Պահոց | 3:21 ե.

Ռուսական հայացք Ղարաբաղին

12 Նյմ

Վերջին շրջանում մեկ անգամ չէ, որ քաղաքական դիտորդները փաստում են Ռուսաստանի ակտիվացումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Ընդ որում, այդ ակտիվությունը չի սահմանափակվում միայն նախագահների հանդիպումներով, Մինսկի խմբում ռուսական ներկայությամբ կամ եռակողմ բանակցություններով: Ակնհայտ է դառնում, որ դրա ընդգրկման շրջանակները շատ ավելի են լայնանում, քան սոսկ իշխանական վերաբերմունքն է: Սրա հետ մեկտեղ երևույթը հետզհետե ձեռք է բերում որոշակի հակվածություններ: Ու եթե ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովն ի պաշտոնե հայտարարում է, որ հակամարտության կողմերից երկուսն էլ Ռուսաստանի համար համասարաչափ կարևորություն ունեն և երկուսն էլ դիտվում են բարեկամ երկրներ, ապա շատ ավելի անկաշկանդ քննարկումներում քաղաքական շրջանակների և հասարակության առանձին խմբերի ներկայացուցիչներ չեն էլ փորձում թաքցնել իրենց կողմնորոշված համակրանքը: Որքան էլ պնդենք, թե նմանատիպ կարծիքներն ինչ-որ չափով սուբյեկտիվ մոտեցումներ են, այնուհանդերձ չի կարելի է ժխտել նաև այն փաստը, որ նույնիսկ այդ պարագայում առկա է մասնավոր վերաբերմունքը ընդհանուր մտայնության վերածելու բարենպաստ մթնոլորտը: Շարադրելով դրանք, հեղինակները առաջին հերթին շեշտում են այն անհանգստությունը, որ հարուցում է ստեղծված իրավիճակը` միևնույն ժամանակ մատնացույց անելով լարվածությունը խորացնող իրական մեղավորին:
Այսպես, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը գտնում է, որ ներկա պահին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղի է մտնում և այնքան էլ պարզ չէ, թե ինչպե՞ս պետք է դուրս գալ այդ փակուղուց: Մինչդեռ ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը ձեռքերը ծալած նստած չէ և որոշակի նախապատրաստություններ է տեսնում: Ռուսաստանցի քաղաքական գործիչն ընդգծում է, որ իրենք անհանգստացած են, այդ իսկ պատճառով չեն կարող անտարբերությամբ կողքից նայել, թե ինչ է կատարվում Կովկասում: «Աստված մի արասցե, բացասական զարգացումներ լինեն, ապա այս հարցում երկընտրանք չկա: Մենք չենք պատրաստվում ուղղակի կողքից դիտել կամ չտեսնելու տալ, թե ինչպես է գործը հասնում ուժի կիրառմանը»,- նշում է նա:
Մասնակցություն բերելու հանգամանքը, ինչի մասին ասվել է բազմիցս ու տարբեր մակարդակներում, ներկայումս դիտվում է հարաբերությունների սկզբունքային հարցերից մեկը: Իսկապե՞ս Ռուսաստանը սոսկ դիտորդ չի լինի, եթե հանկարծ մեր տարածաշրջանում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Այս առթիվ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն ունի իր առանձնահատուկ կարծիքը: Ըստ նրա, Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետների հետաձգման մասին պայմանագրը, որն այս պահին սպասում է երկու պետությունների խորհրդարանների վավերացմանը, անհրաժեշտ է արագացնել հենց տարածաշրջանային խաղաղության պահպանման իմաստով: «Ռազմական սպառնալիքը կախված է օդում: Թե ինչի դա հանգեցրեց, բոլորս գիտենք, և ես խորհուրդ եմ տալիս որևէ մեկին չփորձել բախտը: Դեռ ոչ ոք չի համոզել, որ սպառազինությունների մեծ քանակությունը գերազանցություն կտա Ադրբեջանին»,- ասում է Զատուլինը:
Այս կարծիքը կիսում է նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ով վերջերս աշխատանքային այցով գտնվում էր Բաքվում և հենց այնտեղ կրկնեց միևնույն միտքը` հավելելով, որ ԱՊՀ-ն ու Ռուսաստանը շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ և իրենք քայլ առ քայլ գնում ենք երկու երկրների մերձեցման ուղղությամբ:
Այս իմաստով շատ ավելի բուռն ու անկաշկանդ է ռուսական մամուլի կեցվածքը: Դիտարկելով Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման հնարավոր տարբերակները, թերթերը միևնույն ժամանակ չեն թաքցնում Ադրբեջանի պահվածքի հանդեպ իրենց անհամաձայնությունը, իսկ երբեմն էլ նույնիսկ անցնում են բացահայտ սարկազմի, երբ խոսքը վերաբերում է չհիմնավորված ինքնավստահությանը: Ճիշտ այդպես է վարվել «Պրավդա» թերթը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական ռազմատենչ ելույթը և նրա այն մտքերը, թե իբր ներկայիս Հայաստանը ժամանակին եղել է ադրբեջանցիների բնօրրանը: Այդ առթիվ «Պրավդան» գրում է. «Ալիևն ակնհայտորեն գլխից բարձր է թռչում: Հայկական պետությունը ստեղծվել է մոտ 2 հազարամյակ առաջ և իր գոյության ամենածաղկուն շրջանում տարածվել է Կասպից ծովից մինչ Միջերկրականը: Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը, ստեղծել է իր գիրը: Այնպես որ, համարել հայկական հողերն ադրբեջանական` ամենքիչը կոռեկտ չէ»: Իսկ պատերազմը վերսկսելու Բաքվի հավակնությունները պարբերականին հիշեցրել են հայտնի անեկդոտն այն կովբոյի մասին, ով երկու անգամ փորձում է մտնել նույն գետը: «Բաքուն պետք է հիշի, որ թե Բրյուսելը, թե Վաշինգտոնը չեն տրամադրի նրան նույնիսկ այն նվազագույն օժանդակությունը, որը ստացել է Վրաստանը 2008 -ին: Ինչպես հայտնի է, Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որտեղ տեղակայված են ռուսական ռազմական բազաներ»,- առանց ավելորդ երկիմաստության հիշեցրել է «Պրավդան»:
Նրանից ետ չի մնացել մեկ ուրիշ ռուսական թերթ ևս` «Նեզավիսիմայա գազետան», որն ուղղակի պնդում է, թե հնարավոր պատերազմի դեպքում ռազմական գործողություններին ներգրավվելու են հարևան երկրները` Թուրքիան որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, Ռուսաստանը՝ Հայաստանի։ Մեջբերելով ռուս ռազմական փորձագետների կարծիքն այն մասին, որ չնայած Ադրբեջանը նավթադոլարների շնորհիվ կարողացել է տեխնիկական առումով առավելության հասնել Հայաստանի նկատմամբ և մեծացնել բանակը, այդուհանդերձ ռազմական գործողություների ժամանակ այդ առավելությունը կփոխարինվի բարդ լեռնային ռելիեֆով և հարձակվողի նկատմամբ պաշտպանվող կողմի ավանդական առավելությամբ, հոդվածագիրն այնուհետև հավելում է. «Կարևոր է նաև բարոյակամային պատրաստվածությունը, բանակի ոգին։ Եվ այստեղ ես չէի ասի, թե Ադրբեջանը որևէ առավելություն ունի: Ընդհակառակը։ Թեկուզ հենց այն պատճառով, որ հայերը կպաշտպանեն իրենց տներն ու օջախները՝ ոչ թե ռազմա–հայրենասիրական դաստիարակության մակարդակով, այլ բավականին կոնկրետ»:
Համանման օրինակները դեռ կարելի է երկար թվարկել ու մեջբերել: Մի բան հստակ է. ռուս քաղաքական շրջանակների և հանրային գիտակցության մեջ Ղարաբաղի հարցի նկատմամբ այս օրեին ի հայտ են գալիս ոչ այնքան ընդգծված փոփոխություններ, որքան հստակեցում, ինչն առաջին հերթին խարսխվում է իրավիճակը սթափ գնահատելու, կողմերի ուժային հնարավորությունների հարաբերակցությունը համեմատելու, ինչպես նաև այդ հակադրումների կոնտեքստում ռուսական շահը դիտարկելու հիմքի վրա: Իսկ նման վերաիմաստավորումն անպայման անհետևանք չի անցնի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

12 Նյմ

ՍԵՎԱԿԻ ԱՄԱՆՈՐԻ ՌԱԴԻՈԵԼՈՒՅԹԸ
Պարույր Սևակի ժառանգության մի հատված էլ կարելի է համարել նրա ռադիոելույթները: Ճիշտ է, դրանք մեծ թիվ չեն կազմում, սակայն եղածներն արդեն իսկ որոշակի պատկերացում են տալիս գրողի հրապարակային խոսքի հիմնական շեշտադրումների ու ոճի մասին: Ստորև ներկայացնում ենք դրանցից մեկը` դեռևս անհայտ ու անտիպ մի ելույթ, որ հնչել է Նոր տարվա նախօրեին` 1963 թ. դեկտեմբերի 31-ին: Այդ օրը ՀՍՍՌ Մինիստրների սովետին առընթեր ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի արտասահմանի հայերի համար տրվող հաղորդումների խմբագրությունը եթեր է հեռարձակել Սևակի շնորհավորանքի խոսքը: Սևակից առաջ ելույթ են ունեցել Մարտիրոս Սարյանն ու Գոհար Գասպարյանը: Հաղորդումը հնչել է 0 ժամ 10 րոպեին: Խոսքը եղել է նախապես գրված ու ձայնագրված: Մեքենագրված էջի վրա Սևակը ձեռագիր որոշ բառեր է ավելացրել, որոնք տեքստում ներկայացվում են ընդգծված: Իսկ չափածո հատվածը բացակայում է: Ամենայն հավանականությամբ, բանաստեղծն այն անգիր է արտասանել: Էջի եզրին մակագրված է. «Ձայնագրված է»: Բոլոր էջերը ստորագրված են գլավլիտի լիազորի կողմից: Վավերագիրը պահվում է ազգային արխիվում:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

«Սիրելի ազգակիցներ,
Երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավոր հարազատներ:
Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը:
Գալիս է և մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն թող նա գա նախ և առաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար՝ աշխարհագրական որ գոտիներում էլ լինենք:
Եթե համբերությունը թել է, մերը պիտի պարան կոչվի և հյուսված լինի ոչ թե թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նյարդերից:
Թող Նոր տարին նորոգի ձեր ջղերը, ամրապնդի ձեր մկանները, երիտասարդացնի ձեր նյարդերը: Աչքերը տեսնելու համար են և ոչ թե միայն ճանապարհ պահելու: Բոլորիս աչքերն էլ ճանապարհ են պահում. մենք՝ ձեր ճանապարհը, դուք՝ մեր ու ձեր հայրենիքի:
Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, և ճանապարհները կրճատվեն, և սպասելիքները մոտենան:
Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ: Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի:
Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս: Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում և ծնվեն ճակատի այլ գրով. կնունքը՝ որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդեսը կատարվի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը և փշաքաղվում է մեր մաշկը…
Թույլ տվեք, և ձեր անունից, Նոր տարվան դիմել նաև չափածո….. »:

ԺԱԿ ԲՐԵԼ

12 Նյմ

ՔՆԻ’Ր, ՍԻՐԵԼԻՍ

Քնիր, սիրելիս
Դրսում գիշերը սև է
Քնիր սիրելիս բարի գիշեր
Քնիր սիրելիս
Սա մեր վերջին գիշերն է
Քնիր սիրելիս բարի գիշեր
Անձրևը հանդարտ արտասվում է
Կոպերը փակող ծաղիկների վրա
Եվ թռչունը որ երգելու է այգաբացին
Ննջում է և երազում է դեռ
Այսպես վաղը արդեն
Նորից միայնակ կլինենք
Եվ դու ինձ կորցրած կլինես
Ես ունեի քո քնքշանքի կարիքը
Իսկ դու փոխանակ
Դեպի ինձ թեքվելու պարզորեն
Ինձանից ավելի ուզեցիր
Մահու չափ ձանձրալի
Հավերժական երջանկություն
Գտնելու համար
Աղջիկները որոնց սիրում ենք
Չեն հասկանա երբեք
Որ իրենք ամեն անգամ
Մեր վերջին շուշաններն են
Մեր վերջին բախտը
Մեր վերջին թռիչքը
Մեր վերջին մեկնումի մեր վերջին նավը
Քնիր սիրելիս
Դրսում գիշերը սև է
Քնիր սիրելիս բարի գիշեր
Քնիր սիրելիս
Սա մեր վերջին գիշերն է
Քնիր սիրելիս ես մեկնում եմ:

ԹՈՄԱՍ ՄԱԼԹՈՒՍ

12 Նյմ

Մարդը, որ եկել է արդեն զբաղեցված աշխարհ, եթե նրան ծնողները կերակրել չեն կարող, ինչը նա կարող է հիմնավորված ձևով պահանջել, և եթե հասարակությունը նրա աշխատանքի կարիքը չունի, որևէ կերակրման իրավունք չունի. ըստ էության` նա ավելորդ է: Կյանքի մեծ խրախճանքում նրա համար տեղ չկա: Բնությունը հրամայում է նրան հեռանալ և ինքն էլ չի հապաղում ի կատար ածել իր դատավճիռը:
… Ես պնդել ու հիմա էլ շարունակում եմ հավատալ, որ եթե երկրի գոյամիջոցները թույլ չեն տալիս բնակչության արագ աճ (իսկ դա կախված չէ ծաղկապատվաստումից), ապա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա երկուսից մեկը. կա´մ մահացության աճ մի ինչ-որ այլ պատճառից, կա´մ ծնելիության հարաբերական թվի նվազում: Բայց ես միևնույն ժամանակ ցանկություն եմ արտահայտել, որ տեղի ունենա վերջինը. ուստի այն սկզբունքների հիման վրա, որոնք ես միշտ հռչակել եմ, ինձ պետք է համարել, և դա համապատասխանում է իրականությանը, ծաղկապատվաստման կրքոտ կողմնակից: Չունևորների բարեկեցության բարելավման և նրանց մեջ մահացությունը նվազեցնելու համար անելով ինձնից կախված ամեին ինչ` ես գործում եմ լիովին համապատասխան իմ սկզբունքներին:
Հին ժողովուրդների միջև պատերազմների գլխավոր պատճառներից մեկը տեղի և սննդի պակասն էր. թեև ժամանակակից ժողովուրդների գոյության պայմաններում որոշ փոփոխություններ են կատարվել, այնուամենայնիվ, այդ նույն պատճառը չի դադարել գործել` փոխելով միայն իր լարվածության աստիճանը: Տիրակալների փառասիրությունը չէին բավարարի զենքներն ավերածությունների համար, եթե աղետները չստիպեին հասարակության ստորին դասերին անցնել նրանց դրոշի տակ: Հավաքողները երազում են վատ հունձքի մասին. նրանց ձեռնտու է, որ որքան հնարավոր է շատ ձեռքեր անգործ մնան, այլ խոսքերով` նրանց ձեռնտու է ազգաբնակչության ավելցուկը: Ավելի վաղ ժամանակներում, երբ պատերազմը մարդկանց գլխավոր զբաղմունքն էր, և երբ դրա արդյունքում բնակչության նվազումն անհամեմատ ավելին էր, քան մեր օրերում, օրենսդիրներն ու պետական այրերը, որ միշտ մտահոգ են հարձակման ու պաշտպանության համար միջոցներ որոնելով, իրենց պարտականությունն էին համարում բոլոր հնարներով խրախուսել բնակչության բազմացումը. այդ նպատակով նրանք ջանում էին խայտառակել ամուրիությունն ու անպտղությունը և, հակառակը, պատվել ամուսնությունը: Ժողովրդական հավատալիքները ձևավորվում էին այս կանոնների ազդեցությամբ: Շատ երկրներում բազմածնությունը խոնարհման առարկա էր: Մուհամեդի կրոնը, որ հիմնված է սրով և իր ուղղահավատ հետևորդների նշանակալի թվի ոչնչացման ճանապարհով, նրանց համար որպես կարևորագույն պարտականություն է սահմանել որքան հնարավոր է շատ երեխաներ ծնել իրենց Աստծուն փառաբանելու համար: Նման կանոններն ամուսնությունների հզոր խթան էին հանդիսանում, իսկ դրանց արդյունքում առաջ եկած բնակչության արագ աճը միաժամանակ և´ հետևանքն էր, և´ պատճառը մշտական պատերազմների, որոնցով աչքի էր ընկնում մարդկության այդ ժամանակաշրջանը: Նախորդ պատերազմի արդյունքում ամայացած տեղանքը բնակեցվում էր նոր բնակիչներով, որոնք նախատեսված էին նոր բանակների կազմավորման համար, իսկ արագությունը, որով կատարվում էին հավաքագրումները, պատճառն ու հետևանքն էին նոր ավերածությունների: Այսպիսի նախապաշարմունքների տիրապետության պարագայում դժվար է կանխատեսել պատերազմների վերջը…
Հարկավոր է իմ ուսմունքը չհասկանալ այն բանի համար, որ ինձ բնակչության բազմացման թշնամի համարեն: Թշնամիները, որոնց դեմ ես պայքարում եմ, արատն ու աղքատությունն են:

ԱՆԴՐԵՅ ՍԱԽԱՐՈՎ

12 Նյմ

Առաջընթացը պատմական անհրաժեշտություն է: Այն մարդկության հույսն է, նրա առջև անցյալում, ներկայում և ապագայում կանգնած գլոբալ խնդիրների լուծման հիմքը: Միևնույն ժամանակ, կասկած չի հարուցում, որ չկարգավորվող առաջընթացը պոտենցիալ առումով հսկայական վտանգ է պարունակում…
… Մարդկությունն ընդհուպ մոտեցել է Երկրի բնակչության թվաքանակի կարգավորման անհրաժեշտությանը` մոլորակի սահմանափակ տնտեսական հնարավորությունների (չնայած գիտության և տեխնոլոգիայի նորանոր նվաճումներին) համապատասխան: Խոր և համակողմանի կարգավորումը պահանջում է զարգացման, արտադրության և պահանջարկի բանիմաց ինքնասահմանափակում բոլոր մակարդակներում, և դրա համար էլ այն իրական կդառնա միայն աշխարհի սոցիալ-քաղաքական կազմակերպման այն թերությունները վերացնելով, որոնց մասին ես գրել եմ, հատկապես` կապված աշխարհը սոցիալիստականի, կապիտալիստականի և զարգացող ենթահամակարգի բաժանման հետ: Ըստ էության` բնությանը և մարդկությանը սպառնացող երկու հիմնական վտանգների` ջերմամիջուկային և էկոլոգիական ինքնասպանության լրիվ վերացման խնդիրները մեզ բերում են միևնույն լուծմանը` կապիտալիստական և սոցիալիստական համակարգերի մերձեցմանը (կոնվերգենցիային): Դրանով իսկ, ոչ միայն ռազմական և աշխարհաքաղաքական, այլև տնտեսական ու գաղափարախոսական դիմակայության ու մրցակցության բացակայության պարագայում է հնարավոր էկոլոգիական անվտանգության համընդհանուր ծրագրի մշակումը:
… Որպես մասնագետ` կուզեի դիտարկել մի ավելի մասնավոր, բայց չափազանց կարևոր հարց` միջուկային էներգետիկայի անվտանգությունը: Ես համոզված եմ, որ մարդկությունը չի կարող յոլա գնալ առանց միջուկային էներգետիկայի: Հետագա առաջընթացը և հատկապես կենսամակարդակի բարձրացման խնդիրներն ամբողջ աշխարհում անխուսափելիորեն կպահանջեն էներգիայի գլոբալ արտադրության ավելացում, չնայած էներգախնայողական տեխնոլոգիաների միաժամանակյա զարգացմանը: Անխուսափելիորեն կբարձրանա վառելիքի և այլ էներգառեսուրսների սպառման հարցը: Ատոմային էլեկտրակայանների (ԱԷԿ) և ատոմայի ջերմացենտրալների (ԱՋՑ) առկայությունն էներգիայի այլ աղբյուրների հետ միասին չափազանց կարևոր են տնտեսական և էկոլոգիական առումներով: Սակայն անհրաժեշտ է ապահովել միջուկային էներգետիկայի անվտանգությունը: Չի կարելի թույլ տալ, որ կրկնվեն այնպիսի աղետներ, ինչպես տեղի ունեցավ Չեռնոբիլում:
… Ես կարծում եմ, որ միջուկային էներգետիկայի անվտանգության խնդրի արմատական լուծում կարող է լինել միջուկային ռեակտորների տեղակայումը գետնի տակ, մի քանի տասնյակ մետր խորության վրա: Խորությունը պետք է ընտրվի այնպես, որ հնարավոր վթարի դեպքում բացառվի ռադիոակտիվ նյութերի որևէ էական արտամղում երկրի մակերևույթ: Իհարկե, անհրաժեշտ է բացառել նաև վթարի դեպքում ընդերքային ջրերի հետ ռադիոակտիվ նյութերի շփման հնարավորությունը` հատուկ մեկուսացնող ընդկալների օգնությամբ:
… Միջուկային էներգետիկայի անվտանգությունը չի կարող համարվել որևէ երկրի ներքին գործը, ինչպես դա ցույց տվեցին Չեռնոբիլի վթարի հետևանքները: Ես կարծում եմ, որ պետք է ընդունվի միջազգային օրենք, որով արգելվի միջուկային ռեակտորների վերգետնյա տեղակայումը և փուլային աստիճանական կանգ նախատեսի վաղօրոք կառուցված բոլոր այն ռեակտորների համար, որոնք չեն բավարարում անվտանգության պահանջներին:

%d bloggers like this: