ԽՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ

6 Նյմ

«Առակ առանց բարոյախոսության»

Մի մարդ վաճառում էր գոչյուններ ու բառեր, եւ նրա գործերը վատ չէին ընթանում, թեեւ մարդիկ հաճախ նրա հետ սակարկում էին՝ աղերսելով գինն իջեցնել: Համարյա միշտ նա նրանց ընդառաջում էր, այնպես որ, օրվա ընթացքում կարող էր վաճառել բազում կոչեր փողոցային առեւտրականներին, որոշ քանակով հոգոցներ ռենտայով ապրող սենյորներին, ինչպես նաեւ՝ բառակազմություններ լոզունգների, գովազդային հայտարարությունների, խնդրագրերի եւ անսպասելի մտքերի համար:
Մի անգամ էլ նա որոշեց ընդունելություն ստանալ տեղի բռնակալիկի մոտ, ով բռնադատելով երկիրը, ոչնչով իր նմաններից չէր տարբերվում եւ ընդունեց խնդրարկուին գեներալների, նախարարների եւ սուրճի գավաթների ընկերակցությամբ:
— Կամենում եմ ձեզ վաճառել ձեր վերջին խոսքերը,- ասաց մարդը,- դրանք ձեզ շատ պետք կգան: Չէ՞որ ձեր վերջին ժամին դրանք, ինչպես հարկն է, չեն կապակցվի, իսկ ասել դրանք անպայման հարկ կլինի, որպեսզի գերեզմանի եզրին, առանց կմկմալու ուրվագծեք պատմական հետադարձ հեռանկարը:
— Թարգմանի ինչ է դուրս տալիս,- հրամայեց բռնակալիկն իր թարգմանչին:
— Ձերդ գերազանցություն, նա արգենտիներեն է խոսում:
— Արգենտիներե՞ն: Ինչո՞ւ ոչինչ չեմ հասկանում:
— Դուք ամեն ինչ հիանալի հասկացաք,- ասաց մարդը,- կրկնում եմ, ես եկել եմ վաճառելու ձեզ ձեր վերջին խոսքերը:
Բռնակալիկը վեր թռավ, ինչպես նման դեպքերում պատահում է, եւ հազիվ խեղդելով ձայնի դողոցը` հրամայեց ձերբակալել մարդուն եւ նետել հատուկ զնդանը, նրանցից, որ միշտ առկա են նմանատիպ կառավարումների դեպքում:
— Ափսոս,- ասաց մարդը, երբ նրան տանում էին,- Դուք, անշուշտ, կցանկանաք ասել ձեր վերջին խոսքերը, այլապես ինչպե՞ս կուրվագծեք հետադարձ պատմական հեռանկարը: Դե, ես էլ ուզում եմ վաճառել դրանք, ոչ մի խաբեություն այստեղ չկա: Սակայն, եթե դուք չեք ուզում ծախս անել այդ բառերի վրա, ապա չեք կարողանա նախօրոք սերտել այն պահի համար, երբ դրանք լեզու-բերան կգան, եւ արտասանել դրանք դուք չեք կարողանա:
— Իսկ ինչո՞ւ ես չեմ կարողանա արտասանել այդ բառերը, եթե դրանք հենց նրանք են, որ ես կկամենայի արտասանել,- հարցրեց բռնակալիկն՝ անցնելով սուրճի հաջորդ գավաթին:
— Ահը թույլ չի տա,- տրտմորեն պատասխանեց մարդը: -Չէ՞ որ դուք սարսափից ու ցրտից կդողաք: Մեն մի վերնազգեստով, թոկը վզներիցդ կախ, ձեր լեզուն փաթ կընկնի, այնպես որ, որեւէ խոսք կարգին արտաբերել չեք կարողանա: Դահիճը եւ ներկա գտնվող պարոններից նրա ընթերակաները ձեւի համար մի երկու րոպե կսպասեն, եւ երբ ձեր կոկորդից ոչ այն է՝ հառաչ, ոչ այն է՝ զկրտոց, ոչ այն է՝ ներման պաղատանք կարտաբերվի, թոթովել դուք կարող եք ընդամենը դա, ապա նրանք, համբերությունը կորցրած, տեղում ձեզ կկախեն:
Դահիճի ծայրահեղ վրդովված ընթերակաները եւ մանավանդ գեներալները սկսեցին ճնշել բռնակալիկին` այդ մարդուն տեղնուտեղը գնդակահարելու պահանջով: Սակայն բռնակալիկը ողջ-դժգույն մահվան հանգույն, բռիաբար քշեց նրանց եւ եկվորի հետ փակվելով, սկսեց գնել նրանից իր սեփական վերջին խոսքերը:
Մինչդեռ գեներալներն ու նախարարները, ծայրաստիճան ստորացված այն բանից, թե ինչպես վարվեցին իրենց հետ, խռովություն ծրագրեցին եւ հաջորդ առավոտյան որսացին բռնակալիկին, երբ նա իր սիրած տաղավարում խաղող էր ըմբոշխնում: Որպեսզի նա չհասցնի իր վերջին խոսքերից որեւէ մեկն ասել, նրան տեղնուտեղը գնդակահարեցին: Այնուհետեւ կառավարական պալատում սկսեցին փնտրել բառավաճառին, որ ասես գետնի տակ էր անցել, բայց շուտով նրան գտան շուկայում, որտեղ նա կոչեր էր վաճառում փողոցային մարմնամարզիկներին եւ աճպարարներին: Նրան նետեցին բեռնասայլը եւ հասցնելով ամրոց, սկսեցին խոշտանգել, որպեսզի նա ասի, թե այդ ինչպիսին պիտի լինեին բռնակալիկի վերջին խոսքերը: Բայց քանի որ ոչ մի խոսք չկարողացան նրանից կորզել, ապա քացով նրան տանջամահ արեցին:
Իսկ փողոցային առեւտրականները, որ նրանից տարբեր կոչեր էին գնել, շարունակում էին ճչալ դրանք խաչմերուկներում, եւ այդ կոչերից մեկը հետագայում դարձավ գեներալների եւ նախարարների վերջը տվող հակահեղափոխական շարժման նշանաբառն ու արձագանքը: Նրանցից ոմանք մահվանից առաջ խուճապահար մտածում էին, որ ողջ եղածը համատարած թյուրիմացությունների շղթա է, եւ այդ տարբեր բառերն ու կոչերը, որքան էլ դրանք անհեթեթ թվային, լիովին կարող էին վաճառվել, ի դեպ, առանց գնելու իրավունքի:
Այսպես նրանք բոլորն էլ ուղեւորվեցին հողում փտելու` բռնակալիկը, բառավաճառը, գեներալներն ու նախարարները, բայց ճիչերը տարբեր անկյուններում մերթ ընդ մերթ շարունակում էին հնչել:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s