Կարմիր գրքի մեր սպիտակ էջը

10 Նյմ


Օրեր առաջ լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը վերանայել է ,,Կարմիր գիրք,, անվանյալ հայտնի ցանկը (որը նաեւ ,,գաղտնի սահմանադրություն,, է կոչվում) և այդ վերանայման արդյունքում Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից հանվել են Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Սիրիան, Իրաքը, ինչպես նաեւ Իրանը: Փոխարենը նորացված տարբերակում ավելացել է Իսրայելի անունը: Այն գնահատականը, թե այս քայլով կատարվել են ,,սառը պատերազմից ի վեր ամենաարմատական փոփոխությունները,,, կարող է տարաբնույթ մեկնաբանություններ ունենալ`կապված այն իրական նպատակների հետ, որոնք պաշտոնական Անկարային դրդել են նմանատիպ շրջադարձի:
Դեռ այս տարվա փետրվարն էր, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ խոսեց ,,Կարմիր գրքի,, մի քանի դրույթներ վերանայելու մտադրության մասին: Հանրահայտ ցուցակն ավանդաբար կազմում է Թուրքիայի զինված ուժերի սպայակույտը և վերջնական տեսքի է գալիս միայն Ազգային անվտանգության խորհրդի հավանությանն արժանանալուց հետո: Նախորդ անգամ դա տեղի էր ունեցել 2005 թ. հոկտեմբերին, երբ Թուրքիան բանակցություններ սկսեց Եվրամիության հետ` վերջինիս անդամակցելու հեռանկարով: Այսօր գերխնդիրն այլ ուղղվածություն ունի: Միջազգային ասպարեզում մահմեդական աշխարհի առաջնորդն ու նրա շահերի գլխավոր արտահայտիչը դառնալու Թուրքիայի ցանկությունը պահանջում է էական շտկումներ կատարել վերաբերմունքի մեջ, թեկուզ և դրանք կրեն զուտ ձևական բնույթ: Միայն այդպես կարելի է բացատրել սպառնալիք- երկրների ցուցակից Մերձավոր Արևելքը ներկայացնող երկրների բացառումը: Իսկ թուրքերի նորօրյա քարոզը` ,,զրոյական խնդիրներ հարևանների հետ,,, պիտի համահունչ լինի ձեռնարկված գործողություններին ու որդեգրած քաղաքականությունը:
Գալով Հայաստանի անվան հիշատակմանը, առաջին հերթին պետք է արձանագրել ստեղծված կացության զավեշտալի կողմը: Բանն այն է, որ Հայաստանը երբեք էլ չի եղել Թուրքիայի համար վտանագավոր թշնամիների ցանկում: Ավելին ասենք, մեր երկրի անունը ,,Կարմիր գրքի,, նախորդ տարբերակում ընդհանրապես չի հիշատակվել ոչ որպես վտանգ, ոչ սպառնալիք և ոչ որպես դաշնակից: Ստացվում է, որ Թուրքիան այսօր հանում է մի բան, ինչը չի էլ տեղադրել: Իսկ սա արդեն լավագույն ապացույցն է այն բանի, որ այդ քայլը բացառապես PR ակցիա է: Գաղտնիք չէ, որ Եվրոպական կառույցները լուրջ ճնշումներ են գործադրում Թուրքիայի վրա: Մյուս կողմից վերջին օրերին շրջանառվեցին տեղեկություններ այն մասին, թե իբր Անկարան բացառել է Հայաստանը պոտենցիալ վտանգ նրկայացնող երկրների թվից ԱՄՆ-ի դրդումների ներքո: Դժվար ասել, թե որքանով են հիշյալ փաստերը մոտ իրականությանը, սակայն դրանց փոխարեն շատ ավելի արժանահավատ պետք է համարել պարզագույն տրամաբանությունը, ինչը հուշում է, որ եթե որևէ երկիր իր ռազմական դոկտրինով մեկ այլ երկրի դիտում է իբրև թշնամի և դրա հետ մեկտեղ պնդում է, թե իբր փորձում է համագործակցել նրա հետ, ապա ստեղծվում է ակնհայտ հակասություն։ Մնում է իրավիճակը հարթ պահելու միայն մեկ տարբերակ` գոնե արտաքուստ հարաբերությունների բարելավման ընդհանուր ֆոն ստեղծել: Իսկ եթե չափից ավելի լավատես գտնվենք ու կարծենք, որ Թուրքիան իսկապես մեզ թշնամի չի դիտարկում, այդ դեպքում պետք է ակնկալենք, որ հարևան երկիրը նախ պարտավոր է իր իշխանական լծակներով ազդել ներքին հանրային կարծիքի վրա, հայերի ու Հայաստանի նկատմամբ հանդուրժողականություն թելադրել ու հետո միայն մտածել երկկողմանի հարաբերություններ կառուցելու մասին: Սակայն նման բան չկա և կա ճիշտ հակառակ պատկերը:
Մոլորության մեջ են նրանք, ովքեր այժմ կարծում են, թե թուրքերի այս քայլը նշանակում է Հայաստանի դերի գերագնահատում ու դեռ կարծիք են հայտնում, որ Հայաստանը ևս պետք է դիմի համարժեք քայլի` հանելով Թուրքիային մեզ համար արտաքին սպառնալիք հանդիսացող երկրների ցուցակից: Սա նշանակում է չտեսնել ու չհասկանալ, որ վաղուց ի վեր քաղաքականությունն ու քարոզչությունը քայլում են ձեռք-ձեռքի տված, և բազմաթիվ են այնօրինակ որոշումները, որոնք ընդունվում են զուտ քարոզչական նպատակներով։
Թուրքական ,,Կարմիր գրքում,, առայժմ անհասկանալի է մնում Ռուսաստանի կարգավիճակը: Հակասական տեղեկություններ են հայտնվում, համաձայն որոնց մի դեպքում ռուսները նույնպես վերածվել են բարեկամների, իսկ մեկ այլ դեպքում շարունակում են տեղ զբաղեցնել վտանգավորների թվում: Այս երկրորդ տարբերակը շատ ավելի հավանական պիտի համարվի մոտեցումների ընդհանուր շրջանակի մեջ: Եթե պարզից էլ պարզ է, թե ինչու Իսրայելը համարվեց թշնամի, իսկ Իրանն ու Հայաստանը դադարեցին վտանգ ներկայացնել, ապա Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ոլորտը նախկինի պես խարսխված է մնում այն մտայնությանը, որ ուժեղներն արդեն իսկ վտանգի աղբյուր են: Իսկ Ռուսաստանն, ինչ խոսք, այդ իմաստով իրական սպառնալիք է դիտվելու ՆԱՏՕ-ի անդամ ու ԱՄՆ-ի դաշնակից թուրքերի համար: Այս տեսանկյունից չի բացառվում նաև որոշակի ,,առևտրի,, հնարավորությունը: Միացյալ Նահանգները մի կերպ կարող էր հանդուրժել Իսրայելի զոհաբերումը և դժվարությամբ կուլ կտար Իրանի պարագան, սակայն անպայման փոխարենը Անկարայից կպահանջեր փոխհատուցման գին` ի դեմս միջուկային գերտերություն Ռուսաստանի հանդեպ կոշտ վերաբերմունքի: Թուրքիան էլ կարծես թե հակված է համանման գործարք կնքելուն:
Նորացված ,,Կարմիր գրքի,, մասին ասենք նաև, որ փաստաթղթում նվազեցվել է այն վտանգը, որը Թուրքիայի համար ներկայացնում է երկրի ավանդական հակառակորդ Հունաստանը: Պոտենցիալ սպառնալիքների ցանկում ավելացվել են օնլայն ահաբեկչությունն ու գլոբալ ջերմացումը։ Հետաքրքրական է, որ այս անգամ պետությունն իր քաղաքացուն չի դիտարկում որպես շոշափելի վտանգի աղբյուր, մի բան, ինչը առանձին կետով նշված էր նախկին տարբերակում:
Սպասվում է, որ ,,Կարմիր գրքում,, կատարված փոփոխությունների մասին առավել ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի դեկտեմբերի սկզբին, երբ Ղազախստանում կանցկացվի ԵԱՀԿ գագաթաժողովը:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s