Օրինախախտ վարչապետն ու նախարարը

2 Նյմ

Սահմանադրությամբ և դեռ առանձին օրենքով ամրագրված է, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Թե «Լեզվի մասին» և թե «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքները արձանագրում են, որ հանրապետության տարածքում հրապարակային ելույթները, հաղորդումները պետք է լինինեն միմիայն հայերենով:Ընդ որոում, երկու դեպքերում էլ առանձին հղում է կատարում այս դրույթն ապահովելիս պաշտոնական անձանց պատասխանատվության աստիճանի մասին: Իսկ այժմ տեսնենք, թե որքանով են մեր պատասխանատու այրերը դա գիտակցում:
«Արմենիա» հեռուստաընկերությունը մեկ անգամ չէ, որ մեղանչել է վերը հիշատակված օրենիքների տառի ու ոգու առաջ: Բայց ահա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ- հաղորդաշարի նոր փուլը գերազանցեց նրա բոլոր նախկին «ոտնձգությունների» սահմանները: Նշված հաղորդումը ծայրից ծայր ռուսերեն է: Անխտիր բոլոր մասնակիցները շփվում ու արտահայտվում են այդ լեզվով, ընդ որում աչքի է զարնում ոչ միայն շեշտված ու ծիծաղելի ակցենտը, այլև լեզվին վատ իմացությունը: Թե ինչու՞ են հեղինակները որոշել, որ ռուսերեն խոսելով իրենց գիտելիքների պաշարն ավելի ակնառու կներկայանա, դժվար է ասել: Բայց ամենաարտառոցը միայն դա չէ: Բանն այն է, որ հիշյալ հաղորդաշարը եթեր է հեռարձակվում ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի բարձր հովանավորությամբ: Սա նշանակում է, որ վարչապետը կամա թե ակամա մասնակից է դառնում օրինախախտությանը` նյութապես ու բարոյապես աջակցելով մի նախաձեռնության, ինչն անտեսում է նրա իսկ ղեկավարած գերատեսչության սահմանված կարգը:
Իսկ ահա մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ամիսներ առաջ իր շեֆից էլ առաջ անցավ` որոշելով անմիջականորեն իր լուման ներդնել հայերենի չեզոքացման գործում: Վերջինս` հրապուրված նույն խաղով, հարկ համարեց իր ինտելեկտուալ պաշարն ի ցույց դնել ազգիս և անմիջական մասնակցություն ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ին` խոսելով բացառապես ռուսերենով: Այս փաստը մեզ պիտի այնքան էլ չզարմացներ, քանի որ հենց ԿԳ նախարարն էր «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նոր նախագծի հեղինակը, որով առաջարկում է կանաչ լույս վառել օտարալեզու դպրոցների առաջ:
Ռուսաց լեզվի հանդեպ բացի համակրանքից մենք այլ զգացմունքներ չունենք: Պարզապես մտածում ենք, որ եթե հանկարծ մի օր «ОРТ» հեռուստաալիքով նույն խաղը եթեր հեռարձակվի հայերենով, ռուս հեռուստադիտողն արդյո՞ք այդ արտառոց փոփոխությանը պիտի նայի այնքան հանգիստ հայացքով, ինչպես այսօր նայում են մեր վարչապետն ու ԿԳ նախարարը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s