Պահոց | 8:08 ա.

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

5 Նյմ

ՍԵՐ ԱՌ ԵՐԵՎԱՆ
«Եթե չես կարող գրել բանաստեղծություններ զանազան հարգելի և ոչ հարգելի պատճառներով և եթե չես կարող գրել պատմվածքներ, որովհետև հերոսներդ դեռ չեն տիպականացել, մի հուսահատվիր, նստիր ու գրիր քանդակներ։ Մի թողնի, որ ժանգոտի գրիչդ, դրանից էլ ժանգոտում է սիրտդ ու հոգիդ, հավատա»,- այսպիսի խորհուրդ էր տալիս գրչակից ընկերներին հայ նշանավոր գրող Գուրգեն Մահարին (1903-1969 ), և կարծես թե ինքն էլ մնաց միակը, ով հետևեց իր իսկ խորհրդին ու թղթին հանձնեց բազմաթիվ փոքրածավալ, սակայն սրամիտ, հուզիչ, խորիմաստ պատմություններ ժամանակի, մարդկանց, հիշողության ու կարոտի մասին: Ցավոք, հեղինակի կենդանության օրոք դրանցից շատերն այդպես էլ չհասան ընթերցողին: Երկու աքսոր ու ստալինյան ճամբարների սոսկումներն ապրած Մահարու գրական ժառանգության մի ստվար հատված գրաքննության թեթև ձեռքով դրվեց ծանր փակի տակ, որոշ գործեր խմբագրությունները մերժեցին ամենաանհեթեթ և անլուրջ պատճառաբանություններով: Եվ միայն այսօր այդ ձեռագրերը դուրս են բերվում թղթապանակներից` ամբողջացնելով ու էլ ավելի հարստացնելով արձակագիր Մահարու աշխարհընկալման ներկապնակը:
Նման ճակատագրի արժանացած գործերի թվին է դասվում նաև «Երևանյան քանդակներ» ընդհանուր խորագիրը կրող մանրապատումների այս շարքը, որը թվագրված չէ, բայց ամենայն հավանականությամբ գրվել է 1960-ականների սկզբներին: Ձեռագրում որոշ տողեր կրճատված կամ փոփոխված են հենց հեղինակի գրչով, մի քանի հատվածներ անընթեռնելի են, կան էջեր, որտեղ անկնառու է կողմնակի միջամտության կամ խմբագրման պարտադրանքը (օրինակ Վ. Սարոյանին նվիրված հատվածում Սարոյանի անունը ջնջված է և փոխարենը գրված` «գրող, որն ապրում է Ամերիկայում»): Այդ իսկ պատճառով մենք նպատակահարմար գտանք ստորև հրապարակվող գործը ներկայացնել իր նախնական մտահղացմամբ ու բովանդակությամբ:
Ինչպես մի առիթով իրավացիորեն նկատել է բանաստեղծ Համո Սահյանը` «Մահարու վրիպակներն անգամ տաղանդավոր են»: Եվ եթե Սահյանի խոսքը համարենք սրամիտ չափազանցություն, ապա չենք կարող չխոստովանել, որ նման գնահատանքն ասված է ոչ հանիրավի, այլ ըստ արժանվույն:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՔԱՆԴԱԿՆԵՐ

Որպես նախերգ

Ես ուզում եմ գրել Երևանի մասին:
Վերջերս ես եղա մեր մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգում և մի անգամ էլ հիշեցի հին Երևանը: Ես հիշեցի հին Երևանը և հատկապես գավառական այդ մայրաքաղաքի կամ մայրագյուղի այն վայրերը, որտեղ փռված է հիմա` սաղարթախիտ ծառերով և գարնանային թարմությամբ շնչող ծառուղիներով հարուստ Կիրովի անվան մանկական զբոսայգին:Եվ ամեն անգամ, երբ առիթ է լինում գրել նոր Երևանի մասին, չես կարող չհիշել հինը: Չես կարող չհիշել հինը և չզարմանալ,- այդ ե՞րբ էր: Այդ ե՞րբ էր: Ճիշտ այստեղ…
Բայց դա չի մտնում իմ գրավոր խոհերի և մտորումների նախերգում: Այդ բուն երգն է, տխրությամբ ու նայիրյան վշտով թովուն մի երգ, որը սակայն վերջանում է զվարթ, առնական, շենշող, մեր մեծ ներկայի և հաղթական ապագայի նման:
Ես իմ նախերգով միայն ակնարկում եմ, որ ուզում եմ գրել Երևանի և հատկապես նրա այն վայրերի մասին, որտեղ փռված է հիմա` երգող ծառերով և շնչող ծառուղիներով հարուստ Կիրովի անվան մանկական զբոսայգին:

Երգ առաջին, կամ հին Երևանի ամենահիշարժան անկյունը

Ոչ Շիլաչի մահլի հողաշեն և կավաշեն տնակները, ոչ հնամենի Կոնդն` իր կոնդապատկան շրջակայքով, նիստուկացով և բարդիների խշշոցով, չկարողացան դառնալ հին Երևանի կենցաղային ու տեղագրական կենտրոնը:
Երբ հիշում ես հին Երևանը, առաջինը, որ փռվում է հիշողությանդ լուսարձակի տակ, դա Ղանթարն է և նրա ղանթարական «հարստությունները»:
Այդ այն է, ինչ Աբովյանի օրերին կոչվել է «չարսու բազար», որի մասին անմոռանալի էջեր է թողել անհայտ ճանապարհորդ Ջիովանելլին և հայտնի վիպերգակ Ակսել Բակունցը, որդի Ստեփանի, ի գեղջեն Գորիս:
Սակայն այն, ինչին վերահասու եղավ իմ սերունդը, ամենևին նման չէր իտալացի վանական, անհայտ ճանապարհորդ Անտոնիո Ջիովանելլու նկարագրած կախարդական չարսու բազարին:Դեռ 1840 թվին անհետացել էին և չարսու բազարի բակում շրջող սիրամարգերն ու դրախտային թռչունները, շատրվանն ու նման հազար ու մի հրաշալիքներ:
Մի դար հետո, Ակսել Բակունցի նկարագրությամբ «…մնում էին անհուն հարստությունը վկայող բազմաթիվ կիսախարխուլ կրպակներ, որոնց մի մասն իսպառ քանդել էին ռուսները և աղյուսներն օգտագործել բերդի նոր զորանոցի համար…»:
Ինչին որ հասավ իմ սերունդը, դա ոչնչով նման չէր ոչ իտալացի ճանապարհորդի տեսած, ոչ գորիսեցի վիպերգակի նկարագրած չարսու բազարին: Սակայն արդարության դեմ մեղանչած կլինեինք, եթե ուրանայինք, որ Ղանթարն է հին Երևանի ամենահիշարժան և տեսարժան վայրը:

Երգ երկրորդ. Ակսել Բակունցի հետ

Նրա հետ հաճախ մենք լինում էինք այս վայրերում և գնում Կապույտ մզկիթի զովասուն բակը «պարսկական թեյ» խմելու:
— Երևան, չարսու բազար,- ասում էր նա ու նայում շուրջը,- կարող ես պատկերացնել, թե ի՞նչ կլինեն այս վայրերը 50-60-ական թվականներին,- ասում էր, մտածում ու եզրափակում,- չես ճանաչի:- Աբովյանը եղել է այս տեղերում,- շարունակում էր բարձրաձայն մտածել նա,- հարյուր տարի է անցել: Բայց եթե այսօր նա հրաշքով անցներ այս տեղով, նա չէր զարմանա, կճանաչեր հին վայրերը: Բայց ահա` 50-60 թվերին, այս ամենը, ինչ տեսնում ես, հիշողություն կդառնա, հե-ռու~ հիշողություն…Ու ժպտում էր իր կապույտ, հստակ աչքերով:
Հե-ռու~ հիշողություն:
Շոգ է, երևանյան ամառնային այրող արև: Փոշու միջով քայլում ենք, ինչպես ձմռան ձյուների միջով: Նա ոտքը խփում է մի քարի ու շարժում տեղից.
— Գուցե Աբովյանի ոտն էլ է կպել էս քարին: Իսկ 50-60 թվերին դու չես տեսնի մի քար, որին կպած լինեն մեր ոտները: Չես գտնի:
Նա ժպտում էր իր խոհերին, ինքն իրեն և կրկնում.
— Երևան, չարսու բազար…

Երգ երրորդ.

Ես չեմ ուզում կրկնել այն, ինչ նկարագրել եմ ին «Երիտասարդության սեմին» գրում` Ղանթարի մասին: Ես այնտեղ նկարագրել եմ, այսպես կոչվող, նախահեղափոխական Ղանթարը, այն Ղանթարը, որը գոյություն ուներ մինչև 1920 թվականը:
Բայց չէ՞ որ Ղանթարը պահեց իր գոյությունը դեռ երկար տարիներ: Երևանի տժվժիկն ու Վանի ժաժիկը դեռ երկար տարիներ դիմացան ու Ղանթարը երկար տարիներ հպարտանում էր թե մեկով, թե մյուսով: Բայց փոխվել էին ժամանակները: Կոոպերացիան, պետական առևտուը քայլ առ քայլ առաջանում էին, ուժեղանում, մասնավորը նահանջում էր ու թուլանում:
Այնտեղ, մանկական զբոսայգու հյուսիսային կողմում, որտեղ այժմ կանգնած է «Արարատ» տրեստի բնակելի շենքը, կամ հենց այնտեղ, ուր մանկական հրապարակն է և կարուսելը, մանր խանութներ էին, ուր ապաստանել էին չթավաճառներն ու մանր առևտրականներ:Նրանք անգործությունից ու ձանձրույթից մոտենում էին իրար և [անընթեռն. ] դեմքով ուրախ կատակում.
— Ախանես աղա՞, առուտուր անելով մեռար, չերթա՞նք մի փարթի նարդի խաղանք:
— Ռուբեն աղա, էսպես որ էրթա գործը, Աֆրիկով կդառնաս ու մեզ էլ բարև չես տա…
Ղանթարի շուրջը չէին թափառում այլևս անապաստան մանուկները: Նրանք տեղավորված էին պետական մանկատներում:
Մինչև 20 թվականը «սպեկուլյանտ» կոչումը պաշտոնի պես բան էր.
— Քո մարդը ի՞նչ գործի է, տիկին Սաթենիկ:
— Հարկային տեսուչ:
— Հարկային տեսո՞ւչ,- արհամարհանքով ասում էր խոսակիցը,- էլ գործ չի՞ գտել: Իմ Սետրակը սպեկուլյանտ է:
Քսան թվից հետո «սպեկուլյանտ»-ը դարձավ, նախ թեթև, միջին և ի վերջո` ծանր հայհոյական խոսք:Մի օր էլ լուր տարածվեց, որ Ղանթարն իր շրջակա ղանթարական խանութներով և հողերով ընկել է «պլանի տակ»:
— Լավ,- հարցրեց Ախանես աղան Փանոս աղային, երբ երեկոյան փակում էին խանութները,- ապա մասնավոր առևտրականները ո՞նց պիտի գործ անեն:
— Մասնավորները գործ չպիտի անեն,- պատասխանեց Փանոս աղան,- մասնավոր առուտուրը պիտի վերջանա:
Ախանես աղան նայեց իր խոսակցին և խորին համոզմունքով առարկեց.
— Առանց մասնավոր առուտուրի պետություն չի լինի:
— Կլինի,- մռմռաց Փանոս աղան և երկուսն էլ լռեցին:

Երգ չորրորդ. Վիլյամ Սարոյանի հետ

Առաջին հնգամյակի վերջերին Երևան էր եկել դեռ երիտասարդ ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը: Մենք գնում էինք Կապույտ մզկիթ թեյ խմելու: Ղանթարն ապրում էր իր վերջալույսը:
Մեր ճանապարհը կտրեց մի գյուղացի իր ավանակով:
— Այս էշը ես եմ,- ասաց Սարոյանն իր անգլերենանման հայերենով:
— Ինչու՞,- զարմացա ես:
— Իմ հայրս միշտ ինձի կըսեր,- երբ մեծանաս, էշ պիտի դառնաս,- եղավ պատասխանը:
Վիլյամ Սարոյանը այլևս Երևան չի եկել: Եթե հիմա գա, հազիվ թե հիշի իր հորը:Այո, եթե այսօր Երևանի փողոցներում ավանակի հանդիպես, բռնիր և հանձնիր միլիցիային: Միլիցիան կհանձնի իր օրինական տիրոջը` կենդանաբանական այգու տեսչությանը…

Երգ հինգերորդ. Մկրտիչ Արմենի ահազանգը

«Մեռնում է հին, դարավոր Երևանը»,- ահազանգեց արձակագիր Մկրտիչ Արմենը դեռ 1931 թվականին իր «Երևան» վեպում:
Եվ ի՞նչ էր այդ հին Երևանը,- հողաշեն տներ` տափակ կտուրներով, գավառական փոշի, գավառական ձանձրույթ:
Եվ ինչ էր այդ հին Երևանը,- նեղ, ծուռումուռ քուչաներ, ռուսական եկեղեցի, պարսկական բաղնիք ու չայխանա, հայկական [անընթեռն. ] ու թեմական քաշքշուկ…
Երևան բաղ եմ արել…
Սովետական կարգերը թև տվին հանճարեղ ճարտարապետին ու աշխարհ եկավ նոր թամանյան Երևանը:
Աշխարհ եկավ և սկսեց աճել Սասունցի Դավիթի նման, արագ, տիրական, ամուր: Երևանը դուրս եկավ իր ափերից, ասպատակեց բլուրները…[անընթեռն. ] վերածնեց Արաբկիրը, Շահումյանը, Նոր Արեշը, Քանաքեռը…
Հին Երևանը, որն Արմենի գրքում վառվում է արևելյան ֆանտաստիկ, կախարդական գույներով, այսօր պատմություն է ու ռոմանտիկա: Դրա փոխարեն որոտում է նոր Երևանը` իրական, շոշափելի, տեսանելի և լսելի Երևանը, շքեղ քաղաքամայրը Սովետական Հայաստանի:

Վերջերգ

Գարնանային արևով ողողվել է Երևանը:
Գուցե ոչ մի տեղ գարունն այնպես զգալի չէ, որքան մեր մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգում: Եվ այդ հասկանալի է: Մանկությունն ինքը հենց գարունն է, անկախ նրանից, թե գարո՞ւն է, ամա՞ռ, աշո՞ւն է, թե՞ ձմեռ…
Գարունը կրկնակի գարուն է Կիրովի անվան մանկական այգում: Գարուն` գարնան հետ, գարուն` ողողված գարունով, գարուն` գարունված գարուններով:Եվ ամեն անգամ, երբ առիթ է լինում գրել նոր Երևանի մասին, չես կարող չհիշել հինը…

ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

5 Նյմ

ՎԱՐԴԸ
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կըծակեմ,
Որ չըմոռնաս փըշոտ վարդին.
Փըշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

ԱԼԵԽՈ ԿԱՐՊԵՆՏԻԵՐ

5 Նյմ

Չարլի Չապլինի մի խոսքը

Փարիզում կայացած իր վերջին ֆիլմի ներկայացման առթիվ վերջերս Չարլի Չապլինի տված հարցազրույցներից մեկում ինձ շատ հետաքրքրեց մեծ արտիստի պատասխանը, որում ճշգրտորեն կրկնվում է Չեխովի միտքը, որ նա արտահայտել է սահմանափակ տպաքանակով քիչ ընթերցողների համար լույս ընծայված իր նոթատետրերից մեկում… Ժուռնալիստը հարցրել էր Չապլինին. «Դուք արդեն, ավելի լավ, քան որեւէ մեկը, ցույց եք տվել նոր ժամանակների անհեթեթ եւ անպիտան գծերը… իսկ դուք չե՞ք կարող ստիպել մեզ լալ կամ ծիծաղել, նաեւ ցուցադրելով էկրանին, թե ինչպես կհարմարվի ձեր հերոսը այդ նոր պայմաններին նոր ժամանակներում»: Չարլի Չապլինն անվարան պատասխանեց. «Ես ընդամենը կատակերգակ եմ եւ այդչափ նատուրալիստական փորձն ինձ հավակնոտ կթվար: Այն ամենը, ինչ կարող է անել այնպիսի մի մարդ, ինչպիսին ես եմ, դա չարիքը մերկացնելն է, թողնելով նրանց, ովքեր ընդունակ են ավելիին, արդի կյանքի բարդ խնդիրները լուծելու առաքելությունը»:
Անտոն Չեխովը գրել էր. «Պահանջելով արվեստագետից գիտակից մոտեցում աշխատանքին՝ երկու հասկացություն խառնում են` հարցի լուծումը եւ ճիշտ հարցադրումը: Միայն երկրորդն է պարտադիր արվեստագետի համար»: Սակայն շատերը մեր ժամանակներում վիպագրից կամ դրամատուրգից պահանջում են «ուղենիշներ տալ», «լուծումներ» առաջարկել, «ցույց տալ», թե մարդ ինչպես կարող է հաղթահարել այս կամ այն փորձություն: Ինձ թվում է, որ նրանից չափազանց շատ բան են պահանջում: Վիպագիրը բնավ էլ պարտավոր չէ փիլիսոփա, սոցիոլոգ, քաղաքագետ լինել: Վիպագիրը մարդ է, ով ի բնե օժտված է զննողի սուր հայացքով, այս կամ այն չափով վարպետություն ունի, անհատական ոճ եւ նկարագրելու արտահայտչաեղանակ, գեղագրելու կամ հաջող կերպով կյանքը վերարտադրելու շնորհք: Արժանահավատ, խորունկ, դրամատիզմով լեցուն պաշարված քաղաքի պատկերը տալու կարողությունը չի ենթադրում պաշարման գլխավոր պատճառները վեր հանելու, կոնֆլիկտի լավագույն լուծումը գտնելու վերլուծական հատուկ կարողություն: Տնտեսագետը կամ ռազմական ստրատեգն ավելի լավ գլուխ կհանի նմանատիպ հարցից: Մենք բազմիցս զննել ենք, թե ինչպես որեւէ բանաստեղծի կամ արձակագրի բարեմիտ քարոզները ամենեւին չեն համընկնում իրականությանը, որի զարգացման թաքուն օրենքները դրսեւորվում են սոսկ պատմական հետազոտման լույսի ներքո: Գրող-ռոմանտիկները կարող էին ավաղել տրտում բախտը ժիրոնդիստների, որոնց նահատակներ էին համարում: Մեկ դար անց Ֆրանսիական հեղափոխության պատմության մասնագետ Ալբեր Մատիեսի աշխատանքները, որոնք անկողմնակալ, նույնքան էլ հետեւողականորեն բացեցին մեր աչքերը այն բանի վրա, թե որքան երկերեսանություն, ստորություն եւ կեղծապատիրություն կար Դանտոնի մեջ, ով իր թատերական շարժմունքով եւ կոչերով կոծկել էր ամենադավաճանական խարդավանքները:
Վիպագիրը բնավ էլ պարտադիր չէ, որ մարգարե, պայծառատես կամ ուսուցիչ լինի: Նրանից «լուծումներ», «ուղիներ», «ապացույցներ» սպասել` կնշանակի՝ գերագնահատել նրա վերլուծական ընդունակությունները: Այնպիսի հայտնի վիպագիր, ինչպիսին Ջոն Դոս Պասոսն է, կարող էր երբեմն իրեն թույլ տալ միանգամայն սխալ քաղաքական դատողություններ արտահայտել: Բարեսը փորձում էր ինչ-որ ուղիներ նշել, որոնք այդպես էլ ոչ մի տեղ չբերեցին: Զոլայի «Աշխատանքը» այլ բան չէ, քան ուտոպիական ժանրով արձակ մի ստեղծագործություն:Սակայն նրանք, ովքեր ցուցանող նախասահմանում, նախազգուշացնող ձայն, «ուսմունք» եւ «ուղերձ» են պահանջում, այնքան են շատացել, որ գրողն իր պարտքն է համարում իր գրքի վերջին գլուխներում «խրատական» օրինակ ցուցադրելը, ձեւակերպելով բարոյականությունը, որը շատ հաճախ հիշեցնում է այն ասացվածքները, որոնցով ավարտվում են Իրիարտեի եւ Սամանիեգոյի առակները, բայց չէ՞ որ դա էլ ելք չէ: Ազնվորեն ինչ-որ խնդիրներ առաջադրելու եւ ուղիներ ցույց տալու համար գոյություն ունեն սոցիոլոգներ, տնտեսագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ: Ինչ վերաբերում է վիպագրին եւ դրամատուրգին` եթե, իհարկե, նա օժտված չէ բացառիկ ընդունակություններով, որոնք գերազանցում են զննելու եւ նկարագրելու սովորական կարողությունը` թող նա լուծի այն խնդիրը, որը նրան մատնացույց է արել Անտոն Չեխովը՝ նկատի ունենալով ինքն իրեն:
«Այն ամենը, ինչ կարող է անել այնպիսի մարդը, ինչպիսին ես եմ,- ասում էր Չապլինը,- դա չարը մերկացնելն է, թողնելով նրանց, ով ունակ է ավելիին, արդի կյանքի բարդ խնդիրները լուծելու առաքելությունը»:

Թարգմ. Վարդան Ֆերեշեթյան

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

5 Նյմ

Էրիվանի խանության ժամանակները

Հիմա Երեւանը անդառնալիորեն վերադառնում է անցած դարասկզբի իր կարգավիճակին, երբ ոչ մի առնչություն չուներ Կովկասի եւ Փոքր Ասիայի արդյունաբերության, առեւտրի, քաղաքաշինության բուռն ծաղկման հետ: Բայց ի տարբերություն անցած դարասկզբի, երբ հայությունը անմիջական մասնակցություն ուներ տարածաշրջանի զարգացումներին, այս դարասկզբին մեր դերը լինելու է ստորագույնը: Հայաստանում մնացած, երրորդ կարգի ձեռներեցության ընդունակ տղերքը Երեւանից շարժվելու են երկիրը շրջանցող երկաթուղիների կողմը: Մի բան Ղազախից առնելու-սաղացնելու են Սադախլոյում, մի բան Նախիջեւանից առնել-տանելու են Իգդիր, մի մասն էլ շուլալվելու է Ախալքալաքի երկաթուղու մոտերքը: Արարատի տղերքը կաշխատեն փայ մտնել Հայաստան մտնող իրանական չամիչի գործում, դաշնակ շուստրիները բարեգործականի անվան տակ «տանիք կկանգնեն» Եվրոշուկայում չուտվող Հունաստանի զեյթունի ձեթի՝ Հայաստան ներկրման գործին: Մի երեք հազար հայ միառժամանակ համբալություն կանի Ախալքալաքի ռուսական կայազորի մոտերքում, մի հինգ հազար էլ կօգտվի Գյումրվա ռուսական կայազորի պայոկից… Ղարաբաղցիները ավանդաբար քոչած կլինեն Միջին Ասիա եւ Ռուսաստան: Եվ կբարգավաճեն, որովհետեւ նրանք երբեք այսչափ ստարտային կապիտալով չեն արտագաղթել: Ինչքա՞ն մարդ կմնա ապրելու աշխարհից կտրված այս հողում: Այնքան, ինչքան կարտոֆիլ ու լոբի կտա այս հողը: Ադրբեջանցիները էլի կվարձակալեն Հայաստանի սարերը (որովհետեւ հայերը անասնապահ չեն, այլ պատմության մասնագետ), տարին յոթ ամիս անասուն կպահեն-կապրեն Վայքի, Սիսիանի, Շամշադինի, Ամասիայի, Դիլիջանի, Սեւանի սարերում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրակի ուզենան մայովկի գնալ եւ հայավարի ուշ արթնանալով (ոչ այնքան ուշ, որ շփոթես արիստոկրատի հետ, ոչ էլ վաղ՝ աշխատավոր մարդու նման), այդպես անորոշ մի ժամի երբ արթնանան ու փորձեն իրենց անտառներում ու սարերում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվանելու համար, զարմանքով կտեսնեն, որ տասնհինգ տարի առաջվա նման ազերիները արդեն հասցրել են իրենց հարթավայրերից ավելի շուտ տեղ հասնել ու բազմել մեր աղբյուրների գլխին եւ նույնիսկ արդեն քերթել են գառը եւ կրակ են գցել սամովարը: Իսկ Երեւանի շուկաներում տերուտնօրեն կլինի էլի Նախիջեւանի բանջարաբույծ խալխը: Այդքան հայ Երեւանում հաստատ մնացած կլինի, որ Նախիջեւանում բանջարաբոստանաբուծությունը վնասով չաշխատի: Արարատյան դաշտի ժողովուրդը Երեւանի շուկաներում մրցակցությանը դժվար դիմանա, որովհետեւ հայ պագոնավոր ու անպագոն հսկիչը, ինչպես միշտ, օտարից նալոգը կվերցնի ավանդաբար առավել ապահովաբար: Վրացիները, որ տասնյակ միլիոն դոլարներ կունենան միայն խողովակներից, երեւանցիներին կզրկեն ոչ միայն իշխանից, այլեւ սիգից, քանի որ կվճարեն եռակի, եւ ոչ մի ձկնորս ձուկ չի բերի Երեւան: Բարգավաճող Ադրբեջանի մեզ սահմանակից շրջանները էլի լիքը կլինեն խոպանչի հայերով՝ պատշար, ծեփագործ եւ հյուսն: Թուրքիան ժամանակ առ ժամանակ դիվանագիտական թեթեւ ղալմաղալ կսարքի դաղալ Իրանի հետ՝ թե ում էժանագին զիբիլը ինչ քվոտայով սաղացնեն Հայաստանում, որպեսզի վերստին բարիշեն ու որոշեն՝ Շիրակը, Լոռին, Երեւանի կեսը՝ թուրքական սապոնին, Զանգեզուրը, Արարատյան դաշտը, Երեւանի մյուս կեսը՝ իրանական լվացքի փոշուն: Ռուսական կայազորը իր սապոնը պրինցիպիալ կբերի Ռուսաստանից:
Մի կյանքի ընթացքում մարդը հասցնո՞ւմ է փոխվել, թե՞ մակընթացությունն ու տեղատվությունն են ընկալվում որպես փոփոխություն։ Ո՞վ կարող է ասել, որն է մակընթացության ու մի այլ մակընթացության միջեւ եղած տարբերությունը։ Կամ ո՞վ կարող է նույն հարցին պատասխանել՝ տեղատվությունը դիտարկելիս։ Ափը փոխվում է, ավազը փոխվում է, ջրի բերած ծովախոտն ու տիղմը փոխվում է, բա փրփուրը ոնց է փոխվում, բայց մակընթացությունն ու տեղատվությունը նույնն են՝ ծովի պարզ տրանսֆորմացիա։
Ժամանակ առ ժամանակ լսում եմ՝ մեծ տերություններն իրենց խաղերն են խաղում, մենք արանքում լողում ենք։ Այ, այդպիսի աղջկական ճակատագրապաշտությամբ ու քաղաքական թեթեւամտությամբ դարասկզբին վեց վիլայեթները հանձնեցինք։ Ղարաբաղն ու Նախիջեւանն էլ՝ հետը։ Այո, մեծ եւ փոքր՝ իրենց քաղաքական խաղերն ու շահերն ունեն։ Բայց մենք էլ մեր խաղն ունենք… Կռվելու պատրաստ, կազմակերպված ազգի հետ հաշվի նստում են, չեն կարող չնստել։ Պարզապես հարկավոր է այլոց շահերի ու խաղերի բախման ոլորտում զգոն մնալ- չխեղճանալ, չմեծամտանալ, մոտիկը թողած հեռուն չվազել, խելացիորեն մեզնից բացի ոչ մեկին չհավատալ, տառացիորեն ոչ մեկին…

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

5 Նյմ

Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս
Տրտում իրիկվա ըստվերների տակ,
Երբ դու կըթաղես տենչերըդ խորտակ.
Եվ վհատությամբ երբ կըհեռանաս…

Ես կըգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կըլինի թախիծ,
Ես կըկանչեմ քեզ դեպի այլ եզերք։

Ես կըգամ, երբ դու կըլինես տրտում,
Երբ երազներըդ հավետ կըմեռնեն,
Ձեռքըդ կըբռնեմ, ցավըդ կըմբռնեմ,
Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոգում…

ՊԻՏԵՐ ՆԱԴԱՇ

5 Նյմ

ՎԱՅՐԻ ՄԱՐԴԸ

Անտառում գյուղացիք բռնեցին մի վայրի մարդու: Նա համարյա մերկ էր եւ արմտիքով էր սնվում: Պարզվեց, որ նա պատկերացում չուներ կոմունիստական իշխանության անկման մասին, որից էլ նա թաքնվել էր անտառում:
— Իսկ հիմա ի՞նչ իշխանություն է,- հարցրեց նա գեղջուկներից մեկին:
Տղամարդը վիզը քորեց.
— Էհ, ինչ-որ…
— Ասում են՝ դեմոկրատական,- ասաց մյուսը, ավելի գրագետը: -Դե ինչ, գալի՞ս ես:
— Հա, գալիս եմ, միայն թե ինձ ինչ-որ հագուստ տվեք:
— Էհ, պետք չի: Ողջ ժողովուրդը կիսամերկ է շրջում, այնպես որ, մյուսներից չես տարբերվի:
— Արմտիքն էլ հետդ վերցրու, պետք կգա:
— Դե ուրեմն գալիս եմ: Կուղևորվեմ մայրաքաղաք, կնայեմ, թե ինչ կա և ոնց է: Գուցե նույնիսկ նախագահ դառնամ, եթե կարիք լինի:
Եվ նա գնաց, իսկ տղամարդիկ գործի անցան։ Որոշ ժամանակ անցավ, եւ ահա նրանցից մեկը, արևից աչքերը ծածկելով, նայեց ճանապարհին և ասաց.
— Նա, ոնց որ թե, վերադառնում է:
Եվ իրոք, նրանց էր մոտենում վայրի մարդը:
— Ինչ-որ բա՞ն ես մոռացել:
— Ոչ:
— Ուրեմն ինչո՞ւ ես վերադարձել: Նոր իշխանությունը դուրդ չեկա՞վ:
— Դե չէ, այն նույնիսկ գեղեցիկ է, միայն թե, ես, ոնց որ թե, վարժվել եմ անտառին, ավելի լավ է էնտեղ մնամ: Իսկ ո՞ւր է այն կորել, անտառն այն:
— Չկա այլեւս, մենք կտրել ենք:
— Բա հիմա ո՞ւր գնամ:
Վայրի մարդն այդ գեղջուկներից մեկի մեղքն եկավ:
— Ես մի դատարկ խցիկ ունեմ, հարդ կփռենք, այնտեղ էլ կսպասես:
Վայրի մարդը շնորհակալ եղավ եւ ապրեց գեղջուկի խցում: Առանց հարմարությունների, բայց փոխարենը՝ կտուրի տակ, նույնիսկ ավելի լավ է, քան անտառում:
Եվ դարձյալ սպասում է, բայց հիմա ինքն էլ չգիտի՝ թե ինչի:

Թարգմ. Վարդան Ֆերեշեթյան

ՄԻԼՈՐԱԴ ՊԱՎԻՉ

5 Նյմ

Տասնչորսերորդ առաքյալը

Երբ արդեն խաչված Քրիստոսին խաչ հանեցին, անապատից մի անծանոթ հայտնվեց, որ բերանքսիվայր ընկավ փոշիների մեջ` նրա ոտքերի մոտ, եւ սկսեց լիզել խաչյալի ոտքերից հոսող արյունը:
— Ո՞վ ես դու,- հարցրեցին նրան Քրիստոսի աշակերտները, որ խմբվել էին խաչի շուրջը:
— Ես նրա տասնչորսերորդ աշակերտն եմ,- պատասխանեց անծանոթը:
— Նախկինում մենք քեզ երբեք չենք տեսել: Որտե՞ղ էիր դու առաջ,- ասացին նրանք:
— Առա՞ջ,- զարմացավ անծանոթը: -Առաջ նա ինձ պետք չէր: Նա իմ ուսուցիչը չէր: Ես եկել եմ ուսանելու ոչ թե այն, թե ինչպես ապրել, այլ այն` ինչպես մահանալ: Ինչն էլ որ ես այժմ անում եմ:

Թարգմ. Վարդան Ֆերեշեթյան

%d bloggers like this: