցին Վրաստանում չի ճանաչվի և դրանից հետո լքեց կոնֆերանսի դահլիճը։ Վրաստանում Վատիկանի դեսպանին այլ բան չէր մնում, քան ի լուր ներկաների հայտարարել. ,,Աշխարհում որևէ տեղ նման պրակտիկայի չեք հանդիպի, երբ պետությունը ավանդական եկեղեցուն առաջարկում է գրանցվել որպես ակումբ կամ հասարակական կազմակերպություն,,:
Այն, ինչը կարող է զարմանք պատճառել Վատիկանի ներկայացուցչին, մեզ համար վաղուց այլևս զարմանալի չէ: Եվ խոսքը տվյալ դեպքում սոսկ այն պատմական անժխտելի փաստերի մասին չէ, որ Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցին գործել է դեռևս 4-րդ դարի 1-ին կեսից, երբ Վրաստանում քրիստոնեությունն ընդունվեց իբրև պետական կրոն, ոչ էլ նրա մասին, որ հետագա բոլոր դարերի և իշխանությունների օրոք Վիրահայոց թեմը պահպանել է իրեն հարիր կարգավիճակը:
Հարցն այս դեպքում նախ և առաջ վերաբերում է նրան, որ Թևդորաձեի խոսքերից առաջ բազմաթիվ անգամներ տեղի իշխանությունները հավաստիացրել էին, թե փոփոխություն է կատարվելու Քաղաքացիական օրենսդրության մեջ, ավանդական կրոնական համայնքներին Վրաստանում տրվելու է հանրային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ: Նույն միտքը հնչել է նաև Վրաց Ուղղափառ եկեղեցու Հովվապետ Իլիա Բ Պատրիարքի շուրթերից իբրև պաշտոնական դիրքորոշում, և վերջինս հավաստել է, թե կողմ է Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցուն ու մյուս ավանդական կրոնական համայնքներին նույն կարգավիճակը տալուն: Սակայն հիշողության կորուստը հետզհետե ձեռք է բերում ոչ միայն ախտաբանական, այլև քաղաքական նկարագիր:
Այսօր Վիրահայոց թեմը, պահպանելով կացության թելադրանքով գործելու կարգը, իր բողոքն արտահայտող հայտարարություն է տարածում, հասարակական կազմակերպություններն ու հանրությունը վրդովված է: Պիտի որ դժվար լինի հաշվել այն բոլոր համանման հայտարությունների ու կոչերի քանակը, որոնք շրջանառվել են վերջին տարիների ընթացքում: Միայն թե դրանք առայժմ որևէ կերպ էական արդյունքի չեն հանգեցրել և հազիվ թե կարողանան լինել արդյունավետ, երբ չկա համարժեք պատասխանը, սեպը սեպով հանելու համարձակությունը:
Մի՞թե նույնատիպ մի կացություն էլ այն չէր, որ հերթական անգամ հետաձգվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի այցը Վրաստան: Մի քանի օր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը, ընդառաջելով վրացական կողմի խնդրանքին, ու նկատի առնելով Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոս Իլիա Երկրորդի արտասահմանում բուժումից հետո վերականգնողական շրջանի անհրաժեշտությունը, հարկ համարեց հետաձգել Վեհափառի` նոյեմբերի երկրորդ կեսին նախատեսված այցը: Հրաշալի պաշտոնական վարկած է` վատառողջություն: Եվ սա այս տարվա մեջ արդեն երրորդ անգամն է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Իլիա Երկրորդն այժմ պատրաստ է անվերջ հիվանդանալ ու բուժվել, միայն թե իր հայ գործընկերը ոտք չդնի Վրաստանի հողի վրա: Եվ ու՞մ հոգսն է, թե նրա հիվանդությունը միայն ֆիզիկական չէ, այլ վաղուց ի վեր ձեռք է բերել դիվանագիտական բնույթ: Էջմիածինն ասում է, թե կատարվածի մեջ որևէ միտում չի տեսնում: Տարօրինակ է, իսկ ինչու՞ չի տեսնում: Եվ արդյո՞ք այդ կարճատեսությունը ներկա պահին լիովին չի ներդաշնակում վրացական ամնեզիայի հետ:
Էջմիածնում ու Երևանում միտում չեն տեսնում այն բանում, որ ավերվում են հայկական մշակույթի հուշարձանները, որ փակվում են հայկական դասարանները, որ անօրինական կարգով ձերբակալվում են հայազգի քաղաքացիներ, որ սահմանի վրա արգելվում է հայերեն գրքերի մուտքը Վրաստան, իսկ նույն սահմանի առանձին հատվածների նկատմամբ լուրջ հավակնություններ կան: Սակայն փոխարենը աշխարհով մեկ են լինում, երբ իմանում են, որ նախագահ Սահակաշվիլին Ախալքալաքի կենտրոնական հրապարակում հավաքված բնակիչներին դիմում է հայերեն բառերով կամ մի քանի կիլոմետր ճանապարհ է վերանորոգում նրանց համար: Ահա հենց այսպես էլ ձևավորվում են միջպետական այն հարաբերությունները, որոնք այսօր տառապում են լուրջ խրոնիկական հիվանդություններով ու մշտապես բուժման կարիք են զգալու Իլիա Պատրիարքի օրինակով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s