Պահոց | 9:44 ա.

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

9 Նյմ

ԱՍՈՒՄ ԵՆ ԹԵ…
Այնպես անփույթ, այնպես հանգիստ
Անցնում ես իմ տան մոտով,
Մինչ ես ուրիշ տներում իսկ
Քեզ եմ փնտրում կարոտով։

Ասում են, թե մոռացել ես, չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու հեռացել ես, մոտս թողել քո հոգին։

Եվ այնպես հեշտ, այնպես հանգիստ
Մատնում ես ինձ աշխարհին,
Մինչ դողում է որպես երդում
Անունդ իմ շուրթերին։

Ասում են, թե ինձ դավել ես, չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու խռովել ես ու տանջում ես իմ հոգին։

Անցնում ես դու ու չես նայում,
Մինչ ես կագնած մոլորուն,
Քեզ աչքերիս մեջ եմ պահում
Ու տանում եմ հետս տուն:

Ասում են, թե սերը սուտ է, չեմ հավատում, իմ անգին,
Առանց սիրո տունս ցուրտ է, արի շունչ տուր կրակին։

Ուրանի հետ խաղ են անում

9 Նյմ

Դժվար է ասել, եթե չլինեին օտարալեզու ԶԼՄ-ների հրապարակումները, մենք երբևէ կիմանայի՞նք այն, ինչ, օրինակ, The Telegraph-ի կամ The Guardian-ի լրագրողներին հայտնի էր ամենայն մանրամասնությամբ: Սակայն միայն այն բանից հետո, երբ հիշատակված աղբյուրները տպագրեցին սենսացիոն պատմությունը, մեր իշխանությունները հարկ համարեցին ասել. այո, Հայաստանի ու Վրաստանի հատուկ ծառայությունների համագործակցության շրջանակներում բացահայտվել է հարստացված ուրանի մաքսանենգության դեպք, կան ձերբակալվածներ: Եվ պարզվեց, որ դեռևս 8 ամիս առաջ` մարտին Հայաստանի երկու քաղաքացիներ փորձել էին իրենց վտանգավոր գողոնը վաճառել մարդկանց, որոնք նրանց ներկայացել էին որպես իսլամական ահաբեկիչներ: Հայերն, իհարկե, թքած ունեին` իրենց գնորդը ծայրահեղական կլինի, թե պահպանողական, և սիրով ձեռնամուխ են եղել ,,սաղացնելու,, գործընթացին: Ապրիլին սահմանային հսկիչ սարքերը շրջանցելու համար կապարե թիթեղներով պատված ,,Մալբորոյի.. տուփի մեջ զետեղելով 18 գրամ մինչև 89,4 տոկոս հարստացված ուրանը, նրանք գնացքով հասել էին Թբիլիսի, միջուկային նյութով հետաքրքրված մի ,,լուրջ.. կազմակերպության անդամի ներկայացրել իրենց ապրանքը և դրա դիմաց պահանջել ոչ ավել, ոչ պակաս`8 միլիոն դոլար: Ընդ որում, կոմերսանտները պնդել էին, թե եղածն ընդամենը փորձանմուշ է ու որ իրենք կարող են հայթայթել նույնիսկ 120 գրամ ուրան: Քիչ ավելի ուշ` տեսնելով, որ գնի հարցում չափն անել են, նվազեցրել էին մինչև 1,5 միլիոն ու հենց այդ պահին էլ վրա էր հասել խոր հիասթափությունը: Հյուրանոցի համարի դուռը բացվել էր, ներս էին լցվել վրացի իրավապահներն ու ի չիք էին դարձրել հայերի ռադիոակտիվ երազանքը: Շուտով հայտնի էր դարձել, որ գնորդն էլ վրացական հատուկ ծառայությունների աշխատակից էր եղել:
Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած փակ դատավարության ժամանակ հրապարակվեցին հայ անունները` Հրանտ Օհանյան, ով Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթման բաժնում գիտաշխատող է եղել, գործարար Սմբատ Տոնոյան և այս գործին առնչություն ունեցող, Հայաստանում ձերբակալված Գարիկ Դադայան, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ք.օր.-ի 215 հոդվածի 2-րդ մասով (ռադիոակտիվ նյութերի մաքսանենգություն): Հիմա արդեն նրանք բոլորն էլ իրենց մեղավոր են ճանաչել:
Սակայն այս ամբողջ պատմության արժեքը կխամրեր, եթե այն զետեղվեր սովորական քրեական գործողության շրջանակներում: Մինչդեռ ամեն բան շատ ավելի ընդարձակ հարթության վրա է դիտարկելի: Կծիկը քանդվել է, և տարբեր ուղղություններով ձգված թելերը նորանոր առնչություններ են բացահայտում` առիթ տալով մի շարք բազմիմաստ հետևություններ կատարելու:
Արևմուտքում արդեն շտապեցին արձանագրել, որ այն կարծիքը, թե ատոմային մաքսանենգները առաջվա պես շատ ակտիվ են նախկին Խորհրդային Միության սահմաններում, հորինվածք չէ, և հիմա Հայաստանը կարող է դիտարկվել իբրև դրա օջախներից մեկը: Նման պարագայում քիչ հետաքրքիր է, որ խոսքը ռազմական ռեակտորներում օգտագործվող հարստացված ուրանի մասին է, մի բան, որը Հայաստանում տեխնիկապես ստանալ ուղղակի հնարավոր չէ: Կարևորն այստեղ աղմուկն է ու մեղավորների մատնանշումը: Տվյալ դեպքում ստվերում կմնա այն փաստը, որ վտանգավոր բեռը ստացվել էր Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքից, որտեղ կա միջուկային վառելիքի վերամշակման գործարան։ Դեռ տարիներ առաջ տեղեկություններ էին հրապարակվել, այն մասին, որ հիշատակված գործարանում միջուկային նյութի որոշ քանակի անհետացում էր արձանագրվել:
Նման կերպ կհիշեն միայն այն մասին, որ դեռևս այս տարվա գարնանը Վրաստանի նախագահ Սահակաշվիլին հայտարարել էր, թե իր երկրի հատուկ ծառայությունները բացահայտել ու խափանել են գերհարստացված ուրանը իսլամական ծայրահեղական խմբավորմանը վաճառելու դավադրությունը: Եվ ոչ մի բառ այն մասին, որ ոչ մի ծայրահեղական էլ իրականում չկար: Ու քանի որ մենք չափազանց քիչ բան գիտենք ատոմային մաքսանենգության ոլորտում ապօրինի առևտրի և այն մասին, թե որքան գողացված նյութեր են գտնվում շրջանառության մեջ, ապա այդ չիմացությունն իր սև գործը կկատարի: Եթե մասնագետը տեղյակ է, որ նման քանակությունը բավարար չէ ատոմային ռումբ ստեղծելու համար, ապա ոչ մասնագետներին առանձնապես դժվար չէ համոզել, թե իբր հայերի ձեռքում եղած չափաքանակը բավարար էր դա օգտագործվել միջուկային մարտագլխիկի մեջ, իսկ խոսքն ավելի պատկերավոր դարձնելու համար նաև հավելել, որ հարստացված ուրանը կարելի է օգտագործել ռազմական նպատակներով, որի մեկ կրիտիկական զանգվածը բավարար է Հիրոսիմայի աղետը կրկնելու համար:
Եկեք նաև հիշենք, որ ընդամենը մեկ տարի առաջ նույն Արևմուտքում հայտարարեցին, թե Հայաստանը տարանցիկ ճանապարհ է հանդիսանում ռազմական նպատակներով օգտագործվող հարստացված ուրան-235-ի համար: Իբրև ասվածի հիմնավորում մեջբերվում էր ԱՄՆ գլխավոր դատախազության եզրակացություններից մեկը, որտեղ խոսք էր գնում Կոլումբիայի ահաբեկիչներին ուրան փոխանցելու երթուղու մասին` նշելով հետևյալ մեխանիզմը. հարստացված ուրանը Հայաստանից տեղափոխվել է Ռումինիա, որտեղից էլ իր ճամփան շարունակել է Դանիա-Հոլանդիա-Անթիլյան կղզիներ-Կոլումբիա երթուղով: Իսկ ԱՄՆ Պետքարտուղարությունը` հրապարակելով Ահաբեկչության դեմ պայքարի 2009 թվականի տարեկան հաշվետվությունն ըստ երկրների, Հայաստանին վերաբերող հատվածում գրում էր, որ թեև մեր երկիրը առաջընթաց է արձանագրել զանգվածային բնաջնջման զենքի թրաֆիքինգի դեմ պայքարում, այդուհանդերձ ,,համատարած կաշառակերությունը շարունակեց խոչընդոտել օրենքների լիակատար իրագործմանը, որոնք կբարելավեին հակաահաբեկչության ոլորտում Հայաստանում տիրող իրավիճակն ու ահաբեկչական գործողություններին արձագանքելու հնարավորությունները,,:
Ահա այսպիսի բաներ: Իսկ շարադրված պատմության մեջ իսկական սենսացիայն ոչ թե այն է, որ երեք հայեր որոշեցին ուրան վաճառել, այլ այն, որ Հայաստանում նման բան կա ու դա կարելի է առանց դժվարության ձեռք բերել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ

9 Նյմ

ԿԱՊՈՒՅՏ ԼՈՒՍԱԿԻՐԸ
Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը մի տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, ինչպիսին Միլանի երկինքը երբեք չէր եղել:
Սպասելով, որ ինչ-որ բան կհասկանան, մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլիստները շարժիչներին ստիպում էին մռնչալ, իսկ ամենագեր հետիոտները բղավում էին.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակներ էին անում.
-Կանաչը պաշտոնյաներից մեկը կերած կլինի քաղաքից դուրս ամառանոց կառուցելու համար:
-Կարմիրն օգտագործել են «Ջարդինի» այգիների ձկներին ներկելու համար:
-Իսկ գիտե՞ք` ինչ են անելու դեղինի հետ: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` երթևեկությունը կարգավորելու համար: Մի ուրիշ ոստիկան գտավ կառավարման վահանակը, որպեսզի ուղղի թերությունը, և անջատեց հոսանքը:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճեր: Ես նրանց ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել երկնքի համար: Եթե ինձ հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Բայց միգուցե քաջությունը չբավականացրեց»:

ՄԵԿ ԵՎ ՅՈԹ
Ես ծանոթացել էի մի երեխայի հետ, որը յոթ երեխա էր: Ապրում էր Հռոմում, անունը Պաոլո էր, և նրա հայրը տրամվայի վարորդ էր:
Սակայն ապրում էր նաև Փարիզում, անունը Ժան էր, և նրա հայրն աշխատում էր ավտոմեքենաների գործարանում:
Սակայն ապրում էր նաև Բեռլինում, այնտեղ անունը Կուրտ էր, և նրա հայրը թավջութակի պրոֆեսոր էր:
Սակայն ապրում էր նաև Մոսկվայում, անունը Յուրի էր, ինչպես Գագարինինը, և նրա հայրը քարտաշ էր ու մաթեմատիկա էր սովորում:
Սակայն ապրում էր նաև Նյու Յորքում, անունը Ջիմմի էր, և նրա հայրը բենզին վաճառող էր:
Քանիսի՞ն թվարկեցի: Հինգին: Մնացին երկուսը:
Մեկի անունը Չու էր, ապրում էր Շանհայում, և նրա հայրը ձկնորս էր, վերջինի անունը Պաբլո էր, ապրում էր Բուենոս Այրեսում, և նրա հայրը ներկարար էր:
Պաոլոն, Ժանը, Կուրտը, Յուրին, Ջիմմին, Չուն և Պաբլոն յոթն էին, բայց միևնույնն է` նույն երեխան էին, որը ութ տարեկան էր, արդեն գիտեր կարդալ, գրել և հեծանիվ քշել առանց ղեկը բռնելու:
Պաոլոն սևահեր էր, Ժանը` շիկահեր, իսկ Կուրտը շագանակագույն մազեր ուներ, բայց նրանք նույն երեխան էին: Յուրին ճերմակ մաշկ ուներ, Չուն` դեղին մաշկ, բայց նրանք նույն երեխան էին: Պաբլոն իսպաներենով էր կինոնկարներ դիտում, Ջիմմին` անգլերենով, բայց նրանք նույն երեխան էին և նույն լեզվով էին ծիծաղում:
Այժմ յոթն էլ մեծացել են և այլևս չեն կարող պատերազմել, որովհետև յոթն էլ նույն մարդն են:

Թարգմանիչ Լուսինե Հակոբյան

ՉԵՍԼԱՎ ՄԻԼՈՇ

9 Նյմ

ԱՉՔԵՐԸ
Օպերատորը` դու տեսնում ես: Ես մի պահ քեզ հնարավորություն տվեցի տեսնելու ջրկոտեմի ծաղիկը թիթեռի աչքերով, եւ կենալ թիթեռ: Թույլատրեցի նայել մարգագետնին սալամանդրի աչքերով: Այնուհետեւ քեզ պարգեւեցի տարբեր մարդկանց աչքերը, որպեսզի դու տարբեր կերպ նայես միեւնույն քաղաքին: — Պիտի խոստովանեմ, ես չափազանց ինքնավստահ էի: Այնքան էլ մեծ չէ նմանությունը այն բանի միջեւ, թե ինչ էին այդ քաղաքի փողոցներն ինձ համար, եւ ինչ էին այն մարդկանց համար, ովքեր քայլում էին կողքիս նույն մայթերով: Եվ եթե ես գոնե համոզված լինեի, որ բացի բազում անձնական, միմյանց հետ չկապված տպավորություններից, այլ բան գոյություն չունի: Սակայն ես փնտրում էի ամենքի համար միասնական, բոլորի համար տեսանելի իրերի ճշմարտությունը, եւ այդ պատճառով քո ցույց տվածը ինձ համար դարձավ այդքան ծանր փորձություն եւ գայթակղություն:

ԱՆՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Նրան չէր հաջողվում վերահսկել իր մտքերը: Նրանք հածում էին, որտեղ կամենում էին, եւ հետեւելով դրանց, նա վախ էր ապրում: Այդ մտքերը բարի չէին, եւ դատելով դրանցից, դրանցում դաժանություն էր ապրում: Նա կարծում էր, որ աշխարհը չափազանց անուրախ է, եւ մարդիկ արժանի են սոսկ նրան, որ գա նրանց գոյության վերջը: Միաժամանակ նա կասկածում էր, որ երեւակայության դաժանության եւ ստեղծագործական խթանի միջեւ գոյություն ունի ինչ-որ կապ:

ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
Մշտապես մտածում ես, որ պետք է գոյություն ունենա որեւէ տեքստ, որում ինչ-որ կերպ արտացոլվել է այն հրեշայինի էությունը, որը դրսեւորվեց այս դարում: Կարդում ես հուշեր, լրատվություն, վեպեր, բանաստեղծություններ` միշտ հուսով եւ միշտ միեւնույն արդյունքով` այն չէ: Միայն թե վեհերոտ մի միտք է ծագում երկրի երեսին մարդու ճակատագրի մասին` այն չէ, ինչը մեզ ուսուցանել են: Մեզ համար սարսափելի է նույնիսկ փորձելն այդ անվանելը:

ԴԱՏԸ
Մեր արարքների հետեւանքները: Միանգամայն անկանխատեսելի` չէ որ մեր արարքներն ամենատարաբնույթ կերպով կապված են այլ մարդկանց արարքներին եւ իրադրություններին, թեպետ, երեւի թե, որեւէ անբասիր աշխատող համակարգիչ կարող էր այդ հետեւանքներ հաշվարկել: Պարտադիր շտկմամբ առ դիպվածը` քանզի ինչպե՞ս հաշվարկես, թե ինչպես է վերջանալու բիլյարդի գնդակի շարժումը, որը դիպչել է այլ մի գնդակի: Կարելի է, սակայն, պնդել, որ ոչինչ տեղի չի ունենում պատահաբար: Այսպես թե այնպես, հայտնվելով ճշգրիտ հաշվարկած քո կյանքի արդյունքում (Ահեղ Դատաստանը), կա, թե ինչից զարմանք կտրես. ուրեմն, ես պատասխանատու եմ ողջ չարիքի համար, որն իմ կամքի դեմ է գործվել: Ուրեմն, կշեռքի մյուս նժարի վրա բարիքն է, որը ես պատրաստվում էի գործել եւ որի մասին չէի կասկածում:

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՄՈԹ
Պոեզիան` ամոթ բան է, քանզի նրա սկիզբը շատ նման է այն զբաղմունքներին, որոնք ընդունված է կոչել մտերմիկ: Պոեզիան չի կարելի զատել սեփական մարմնի գիտակցումից: Այն եւ կապված է նրա հետ, եւ անմարմին է, թեւածում է բարձունքում, ձեւացնելով, թե պատկանում է առանձին ոլորտի` ոգուն, եւ հենց դրա համար էլ ամոթ է: Ես ամաչում էի այն բանից, որ բանաստեղծը, կարծես թե, մերկացած, հասարակորեն ցուցադրում էր մարմնական արատը: Նախանձում էի մարդկանց, ովքեր բանաստեղծություն չեն գրում, եւ որոնց այդ պատճառով նորմալ էի համարում, ինչում սակայն սխալվում էի, քանզի այդպիսի բնորոշման արժանի են շատ քչերը:

 

%d bloggers like this: