Պահոց | 4:13 ե.

Իսկ հայերն ընտրեցին Հայաստանին

4 Նյմ

Ինչպես և վաղօրոք կանխատեսվում էր, երեքշաբթի օրը ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրություններում հանրապետականները մեծամասնություն կազմեցին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, իսկ Դեմոկրատական կուսակցությունը պահպանեց իր վերահսկողությունը Սենատի նկատմամբ: Հանրապետականներին հաջողվեց դեմոկրատներից խլել 60 տեղ, ինչը նրանց այժմ հնարավորություն կտա լիովին վերահսկել Կոնգրեսի ստորին պալատը: Ստանալով ևս 6 լրացուցիչ տեղ Սենատում ու կրճատելով դեմոկրատների հետ ունեցած հարաբերակցության տարբերությունը` նրանք հերթական անգամ վերահաստատեցին իրենց մտադրությունների լրջությունը, իսկ նախագահ Բարաք Օբամային այլ բան չէր մնում, քան հաղթանակի կապակցությամբ շնորհավորել Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Ջոն Բեյներին: Նախագահը հույս հայտնեց, որ կհաջողվի ընդհանուր շփման եզրեր գտնել ու միասնաբար երկիրն առաջ մղել: Նույն օրը ԱՄՆ-ում ընտրվեցին նաև 37 նահանգների ու 2 տարածքների նահանգապետերը: Կալիֆորնիայի նահանգապետի աթոռին հրաժեշտ տվեց Առնոլդ Շվարցենեգերը:
Քաղաքական թեժ պայքարի պայմաններում այս անգամ առանձնակի ակտիվությամբ հանդես եկան ամերիկահայերը: Սկզբնապես հայտարարելով, որ հայ համայնքը նախապատվություն չի տալու երկրի երկու հիմնական քաղաքական ուժերից որևէ մեկին, մեր հայրենակիցներն անկեղծորեն խոստովանեցին, որ իրենք կլինեն նրանց կողքին, ովքեր հանդես կգան Հայաստանի ու հայության շահերի դիրքերից: Շուրջ 1 միլիոն ընտրողներ ունեցող հայությունը կարևոր քարոզչական աշխատանք ծավալեց` 31 նահանգներում սատարելով 158 թեկնածուների, ընտրություններից 72 ժամ առաջ իրականացնելով լայնամասշտաբ տեղեկացման գործընթաց, հազարավոր էլեկտրոնային նամակներ հղելով և կոչ անելով ընտրել հայամետ թեկնածուներին: Այդ ջանքերը տվեցին իրենց պտուղները: Ընդամենը 7-ի դեպքում նրանց սպասելիքները չարդարացան: Մյուսները չթաքցրեցին, որ իրենց հաղթանակի համար մեծապես պարտական են հայերի համախմբված աշխատանքին: Նախնական տվյալներով` վերնըտրվել են մեզ արդեն վաղուց ծանոթ Ֆրենկ Փալոնը և Մարկ Քըրքը, Նենսի Փելոսին և Ադամ Շիֆը, Բարբարա Բոքսերը և էլ շատ հայտնի ու ազդեցիկ դեմքեր, որոնք նախկինում աչքի են ընկել իրենց հայանպաստ դիրքորոշումներով:
Սակայն խնդիրը միայն անձերինը չէ: Միջանկյալ ընտրությունների արդյունքում քաղաքական վերադասավորումները Միացյալ Նահանգներում կարող են նոր մթնոլորտի և նոր հնարավորությունների ձևավորման հիմք հանդիսանալ, ինչի արդյունքում համահայկական նշանակության հարցերի լոբբինգի իրականացումը շատ ավելի դյուրին կլինի: Տեղի հայկական կառույցներն այն կարծիքին են, որ հանրապետականների հաղթանակն առաջին հերթին կարևոր է այնքանով, որ այսուհետ դեմոկրատ նախագահն ու Սպիտակ Տունը չեն կարող լուրջ ճնշումներ գործադրել Կոնգրեսի վրա: Իսկ մեր սպասելիքներն առաջին հերթին վերաբերելու են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագծին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Հայաստանին տրամադրվող օգնությանը, ինչպես նաև միջազգային կառույցներում մեր երկրին զորակցություն ցուցաբերելուն:
Դժվար է ասել, թե այս լավատեսությունն ինչ չափով է հիմնավորված և արդյո՞ք նորընտիրները աշխատանքի ընթացքում կդրսևորեն իրենց ճիշտ այնպես, ինչպես խոստացել էին նախընտրական շրջանում: Մեկ անգամ չէ, որ ամերիկահայերը խորը հիասթափություն են ապրել այն քաղաքական գործիչներից, ովքեր դրժել են իրենց խոսքը և ամենավճռորոշ պահին հանդես են եկել անսկզբունքային կեցվածքով: Սակայն, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում, իսկ թարմ հաղթանակից հետո դրա ոգևորությունը դեռևս իր բարձրակետում է:
Ներկա պահին ամերիկահայ հաստատությունների ուշադրության կենտրոնում Թուրքիայի վերաբերմունքն է, որը, դատելով թուրքական մամուլի հրապարակումներից, արդեն իսկ անհանգստության նշաններ է ցուցաբերում: Առայժմ որպես միակ առավելություն նրանք արձանագրում են այն, որ հանրապետականների հաղթանակից հետո Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հակաթուրքական հայացքներով հայտնի կոնգրեսական, պալատի խոսնակ Նենսի Փելոսին իր տեղը զիջելու է թուրքամետ Ջոն Բոհներին: Սակայն սա հազիվ թե բավարար մխիթարություն հաղորդի Անկարային, որտեղ հասկանում են, որ նորացված Կոնգրեսը նախկինից ավելի մեծ ճնշում կգործադրի Թուրքիայի վրա, և որպես ճնշման ազդեցիկ գործիքներից մեկը` մշտապես հրապարակ կհանվի հայերի Ցեղասպանության փաստը: Բացի այդ, հանարապետականները դեմոկրատներից ավելի շատ նշանակություն են տալիս Իրանին և Իսրայելին առնչվող հարցերին: Այնպես որ, Թուրքիայի համար կարող են առաջ գալ նոր բարդություններ` կապաված այն բանի հետ, թե վերջինս ինչպես է հարաբերվում Թեհրանի ու Թել Ավիվի հետ:
Ինչպիսին էլ լինեն Ամերիկայի հայերի և մյուսների ակնկալիքները, նրանց ցանկացած դատողության պարագայում կա մի բան, որ հարկ է մշտապես հաշվի առնել. հանրապետականների հաղթանակը չի կարող փոխել Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը, առավել ևս, որ այն կարգավորվում է ոչ թե Կոնգրեսի, այլ Սպիտակ Տան կողմից: Փոխարենը միանգամայն հնարավոր է, որ բարդանա ներքին բարեփոխումների կուրսը, քանի որ նախագահ Օբաման այժմ ստիպված է լինելու մի շարք հարցերում ուղղակի փոխզիջման գնալ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ԱՆԴԵՐՍԵՆ

4 Նյմ

Լուցկիներով Աղջիկը

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց էր իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառեթներից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով:
Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:
Վերջապես աղջիկնը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց, ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով:
Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ:
Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:
Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանջ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը:
Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով:
«Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է աստծո մոտ»:
Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:
— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քո մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղևնի:
Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ աստված է:
Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:
— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ

4 Նյմ

ՆԱՄԱԿ ՆԱՏԱԼՅԱ ԳՈՆՉԱՐՈՎԱՅԻՆ
Այսօր տարեդարձն է այն օրվա, երբ առաջին անգամ տեսա Ձեզ… իմ կյանքում… Որքան շատ եմ մտորում, ավելի եմ համոզվում, որ իմ գոյությունն անհնար է առանց Ձեզ. ես ստեղծված եմ Ձեզ սիրելու և ամենուր միայն Ձեզ հետ լինելու համար: Մնացածը միայն անհեթեթություն ու խենթություն է: Երբ հեռու եմ լինում Ձեզնից, ինձ հետամտում է կորուստը երջանկության, որով դեռ ի զորու չեմ հագենալ: Վաղ թե ուշ ես ստիպված կլինեմ ամեն ինչ թողնել ու ընկնել Ձեր ոտքերը: Այն միտքը, որ երբևէ մի պստիկ հող կունենամ… անչափ ոգևորում է ինձ ու փարատում է թախիծս: Այնտեղ հնարավորություն կունենամ թափառել Ձեր տան շուրջը, հանդիպել, հետամուտ լինել Ձեզ…

Թարգմանությունը` Անահիտ Ամիրյանի

ՖԻԼԻՊ ԼԱՐՔԻՆ

4 Նյմ

Ինչի՞ համար են օրերը:
Օրերը, որտեղ ապրում ենք,
գալիս են, արթնացնում մեզ
նորից ու նորից:
Նրանք պետք է որ երջանիկ լինեն,
Էլ ի՞նչը ապրել, եթե ոչ օրերը:
Ահ, այս հարցի լուծումը
բերում է բժշկին և քահանային,
որ երկար վերարկուների մեջ փաթաթված
դաշտի երկայնքով վազում են դեպի մեզ:

Թարգմանությունը` Արտեմ Հարությունյանի

ԳԻՅՈՄ ԱՊՈԼԻՆԵՐ

4 Նյմ

… Քանի դեռ ինքնաթիռները չէին լցրել երկինքը, Իկարի առասպելը լոկ ենթադրյալ ճշմարտություն էր: Այսօր դա առասպել չէ: Եվ մեր գյուտարարները մեզ ընտելացրել են ավելի մեծ հրաշքների, քան այն, որ տղամարդկանց կտրվի կանանց երեխա բերելու դերը: Ես դեռ ավելին կասեմ` առասպելների մեծ մասը իրականացած լինելով և հետայսու լինելով իրականանալի, բանաստեղծի վրա դրվում է նոր առասպելներ հորինելու պարտականությունը, որպեսզի գյուտարարներն իրենց հերթին կարողանան դրանք իրականացնել: Նոր մտայնությունը պահանջում է, որ բանաստեղծը տրվի այդ մարգարեական աշխատանքներին:Այդ իսկ պատճառով դուք կգտնեք մարգարեության երանգներ նոր մտայնության համապատասխան հղացված գործերի մեծ մասում: Կյանքի ու երևակայության աստվածային խաղերը ասպարեզ են բաց անում բոլորովին նոր մի բանաստեխծական գործունեության: Բանն այն է, որ բանաստեղծությունն ու արարչագործությունը նույնն են. բանաստեղծ պիտի կոչել միայն նրան, ով արարչագործում է այն չափով, ինչքան մարդը կարողանում է արարչագործել: Բանաստեղծն այն է, որ հայտնաբերում է նոր բերկրանքներ, թեկուզ և ծանր լինի դրանց դիմանալը: Կարելի է բանաստեղծ լինել բոլոր բնագավառներում. բավական է լինել արկածախնդիր և գնալ դեպի հայտնագործությունը:
Քանի որ ամենահարուստ, նվազագույնս ճանաչված ու անծայրածիր բնագավառը երևակայությունն է, ապա զարմանալի չէ, որ բանաստեղծ անունը հատկացրել են մասնավորապես նրանց, ովքեր որոնում են նոր բերկրանքներ, որոնք խթանում են երևակայության վիթխարի տարածությունները: Նվազագույն փաստը բանաստեղծի համար հիմնաքարն է, ելակետ մի անծանոթ տիեզերքի, որտեղ բոցավառվում են բազմիմաստների բերկրալի կրակները: Դեպի հայտնագործություն գնալու համար կարիք չկա դիմելու մի փաստի, որն, ըստ ընդունված ճաշակի, համարվում է վեհություն. կարելի է ելակետ ընդունել մի առօրյա փաստ. մի ընկնող թաշկինակը գուցե այն լծակն է, որով բանաստեղծը բարձրացնելու է մի ամբողջ տիեզերք:

Թարգմ. Վարուժան Նալբանդյան

ԳՅՈՒՍՏԱՎ ՖԼՈԲԵՐ

4 Նյմ

ՆԱՄԱԿ ԼՈՒԻԶԱ ԿՈԼԵԻՆ

Այն պահից, երբ խոստովանեցինք, որ սիրում ենք իրար, անընդհատ հարցնում ես քեզ. : Որովհետև գուշակում եմ ապագան, և , ընդհանրապես հակված եմ դեպի հակաթեզը: Երբ երեխա եմ տեսնում, միշտ մտածում եմ, որ նա ծերանալու է, օրորոցն ինձ հիշեցնում է գերեզման: Կնոջը նայելիս ինձ պատկերանում է նրա կմախքը: Ուրախ նկարներն ինձ թախիծ են պատճառում, իսկ թախծոտները քիչ են հուզում… Ուրիշները կհպարտանային քո սիրով, նրանց պատվասիրությունը լրիվ կբավրարվեր, տղամարդկային եսասիրությունը անսահմանորեն շոյված կլիներ, իսկ իմ սիրտն ուժասպառ է լինում ձանձրույթից, երբ անցնում են կրքի պահերը ու ասում եմ ինձ. : Կարծում ես` ինձ միշտ կսիրես: Ինչ բարձրագոչ է հնչում: Չէ որ սիրել ես արդեն և նախկինում, ինչպես նաև` ես, հիշի’ր, այն ժամանակ էլ էիր ասում` հավիտյան:
Գերադասում եմ մռայլել քո երջանկությունն այժմ, քան գիտակցորեն չափազանցնել այն, ինչպես բոլորն են անում, և հետո` երջանկության կորուստն ստիպում է ավելի ավելի շատ տառապել… Ով գիտի: Գուցե հետո ինձնից շնորհակալ լինես, որ համարձակությունս հերիքեց չափազանց նրբակիրթ չլինել:
14-ից 20 տարեկանում ես ուրիշին էի սիրում` չասելով նրան այդ մասին, նույնիսկ չդիպչելով նրան, հետո երեք տարի ապրեցի` ինձ բացարձակապես տղամարդ չզգալով: Պահ եղավ, երբ մտածում էի, որ այդպես կլինի մինչև մահ, ու դրա համար շնորհակալություն էի հայտնում Երկնքին…
Դու միակն ես, ում համարձակվեցի ցանկանալ դուր գալ և գուցե միակը, ում դուր եմ եկել: Երախտապարտ եմ: Բայց կհասկանա՞ս արդյոք ինձ մինչև վերջ, կկարողանա՞ս տանել իմ թախծի ամբողջ ծանրությունը, տարօրինակություններս, կամակորություններս, իմ հանկարծակի սառնությունն ու կիրքը:
Օրինակ, ուզում ես, որ քեզ գրեմ ամեն օր, ու եթե այդ չանեմ, կմեղադրես: Թույլ տուր սիրել քեզ` ինչպես ինքս եմ ուզում, յուրովի, անհատականությանս թելադրանքով: Մի ստիպիր, ես ամեն ինչ կանեմ: Հասկացիր ու մի դատապարտիր: Եթե քեզ այլ կանանց պես թեթևամիտ ու դատարկ համարեի, կողողեի խոստումներով, խոսքերով, երդումներով…
Ոչ, ուզում եմ բառերս հնչեն ավելի ցածր իմ զգացմունքից: Եվ երբեք ու ոչ մի դեպքում` ավելի բարձր…

Թարգմանությունը` Նորա Ազատյանի

ՈՒԻԼՅԱՄ ԲԼԵՅՔ

4 Նյմ

ԴԺՈԽՔԻ ԱՌԱԾՆԵՐԸ
Հիմարը տեսնում է ոչ նույն ծառը, որն իմաստունն է տեսնում:
Նա, ում դեմքը չի ճառագում, երբեք աստղ չի դառնա:
Աշխատող մեղուն վիշտ անելու ժամանակ չունի:
Մեծագույն արարքը ուրիշին քեզնից վեր դասելն է:
Եթե հիմարը համառի իր հիմարությամբ` իմաստուն կդառնա:
Կնոջ մերկությունը Աստծո գործն է:
Այն, ինչ հիմա ապացուցված է, երբեմն լոկ ենթադրվել է:
Նա, ով թույլ է տալիս քեզ հրամայել իրեն, ճանաչում է քեզ:
Թույն ակնկալիր չհոսող ջրից:
Տար հիմարի նախատինքը, արքաների բաժինն է դա:
Քաղցր հաճույքի հոգին չի կարող երբեք լինել աղտոտ:
Մի պստիկ ծաղիկի արարումը դարերի տքնություն է:
Անեծքը կաշկանդում է, օրհնությունը ձերբազատում:
Լավ է երեխային խեղդեք իր օրորոցի մեջ, քան սնուցեք անգործունյա կրքեր:
Որտեղ մարդ չկա` բնությունն ամայի է:

Թարգմանությունը` Գրիգոր Բաբայանի

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

4 Նյմ

… Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա` ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը` չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում` խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…
Մեր ամեն մի չծնված գործ` առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է: Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել…

ՈՒՄԲԵՐՏՈ ՍԱԲԱ

4 Նյմ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Ջահելությունը`
դժվարության ծարավ,
իր հոժար կամքով
ուսն է հարմարեցնում
ծանր բեռան տակ:
Բայց չի դիմանում:
Փլվում է արցունքներից:
Երեկոն իր մեջ հրաշքներ ունի-
թափառում, փախուստ, պոեզիա:
Երեկոն նրբացնում է օդը և քայլելը դարձնում
թեթև,անզգա:
Նոր օրն ավելի
լավն է, քան հինը,
թեպետ երկուսն էլ
երջանկությանն են:
Ինչպես ծուխն է ազատվում
երկար, անօգուտ կրակից,
այդպես մի օր էլ մենք ենք փրկվելու:

ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ

4 Նյմ

… Մեր անհատապաշտ դարում հաճախ է պատահում, որ մարդիկ ընկերանում են` առանց մտածելու, թե ընկերությունը փոխադարձ զիջում է, որ կամ պետք է սիրով կատարել կամ արդարությամբ: Լավ է, անշուշտ, որ սիրով կատարվի, այն ժամանակ հաշիվ չի պահվի, ինչպես մայրն իր երեխայի հանդեպ, բայց գոնե արդարությամբ պետք է զիջեն կողմերը, որ կարենան հաշտ ընթանալ: Զուր չէ, որ լուծ են ասել ամուսնության մասին, կամովին առած լուծ` կյանքի ակոսը վարելու: Բարդ է նոր մարդու հոգին և շատ զգայուն, սերն անշուշտ ամենագետ է և կարող է ամեն սուր անկյուն մաշել մեղմորեն, բայց սերն այնքան նույնացած է հիմա սեռի հետ, որ անտեսվում է և է մարդու աչքին երևում, որ կարող է կորցնել իր թարմությունը: սիրելով պետք է առնել և ոչ կին սիրելով մարդ որոնել նրա մեջ: Երբ մարդը սիրվի կնոջ մեջ` նա վախ չունի տարիքից, որին օգնել չեն կարող ոչ հագուստի նոր ձևը և ոչ շպարը…
Երկար ապրելու չեք. ամենաշատը հարյուր տարի. ուրիշ անգամ աշխարհ գալու չեք. այս է, որ կա. հետո գալու է հավերժական խավար և հանգիստ: Պետք է խաղաղ ու սիրով անցնել կարճ ճամփան. հաշտ ու համերաշխ: Եթե մարդիկ սովորություն դարձնեն վշտի, բարկության, սրտնեղության և սրանց նման պահերին անդրադառնալ, որ առջևները մահ կա` ամեն ինչ կդյուրանա և անսահման ներողամտությամբ կհամակվեն և թեթև կապրեն այս աշխարհում: Ոմանք սարսափում են մահից, իմ աչքում նա մի մեծ բարիք է, որ անհունորեն բարձրացնում է ամեն մի վայելքի և հաճույքի արժեքը: Եթե մտածենք, որ այսօրը անցնում է և վերադարձ չունի` պիտի զղջանք, որ այդ անցնող օրը դառնություն բերեց մեր պատճառով սրան կամ նրան, բայց մանավանդ մեր սիրածին: Ինչ պիտի տար սրտնեղությունը, վիրավորանքը, անուշադրությունը, արհամարհանքը, մռայլ կնճիռը, զայրացկոտ խոսքը, հարգանքի պակասը, հնարավորի մերժումը և սրանց նման աննշան բաները, որ խանգարում են սիրած մարդոց ներդաշնակությունը. հավիտյան ապրելու՞ ենք, միշտ երիտասա՞րդ պիտի մնանք, դյուրի՞ն է լավ կին ու բարեկամ գտնելը. տիեզերական ուժերը վարում են մեզ դեպի մահ, ինչու՞ իրար սիրտ կոտրենք այդ խուճապի մեջ, ինչու՞ իրար չօգնենք, իրար վրա չգուրգուրանք, իրար չսիրենք, խեթ-խեթ իրար նայելով, իրար զարկելով, իրար սիրտ կոտրելով ավելի դանդա՞ղ պիտի վարե տիեզերքը մեզ դեպի մահ, նա, որ չգիտե իսկ, թե մարդիկ սիրել ու ապրել գիտեն…