ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

12 Նյմ

ՍԵՎԱԿԻ ԱՄԱՆՈՐԻ ՌԱԴԻՈԵԼՈՒՅԹԸ
Պարույր Սևակի ժառանգության մի հատված էլ կարելի է համարել նրա ռադիոելույթները: Ճիշտ է, դրանք մեծ թիվ չեն կազմում, սակայն եղածներն արդեն իսկ որոշակի պատկերացում են տալիս գրողի հրապարակային խոսքի հիմնական շեշտադրումների ու ոճի մասին: Ստորև ներկայացնում ենք դրանցից մեկը` դեռևս անհայտ ու անտիպ մի ելույթ, որ հնչել է Նոր տարվա նախօրեին` 1963 թ. դեկտեմբերի 31-ին: Այդ օրը ՀՍՍՌ Մինիստրների սովետին առընթեր ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի արտասահմանի հայերի համար տրվող հաղորդումների խմբագրությունը եթեր է հեռարձակել Սևակի շնորհավորանքի խոսքը: Սևակից առաջ ելույթ են ունեցել Մարտիրոս Սարյանն ու Գոհար Գասպարյանը: Հաղորդումը հնչել է 0 ժամ 10 րոպեին: Խոսքը եղել է նախապես գրված ու ձայնագրված: Մեքենագրված էջի վրա Սևակը ձեռագիր որոշ բառեր է ավելացրել, որոնք տեքստում ներկայացվում են ընդգծված: Իսկ չափածո հատվածը բացակայում է: Ամենայն հավանականությամբ, բանաստեղծն այն անգիր է արտասանել: Էջի եզրին մակագրված է. «Ձայնագրված է»: Բոլոր էջերը ստորագրված են գլավլիտի լիազորի կողմից: Վավերագիրը պահվում է ազգային արխիվում:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

«Սիրելի ազգակիցներ,
Երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավոր հարազատներ:
Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը:
Գալիս է և մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն թող նա գա նախ և առաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար՝ աշխարհագրական որ գոտիներում էլ լինենք:
Եթե համբերությունը թել է, մերը պիտի պարան կոչվի և հյուսված լինի ոչ թե թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նյարդերից:
Թող Նոր տարին նորոգի ձեր ջղերը, ամրապնդի ձեր մկանները, երիտասարդացնի ձեր նյարդերը: Աչքերը տեսնելու համար են և ոչ թե միայն ճանապարհ պահելու: Բոլորիս աչքերն էլ ճանապարհ են պահում. մենք՝ ձեր ճանապարհը, դուք՝ մեր ու ձեր հայրենիքի:
Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, և ճանապարհները կրճատվեն, և սպասելիքները մոտենան:
Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ: Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի:
Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս: Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում և ծնվեն ճակատի այլ գրով. կնունքը՝ որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդեսը կատարվի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը և փշաքաղվում է մեր մաշկը…
Թույլ տվեք, և ձեր անունից, Նոր տարվան դիմել նաև չափածո….. »:

One Response to “ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ”

  1. Armen Հունվարի 2, 2016 at 9:37 ա. #

    Chapacon kuzei lsel, kam gone imanal inch e artasanel!

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s