ԵՂԻՇԵ

3 Նյմ

… Եվ պատերազմի գործը երկարելով՝ օրը տարաժամեց և երեկոյան դեմ դադարեց, շատերն իրենց մահվան օրհասը գտան, մանավանդ որ ընկածների դիակներն այնպես խիտ էին ու իրար մոտ թափված, ինչպես անտառի կտրատված փայտերը։
Այնտեղ պետք էր տեսնել նիզակների կոտրատումն ու աղեղների խորտակումը, ուստի և չէին կարողանում ստույգ որոշել երանելիների մարմինները, և սաստիկ խուճապ ու իրարանցում էր երկու կողմերի ընկածների համար: Ւսկ ովքեր (կենդանի) էին մնացել, ցիրուցան եղան ամուր ձորերի լեռնադաշտերում. և երբ պատահում էին միմյանց, դարձյալ սպանում էին մեկմեկու։ Եվ այսպես դաժան գործը շարունակվեց մինչև արևի մայր մտնելը։
Եվ որովհետև ժամանակը գարնանային էր, ծաղկալից դաշտերը լցվեցին հորդահոս արյունով։ Մանավանդ, երբ մեկը տեսնում էր ընկած բազմաթիվ դիակների կույտերը՝ սիրտը կտրատվում էր, և աղիքները՝ գալարվում, լսելով խոցվածների մրմռոցը և ջարդվածների մռնչյունը, վիրավորների թավալգլոր սողալն ու շարժվելը, վախկոտների փախուստը, վհատվածների թաք կենալը, անարի մարդկանց սրտաբեկությունը, թուլասիրտների ճիչերը, սիրելիների ողբը, մերձավորների սուգը, բարեկամների վայնասունը: Որովհետև ոչ թե մի կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտություն կրեցին։
Բայց որովհետև հայոց զորավարն ընկել էր մեծ պատերազմում, այնուհետև էլ ոչ ոք գլխավոր չկար մեջտեղում, որին հենված ժողովեին մնացած զորքերը: Թեպետև ողջ մնացածներն ավելի շատ էին, քան մեռնողները, սակայն նրանք ցանուցիր եղան և քաշվեցին երկրի զանազան ամուր տեղերը և ուժով տիրեցին շատ գավառների ու բերդերի, որոնք ոչ ոք մինչև իսկ առնել չէր կարողանում:

… Իսկ երանելի առաքինիների և կապվածների ու պատերազմում ընկածների կանանց ամբողջ Հայոց աշխարհում ես հաշվել չեմ կարող, որովհետև չիմացածներս ավելի շատ են, քան՝ իմացածներս։ Հինգ հարյուրի չափ անուն–անուն ճանաչում եմ, ոչ միայն նրանցից, ովքեր ավազագույններից էին, այլև շատերին կրտսերագույններից։
Բոլորը միահամուռ երկնավոր նախանձով լցված ամենևին պակաս չմնացին նրանցից, ովքեր աշխարհ չէին մտել: Որովհետև թե՛ ավագագույնները և թե՛ մանկագույնները հավատի միևնույն առաքինությամբ զգեստավորվեցին: Ամենևին չհիշեցին մայրենի ազատության փափկության անունը, այլ իբրև այնպիսի մարդիկ, որոնք հենց սկզբից նեղությունների են համբերել շինական սովորությունների օրինակով և տանջվելով են անցկացրել իրենց կյանքը, նրանցից էլ ավելի մեծ վշտերի համբերել հանձն առան։
…Չկային նրանց համար առանձին անուշահամ կերակուրներ պատրաստող խոհարարներ և ոչ էլ ջոկ հացարարներ` ազատների սովորության համաձայն նրանց սպասավորելու համար, այլ (այդ ամենը) ընդհանուր էր։ Շաբաթամուտն (անց էին կացնում) անապատում բնակվող միայնակյացների կարգով։ Ոչ ոք մյուսի ձեռին ջուր չէր լցնում, և ոչ էլ կրտսերները ավագներին սրբիչ էին մատուցանում։ Փափկասուն կանանց ձեռքը օճառ չընկավ, և յուղ չառաջարկվեց ուրախության հանդեսների համար: Նրանց առջև մաքուր սկուտեղներ չդրվեցին և ոչ էլ բաժակակալներ տրվեցին ուրախության համար…
Փոշոտվեցին ու ծխոտվեցին նորահարսների սրահակներն ու առագաստները, և սարդի ոստայններ ձգվեցին նրանց հարսնարաններում. կործանվեցին նրանց դահլիճների բարձր գահերը, և խանգարվեցին նրանց սեղանների պարագաները, ընկան-կործանվեցին նրանց ապարանքները, և տապալվեցին ու ավերվեցին նրանց ապաստան ծառայող ամրոցները։ Զորացան–ճռզեցին նրանց ծաղկանոցների բուրաստանները, և արմատախիլ եղան նրանց գինեբեր այգիների տունկերը։
Հայոց աշխարհի փափկասուն տիկինները, որոնք փափուկ կյանքով ու քնքուշ մեծացել էին բազմոցների ու գահավորակների մեջ, շարունակ բոբիկ, ոտքով էին գնում աղոթատները, առանց ձանձրանալու ուխտելով և խնդրելով, որ կարողանան դիմանալ այն մեծ նեղությանը: Ովքեր իրենց մանկությունից հորթերի ուղեղներով և էրեների փափուկ մսով էին սնվել, մեծ ուրախությամբ խոտեղեն կերակուր էին ընդունում վայրենիների նման և ամենևին չէին հիշում իրենց սովորական փափուկ կյանքը: Նրանց մարմինների մորթը սև գույն ստացավ, որովհետև ցերեկն արևակեզ էին լինում և ամբողջ գիշերներն էլ գետնի վրա էին քնում:
Մոռացան իրենց կանացի տկարությունը և առաքինի տղամարդիկ դարձան հոգևոր պատերազմի մեջ, կռիվ բաց արին ու մարտնչեցին ծայրագույն մեղքերի դեմ, կտրեցին և դեն գցեցին նրա մահաբեր արմատները։ Միամտությամբ հաղթեցին խորամանկությանը և սուրբ սիրով լվացին նախանձի կապտագույն ներկվածքը, կտրեցին ագահության արմատները և չորացրին նրանց ոստերի մահաբեր պտուղները։ Խոնարհությամբ հաղթահարեցին ամբարտավանությունը և միևնույն խոնարհությամբ հասան երկնավոր բարձրությանը…
Շատ ձմեռների սառույցներ հալվեցին, գարուն հասավ, և նոր ծիծեռներ եկան, կենցաղասեր մարդիկ տեսան և ուրախացան, բայց նրանք երբեք չկարողացան տեսնել իրենց անձկալիներին։ Գարնանային ծաղիկները նրանց միտն էին բերում իրենց հավատարիմ ամուսիններին, բայց նրանց աչքերը կարոտ մնացին նրանց երեսների ցանկալի գեղեցկությունը տեսնելու։ Որսի բարակները վերջացան, և բոլորովին դադարեցին որսորդների արշավանքները։ Նրանք հիշվեցին միայն գրված հիշատակարաններով, և ոչ մի տարեկան տոն նրանց հեռու օտարությունից տուն չբերեց, նրանց ճաշատեղերին նայեցին ու արտասվեցին և բոլոր ատյաններում հիշեցին նրանց անունները։ Շատ արձաններ էին կանգնեցրած նրանց անվանը, և ամեն մեկի անունը նշանակված էր նրանց վրա։
Եվ մինչդեռ այսպես ամեն կողմից ալեկոծվում էին նրանց մտքերը, նրանք ամենևին չթուլացան երկնավոր առաքինությունից։ Դրսից նայողներին երևում էին որպես սգավոր և չարչարված այրիներ, իսկ իրենց սրտերում զարդարված ու մխիթարված էին երկնավոր սիրով։
Այլևս սովորություն չարին հեռու երկրից եկած մեկին հարցնելու, թե ե՞րբ կլինի, որ տեսնենք մեր սիրելիներին…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s