Պահոց | 10:40 ե.

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

11 Նյմ

Ես հաշտ էի ապրում իմ բախտի հետ
Ու տարբերում հստակ չարն ու բարին,
Բայց դու ինչո՞ւ եկար, իմ սեթևեթ,
Ու կանգնեցիր սիրուս ճանապարհին:
Ինչո՞ւ եկար, որ ես ոչինչ, ոչինչ
Չհասկանամ նորից պատանու պես,
Ոչ հայացքները քո խրթին ու ջինջ,
Ոչ հմայքները քո և չար և հեզ:
Ինչո՞ւ եկար, որ ես երազանքիս
Շքեղ գաղտնարանը նորից բանամ,
Ծիածաններ, գույներ հանեմ անգին,
Քեզ զարդարեմ ու լուռ սքանչանամ:
Որ քեզ հանեմ լուսե մի բարձունքի
Ու կերպարանքը քո լույսով ցողեմ,
Մաքրության մեջ վճիտ իմ արցունքի
Ամբողջ քո հասակը արտացոլեմ:
Եվ որ հետո, հետո բերեմ քեզ վար
Իբրև իմ իսկ ձեռքով կերտված բագին…
Ես հաշտ էի ապրում, ինչո՞ւ եկար
Ինձ մատնելու այս հին տառապանքին:

ԶԱՔԱՐԻԱ ՔԱՆԱՔԵՌՑԻ

11 Նյմ

«ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ» 1697թ.

Հունիս ամսի 4-ին աստվածասաստ իջավ Արարատյան երկի վրա, որովհետև Աստված բարկությամբ նայեց իր արարածներին: Համբարձմանը հաջորդող երեքշաբթի օրը, օրվա յոթերորդ ժամին, երկիրն այնպես գոռաց, ինչպես ամպեր են որոտում: Գոռալուց հետո ահագին դղրդյունով շարժվեց Արարատյան երկիրը, որն առհասարակ դողում ու երերում էր ըստ (Սբ. Գրքի) այն խոսքի, թե ո՞վ է նայում երկրին և այն դողացնում, կամ թե` երկրի հիմքերն էին տատանվում: Այս երկրաշարժը եղավ Գառնիի կողմից, և փուլ եկան բոլոր շինությունները, գեղեցկահարկ բնակարանները, վանքերն ու եկեղեցիները: Ահա ավերված եկեղեցիները` Աղջոց վանքը, Այրիվանքը, Հայոց թառը, Տրդատակերտը, Խորվիրապը, Ջրվեժը, Ձագավանքը, Նորքի, Գամրեզի (եկեղեցիները): Երևանի բերդը հիմքից, մզկիթն ու մինարեթները տապալվեցին: Բազմաթիվ տեղերում նոր աղբյուրներ բխեցին, բազմաթիվ աղբյուրներ էլ խցանվեցին: Փուլ եկան քարափները: Լցվեցին առուները և փակեցին ջրերի ճանապարհները: Բազմաթիվ գյուղեր քանդվեցին: Քանաքեռ գյուղում հավի մի բուն անգամ չմնաց: Զարմանալին այն էր, որ նույն Քանաքեռում շուռ եկան մի տան չորս պատերն էլ, բայց տանիքը չորս սյուների վրա մնաց հաստատուն, կարծես օդից էր կախված: Երկրաշարժը հասավ մինչև Կարբի գյուղը, ուր երեք հոգի մեռավ: Հովհաննավանքի սուրբ ուխտի բոլոր գեղեցիկ ապարանքները փուլ եկան, եկեղեցին խախտվեց, և մենք հազիվ ազատվեցինք մեռնելուց: Փլատակների տակ մնացածների մի մասին հազիվ կարողացան ազատել, իսկ ում չկարողացան ազատել, նրանց տները դարձան իրենց իսկ գերեզմանները: Մեռելներն ավելի շատ էին, քան կենդանի մնացածները: Թեև ես չկարողացա իմանալ բոլոր տեղերում մահացածների թիվը, բայց իմ հայրենի Քանաքեռ գյուղում 1228 մեռել հաշվեցին: Ո´չ շուն մնաց, ո´չ կատու, ո´չ էլ հավ: Երկրաշարժը տևեց մինչև հոկտեմբեր ամիսը…

ԲԵՆ ՀՈՒՐԻՈՆ

11 Նյմ

ԲԵՆ ՀՈՒՐԻՈՆ
(Իսրայելի առաջին վարչապետը)

Արտաքին քաղաքականությունը և պաշտպանական քաղաքականությունը նույն նպատակին են ծառայում: Եթե պարզաբանումները չեն օգնում, ուժի են դիմում: Ուժը միայն բանակը չէ, այլ նաև քաղաքական իրականության ստեղծման հնարավորությունը…
Երբ պետությունը հռչակվեց, նրա առջև երեք խնդիր ծառացան. սահմանների խնդիրը, փախստականների խնդիրը և Երուսաղեմի խնդիրը: Դրանցից ոչ մեկը չի լուծվել և չի լուծվելու համոզման ճանապարհով: Դրանց լուծմանը կարող է նպաստել միայն քաղաքական փոփոխությունների անշրջելիության ընդունումը: 1948թ. ամռանը մենք խափանեցինք Բերնադոտի պլանը հարավային կամպանիայի օգնությամբ: Մենք զավթեցինք Բեեր Շևուն ՄԱԿ-ի և անվտանգության խորհրդի կարծիքին հակառակ: Նույնը վերաբերում է նաև Յաֆոյին, Լոդին, Ռամլային և Արևմտյան Գալիլեային: Փախստականների խնդիրը նույնպես կլուծվի փաստերի ուժով, այն է` նրանց վերադարձն արգելելով: Այս հարցում մեր դիրքորոշման արդարացիությունը բացատրելն ամենադժվարն է լինելու: Այս երեք խնդիրների լուծման մեջ անշրջելի քաղաքական իրականության ստեղծումը գերակայում է համոզման քաղաքականության նկատմամբ, և պետք է անել այն, ինչ պետք է` չվախենալով, թե դա առաջ կբերի զայրույթ մեր դեմ և կհանգեցնի աշխարհի թշնամական ռեակցիային…

… Ես գիտեմ, որ տարբերություն կա հարգարժան թերթի տերերի ու հեղինակների և Կիներեթի ձկնորսների միջև: Թերթի տերը կրթված մարդ է, հայտնի ընտանիքից, նշանավոր բիզնեսմեն, իսկ Կիներեթի ձկնորսները հասարակ աշխատավոր մարդիկ են, որ Կիներեթի ջրերում հոգում են իրենց ապրուստը ծանր աշխատանքով: Բայց իսրայելյան կառավարությունը պարտավոր է պաշտպանել նաև հասարակ ձկնորսի կյանքը, որն ազնվորեն կատարում է իր աշխատանքը, և ապահովել իր սուվերեն իրավունքները Կիներեթում ոչ պակաս չափով, քան Թել Ավիվում…
Որոշ մարդիկ, որ փորձում են հանրային կարծիք ձևավորել Թել Ավիվի իրենց բարեկեցիկ բնակարաններից, չեն հասկանում տարրական և, գուցե, ողբերգական ճշմարտությունը. առանց Իսրայելի սահմանների էֆեկտիվ պաշտպանության անվտանգություն չի լինի նաև Թել Ավիվի բնակիչների համար… Մենք բոլորս, երկրի բոլոր բնակիչներս, Մեթուլից մինչև Էյլաթ, մի նավակի մեջ ենք նստած, և մեր բոլորի ճակատագիրը նույնն է:

Հույսի և փակուղու միջև

11 Նյմ

Վերջապես Եվրոպան ևս կռահեց այն, ինչի մասին այնքան երկար խոսում էին բոլորը: Օրերս Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցում Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին վերաբերող դիտարկումների հիմնական շեշտադրումները հանգեցնում էին այն հետևությանը, որ Թուրքիային չի հաջողվի մոլորության մատնել միջազգային հանրությանն ու եվրոպական կառույցներին, քանի որ Անկարայի գործադրած իմիտացիոն քայլերի էությունն ակնհայտ է դառնում: Թուրքերն անվերջ խոսում են իրենց գործադրած ջանքերի, հետևողականության, անհասկանալի մասին, մինչդեռ Եվրամիությունն այս ընթացքում որևէ նշանակալի տեղաշաժ չի արձնագրել ու այլևս չի պատրաստվում հավատ ընծայել նմանատիպ խոստումներին:
Հարկ է նկատել, որ հատկապես վերջին մի քանի տարիներին Թուրքիայի հանդեպ Եվրոպայի վերաբերմունքի մեջ ի հայտ են եկել խիստ ընդգծված կոշտ տարրեր: Այժմ Եվրամիությունը կարծես թե շատ ավելի հստակ քաղաքականություն է վարում այդ երկրի նկատմամբ: Մի կողմից նա չի ընդունում ներկայիս Թուրքիան այնպիսին, ինչպիսին այն իրականում կա, իսկ մյուս կողմից շարունակում է անդամակցության հեռանկարով վերահսկողություն իրականացնել ամեն կարգի անցանկալի զարգացումների դեմ: Թե որքանով է դա հաջողվում` այլ խնդիր է, բայց որ հետևողականության վեկտորն անշեղորեն պահպանվում է, սա արդեն դրական երևույթ է:
Թուրքիայի մեղքի չափն այսօր փաստում են ոչ միայն նրա սահմաններից դուրս: Ավելի հաճախակի են դարձել այ դեպքերը, երբ տեղի իշխանությունների գործելակերպի հասցեին քննադատություններ են հնչում երկրի ներսում: Այդ դիրքորոշման կրողներն առաջին հերթին ընդգծում են այն հանգամանքը, որ Անկարան այսօր իզուր է փորձում հայ-թուրքական գործընթացի ձախողման պատասխանատվությունը գցել Երևանի վրա, քանի որ տվյալ պարագայում մեղավորը հենց Թուրքիան է: Այս առթիվ թուրք վերլուծաբան Ալի Բիրանդն ուղղակի ասում է. ,,Մենք մեր գլուխները խոնարհեցինք Ադրբեջանի հակազդեցության դեմ։ Ավելի շուտ, մենք չկարողացանք եղբայր ադրբեջանցիներին բավարար վկայություններ տալ։ Վերջին պահին նրանք մեզ թողեցին կես ճանապարհին,,: Եվ կես ճանապարհին մնացած Անկարան հարկադրված է կամա թե ակամա ընդունել այն ճշմարտությունը, որ բոլոր դեպքերում կարգավորման առաջին փուլն ավարտվել է հօգուտ Հայաստանի: Գոնե Հայաստանին այս ընթացքում հաջողվեց համոզել միջազգային հանրությունը, որ ի տարբերություն Թուրքիայի՝ ինքը հուսալի գործընկեր է ու պատրաստ է կատարել ստանձնած պարտավորությունները։
Սակայն նույն միջազգային հանրությունն ու եվրոպական որոշ երկրներ դեռևս կառչում են երկակի ստանդարտներ գործադրելու հին մոտեցմանը: Այլ կերպ դժվար է բացատրել այն փաստը, թե հատկապես ո՞ր ծառայությունների ու ձեռքբերումների համար բրիտանական Chatham House-ը վերջերս մրցանակ շնորհեց Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին և դեռ այդ քայլը հիմնավորեց մի ձևակերպմամբ, համաձայն որի մրցանակակիրը պարգևը ստանում էր ,,Կիպրական հարցում, ինչպես նաեւ հայ-թուրքական գործընթացում կառուցողական մոտեցում ցուցաբերելու համար,,: Ու թերև այս հանդուրժողականությունից էլ ոգևորված Գյուլը ելույթ ունեցավ Օքսֆորդի համալսարանում և պատասխանեց հարցերին այն նույն ոճով, ինչը վաղուց ի վեր դարձել է թուրքական դիվանագիտության բնորոշիչը: Հնչեցված հարցերից մեկը վերաբերել էր հայ-թուրքական սահմանի բացման ժամանակացույցին, որին Գյուլը հետևյալ պատասխանն է տվել. ,,Տարածաշրջանի խնդիրները չպետք է խրոնիկ վիճակում թողնել, քանի որ դրանք կարող են միանգամից պայթել, ինչպես դա եղավ Վրաստանի հետ կապված իրադարձություններում։ Կովկասում ներկա պահին տիրող իրավիճակը չի բխում որևէ մեկի շահերից։ Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հող նախապատրաստել,,: Իսկ այդ հողն, ինչպես արդեն նշեցինք, թուրքերը նախապատրաստում են իրենց ասած ,,անձայն դիվանագիտությամբ,,։ ,,Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը մահացած չէ, սառած էլ չէ։ Որոշ բաներ մի քիչ անձայն են ընթանում,,,- նույն օրը կրկնել էր Ա. Գյուլը։
Անշուշտ, նրա այս խոսքերում չէր լինելու որևէ հիշատակում Հայաստանի ԱԳՆ-ի կողմից բազմաթիվ անգամներ հնչեցրած հայտարարության մասին, համաձայն որի Թուրքիայի հետ որևէ ձևաչափով, այդ թվում՝ անձայն բանակցություններ չեն ընթանում և դա ընդամենը գեղեցիկ սուտ է: Բայց քանի դեռ կան նրանք, ովքեր ուզում են լինել խաբված, այդ սուտը կշարունակի մնալ կենսունակ ու գործուն:
Ճշմարտությունն այսօր այն է, որ հայ-թուրքական գործընթացը փակուղու մեջ է: Ճշմարիտն այն է, որ Թուրքիայի քաղաքական դաշտում գործող որևէ ուժ ներկայումս առանց նախապայմանների հաշտեցման գնալու կամք դրսևորելու ունակություն չունի: Այլ կերպ ասած, թուրքական քաղաքական մտածողության մեջ այլընտրանք չկա: Եվ երբ ոմանք դեռ խոսում են հայ-թուրքական հարաբերությունների երկրորդ փուլի հեռանկարի մասին, ստիպված են հաշվի նստել նաև այդ իրողության հետ:
Պահպանվող բարի նկատառումները ներկա ժամանակահատվածի համար կարող են ընդամենը հույսեր ներշնչել ինչ-որ անորոշ բեկումների ու շրջադարձերի մասին, սակայն դրանք ընդամենը ցանկություններ են ու ոչ ավելին: Ճիշտ այդպես խոսում են, որ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ կարող է կայանալ Թուրքիայի ու Հայաստանի նախագահների հանդիպումը: Իր հերթին Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյտարդը հույս է հայտնում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը կշարունակվի, թեև դա կպահանջի երկար ժամանակ: Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքներն էլ իրենց հերթին են փաստում, որ հարցվածների ընդամենը 3 տոկոսն են կողմ արտահայտվել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մերձեցմանը: Այս բոլորը հերթական անգամ վկայում են, որ փքուն բառերի կողքին կա տրամադրությունների ակնհայտ անկում ու կա անհամեմատ խորը հիասթափություն: Կնշանակի` դեպի ելման կետ երկրորդ վերադարձը (եթե այն, իհարկե, կայանա) շատ ավելի մեծ ջանքեր կպահանջի երկու կողմերից էլ հավասարապես:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՖՅՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ

11 Նյմ

ԳՐՈՂԻ ՕՐԱԳԻՐԸ
ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ Է ՀԱՍՈՒՆԱՑԵԼ` ԻՐ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՂՋԱՄԻՏ ՁԵՎՈՎ ԸՄԲՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Թեև անհեթեթ կթվա, բայց թուրքերի չորսդարյա կեղեքումն Արևելքում, մի կողմից, այնտեղ անգամ օգտակար էր քրիստոնեությանը և ուղղափառությանը, բացասաբար, իհարկե, բայց և նպաստելով նրա ամրապանդմանը, և որ գլխավորն է` նրա միավորմանը, միասնությանը, ճիշտ այնպես, ինչպես երկդարյա թաթարշչինան ժամանակին նպաստել էր եկեղեցու ամրապնդմանը նաև մեզ մոտ` Ռուսաստանում: Արևելքի ճնշված ու տանջահար քրիստոնյա բնակչությունը Քրիստոսի և նրա հավատի մեջ էր տեսնում իր միակ մխիթարությունը, իսկ եկեղեցու մեջ` իր ազգային դեմքի և ինքնության միակ ու վերջին մնացուկը: Դա վերջին միակ հույսն էր, խորտակված նավից մնացած միակ տախտակը, քանի որ եկեղեցին, այնուամենայնիվ, պահպանում էր այդ բնակչություններին որպես ազգություն, իսկ հավատն առ Քրիստոս խոչընդոտում էր նրանց, այսինքն, գոնե նրանց մի մասին ձուլվել հաղթողների հետ միասին` մոռանալով իրենց ցեղն ու նախկին պատմությունը: Այս ամենը զգում ու լավ հասկանում էին իրենք` կեղեքված ժողովուրդները և ավելի սերտ էին համախմբվում խաչի շուրջ: Մյուս կողմից` Կոստանդնուպոլսի նվաճումից ի վեր ողջ հսկայածավալ քրիստոնեական Արևելքն ակամա ու հանկարծ իր աղերսող հայացքը հառեց թաթարական ստրկությունը նոր-նոր թոթափած հեռավոր Ռուսաստանին և կարծես նրա մեջ կանխատեսեց նրա ապագա հզորությունը, ի փրկություն իրեն` ապագա համամիավորիչ կենտրոնը: Իսկ Ռուսաստանն անհապաղ և առանց տատանվելու ընդունեց Արևելքի դրոշը և Ցարգրադի երկգլուխ արծիվն ավելի բարձր դրեց իր հնամենի զինանաշանից և դրանով կարծես պարտավորություն ստանձնեց ողջ ուղղափառության առջև. պահպանել այն և նրա հավատավոր ողջ ժողովրդին վերջին կործանումից: Միևնուն ժամանակ, նաև ողջ ռուս ժողովուրդն ամբողջապես հաստատեց Ռուսաստանի ու իր ցարի նոր նշանակությունը ողջ Արևելյան աշխարհի գալիք ճակատագրում: Այդ ժամանակվանից ի վեր ժողովուրդն իր ցարի գլխավոր սիրված անունը ամուր ու անշեղ կնքեց և մինչև օրս էլ տեսնում է «ուղղափառ», «ուղղափառ ցար» խոսքի մեջ: Իր ցարին այդպես անվանելով` նա կարծես այդ անվանման մեջ ընդունում էր նաև նրա կոչումը` ուղղափառության և ողջ քրիստոնեության, նրա հավատավորի պահապանի, միավորողի, իսկ երբ հնչի Աստծո կամքը, նաև մուսուլմանական բարբարոսությունից ու արևմտյան հերետիկոսությունից ազատագրողի կոչումը: Երկու դար առաջ, և հատկապես սկսած Պետրոս Մեծից, Արևելքի ժողովուրդների հավատալիքներն ու հույսերը սկսեցին իրականանալ արդեն գործնականում. Ռուսաստանի թուրն արդեն մի քանի անգամ շողաց Արևելքում` ի պաշտպանություն նրա: Ինքնին հասկանալի է, որ Արևելքի ժողովուրդները ևս չէին կարող Ռուսաստանի ցարի մեջ չտեսնել ոչ միայն ազատարարին, այլև իրենց ապագա արքային: Բայց այդ երկու դարում նրանց մոտ էլ հայտնվեց եվրոպական լուսավորությունը, եվրոպական ազդեցությունը: Ժողովրդի բարձրագույն լուսավորյալ հատվածը` նրա մտավորականությունը, ինչպես մեզ մոտ, այնպես էլ Արևելքում, աստիճանաբար ավելի անտարբեր դարձավ ուղղափառության գաղափարի հանդեպ, անգամ սկսեց մերժել, թե այդ գաղափարի մեջ է նոր, մեծ կյանքի վերակենդանացումն ու հարությունն ինչպես Արևելքի, այնպես էլ Ռուսաստանի համար: Ռուսաստանում, օրինակ, նրա կրթված դասի մի մեծ հատված դադարեց և նույնիսկ հետ սովորեց այդ գաղափարի մեջ տեսնել Ռուսաստանի գլխավոր կոչումը, ապագայի պատգամն ու կենսական ուժը. ի հակադրություն դրա` սկսեցին այդ ամենը գտնել նոր վկայություններում: Եկեղեցում, ինչպես Արևմուտքում, շատերն սկսեցին տեսնել միայն անկենդան ֆորմալիզմ, հատուկություն, ծիսականություն, իսկ անցյալ դարավերջից` անգամ նախապաշարմունք և կեղծ բարեպաշտություն. ոգու, գաղափարի, կենդանի ուժի մասին մոռացվեց: Ի հայտ եկան արևմտյան բնույթի տնտեսական գաղափարներ, ի հայտ եկան քաղաքական նոր ուսմունքներ, ի հայտ եկավ նոր բարոյականություն, որ փորձում էր շտկել նախորդին և բարձր դառնալ նրանից: Ի հայտ եկավ, ի վերջո, գիտություն, որ չէր կարող անհավատություն չմտցնել նախկին գաղափարների մեջ… Արևելքի ժողովուրդների մեջ սկսեցին արթնանալ, բացի այդ և գլխավորապես, ազգային գաղափարներ. հանկարծ թուրքական լծից ազատվելով` Ռուսաստանի լծի տակ ընկնելու երկյուղ առաջացավ: Փոխարենը, մեր հասարակ, բազմամիլիոն ժողովրդի ու նրա ցարերի մեջ Արևելքի և Քրիստոսի եկեղեցու ազատագրման գաղափարը չի մեռել երբեք: Անցած ամառ ռուս ժողովրդին համակած շարժումն ապացուցեց, որ ժողովուրդը չի մոռացել ոչինչ իր հին հույսերից ու հավատալիքներից, և մեր մտավորականության հսկայական հատվածին այնքան զարմացրեց, որ նա պարզապես չհավատաց այդ շարժմանը, թերահավատորեն ու ծաղրանքով վերաբերվեց դրան, սկսեց բոլորին հավատացնել և առաջին հերթին` իրեն, որ այդ շարժումը հորինել և սարքել են անվայելուչ մարդիկ, որ ցանկանում էին առաջ մղվել լավ տեղ զբաղեցնելու համար: Իսկապես, ո՞վ կարող էր մեր ժամանակներում, մեր մտավորականության մեջ, բացի նրա` ընդհնաուր բազմությունից առանձնացված ոչ մեծ խմբից, ենթադրել, որ մեր ժողովուրդն ի վիճակի է գիտակցաբար ըմբռնել իր քաղաքական, սոցիալական ու բարոյական կոչումը: Ինչպե՞ս կարելի է նրանց թույլ տալ, որ այդ կոպիտ, սև մասսան, մինչև վերջերս` դեռ ճորտ, իսկ այժմ` հարբած օղիով, իմանար ու վստահ լիներ, որ իր կոչումը Քրիստոսին ծառայելն է, իսկ իր ցարինը` Քրիստոսի հավատի պահպանությունն ու ուղղափառության ազատագրումը: «Թող որ այդ մասսան միշտ անվաներ ոչ այլ կերպ, քան քրիստոնեություն (գյուղացիություն), բայց չէ՞ որ նա, այնուամենայնիվ, պատկերացում չունի ո´չ կրոնի, ո´չ անգամ Քրիստոսի մասին, նա ամենասովորական աղոթքները չգիտի»: Ահա թե ինչ են ասում սովորաբար մեր ժողովրդի մասին: Ո՞վ է ասում: Դուք կարծում եք` գերմանացի պաստո՞րը, որ մեզ մոտ մշակում է շտունդան, թե՞ եկվոր եվրոպացին, քաղաքական թերթի թղթակիցը, կամ կրթված մի ինչ-որ բարձր հրեա նրանցից, որ չեն հավատում Աստծուն, և որոնք հանկարծ մեզանում հիմա այնքան շատ են բազմացել, կամ, ի վերջո, մեկն արտասահմանում հաստատված այն ռուսներից, ովքեր Ռուսաստանն ու նրա ժողովրդին պատկերացնում են միայն հարբած կնկա կերպարով, շտոֆը ձեռքին: Օ~, ոչ, այսպես է մտածում մեր ռուսական ու ամենալավ հասարակության հսկա հատվածը. և նրանք չեն էլ կասկածում, որ թեև մեր ժողովուրդն աղոթքներ չգիտի, բայց քրիստոնեության էությունը, բայց նրա ոգին ու ճշմարտությունը պահպանվել ու ամրացել են նրա մեջ այնպես, որ գուցե, աշխարհի ոչ մի ժողովրդի մեջ, չնայած նույնիսկ նրա թերություններին: Ի դեպ, աթեիստը կամ հավատի հարցում անտարբեր ռուս եվրոպացին չի էլ հասկանում հավատն այլ կերպ, քան ֆորմալիստիկայի և կեղծ բարեպաշտության ձևով: Իսկ ժողովրդի մեջ նրանք կեղծ բարեպաշտություն հիշեցնող ոչինչ չեն տեսնում, դրա համար էլ եզրակացնում են, որ նա հավատի մեջ ոչինչ չի հասկանում, աղոթում է, երբ իրեն պետք է, տախտակին, իսկ խորքում անտարբեր է, և նրա ոգին սպանված է ֆորմալիստիկայից: Նրանք նրա մեջ քրիստոնեության ոգի ընդհանրապես չնշմարեցին, գուցե նաև նրա համար, որ իրենք այդ ոգին վաղուց արդեն կորցրել են, անգամ չգիտեն էլ, թե որտեղ է այն գտնվում, որտեղ է փողփողում: Այդ «անբարո» և մութ մեր ժողովուրդը, սակայն, սիրում է խոնարհին ու խենթին. իր բոլոր ավանդություններում ու ասքերում նա պահպանում է այն հավատը, որ թույլն ու նսեմացյալը, հանուն Քրիստոսի անարդար ու իզուր հանդուրժողը կբարձրացվի անվանիներից և ուժեղներից վեր, երբ կգա դատաստանն ու կհաստատվի Աստծո կամքը: Մեր ժողովուրդը սիրում է նաև պատմել իր մեծ, ողջախոհ ու խոնարհ քրիստոնյա հսկայի` Իլյա Մուրոմեցի ամենափառ ու մեծ կյանքի մասին, որը ճշմարտության նվիրյալն էր, աղքատների ու թույլերի ազատարարը, խոնարհ էր, ոչ փառասեր, հավատարիմ ու սրտով մաքուր: Եվ ունենալով, մեծարելով ու սիրելով նման հսկային` արդյո՞ք մեր ժողովուրդը չէր հավատում Արևելքում խոնարհ ժողովուրդների ու մեր եղբայրների հաղթանակին: Մեր ժողովուրդը հարգում է իր մեծ ու հնազանդ ճգնավորներին ու մենակյացներին, սիրում է պատմել իր երեխաներին քրիստոնյա մեծ նահատակների պատմությունները: Այդ պատմությունները նա սերտել է ու գիտի, և ես ինքս էլ առաջին անգամ ժողովրդից լսեցի դրանք, որ պատմվում էին հուզիչ անկեղծությամբ և պատկառանքով, որոնք մնացին սրտիս մեջ: Բացի այդ, ժողովուրդն ամեն տարի ինքն է իր միջից առանձնացնում մեծ ապաշխարողներին` «Վլաս»-երին, որոնք, բաժանելով իրենց ողջ ունեցվածքը, խանդաղատանքով գնում էին ճշմարտության, աշխատանքի ու աղքատության խոնարհ ու մեծ սխրանքի… Բայց ռուս ժողովրդի մասին, ի դեպ, հետո. երբևէ նա կհասնի այն բանին, որ կսկսեն հասկանալ նաև նրան և, ծայրահեղ դեպքում, ուշադրություն կդարձնեն նրան: Կհասկանան, որ նա էլ ինչ-որ բան նշանակում է: Կհասկանան վերջապես, այն կարևոր հանգամանքը, որ ռուսական պատմության մեջ դեռևս ոչ մի անգամ մեծ կամ անգամ փոքր-ինչ կարևոր պահերին առանց նրա չի եղել, որ Ռուսաստանը ժողովրդական է, որ Ռուսաստանը Ավստրիա չէ, որ մեր պատմական կյանքի յուրաքանչյուր նշանակալի պահի բանը միշտ գլուխ է եկել ժողովրդական ոգով ու մոտեցմամբ, ժողովրդի ցարերով` նրա հետ բարձրագույն միասնությամբ: Այս չափազանց կարևոր պատմական հանգամանքը սովորաբար մեզանում գրեթե միշտ անուշադրության է մատնվում մեր մտավորականության կողմից և հիշվում է միշտ ասես հանկարծ, երբ վրա է հասնում պատմական ժամկետը: Բայց ես շեղվեցի, ես սկսեցի խոսել Կոստանդնուպոլսի մասին…

ՈՒՈԼԹ ՈՒԻԹՄԵՆ

11 Նյմ

ԵՎՐՈՊԱ
ճորտի խեղդող որջից
Շանթի պես նա թռավ՝ ինքն իրմով հիացած.
Ոտքերով նա կոխոտում է մոխիրն ու ցնցոտիները,
Իսկ ձեռքերով սեղմում կոկորդն արքաների:
Օ, հույս և սպասում:
Օ, տանջանքը քշված ազատասերների, որ մաքրում են իրենց ըմբոստ հոգին օտար
հեռաստաններում, —
Օ, որքան սրտեր կան հիմա տխրությունով հիվանդ.
Վերադարձե՛ք այսօր ձեր տները, թող նոր կյանքը բացվի ձեզ համար:
Իսկ դուք, որ ոսկի էիք առնում, որպեսզի ժողովրդին արատավորեք,
Իմացե՛ք, ստախոսներ և վաշխառուներ, որ ձեր բոլոր կառափնատների, ձեր մոլության,
Եվ նրա համար, որ դուք, որպես որդեր, ծծում էիք միամիտ ու բարի մուրացկաններին,
Եվ նրա, որ խոստանալով, խաբում էին շուրթերն արքայական
Եվ, դրժելով երդումը, քրքջում էին —
Այս բոլորի համար ներումով կպատժե ձեզ ժողովուրդը, նրան
պետք չեն ձեր գլուխները.
Զզվելի՛ է նրան դաժան ոխակալությունն արքաների:
Բայց հեզ ներողամտությունը ծնում է կորուստ անողոք, — և
սարսափահար արքաները ահա դառնում են ետ —
Անցնում են հպարտ ու հանդիսավոր, և ամեն մեկին
շրջապատում է շքախումբը. — տերտեր, բռնաբարող, դահիճ, բանտապետ, դատավոր, վաճառական, զինվոր ու լրտես:
Իսկ բոլորի ետևից, տե՛ս, ինչ-որ ուրվական է սողում գաղտագողի ինչպես մառախլապատ գիշեր.
Ամբողջովին կարմիր, ճակատը, գլուխը և մարմինը արնավառ ծալքերով ծածկած:
Չեն երևում ո՛չ դեմքը, ո՛չ աչքերը:
Բայց իր այդ ալ-կարմիր զգեստների տակից, որ վեր են
բարձրացվում ինչ-որ անհայտ ձեռքով,
Ահավասի՛կ մի մատ, որ ցույց է տալիս հեռուն,
հորիզոնները — գալարվում է, ինչպես օձի գլուխ:
Իսկ թարմ գերեզմաններում պառկած են, արնաթաթախ,
երիտասարդ մարմիններ,
Եվ ձգված են պարանները կախաղանների, և շաչում են
տերերի գնդակները,
Եվ բռնակալները քրքջում են բարձր — բայց այս ամենը
կտան պտուղներ, և առատ կլինի նրանց հունձը:
Այդ դիերը պատանիների,
Այդ նահատակները, օղակներից կախված, գորշ արճիճով
ծածկված այդ սրտերը, —
Նրանք անշարժ են և պաղ, բայց և այնպես ապրում են նրանք
հավիտյան, և անհնարին է նրանց սպանելը.
Նրանք ապրում են, օ, արքանե՛ր, մնացած իրենց պես ջահել
սրտերում:
Մնացած եղբայրներում են ապրում նրանք, նրանցում, որ
պատրաստ են ձեր դեմ կրկին ապստամբելու,
Նրանք մաքրվեցին, սրբացան նրանք մահով, մահը մեծացրեց
նրանց և իմաստավորեց:
Ազատության համար ամեն մի մեռածի վրա, ամեն մի գերեզմանից կծլի ազատության սերմը, իսկ նրանից — նորը.
Հեռո՛ւ-հեռո՛ւ կտանեն քամիները նրան՝ գալիք սերունդների համար,
Կգուրգուրեն նրան անձրևներն ու ձյուները:
Օ , ամե՛ն մի հոգի, որ թողել է մարմինը՝ բռնակալ դահիճներից զարկված —
Անտեսանելի ճախրում է աշխարհի վրայով, շշնջում է, կանչում, հսկում:
Ազատությո՛ւն. թող հուսալքվեն ուրիշները, ես չեմ հուսալքվի
երբեք:
Ի՞նչ: Այս տունը գամվա՞ծ է. տերը տե՞ղ է գնացել.—
Ոչի՛նչ, շուտով նա կգա. սպասեցե՛ք նրան:
Պատրաստվեցե՛ք դիմավորելու նրան. արդեն գալիս են նրա համբավաբերները:

Թարգմ. Ե. Չարենց

ԻՄԱՆՈՒԻԼ ԿԱՆՏ

11 Նյմ

… Լուսավորությունն այն է, երբ մարդ դուրս է գալիս անչափահասության վիճակից, որում գտնվում է իր մեղքով: Անչափահասությունը` առանց կողքից ինչ-որ մեկի ղեկավարության սեփական դատողականությունից օգտվելու անկարողությունն է: Անչափահասությունն իր մեղքով. դա այն է, որի պատճառը ոչ թե դատողականության անբավարարությունն է, այլ` առանց կողքից ինչ-որ մեկի ղեկավարության դրանից օգտվելու վճռականության և քաջության պակասը: Sapere aude! – քաջություն ունեցիր օգտվելու սեփական խելքից: Հետևաբար, այս է Լուսավորության նշանաբանը:Ծուլություն և վախկոտություն. ահա պատճառներն այն բանի, որ մարդկանց այդքան մեծ մասը, որոնց բնությունը վաղուց արդեն ազատել է ուրիշի ղեկավարությունից (naturaliter maiorennes), այնուամենայնիվ, ամբողջ կյանքի ընթացքում հոժարակամ անչափահաս է մնում. այդ նույն պատճառներով ուրիշներն այդպես հեշտությամբ յուրացնում են նրանց խնամակալը լինելու իրավունքը: Չէ՞ որ այնքան հարմար է անչափահաս լինելը: Եթե ես ունեմ գիրք, որը մտածում է իմ փոխարեն, եթե ես հոգևոր հովիվ ունեմ, որի խիղճը կարող է փոխարինել իմին, և բժիշկ, որն ինձ այսինչ կենսակերպն է նշանակում և այլն, ապա ինչո՞ւ պետք է ես ինձ անհանգստություն պատճառեմ: Ինչո՞ւ մտածեմ, եթե ի վիճակի եմ վճարել. այդ ձանձրալի գործով իմ փոխարեն կզբաղվեն ուրիշները: Այն, ինչ մարդկանց զգալի մեծամասնությունը (և նրանց թվում` ամբողջ գեղեցիկ սեռը) ոչ միայն դժվար, այլև միանգամայն վտանգավոր է համարում — անցումը չափահասության — այդ արդեն խնամակալների հոգսն է, ովքեր այդքան սիրահոժար ստանձնում են այդ մեծամասնության գերագույն հսկողությունը: Այն բանից հետո,երբ այդ խնամակալները հիմարացրին իրենց ընտանի անասունին և խնամքով պահպանեցին նրանից, որպեսզի այդ հլու էակները համարձակվեին գոնե մի քայլ անել առանց օգնության, դեպի որը նրանց տանում են, այս ամենից հետո այդ էակներին նրանք մատնանշում են իրենց սպառնացող վտանգը, եթե նրանք փորձեն քայլել ինքնուրույն: Ճիշտ է, այդ վտանգն այնքան էլ մեծ չէ, չէ՞ որ մի քանի սայթաքումից հետո ի վերջո նրանք կսովորեին քայլել. սակայն այդ հանգամանքը նրանց անվճռական է դարձնում և վախեցնում է նրանց` հետ պահելով հետագա փորձերից…

ՈՒ՞Մ ՏՈՒՆՆ Է ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆԸ (մաս-2)

11 Նյմ

ՈՒ՞Մ ՏՈՒՆՆ Է ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆԸ (մաս 1-ին)

11 Նյմ
%d bloggers like this: