Պահոց | 12:22 ե.

Կարմիր գրքի մեր սպիտակ էջը

10 Նյմ


Օրեր առաջ լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը վերանայել է ,,Կարմիր գիրք,, անվանյալ հայտնի ցանկը (որը նաեւ ,,գաղտնի սահմանադրություն,, է կոչվում) և այդ վերանայման արդյունքում Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից հանվել են Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Սիրիան, Իրաքը, ինչպես նաեւ Իրանը: Փոխարենը նորացված տարբերակում ավելացել է Իսրայելի անունը: Այն գնահատականը, թե այս քայլով կատարվել են ,,սառը պատերազմից ի վեր ամենաարմատական փոփոխությունները,,, կարող է տարաբնույթ մեկնաբանություններ ունենալ`կապված այն իրական նպատակների հետ, որոնք պաշտոնական Անկարային դրդել են նմանատիպ շրջադարձի:
Դեռ այս տարվա փետրվարն էր, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ խոսեց ,,Կարմիր գրքի,, մի քանի դրույթներ վերանայելու մտադրության մասին: Հանրահայտ ցուցակն ավանդաբար կազմում է Թուրքիայի զինված ուժերի սպայակույտը և վերջնական տեսքի է գալիս միայն Ազգային անվտանգության խորհրդի հավանությանն արժանանալուց հետո: Նախորդ անգամ դա տեղի էր ունեցել 2005 թ. հոկտեմբերին, երբ Թուրքիան բանակցություններ սկսեց Եվրամիության հետ` վերջինիս անդամակցելու հեռանկարով: Այսօր գերխնդիրն այլ ուղղվածություն ունի: Միջազգային ասպարեզում մահմեդական աշխարհի առաջնորդն ու նրա շահերի գլխավոր արտահայտիչը դառնալու Թուրքիայի ցանկությունը պահանջում է էական շտկումներ կատարել վերաբերմունքի մեջ, թեկուզ և դրանք կրեն զուտ ձևական բնույթ: Միայն այդպես կարելի է բացատրել սպառնալիք- երկրների ցուցակից Մերձավոր Արևելքը ներկայացնող երկրների բացառումը: Իսկ թուրքերի նորօրյա քարոզը` ,,զրոյական խնդիրներ հարևանների հետ,,, պիտի համահունչ լինի ձեռնարկված գործողություններին ու որդեգրած քաղաքականությունը:
Գալով Հայաստանի անվան հիշատակմանը, առաջին հերթին պետք է արձանագրել ստեղծված կացության զավեշտալի կողմը: Բանն այն է, որ Հայաստանը երբեք էլ չի եղել Թուրքիայի համար վտանագավոր թշնամիների ցանկում: Ավելին ասենք, մեր երկրի անունը ,,Կարմիր գրքի,, նախորդ տարբերակում ընդհանրապես չի հիշատակվել ոչ որպես վտանգ, ոչ սպառնալիք և ոչ որպես դաշնակից: Ստացվում է, որ Թուրքիան այսօր հանում է մի բան, ինչը չի էլ տեղադրել: Իսկ սա արդեն լավագույն ապացույցն է այն բանի, որ այդ քայլը բացառապես PR ակցիա է: Գաղտնիք չէ, որ Եվրոպական կառույցները լուրջ ճնշումներ են գործադրում Թուրքիայի վրա: Մյուս կողմից վերջին օրերին շրջանառվեցին տեղեկություններ այն մասին, թե իբր Անկարան բացառել է Հայաստանը պոտենցիալ վտանգ նրկայացնող երկրների թվից ԱՄՆ-ի դրդումների ներքո: Դժվար ասել, թե որքանով են հիշյալ փաստերը մոտ իրականությանը, սակայն դրանց փոխարեն շատ ավելի արժանահավատ պետք է համարել պարզագույն տրամաբանությունը, ինչը հուշում է, որ եթե որևէ երկիր իր ռազմական դոկտրինով մեկ այլ երկրի դիտում է իբրև թշնամի և դրա հետ մեկտեղ պնդում է, թե իբր փորձում է համագործակցել նրա հետ, ապա ստեղծվում է ակնհայտ հակասություն։ Մնում է իրավիճակը հարթ պահելու միայն մեկ տարբերակ` գոնե արտաքուստ հարաբերությունների բարելավման ընդհանուր ֆոն ստեղծել: Իսկ եթե չափից ավելի լավատես գտնվենք ու կարծենք, որ Թուրքիան իսկապես մեզ թշնամի չի դիտարկում, այդ դեպքում պետք է ակնկալենք, որ հարևան երկիրը նախ պարտավոր է իր իշխանական լծակներով ազդել ներքին հանրային կարծիքի վրա, հայերի ու Հայաստանի նկատմամբ հանդուրժողականություն թելադրել ու հետո միայն մտածել երկկողմանի հարաբերություններ կառուցելու մասին: Սակայն նման բան չկա և կա ճիշտ հակառակ պատկերը:
Մոլորության մեջ են նրանք, ովքեր այժմ կարծում են, թե թուրքերի այս քայլը նշանակում է Հայաստանի դերի գերագնահատում ու դեռ կարծիք են հայտնում, որ Հայաստանը ևս պետք է դիմի համարժեք քայլի` հանելով Թուրքիային մեզ համար արտաքին սպառնալիք հանդիսացող երկրների ցուցակից: Սա նշանակում է չտեսնել ու չհասկանալ, որ վաղուց ի վեր քաղաքականությունն ու քարոզչությունը քայլում են ձեռք-ձեռքի տված, և բազմաթիվ են այնօրինակ որոշումները, որոնք ընդունվում են զուտ քարոզչական նպատակներով։
Թուրքական ,,Կարմիր գրքում,, առայժմ անհասկանալի է մնում Ռուսաստանի կարգավիճակը: Հակասական տեղեկություններ են հայտնվում, համաձայն որոնց մի դեպքում ռուսները նույնպես վերածվել են բարեկամների, իսկ մեկ այլ դեպքում շարունակում են տեղ զբաղեցնել վտանգավորների թվում: Այս երկրորդ տարբերակը շատ ավելի հավանական պիտի համարվի մոտեցումների ընդհանուր շրջանակի մեջ: Եթե պարզից էլ պարզ է, թե ինչու Իսրայելը համարվեց թշնամի, իսկ Իրանն ու Հայաստանը դադարեցին վտանգ ներկայացնել, ապա Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ոլորտը նախկինի պես խարսխված է մնում այն մտայնությանը, որ ուժեղներն արդեն իսկ վտանգի աղբյուր են: Իսկ Ռուսաստանն, ինչ խոսք, այդ իմաստով իրական սպառնալիք է դիտվելու ՆԱՏՕ-ի անդամ ու ԱՄՆ-ի դաշնակից թուրքերի համար: Այս տեսանկյունից չի բացառվում նաև որոշակի ,,առևտրի,, հնարավորությունը: Միացյալ Նահանգները մի կերպ կարող էր հանդուրժել Իսրայելի զոհաբերումը և դժվարությամբ կուլ կտար Իրանի պարագան, սակայն անպայման փոխարենը Անկարայից կպահանջեր փոխհատուցման գին` ի դեմս միջուկային գերտերություն Ռուսաստանի հանդեպ կոշտ վերաբերմունքի: Թուրքիան էլ կարծես թե հակված է համանման գործարք կնքելուն:
Նորացված ,,Կարմիր գրքի,, մասին ասենք նաև, որ փաստաթղթում նվազեցվել է այն վտանգը, որը Թուրքիայի համար ներկայացնում է երկրի ավանդական հակառակորդ Հունաստանը: Պոտենցիալ սպառնալիքների ցանկում ավելացվել են օնլայն ահաբեկչությունն ու գլոբալ ջերմացումը։ Հետաքրքրական է, որ այս անգամ պետությունն իր քաղաքացուն չի դիտարկում որպես շոշափելի վտանգի աղբյուր, մի բան, ինչը առանձին կետով նշված էր նախկին տարբերակում:
Սպասվում է, որ ,,Կարմիր գրքում,, կատարված փոփոխությունների մասին առավել ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի դեկտեմբերի սկզբին, երբ Ղազախստանում կանցկացվի ԵԱՀԿ գագաթաժողովը:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՉԱՐԵՆՑԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՏՈՒՆԸ ԿԱՐՍՈՒՄ

10 Նյմ

ՀԱՅԸ, ՈՐ ԿԱՐՈՂ ԷՐ ԴԱՌՆԱԼ ՀՌՈՄԻ ՊԱՊ

10 Նյմ

Եկեղեցու հազարամյակների պատմությունը, ցավոք, միայն աստվածահաճո դեպքերի ժամանակագրություն չէ:Բազմաթիվ են թե՛ ճակատագրական շրջադարձերը, թե՛ տխուր միջադեպերը: Ժամանակի մեջ դրանցից որոշներիհետ հաշտվում ենք, որոշները նոր հայացքով դիտարկվելու անհրաժեշտությունն են պարտադրում, իսկ այնդրվագները, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են մեր ժողովրդի պատմության հետ, դառնում են առանցքայինհայեցողության առարկա:
Համանման մի փաստ էլ կա, որ շատերն արդեն մոռացել են, իսկ ոմանց նույնիսկ կարող է թվալ, թե դա ընդամենը գեղեցիկ լեգենդ-հորինվածք է, որ ծնունդ է առել մեր ազգային սնապարծությունը շոյելու համար: Մինչդեռ ասվածն իրողություն է, և պատմությունն էլ այն մասին է, թե ինչպես հայ հոգևորականը կարող էր դառնալ Հռոմի պապ, եթե…
Պապական ընտրություններում քաղաքական ուժերի միջամտության անհաշիվ փոքր ու մեծ դեպքեր են հայտնի: Սակայն 1963թ. նույնատիպ մի հարված ստիպված էր իր վրա ընդունել ակնառու հոգևորական, մեր հայրենակից կարդինալ Աղաջանյանը: Լինելով պապական գահի ամենահավանական թեկնածուներից մեկը՝ պապընտիր վեհաժողովի գումարումից հաշված օրեր առաջ նա զոհ գնաց հստակ ծրագրված և իրականացված մի դավադրության, որի ներշնչողն ու իրականացնողը դարձավ իտալական ռազմական գաղտնի գործակալությունը՝ «Սաֆարը»: Այն տարիներին քչերն իմացան ճշմարտությունը: Այդ լռությունը երկարեց ավելի քան 30 տարի, մինչև որ 1990-ականների կեսերին, ի վերջո, հրապարակ հանվեցին այդ ցավալի պատմության գաղտնի մանրամասներն ամփոփող փաստաթղթերը: Այժմ 25 էջից և 4 պրակից կազմված այդ թղթապանակը հնարավորություն է տալիս նոր լույսի ներքո դիտել 1963թ. հունիսյան դեպքերը, որոնց արդյունքում Վատիկանի քահանայապետ ընտրվեց Պողոս Զ-ն, իսկ կարդինալ Աղաջանյանն ու նրա քույրը հռչակվեցին ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի՝ ՊԱԿ-ի գործակալներ:
Սակայն նախ այն մասին, թե ով էր Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը: Աշխարհիկ անունով Ղազարոսը ծնվել էր 1895թ. սեպտեմբերի 18-ին Կարինից Ջավախք գաղթած հայ շինականի ընտանիքում: Վաղ տարիքից սովորել էր տեղի ծխական դպրոցում, իսկ 1906թ. Կովկասի հայ կաթոլիկական առաքելությունների հոգևոր կառավարիչը 11-ամյա երեխային ուղարկում է Հռոմ՝ ուսումը շարունակելու Ուրբանյան ուսումնարանում: Փայլուն առաջադիմությամբ ավարտելով այդ հաստատությունը՝ Ղազարոսն այնուհետև ընդունվում է համալսարան՝ հատկապես մեծ առաջադիմություն հանդես բերելով փիլիսոփայության և աստվածաբանության բնագավառում: 1917թ. նա ձեռնադրվում է քահանա՝ առնելով Ֆրանչեսկոս անունը: Երկու տարի անց ստանում է քաղաքական և եկեղեցական իրավունքի մասնագետի վկայական: Նույն թվին վերադառնում է Կովկաս, ծառայության է անցնում Թիֆլիսի Գրիգոր Լուսավորիչ կաթոլիկ եկեղեցում: Բայց երկար մնալ չի հաջողվում: 1921թ. նրան հրավիրում և նշանակում են Հռոմի Լևոնյան վարժարանի փոխտնօրեն: Երկարամյա աշխատանքն ու նվիրումը 1937-ին տալիս են իրենց պտուղները: Ֆրանչեսկոս Աղաջանյանն ընտրվում է հայ կաթոլիկների կաթողիկոս և ընդունում է Գրիգոր անունը: Պիտի պահանջվեր ևս 9 տարի, որպեսզի նրան շնորհվեր ծիրանագույն գլխարկ՝ դարձնելով տիտղոսական կարդինալ: 1955-ին Պիոս ԺԲ պապը նրան նշանակում է Արևելյան Եկեղեցու Կանոնգիրը կազմող հանձնաժողովի նախագահ: 1958թ. ստանում է Հավատի տարածման ժողովի վարիչի պաշտոնը: Հայրապետական պարտականությունների համատեղումն իրեն վստահված մյուս պաշտոնների հետ հեշտ չէր, սակայն Աղաջանյանն անմռունչ կրում է լուծը՝ երբեք չմոռանալով իր ժողովրդին, նրան հուզող խնդիրներն ու հոգսերը: Այդպես շարունակվեց մինչև 1963 թվականը:
Նոր էր վախճանվել Հովհաննես 13-րդ պապը, և 80 ծիրանավորներ պատրաստվում էին առաջնորդ ընտրել: Հենց այդ պահին էլ ծրագրվեց այն դավադրությունը, որը մեկ հիմնական նպատակ ուներ՝ մրցությունից դուրս թողնել մեծ հեղինակություն վայելող հայազգի կարդինալին, բոլոր միջոցներով խոչընդոտել նրա վերելքը: Իսկ ի՞նչը կարող էր ավելի դյուրին լինել, քան զրպարտությունը: Եվ այդ «բացահայտման» գործողության իրականացումը ստանձնեց գեներալ Ջիովանի դը Լորենցոյի հավատարմատար ոմն Էջիտո Վիջիանին:
Շատ կարճ ժամանակում Վատիկանում շրջանառության մեջ դրվեց վերոհիշյալ թղթածրարը՝ նպատակ ունենալով վարկաբեկման ճանապարհով արգելք հանդիսանալ Աղաջանյանի հավանական ընտրությանը, ինչպես նաև այդ պատրվակով մեղադրել նրա քրոջը՝ Էլիզաբեթա Պապիկովնային՝ Հռոմի խորհրդային դեսպանատան աշխատակիցների հետ գաղտնի կապեր ունենալու մեջ:
Պետք է ասել, որ դավադիրներին լուրջ անհանգստության տեղիք էր տվել այն հանգամանքը, որ նախորդ ընտրությունների ժամանակ՝ 1958թ. հոկտեմբերին, հայազգի կարդինալը ստացել էր մեծ թվով ձայներ: Ինչպես ավելի ուշ խոստովանել էր Ռոնքալլի պապը (նույն ինքը՝ Հովհաննես 13-րդը) հայկական վարժարաններից մեկը կատարած այցելության ժամանակ, դա լուրջ մրցակցություն էր: «Գիտե՞ք,- ասել էր նա,- որ ձեր կարդինալը և ես հոկտեմբերի ընտրություններին գրեթե հավասար էինք: Մեր անուններն իրար էին հաջորդում, մեկը՝ վեր, մյուսը՝ վար, եռացող ջրի մեջ նետված սիսեռահատիկների նման»:
Հովհաննես 13-րդ պապը մահացավ 1963-ի հունիսին: Ծիրանավորների մի մասը հարմար էր գտնում Միլանի արքեպիսկոպոս Հովհաննես Մկրտիչ Մոնթինիի թեկնածությունը, այնինչ բոլոր նրանք, ովքեր հինգ տարի առաջ մասնակցել էին ընտրություններին, չէին մոռացել իտալական հպատակություն ստացած, ծագումով հայ կարդինալին և լրջորեն մտադիր էին իրենց քվեն տալ հենց նրան: Վերջիններս մատնանշում էին Աղաջանյանի բնատուր խելքն ու կարողությունները, մի շարք օտար լեզուների իմացությունը և այլն: Ընտրության հավանականությունն իսկապես մեծ էր: Հենց դա էլ լուրջ մտավախության առիթ դարձավ հակառակ թևի համար: Ի վերջո, նրանք վճռեցին ապավինել փորձված միջոցին՝ հղանալով և իրագործելով հայտնի դավադրությունը: Այն օրերին, երբ աշխարհի վրա իշխում էր սառը պատերազմի վտանգը և ծանրորեն կախված էր «երկաթյա վարագույրը», ի՞նչը կարող էր ավելի մեծ տպավորություն թողնել, քան շշուկներն այն մասին, թե իբր Աղաջանյանի ընտրության դեպքում իրական է դառնում սովետների երկրի ճնշումը կաթոլիկ եկեղեցու վրա: Իսկ գաղտնի ծառայության մասնակցությունն էլ ավելի խորհրդավոր ու տագնապալի շունչ էր հաղորդելու այդ լուրերին՝ միաժամանակ ստեղծելով հավաստիության պատրանք:
Ասես անհարմար դիպվածով ճիշտ այդ օրերին Աղաջանյանը հյուրընկալեց քրոջը: Կարդինալի քույրը՝ Էլիզաբեթա Պապիկովնան, նույնպես ծնվել էր Ջավախքում, Խորհրդային Միության քաղաքացի էր, և 71-ամյա կինն այդ շրջանում որոշեց երկարաձգել Իտալիայում ապրելու իրավունքը: Գաղտնի ոստիկանությունը հենց դրան էլ սպասում էր: Իսկույն սկիզբ առան շուրջօրյա հետապնդումները: Ողջ օրը հսկողություն սահմանելով նրա ամեն մի քայլի վրա՝ վերադասներին հղված տեղեկագրերում «հսկիչները» պատմում էին Էլիզաբեթա Պապիկովնայի յուրաքանչյուր արարքը: Ահա մի քանի հատված այդ զեկուցագրերից. «Ամսի 6-ին, 7-ին և 8-ին նա դուրս չի եկել հայկական վարժարանից», կամ՝ «Ամսի 8-ի կեսօրից հետո նրան այցելեց եղբայրը՝ կարդինալ Աղաջանյանը «Ռոմա» 282950 համարանիշը կրող «Ֆիատ 1400» մակնիշի ավտոմեքենայով, որը պատկանում է «Մեձանուրե Ջորջիո» ընկերության սեփականատիրոջը՝ ծնված 1929թ. ապրիլի 1-ին, Հռոմում, հասցեն՝ Վիա Քուաթրո Վենտի 96…» և այլն: Հսկողության թիրախ դարձավ նաև հայազգի բժիշկ Մկրտիչ Հեպոյանը, որը Պապիկովնայի մտերիմներից էր: «Հեպոյանը ծնվել է Պոլսում և 1935թ. ի վեր հաստատվել է Հռոմում: Իր բնակարանին կից ունի բուժարան և լաբորատորիա, ինչպես նաև մեծ թվով հաճախորդներ: Հակառակ այն բանին, որ չի բացահայտում իր քաղաքական հակումները, համարվում է կարգապահ կուսակցությունների համակիր»,- նշվում էր գաղտնի զեկուցագրերից մեկում: Բժիշկը հունիսի 9-ին այցելում է Էլիզաբեթային և վերջինիս հրավիրում իր ընտանիքի հետ զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Այդ օրվա գաղտնի գործակալների ավարը 9 լուսանկարներն էին, որոնք կցվում են «գործին»: Նախանձելի ջանասիրությամբ «Սաֆար»-ի աշխատակիցները հսկայական ճիգեր ու միջոցներ էին վատնել, որպեսզի կարողանան ընդամենը տեղեկացնել այն մասին, թե «Ռոմա 277976» համարանիշով «Լանսիա Ափիա» մակնիշի ավտոմեքենայով հայ կարդինալի տարեց քույրը մեկնել էր Լատինա փոքրիկ բնակավայր… զբոսնելու:
Անվերջ ու ապարդյուն դեգերումներից հուսահատված՝ սաֆարականների համբերության բաժակը ուր որ է պիտի լցվեր, երբ ի վերջո ներկայացավ ցանկալի պատրվակը: Հունիսի 10-ին ներկայացված զեկուցագրում այդ հատվածն ընդգծված է կարմիր թանաքով. «Հունիսի 10-ին, մոտ ժամը 16-ին Էլիզաբեթան հայկական վարժարանում ընդունեց Խորհրդային տեղական դեսպանատան առաջին քարտուղար Գուրգեն Ա-ին: Գուրգենը իտալական գաղտնի ծառայությանը հայտնի է որպես ռուսական գաղտնի գործակալության Իտալիայի խմբի անդամ: Նա վարժարան է հասել իր անունով գրանցված «Ռոմա 346519» համարանիշը կրող «Ֆիատ 1400-ՊԷ» ավտոմեքենայով»: Ոստիկանությունն արձանագրել էր նաև, որ երբ ժամը 17-ին Գուրգենը մեկնում էր վարժարանից, Սան Նիկոլա դա Տոլանտինո փողոցում գտնվող հեռախոսախցիկից զանգ է տալիս, իսկ հետո նույն մեքենայով հեռանում է Վիա Վենետոյի ուղղությամբ:
Մի՞թե իսկապես Էլիզաբեթա Պապիկովնան կարող էր լինել ՊԱԿ-ի գործակալ: Անշուշտ, ոչ: Գոնե նրա անձի հետ կապված որևէ նմանօրինակ փաստ գոյություն չունի: Իսկ դեսպանատան աշխատակիցներից մեկի քաղաքավարական այցելությունն ընդունելը դեռևս հանցանք համարել չի կարելի, առավել ևս, որ երկուսն էլ հայեր էին և այդ հանդիպումն օտարության մեջ գտնվող հայրենակիցների տեսակցությունից ավելին լինել չէր կարող: Բացի այդ, Էլիզաբեթա Պապիկովնան այսպես թե այնպես պարտավոր էր Հռոմում իր ներկայության մասին տեղեկացնել ու արձանագրվել խորհրդային դեսպանատանը:
Սակայն ո՞ւմ էր դա հետաքրքիր: Շատ արագ դեպքերի անմեղ զուգադիպությամբ կատարվածը բոլորովին այլ մեկնաբանությամբ և փաստաթղթի տեսքով հասավ Վատիկան և անցավ կարդինալների ձեռքը: Կոմունիզմի ուրվականից մահու չափ վախեցող և Սիքստինյան սրբությունները պիղծ ձեռքերից հեռու պահող հոգևորականները դրանից հետո պատրաստ էին նույնիսկ իրենց խղճի դեմ դուրս գալ, միայն թե կանխվեր ՊԱԿ-ի «գրեթե գործակալի» ներկայությունը Պետրոսի գահին:
Այդպես էլ եղավ: Հունիսի 30-ի առավոտյան Հռոմի պապ հռչակվեց Մոնթինին: Երբ ավելի ուշ զրպարտանքի լուրը հասավ նաև կարդինալ Աղաջանյանին, եղածը խոր ցավ ու վիրավորվածություն պատճառեց նրան: Միայն թե այլևս ոչինչ հնարավոր չէր շտկել: Այն, ինչ կատարվեց դրանից հետո, նույնպես մխիթարություն չէր: Ուղիղ մեկ տարի անց գաղտնի գործակալության ղեկավար գեներալ դը Լորենցոն մեղադրվեց հակապետական գործողությունների համար: Իսկ 1968թ. Ալդո Բեռլքինիի գլխավորած քննչական հանձնաժողովը, մեկնաբանելով անվտանգության մարմինների այդ դավադրությունը, նշեց. «1962թ. հետո հստակորեն նշմարելի է այնպիսի տեղեկությունների փնտրտուք, որոնք կարող են վնասել այն անձին, որին առնչվում են և դրանով իսկ կարող են ահաբեկչության միջոց հանդիսանալ: Նկատելի է նաև հավաքված տեղեկություններն այլակերպելու հակում, միայն թե ձեռք բերվի ակնկալված տհաճ տպավորությունը»:
Գալով կարդինալին՝ ասենք, որ դեռևս 1962թ. օգոստոսից Աղաջանյանը հրաժարական էր տվել կաթողիկոսությունից՝ մնալով միայն Լևոնյան վարժարանի ուսուցչապետ: Իր հրաժարական նամակում նա մասնավորապես գրում էր. «Թեև չունինք այլևս պատրիարքության անմիջական պատասխանատվությունը, սակայն անփոփոխ կը մնան մեր սէրն ու փարումը մեր պատուական հասարակութեան և նահատակ Ազգին հանդէպ, և կամքը անոնց ծառայելուն…»: 1970թ. Աղաջանյանը հրաժարվում է նաև Հավատի տարածման ժողովի մեջ իրեն վստահված պաշտոնից՝ ելնելով իր վատթարացող առողջական վիճակից:
Միակ հայ կարդինալը վախճանվեց 1971թ. մայիսի 16-ին՝ մրմնջալով հետևյալ բառերը. «Բարիքներ կտեսնեմ…»: Երջանկահիշատակ Գրիգոր-Պետրոս ԺԵ Աղաջանյան կաթողիկոսի մարմինն այժմ հանգչում է Լևոնյան վարժարանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռի դամբարանում:
Իսկ Էլիզաբեթա Պապիկովնա՞ն: Այն բանից հետո, երբ Վրաստանում վախճանվեց ամուսինը և բոլորովին մենակ մնաց, հասակն առած կինը դարձյալ վերադարձավ Հռոմ՝ եղբոր մոտ: Նա էլ շատ երկար չապրեց: Պատմում են, որ կյանքի վերջում, երբ նրան ճանաչողները հարցնում էին, թե իսկապես ունեցել է կապեր ՊԱԿ-ի հետ, պատասխանը հեգնական ու տխուր ժպիտն էր լինում: Ով՝ ով, բայց հարազատ քույրը բոլորից լավ գիտեր, թե ինչու իր եղբայր Ղազարոսն այդպես էլ չդարձավ կաթոլիկ աշխարհի առաջնորդ…

ԱՆԻ ԵՍԱՅԱՆ

ՖՐԻԴՐԻԽ ՇԻԼԼԵՐ

10 Նյմ

… Բնությունն սկզբնապես ավելի լավ չի վարվում մարդու, քան իր կերտած մնացյալ արարածների հետ. նա մարդու փոխարեն է գործում այնտեղ, որտեղ վերջինս դեռևս ի վիճակի չէ գործել ինքնուրույնաբար` որպես ազատ բանականություն: Բայց մարդուն մարդ է դարձնում հենց այն հանգամանքը, որ նա չի մնում այնպիսին, ինչպիսին իրեն ստեղծել է բնությունը, այլ ձեռք է բերում վերջինիս` մարդու համար ուրվագծված քայլերը հակառակ հաջորդականությամբ բանականորեն կատարելու, կարիքի գործը ազատ ընտրության գործի տեսքով վերստեղծելու և բանական- ֆիզիկական անհրաժեշտությունը բարոյական անհրաժեշտության աստիճանի բարձրացնելու ընդունակություն:
Նա սթափվում է իր զգայական նիրհից, ինքն իրեն ճանաչում որպես մարդ, շուրջը նայում և… իրեն հայտնաբերում պետության մեջ: Պահանջմունքների հարկադրանքով նա այդտեղ է հայտնվում նախքան այն պահը, երբ կարող կլիներ ազատորեն ընտրել ադ վիճակը. կարիքը ըստ բնության պարզ օրենքի պետություն է ստեղծել ավելի վաղ, քան այդ կարող էր անել մարդը` հիմնվելով բանականության օրենքի վրա: Սակայն որպես բարոյական անձ, մարդը չէր կարող (և այժմ էլ չի կարող) գոհանալ կարիքի ծնունդ հանդիսացող այդ պետությունով, որը ստեղծվել էր լոկ բնական կանխասահմանվածությունից և վերջինիս նկատմամաբ. և վայ մարդուն, եթե նա բավարարվի այդպիսինով: Ուստի մարդ լինելու այդ նույն իրավունքով նա լքում է կույր անհրաժեշտության տիրույթը ճիշտ այնպես, ինչպես ձեռք բերած ազատության շնորհիվ մի կողմ է նետում անհրաժեշտությունը բազում այլ պահերի: Բավարարվենք միայն մեկ օրինակով. մարդը բարոյականությամբ վերացնում և գեղեցկությամբ ազնվացնում է ստորության այն կնիքը, որ տենչանքը դրոշմում է սեռական սիրուն: Այսպիսով, նա հասուն տարիներին ասես արհեստականորեն ինքն իրեն փոխհատուցում է մանկության օրոք ձեռքից բաց թողածը, իդեականորեն ստեղծում է բնական վիճակի մի այնպիսի պատկեր, որը թեև նրան տրված չէ որևէ փորձառությամբ, բայց և այնպես անհրաժեշտ է ըստ բանականության սահմանման. այդ իդեալական վիճակում նա իր համար կերտում է վերջնային նպատակ, որն իրեն անմատչելի էր բուն բնական դրության մեջ, կատարում է մի այնպիսի ընտրություն, որին նա այնժամ ընդունակ չէր` վարվելով այնպես, ասես պետք է ամեն բան վերսկսեր սկզբից, ասես անկախության վիճակը ներքին լուսավորման ու ազատ որոշման դրդմամբ փոխում է պայմանագրով սահմանված վիճակի…

ՄԱՄՈՒԼԻ ԾԱՂԿԱՔԱՂ

10 Նյմ

Թուրքերն ուզում են անհայտ քարակույտը մեզ վրա սաղացնել իբրև Չարենցի տուն
08/11/2010
Հրապարակախոս Հովիկ Չարխչյանը վստահ է, որ թուրքական թերթերում և կայքերում ներկայացվող կիսաավերակ տունը Չարենցի Կարսում գտնվող հայրական օջախը չի: Նրա խոսքով, ցանկացած չարենցագետ, եթե մի քիչ իրեն նեղություն տա, հեշտությամբ դա կարող է ապացուցել: «Կան փաստեր, վավերագրեր, քարտեզներ, վկայություններ, ականատեսների հիշողություններ: Բայց արի ու տես, որ բոլորը բերանները ջուր են առել ու սկսել են թուրքերի դուդուկի տակ պարել, որոնց ուզածն էլ հենց դա է` ինչ-որ մի անհայտ քարակույտ մեզ վրա ահռելի գումարներով սաղացնելը: Չարենցի տունը այլ վայրում է, այլ փողոցի վրա: Ի վերջո հասցեն նույնիսկ կա…»,-հայտարարում է Հովիկ Չարխչյանը , ով առաջիկայում հանդես է գալու ընդարձակ հրապարակմամբ: Նրա խոսքով, ասվածը հիմնավորելու համար բավականին շատ են փաստերն ու աղբյուրները, որոնք մի փոքր մասնագիտական մոտեցում և ժամանակ են պահանջում:
Հիշեցնենք, որ թուրք լրագրողներից մեկը անդրադարձ էր տպագրել մի կիսաավերակի մասին, որն, իբր, Կարս քաղաքում գտնվող հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հայրական տունն է և որ այն դարձել է ավերակ և թուրք թմրամոլների որջ: Ավելին, այն ցուցադրաբար հանվել է վաճառքի` գնահատվելով 175 000 ԱՄՆ դոլար:
Դրանից հետո հայկական կայքերը անդրադարձել են խնդրին, իսկ մի քանի կազմակերպություններ հայտարարել, թե թուրք լրագրողի կողմից մատնացույց արված Չարենցի հայրական տունը պետք է վերանորոգվի և դարձվի ուխտատեղի:

16:16 09/11/2010
Թուրքիայում վաճառքի հանված փլատակը Չարենցի տունը չէ. Թուրքերին ապակողմնորոշել է հայ վարորդը
Ո՞վ որոշեց, որ դա Չարենցի տունն է. Գրականագետ Հովիկ Չարխչյանը վրդովված է թուրքական մամուլում տպագրված այն հրապարակումների պատճառով, որոնց համաձայն հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի տունը հանվել է վաճառքի: Հիշեցնենք` օրերս թուրքական մամուլում հրապարակված տեղեկության համաձայն, մի ստամբուլահայ փորձել է գնել տունը և վերածել թանգարանի, սակայն տան տերը պահանջել է 250 հազար թուրքական լիրա (170 հազար ԱՄՆ դոլար), և առուվաճառքի բանակցություններն անարդյունք են ավարտվել:
«Էդ ո՞ր գրականագետն ու էլ չգիտեմ «ինչագետը» գնաց, ստուգեց, գտավ ու փաստարկներով հիմնավորեց, որ դա իսկապես Չարենցի տունն է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իր վրդովմունքն այսպես արտահայտեց գրականագետը:
Նրա պատմելով, շուրջ 15 տարի առաջ մի հայ վարորդ, որ իր բեռնատար մեքենայով բեռներ է տեղափոխել Թուրքիա-Հայաստան, գնացել, կանգնել է ճանապարհին ու զրույցի բռնվել թուրքերի հետ:
«Այդ վարորդը իր գիտելիքների չափով ասել է, թե գիտի` այս տանն ապրել է Չարենցը և այլն, և այլն: Զրույցի ընթացքում փորձել է ճշտել, թե մոտավորապես որը կարող է լինել, ու ընտրությունը կանգ է առել մի փլատակ տան վրա, որովհետև այդ տղան դեռ դպրոցից չարենցյան մի բանաստեղծությունից հիշում է` «…տունդ շինված անտաշ քարով»: Այնուհետև վարորդը եկել է, զրուցել թերթերից մեկի հետ, ու հրապարակում եղավ, որ ահա մի վարորդ գնացել ու Կարսում գտել է Չարենցի տունը», -ապակողմնորոշման պատճառը նշեց գրականագետ Չարխչյանը:
Նա հատկապես վրդովված էր փաստից, որ Հայաստանից մարդիկ, նույնիսկ պատվիրակություններ են գնացել ու լուսանկարվել այդ փլատակների առջև` կարծելով, թե դա Չարենցի տունն է: Մինչդեռ, ըստ մեր զրուցակից գրականագետի, ոչ ոք ջանք չի գործադրել ապացուցելու, որ դա Չարենցի տունը չէ:
Չարխչյանը, մատնանշելով Չարենցի ընտանիքի անդամների` քրոջ, եղբոր, ինչպես նաև դասընկերների ու խաղընկերների հուշերը, նշում է, որ դրանցում վառ նկարագրված է, թե ինչպիսին է եղել Չարենցի տունը, որը շատ հստակ կերպով տարբերվում է թուրքական կառավարության կողմից վաճառքի հանված տնից:
Գրականագետի խոսքով, ամենաղաղակող փաստարկն այն է, որ Չարենցի տունը երկհարկանի է եղել:
«Չարենցի ընտանիքը Կարսում 3-ից 4 տուն է փոխել: Նրանք ապրել են և Ալեքսանդրիա, և Լորիս Մելիքովի փողոցներում գտնվող տներում և Բերդի տակ: Բերդի տակի տունը համարվում է Չարենցի հայրական բնակարանը, այն տեղը, որտեղ ինքը ծնվել է: Եթե մենք կոնկրետ որոնում ենք հատկապես այն տունը, որտեղ ինքը ծնվել է, ապա դա գտնվում է Բերդի տակ», նկատեց գրականագետը` մեջբերելով չարենցյան մի արտահայություն. «Մենք ապրում ենք Վարդանի կամրջի մոտերքը, Բերդի տակ, մեր տնից դեպի հիշյալ փողոցը հիշում եմ ծուռումուռ մի արահետ» («Երկիր Նաիրի»):
Մշակույթի նախարարությունում 3 օրերի ընթացքում այդպես էլ մեկը չգտնվեց, որպեսզի հստակ մեկնաբանություն ներկայացնի թուրքական մամուլում հրապարակված նյութերի կապակցությամբ և դիրքորոշում արտահայտի:
«Դիլետանտության ու անտեղյակության դասական դրսևորում է, երբ մարդիկ լուրջ հարցերին մատների արանքից են նայում ու կա նաև խաչագողի պահվածքը` այսինքն առևտրի տեղ է բացվել, փողեր պիտի պտտվեն: Ինչո՞ւ խանգարեն այդ գործարքին», -հավելեց գրականագետ Չարխչյանը` նկատելով, որ թուրքերն ուզում են «քարակույտից» գումար ստանալ, իսկ հայերը չեն բարեհաճում իրենց բանաստեղծի ծնվելու վայրը ճշտել:
«Չարենցն այն մարդը չէ, որին կարելի է այդպես վերաբերվել, իսկապես նա արժանի է լավ վերաբերմունքի` հիշատակի, պատմության խնդիր կա», -նշեց Հովիկ Չարխչյանը:
Աղբյուր` Panorama.a

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 2010-11-09
ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ԴԱ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆԸ ՉԷ

Թուրքական թերթերը տարածում են, թե Կարսում գտնվող Եղիշե Չարենցի հայրական տունը վաճառքի է հանվել, ընդ որում թուրքական չափանիշներով` շատ մեծ գումարով , 250 հազար լիրայով (դա մոտավորապես 180 հազար դոլար է): Թուրքերը չեն ծածկում, որ հույս ունեն, թե տունն այդ գումարով կգնեն հայերը եւ ուխտատեղի կդարձնեն: Անգամ այդ տան նկարներ են տեղադրված թուրքական մամուլում եւ լրատվական կայքերում: Թե ինչ կա այդ լուրերի տակ, ինչ «հաթաթա» է այդ լուրի տակ, որն, ի դեպ, նոր չէ եւ շատ ավելի վաղուց շրջանառության մեջ էր դրված, կարելի է ենթադրել, բայց անկախ այդ ենթադրություններից, Հայաստանի կայքերը հաճույքով պտտում են այդ լուրը: Երեկ Facebook-ում այդ լուրին արձագանքեց հրապարակախոս Հովիկ Չարխչյանը ` գրելով. «Ամոթ եւ խայտառակություն: Սա Չարենցի տունը չէ: Ամեն մի չարենցագետ, եթե մի քիչ իրեն նեղություն տա, հեշտությամբ դա կարող է ապացուցել: Կան փաստեր, վավերագրեր, քարտեզներ, վկայություններ, ականատեսների հիշողություններ: Բայց արի ու տես, որ բոլորը բերանները ջուր են առել եւ սկսել են թուրքերի դուդուկի տակ պարել, որոնց ուզածն էլ հենց դա է` ինչ-որ մի անհայտ քարակույտ մեզ վրա ահռելի գումարներով սաղացնելը: Սա Չարենցի տունը չէ, ժողովուրդ ջան, մտքներիցդ հանեք: Չարենցի տունն այլ վայրում է, այլ փողոցում: Ի վերջո հասցեն նույնիսկ կա…»: Իմ առաջարկին` այլ մանրամասներ ներկայացնել Չարենցի տան մասին, Հ. Չարխչյանը պատասխանեց, որ առաջիկայում մամուլում հանդես կգա ընդարձակ հրապարակմամբ: Այսօր գրականագետ Դավիթ Գասպարյանը կանդրադառնա Կարսում Չարենցի տան թեմային:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 2010-11-10
ԿԱՐՍԻՑ ԵՐԵՎԱՆ
ՉԱՐԵՆՑԻ ՏԱՆ ԹԵՄԱՆ ԶԱՐԳԱՑԱՎ
Երեկ ասուլիս տված չարենցագետ Դավիթ Գասպարյանը , անդրադառնալով այն լուրերին, թե Կարսում թուրքերը վաճառքի են հանել Չարենցի տունը, ասել է, թե լուրջ չի ընդունում դա: Ըստ Գասպարյանի` շրջանառվում է տան հասցեի երկու տարբերակ, բայց պետք է գնալ, հետազոտել, զբաղվել, մինչդեռ այդ հարցը բարձիթողի վիճակում է: Ժամանակին Կարսի քաղաքապետի տեղակալը Չարենցի 108-ամյակին երբ ընդունել է հայ գրողների, վերջիններս երկու հասցեների տներն էլ այցելել են: Այս խնդրով պետք է զբաղվի Հայաստանի ԱԳՆ-ն, իսկ նրան պետք է դիմի Երեւանի Չարենցի տուն-թանգարանը:
Երեկ հայտնել էինք, որ գրականագետ-հրապարակախոս Հովիկ Չարխչյանը թուրքական մամուլում տարածված Չարենցի տան լուսանկարները կեղծիք էր համարել. այս թեման եւս երեկ զարգացում ապրեց: Չարխչյանը կայքերից մեկի հարցերին պատասխանելով` ասել էր, թե թյուրիմացությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ 15 տարի առաջ մի հայ վարորդ իր բեռնատարով Թուրքիա բեռներ փոխադրելիս զրուցել է թուրքերի հետ, այնտեղ մի բան լսել, հետո եկել, թերթերից մեկին ասել է, թե գտել է Չարենցի տունը Կարսում: Չարխչյանը Չարենցի ընտանիքի անդամների ասածները եւ Չարենցի դասընկերների հուշերը հիմք ընդունելով` ասում է, թե այդ վկայություններում այնպես լավ է նկարագրված Չարենցի տունը, որ էապես տարբերվում է թուրքերի վաճառքի հանած տնից, բացի այդ` Չարենցի տունը երկհարկանի է եղել. «Չարենցի ընտանիքը Կարսում 3-4 տուն է փոխել: Նրանք ապրել են եւ Ալեքսանդրիա եւ Լոռիս Մելիքովի փողոցներում գտնվող տներում եւ բերդի տակ: Բերդի տակի տունը համարվում է Չարենցի հայրական բնակարանը, այն տեղը, որտեղ ինքը ծնվել է: Եթե մենք կոնկրետ որոնում ենք հատկապես այն տունը, որտեղ ինքը ծնվել է, ապա դա գտնվում է բերդի տակ», ասում է գրականագետը:

%d bloggers like this: