Պատերազմ և խաղաղություն

16 Նյմ

Որքան էլ ինքնավստահությունը համարվի նախապատվելի հատկանիշ, այնուհանդերձ պատերազմական նյութի շուրջ հետևություններ կատարելիս սեփական կարողությունների ցանկացած գերագնահատման փորձ ի վերջո հղի է ամենածանր հետևանքներով: Այդ տեսանկյունից թե Հայաստանը և թե Լեռնային Ղարաբաղը պահանջ ունեն իրականության սահմաններում դիտարկելու զարգացումների բոլոր հնարավոր սցենարները` առաջին հերթին հաշվի առնելով ոչ այնքան հակառակորդի մտադրությունները, որքան նրա ռազմական ու տնտեսական պոտենցիալի առավելությունները: Նման մոտեցումը բոլորովին չի նշանակում պարտվողական տրամադրությունների սերմանում, քանի որ մարտադաշտը ոչ թե շքերթային հրապարակ է, այլ կենաց ու մահու պայքարի ճակատ, և համազարկերի որոտների տակ լսելի չեն լինելու հետին թվով հնչող արդարացումների կամ պատճառաբանությունների խոսքերը:
Սրա հետ մեկտեղ ժամանակն առաջ է ընթանում, և եթե մինչ այժմ հայկական կողմի խնդիրը կայանում էր այն բանում, որպեսզի պահպանվեր ուժային հավասարակշռությունը, ապա այժմ կարծես թե այդ մոտեցումը սպառում է իրեն և անհրաժեշտություն է առաջացել որդեգրել մեկ այլ մարտավարություն: Այսօր արդեն 90-ականների հաղթական դրվագների ու հաջողությունների մասին պատմություններով բանակի մարտական ոգին ու սպառազինության աստիճանը բարձր պահելը չի կարող արդյունավետ միջոց համարվել: Նոր իրականությունը մեզ ստիպում է հավասարապես մտածել և պաշտպանողական, և հարձակվողական գործողություններ իրականացնելու մասին: Եվ այդ իմաստով իբրև ասվածի առաջին նախանշան կարող ենք գնահատել Արցախում անցկացված վերջին լայնամասշտաբ զորավարժության ուղղվածությունը, որի ընթացքում զինվորականների կողմից հարձակվողական սխեմաներ են մշակվել, ինչը անհրաժեշտ կլինի օգտագործել Ադրբեջանի չնախատեսված քայլերի դեպքում: Ի դեպ, Բաքվի այն պնդումը, թե Ղարաբաղում զորախաղերի ընթացքում հատ ու կենտ տեխնիկա են կիրառել, մի մեծ սուտ էր` ինքնամխիթարանքի շղարշով: Ճշմարտությունն այն է, որ ուսումնական վարժանքի ընթացքում օգտագործվել է ծանր և ռեակտիվ հրետանի, 350-ից ավելի միավոր թրթուրավոր զրահամեքենա` տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային միավորներ, ինչպես նաև ռազմական օդուժ: 1994 թվականից ի վեր առաջին անգամ ԼՂՀ Պաշտպանության բանակը զորավարժություններ անցկացրեց զինվորական միավորման` բանակային կորպուսի մակարդակով: Առաջին անգամ փորձարկվեցին սպառազինության ու զինտեխնիկայի մի շարք նոր օրինակներ, որոնցով ԼՂՀ ՊԲ-ն նոր է համալրվել և, հասկանալի պատճառներով, դրանք չցուցադրվեցին ու չլուսաբանվեցին:
Այս ամենն, անշուշտ, լավ է ու խրախուսելի: Բայց և այնպես պիտի շարունակենք կրկնել, որ ռազմաքաղաքական առումով Հայաստանն առայժմ անհրաժեշտ նախաձեռնողականություն չունի և շարունակում է նախկինի պես մնալ սոսկ իրավիճակային փոփոխություններին արձագանքողի դերում: Ու նաև այս ոչ ակտիվ պահվածքն է, որ շատ դեպքերում հնարավորություն է ընձեռնում Բաքվին լինել վտանգավոր խաղի կանոնների թելադրողը: Որքան էլ առանձին վերլուծաբաններ շարունակեն համոզել, թե Ադրբեջանը ձեռնպահ կմնա պատերազմ հրահրելուց, թե այնտեղ շատերը սթափ են գնահատում հակամարտության գոտում ռազմական հավասարակշռությունն ու ռազմական գործողություններ հրահրելու դեպքում արտաքին դերակատարների ու ազդեցիկ տերությունների հնարավոր արձագանքը, ինչպես նաև` իրենց սանձազերծած պատերազմի հետևանքները, այնուհանդերձ սա լիարժեք հիմնավորում համարվել չի կարող: Առավել առարկայականն ու տեսանելին մղում է այն ենթադրությանը, որ եթե մի երկիր իր պետբյուջեի առյուծի բաժինը հատկացնում է բանակին, մեծ քանակի նորագույն տեխնիկա ու զինամթերք է ձեռք բերում, դա նշանակում է, որ այդ երկիրը ռեալ պատրաստվում է երկրորդ պատերազմին: Այս իմաստով խնդրի կարգավորման հետանկարը, ամեն կարգի բանակցություններն ու միջնորդական ջանքերը նույնպես վերաիմաստավորման պարտադրանքի ճնշման տակ են հայտնվում: Եվ դա վաղուց է ակնհայտ դարձել: Ներկայումս խիստ հստակ է, որ այսօր Ռուսատանն ու մյուս միջնորդ կողմերը ոչ այնքան ջանում են գտնել խնդրի կարգավորման համաձայնեցված, կողմերի համար ընդունելի բանաձևը, որքան ձգտում են կանխել նոր ղարաբաղյան պատերազմը, բայց թե որքանով նրանց կհաջողվի անել դա, ցույց կտան հետագա զարգացումները:
Ընտրելով հեռանկարի ամենավատթար տարբերակը, հայկական կողմն այսօր պարզապես պահանջ ունի մեկ անգամ ևս նախանշելու ինչպես իր ձեռնարկելիք քայլերը, այնպես էլ մարտական գործողությունների ակտիվ փուլում դրա ընդգրկման տարածքները ըստ հայեցողության ընդարձակելու մտադրությունը: Ժամանակն է բացեիբաց հայտարարելու, որ եթե սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ, ապա արցախյան զորքերը ոչ միայն կաշկանդված չեն լինի հակահարվածային գործողություն ձեռնարկել, այլև անհրաժեշտության թելադրանքով զանգվածային հրթիռային ու հրետանային հարվածներ կհասցնեն Ադրբեջանի կարևորագույն արդյունաբերական, ռազմական, հաղորդակցական ու կենսական նշանակության այլ օբյեկտներին: Մի խոսքով, կայծակնային ու կարճատև հաղթանակ ձեռք բերելու հույսը պետք է մեկընդմիշտ դուրս մղել ադրբեջանցիների մտապատրանքներից ու փոխարենը ներարկել հեռանկարն այն մասին, որ վնասներ կրելու հարցում իրենք նույնպես չեն զիջի մյուս կողմին: Ինչպես ասում են, պատերազմն իր օրենքներն ունի, որը շատ մոտ է ամեն կարգի օրենքների բացառմանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s