Կործանարար և վերջինը

15 Նյմ

Երեկ Լեռնային Ղարաբաղում ավարտվեցին Պաշտպանության բանակի թերևս ամենաերկարտև զորավարժությունները, որոնք մեկնարկել էին նոյեմբերի 1-ին: Այս անգամ դրանց ավարտական փուլին հետևելու համար Ղարաբաղ էին մեկնել Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իհարկե, սա առաջին դեպքը չէր, երբ հայական կողմը տեղում գնահատում էր ղարաբաղյան բանակի պատրաստվածության աստիճանը: Սակայն այնուամենայնիվ այս անգամ ամեն բան փոքր-ինչ այլ էր: Առաջին հերթին վերլուծաբաններն արձանագրեցին այն փաստը, որ Ս. Սարգսյանը Ղարաբաղում էր գտնվում Մոսկվա, իսկ այնուհետև Աստանա կատարելիք այցերից առաջ: Պատահական չէր նաև զորավարժությունների անցկացման վայրի ընտրությունը: Դրանք ծավալվում էին Աղդամի մերձակայքում, անմիջապես Ադրբեջանի պաշտպանական գծերին հարող շրջանում: Եվ ամենքն իսկույն հիշեցին, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ նույն, սակայն Ադրբեջանի կողմից վերահսկվող գոտի էր այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինս առիթն օգտագործել էր, որպեսզի մոտիկ տարածությունից հերթական անգամ սպառնալիքներ ուղղեր մեր հասցեին` հայտարարելով, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է Ղարաբաղը վերադարձնել ուժով, եթե մոտ ապագայում Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները շոշափելի արդյունքներ չտան:
Հիշատակման արժանի պետք է համարել նաև այն հանգամանքը, որ այս զորավարժություններն, ի տարբերություն նախորդ տարիների, լրատվամիջոցներին արտոնված չէր լուսաբանել: Դա էլ որոշակի խորհրդավորություն ու լրացուցիչ հետաքրքրություն հաղորդեց իրադարձությանը: Բայց ամենագլխավոր առանձնահատկությունը պետք է համարել այն, որ նոյեմբերյան զորախաղերը կարծես թե կրում էին մարտահրավերի խորհուրդ, դրանց կայացումը հետապնդում էր ոչ միայն զուտ մասնագիտական նպատակ, մի բան, ինչը հայկական կողմը որևէ կերպ թաքցնելու մտադրություն չուներ: Ասվածն առավել առարկայական դարձավ Սերժ Սարգսյանի խոսքով, որը նա արտասանեց բանակայինների հետ հանդիպման ժամանակ: «Զորավարժությունները, որ առավելագույնս մոտ էին մարտական իրադարձությանը, պետք է զգուշացում լինի ուրիշների համար` եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 92-94 թվականներին, այլ մենք վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է», — հայտարարեց Հայաստանի նախագահը: Այս զգուշացում-հիշեցումը դրսևորվեց միանգամայն նոր բառապաշարի գործադրմամբ, ևս մի առանձնահատկություն, ինչը նախկինում քիչ անգամներ կարելի էր լսել Հայաստանի առաջին դեմքի շուրթերից. «Մենք երբեք նախահարձակ չենք կարող լինել, բայց եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար և վերջինը»:
Քանի դեռ ոմանք կփորձեն այս բառերի մեջ ռազմատենչության ու ագրեսիվ կեցվածքի տարրեր որոնել, ինչն առաջներում հատուկ չէր հայկական կողմին, և կջանան դրա համար զանազան հիմնավորումներ ու բացատրություններ փնտրել, հավելենք նաև նախագահի ելույթում առանձնահատուկ տեղ գրաված ևս մի հղում, որն այս դեպքում ուներ կոնկրետ հասցեատեր և հիշեցնում էր վերջիններիս այն չեզոք, անարձագանք պահվածքի մասին, ինչը մեծապես նպաստել էր ներկայիս լարվածությանը: Վստահեցնելով, որ ձեռնարկվելու են բոլոր քայլերը սահմաններն անառիկ պահելու ու հայ զինվորի կյանքի անվտանգության համար, նախագահն ասաց. «Որովհետև շարունակվում են սադրանքները, որովհետև շարունակվում են կրակոցները, զոհվում են մարդիկ, ու ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում Ադրբեջանի այսպիսի պահվածքը»:
Իրավճակի սրումն այլևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Այսօր անհամեմատ ավելի քիչ է խոսվում այն մասին, որ պատերազմի վերսկսման հավանականությունը կարելի է բացառել: Դժվար է միանշանակ ասել, թե ինչ է սա` իրատեսությու՞ն, ստեղծված կացությունը վերագնահատելու նոր փո՞րձ կամ գուցե սպառնալիքներին հակահարված տալու նոր մարտավարությու՞ն: Ամեն դեպքում հակամարտող երկու կողմերն էլ հիմա չեն թաքցնում այն հանգամանքը, որ իրենք լրջորեն դիտարկում են խնդիրը հանգուցալուծելու նաև այս տարբերակը:
Իսկ մինչ այդ ադրբեջանական կողմը որոշեց արձագանքել ղարաբաղյան զորավարժություններին ոչ թե տագնապ ու ահազանգ հնչեցնող շեշտադրությամբ, այլ քամահրանքով: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն իր տարածած հաղորդագրության մեջ դրանք անվանեց ոչ այլ կերպ, քան «մանկական խաղեր»: «Դա ամենևին էլ մարտական պատրաստականության բարձրացման համար չի արվում: Նրանց զորավարժությունները արդեն հիշեցնում են մանկական խաղեր: Այլ գնահատական չի կարող լինել: Հայերը, հավաքելով 5-6 տանկ ու 1-2 այլ ռազմական մեքենաներ, երբեմն երկու անգամ կրակելով, դա անվանում են Հայաստանի կողմից անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններ»,- ասվում էր Բաքվի գրավոր տեսակետում:
Թե այդ վտանգավոր խաղերը որքանով են մանկական և ինչի կարող են հանգեցնել, Բաքվում թերևս դեռ չեն մոռացել: Մի անգամ նրանք արդեն փորձեցին մտնել խաղի մեջ և դուրս եկան այնտեղից մեծ հիասթափությամբ: Իսկ Ղարաբաղի Պաշտպանության բանակն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կարծես թե որևէ ցանկություն ու տրամադրություն չունի անիմաստ համազարկեր հնչեցնելու:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s