ՃՇՄԱՐԻՏՆԵՐԸ, ԴԱՀԻՃՆԵՐԸ
Ատում եմ ձյունը,
Նրա անաղարտությունը օդապատրանք է սատանայական,
Շլացնում է այն, սակայն փայլը նրա որոգայթ է ու դավ,
Ցավ ու պատուհաս նրան, ով իրեն փրկված կհամարի`
Գայթելով փորձությանը
Ի գին գոյության` ձյան պես անաղարտ:
Խորշում եմ պարկեշտությունից անկիրք ու պաղսիրտ:
Պժգալի եք ինձ,
Անարատ շունչ-հոգիներ, մինչև ատամներն անկեղծ, շուշանագեղ,
Կզաքիսից ավելի մսակեր, գիշատիչ Հրեշտակներ,
Ողորմած եք խիստ, երբ գոչում եք ճիրանների միջից ձեր աղվափետուրե:
Աստված թող փրկեա զիս ձեր ատամներից ճերմակ: Թող
Որ գառնուկը չմոլորվի ձյան մեջ կուսական,
Ու թող չկորսվի նա մաքրաբարո անձանց մեջ,
Զի գեղմը նրա ձյունաճերմակ չէ,
Այլ մոխրադեղնավուն ու ճենճերահոտ, խառնակույտ
Մի փշալից, որին հողանյութը մարդկային հագչել է հետո,
Եվ ժահրը անառակության, և արյունը գռեհիկ,
Եվ արցունքների սփոփանքը դառնահամ:
Աստված պիղծ է,
Ով անպարսավելիներ:
Առաքինություն… կա՞ ավելի նողկալի բան արդյոք:
Պատվիրազանցությունից հետո հալվել է կնիքը անմեղության,
Դրախտավայրի թույլ մի նշմարանք, ջուրը, որ նեխած է, ավաղ,
Լավ չէ՞ արդյոք բորբոքել պապակիս տենդը մեզի գետերով`
Եդեմական թույն ու վարակն այդ ըմպելու փոխարեն:
Ավելի նողկալի բան կա՞ արդյոք, քան միտքը
Անպարսավելիների:
Խոսքը նրանց շողոքորթ է ձյունից ավելի,
Մանանան` սրբապիղծ աղտեղանքը բովանդակող,
Տեսել եմ մեղրածոր շուրթերը նրանց, ծանոթ է ինձ
Անցքը ամոթալի,
Այսպես, Գառան շուրջ շրջան բռնած գայլերն այդ
Վերաճառում էին Սկզբնավորման Պատմությունը Տիրոջ:
Թողնել պատասխան