ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

17 Նյմ

ՎԵՐՋԻՆ ՌԱՈՒՆԴԸ

ԿԱՐՃ` ԻՄ ՄԱՍԻՆ
1961 թվականի ապրիլի 22, երեկո:
Երջանիկ երեկո: Այն ընդմիշտ կմնա հիշողությանս մեջ: Թվում է` այսօր էլ այն հիշում եմ ամենափոքր մանրամասնություններով հանդերձ:
Հիշում եմ, որ ցերեկը սարսափելի տրամադրություն ունեի, ինչ-որ ընկճվածություն: Նախորդ օրը հուզմունքից վատ էի քնել: Երեկոյան, վաղեմի սովորությանս համաձայն, ոտքով կրկես գնացի: Մոսկվան ողողված էր կինոթատրոնների և խանութների լույսերով: Թաց ձյուն էր գալիս: Փողոցի բանուկ մասը լիքն էր տեղում պտտվող մեքենաներով: Նրանք շփոթահար չռել էին դեղին աչքերը զզվելի եղանակի վրա, նրանց հենց քթի առջևով արագ անցնում էին ուշացած, շտապող անցորդները: Օձիքս բարձրացրած` ոտքերս քարշ էի տալիս մայթով, և ժամանակ առ ժամանակ գլուխս թափահարելով մաքրում էի կեպկայիս հովարին հավաքված ջրի կաթիլները:
Երբ կրկեսի ճակատին տեսա հսկայական, ջրից ներկը թափված ազդագիրը, որը ծանուցում էր իմ հյուրախաղերի մասին, լրիվ տրտմեցի: Հանդերձարանում մեխանիկորեն գրիմ արեցի և այդ ժամանակ միայն հասկացա, որ այսօր բեմելս է, առաջին ելույթս մոսկովյան կրկեսում, որն, իրավամբ, համարվում է լավագույնն աշխարհում: Ես հանկարծ պատկերացրի, թե ինչ կլինի, եթե ձախողվեմ:
Կարկամեցի, բայց ինչ-որ տեղ` խորքում, այլ զգացում կար, սպորտային ազարտի, սպորտային չարության զգացում, ճկուն, ուժեղ, ցանկացած մտքի հնազանդ մարմին կար, և կար այն, ինչը փայփայվում էր հինգ տարի շարունակ, և հենց այնպես զիջել ես չէի ուզում:
Այդ երեկոն հիշում եմ ամենայն մանրամասնությամբ: Ես հիշում եմ, թե ինչպես ինձ մոտ ներկայացման ավարտից մի փոքր առաջ կուլիսներ վազեց կրկեսի հայտնի մի դերասան և աղաչում էր ինձ «դիմանալ, որովհետև առայժմ ամեն ինչ հիասքանչ է…», իսկ ես ավելի էի հանդարտվում. գլխավորը թողնվել էր վերջում:
Հիշում եմ ճչացող դահլիճը վերջին` «Բռնցքամարտ» կլոունադայից հետո և, ինչն ամենաանհավանականն է, այն, որ ինձ կանչում էին հեռանալուցս հետո, կանչում էին, կարծես դա թատրոն էր, այլ ոչ թե կրկես: Հանդիսատեսների ծիծաղող դեմքեր, որ շարք առ շարք վեր էին բարձրանում մանեժի արգելապատից, և միայն մեկի դեմքն էր արցունքների մեջ, աջից չորրորդ շարքում, մորս դեմքը:
Այդ ամենը ես հիշում եմ, ասես երեկ էր, չեմ հիշում միայն ինչպես եմ ինձ պահել, ինչ եմ զգացել մանեժում, հիշողությանս մեջ միայն ազատության և երջանկության զգացողությունն է մնացել: 1961թ. լրիվ սկսնակ չէի. այդ ընթացքում արդեն մեկ տարի աշխատել էի մանեժում և 1956-ից, իհարկե, ոչ կանոնավորապես, որպես մնջկատակ աշխատում էի հեռուստատեսությունում և էստրադայում: Գլխավորը, որ հաջողվեց անել, եթե կարելի է այդպես արտահայտվել, կրկեսի և էստրադայի համար երկացանկի ընդհանուր ուրվագծերն էին, իսկ ծաղրածուի երկացանկը, նոր ռեպրիզը, նոր մնջախաղն այնքան թանկ են նստում հեղինակի վրա, որ, թվում է` չկա այնպիսի հոնորար, որը կարողանար փոխհատուցել նրա տառապանքը, եթե նույնիսկ այդ փոքր ստեղծագործությունը ծնվում է հընթացս:
Ինքնախարազանման, ինքնատվայտանքի քանի ժամ է պահանջվել, հուսալքության քանի ժամ է անցկացվել այն մտքից, որ դու բացարձակապես անտաղանդ ես և վերջին բանը, որ արել ես, այդպես էլ վերջինը կմնա: Բայց չհոգնեցնենք ընթերցողին հեղինակային դժոխքի սարսափներով, ավելի լավ է հիշել լուսավորն ու հաջողվածը:
Մի անգամ, դա 60 թվականին էր, ինձ կրկեսում ծրագրի համար հարկավոր էր գոնե մեկ նոր ռեպրիզ, այլապես կկործանվեի…
Ողջ առավոտ թափառեցի քաղաքում, և Լուի Արմսթրոնգի հիանալի երաժշտությունն ինձ հանգիստ չէր տալիս: Ես մենակ էի. երբ կամացուկ դնդնում եմ, չգիտես ինչու ընկերներս ինձ մենակ են թողնում` այսուայն կողմ փախչելով ու չխրախուսելով երաժշտական ունակություններս: Օ՜, նախանձ:
Երեկոյան, ներկայացումից առաջ, ասիստենտներիս, նրանք երկուսն են, պատմեցի նոր ռեպրիզիս մասին: Նրանք ծիծաղեցին և ասացին, որ կրկեսում դա չեն հասկանա: Հոգուս խորքում նրանց հետ արդեն համաձայն էի, բայց հակառակվելու զգացումից ջղագրգիռ ասացի, որ նրանք սխալվում են և այդ ռեպրիզի մասին դեռ առանձին գրախոսականներ կգրվեն:
Այդ երեկո խնդրեցի նվագախմբի շեփորահարին մի ինչ-որ բան նվագել Արմսթրոնգի բլյուզ ոճով և կատարեցի այդ ռեպրիզը:

ԵՍ ՃԻՇՏ ԷԻ
Դա աշխարհի պես հին մի պատմություն է այն մասին, որ չնայած իր ակնառու հաջողություններին` մարդիկ չեն ուզում ընդունել արվեստագետին, տվյալ պարագայում` ընդամենը ակրոբատին: Բայց երբ նրա տեխնիկան հասնում է կատարելության, իսկ դա ակնհայտ է, դահլիճը նրան պատշաճն է մատուցում… Ուշ է. նրա մեջ սպանել են հաջողության հավատը: Նա չի վերադառնա, իսկ եթե վերադառնա…
Իսկ թե ինչ կլինի, եթե նա վերադառնա, ես չգիտեմ, ես չեմ կարող իմանալ, թե ինչպես կվարվեն իմ հերոսներն ապագայում, ես մարգարե չեմ, ես սոսկ նրանց հեղինակն եմ, ես եմ նրանց ծնել, իսկ թե ինչպես կապրեն երեխաները հետո, միշտ չէ, որ միայն ծնողներից է կախված:
Հաճախ ասում են, թե հեղինակը պետք է «դիտի կյանքը», «ուսումնասիրի»: Ազնիվ խոսք, ես չգիտեմ ինչ է դա:
Իմ աշխատանքի ընթացքում ես մոտ քառասուն մնջախաղ և հիսուն ռեպրիզ ու կլոունադա եմ գրել ինձ և ուրիշ դերասանների համար, բայց ոչ մի դեպք չի եղել, որ սյուժեներից գոնե մեկը «տեսած» լինեմ:
Իմ կարծիքով` սյուժեն «տեսնելը» նույնն է, թե նատուրալիստական, ասես շուկայական գույնզգույն լուսանկար, կտավ նկարես և չավելացնես քո «ես»-ը. «ամեն ինչ ինչպես կյանքում է», և ամեն ինչ կեղծ է: Դե, չի կարող, իմ կարծիքով (այն, ինչ ասում եմ, իհարկե, սուբյեկտիվ է), մնջախաղի կամ ռեպրիզի սյուժեն կյանքում գոյություն ունենալ «մաքուր ձևով», ինչպես բնության մեջ մաքուր ձևով գոյություն չունեն թանկարժեք մետաղները:
Ես հիշում էի, թե որքան երկար եմ տառապել «Նրա ծննդյան օրը» մնջախաղը պատրաստելիս, և երբ այն պատրաստ էր, սովորականի նման այն ցույց տվեցի ընկերներիս: Նրանք միաբերան ասացին. «Այո՛»: Եվ անասելիորեն զարմացան, որ հետո մի քանի տարի ես այն չէի խաղում: Ահա թե ինչի մասին է:
Տղային հրավիրել են ծնունդի: Նա երկար մտածեց և որոշեց աղջկան ծաղիկներ նվիրել, ո՛չ, ծաղիկ. միայն մի ծաղկի խնայողություն ուներ: Ճանապարհին և հանդիսության մեղավորի տանը տեղի ունեցած բազմաթիվ արկածներից հետո տղան վերջապես հասնում ու Նրան է մեկնում իր նվերը: Իսկ աղջիկը պատասխանում է «Իսկ ո՞վ է ձեզ հրավիրել»-ի տիպի մի ինչ-որ բանով: Տղան հեռանում է:
Ես երկար ժամանակ չէի կատարում այս պանտոմիմը բեմում, երկար ժամանակ, մինչև որ ցավը մոռացա…

2 Responses to “ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ”

  1. Մրիետա Ապրիլի 17, 2011 at 8:07 ե. #

    ես գժվում եմ Ենգիբարյանի նովելների համար.. կուզեի էլի ստեղծագործություններ լինեին ձեր բլոգում.. եթե պետք լինի կարող եմ ինքս թարգմանել մեքենագրել 😉

    • Մարիետա Ապրիլի 17, 2011 at 8:08 ե. #

      վայ, անունս սխալ եմ գրել 🙂

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s