Լրտեսամանիա` հայկական հետքով

2 Նյմ

Վրացական իշխանությունները, որոնք ոչ մի գնով չեն կարողանում ձերբազատվել հետապնդման բարդույթից, այս օրերին համակվել են հերթական լրտեսամանիայով: Տեղեկատվությունն այն մասին, որ այդ երկրում ձերբակալվել են 20 անձ՝ Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով, քչերին զարմացրեց: Այն ամենն, ինչ սովորաբար Թբիլիսին վերագրում է ռուսներին, մեծ մասամբ ուրիշ բան չի լինում, քան թերարժեքության ու արկածախնդրության միաձուլումից ծնունդ առած գործողություն: Եվ այժմ խիստ դժվար է հավատալ, որ գոնե այս անգամ խոսք կարող է գնալ իրականությանը մոտ փաստերի մասին:
Արդեն հաղորդվել է, որ բոլոր ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են, որոնք կասկածվում են ճյուղավորված լրտեսական ցանց ստեղծելու համար՝ նպատակ ունենալով ձեռք բերել ու Մոսկվային փոխանցել պետական ու ռազմական գաղտնիք ներկայացնող տեղեկատվություն։ Առանձահատուկ շեշտադրությամբ ընդգծվել է և այն, որ խմբի երկու անդամները հայազգի քաղաքացիներ են:
Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, բայց միայն աժմ է հայտնի դառնում, որ իրավապահները դեռևս հոկտեմբերի 17-ին ձերբակալել էին Բաթումիի բնակիչներ Արմեն Գևորգյանին ու Ռուբեն Շիկոյանին: Վերջիններիս մասին ասվում է, որ երկուսն էլ աշխատել են բեռների ու նավթամթերքի փոխադրման ստուգումներով զբաղվող մի ընկերությունում: Գևորգյանն այդ ընկերության տնօրենն էր, իսկ Շիկոյանը զբաղեցնում էր նրա տեղակալի պաշտոնը: Նրանք շարժման անդամներ են դեռևս 1998 թվից և ակտիվորեն աշխատել են երիտասարդության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Իսկ Ա. Գևորգյանը Ասլան Աբաշիձեի իշխանության տարիներին նաև Աջարիայի հայ համայնքի ղեկավարն էր:
Վրացական իշխանություններն առայժմ հրաժարվում են որևէ հավելյալ տեղեկատվություն տրամադրել: Գործի քննությունն ընթանում է լիակատար գաղտնիության պայմաններում: Անանուն աղբյուրներից հնարավոր է դարձել իմանալ ընդամենը այն, որ Շիկոյանին ու Գևորգյանին մեղադրում են Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացուց գումար ստանալու մեջ: Վրացական թերթերը գրում են, թե ենթադրաբար այդ ռուսաստանցին հետախուզության աշխատակից է եղել, իսկ ձերբակալվածներին հանձնարարված է եղել տեղեկություններ հավաքել Վրաստանի ներքին գործերի ու պաշտպանության նախարարությունների կողմից իրականացված գնումների, ինչպես նաև ուժային կառույցների աշխատակիցների անձնական տվյալների մասին: Հույս կա, որ մոտ օրերս փոքր-ինչ լույս կսփռվի այս մութ պատմության վրա: Համենայն դեպս, վրաց իրավապահները խոստացել են գործի մանրամասները հրապարակել նոյեմբերի 5-ին: Իսկ առայժմ տեղյակ է պահվել այն մասին, որ հայերից մեկը ներկայումս գտնվում է հիվանդանոցում, քանի որ տառապում է շաքարախտով:
Դժվար է ասել` Հայաստանի իշխանություններն ինչ-որ կերպ կփորձե՞ն արձագանքել կատարվածին: Հասկանալի է, որ ձերբակալվածները մեր երկրի քաղաքացիներ չեն և դա դժվարություններ կհարուցի միջամտելու պարագայում: Սակայն հարկ է նաև չմոռանալ, որ սա բնավ էլ վրացական իշխանությունների կողմից բացահայտման առաջին փորձը չէ: Անցյալ տարվա հունվարին նրանք նույն կերպ Ախալցխայի երիտասարդական կենտրոնում ձերբակալեցին երկու հայերի` Գրիգոր Մինասյանին ու Սերգեյ Հակոբջանյանին: Երիտասարդներին մեղադրանք առաջադրվեց` հանցագործության նախապատրաստում, անօրինական զինված խմբավորման ստեղծում և լրտեսություն: Հասկանալի է, որ հետո ոչ միայն անհնար եղավ լրտեսության փաստն ապացուցել, այլ գոնե մի պարսատիկ գտնել զինված խմբավորման զինանոցից: Բայց նույնիսկ այդ աղաղակող կեղծիքները վրացական կողմին ետ չեն պահում իրենց մտադրություններից: Ջանալով անպայման ընդգծել հայ-ռուսական դավադրության գոյությունը, նրանք յուրաքանչյուր անգամ երևակայական լրտեսական խմբերի ինտերնացիոնալ կազմը:
Մոսկվայի առաջին արձագանքները գալիս են հաստատելու ձեռնարկի շինծու լինելու հանգամանքը: Ռուսաստանի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանություններ անելուց, իսկ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե քանի որ ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են, ապա ավելի տրամաբանական կլիներ հենց պաշտոնական Թբիլիսիին դիմել պարզաբանումների համար: Ի դեպ, հիշեցնենք նաև, որ 2006-ին վրացական ոստիկանությունը ձերբակալել էր 4 ռուս զինվորականների ու Վրաստանի 11 քաղաքացիների, որոնք կրկին մեղադրվում էին լրտեսության մեջ:
Վրաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը աղմկահարույց այս առնչությամբ իրենց բացատրությունն ունեն: Նրանք ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ ռուս- հայկական հետքով հերթական լրտեսական սկանդալը ծագել է տեղի ընդդիմության խոստացված ակտիվացման նախօրեին: Վրացի ընդդիմադիրները նոյեմբերի երկրորդ կեսին պատրաստվում են փողոց դուրս գալ` անհամաձայնություն հայտնելու նախագահ Սահակաշվիլիի վարած քաղաքականությանը: Եվ չի բացառվում, որ շատ շուտով իշխանությունները փորձեն ներքին քաղաքական շիկացումը կապել Մոսկվայի խարդավանքների հետ: Դա նոր բան չէ Թբիլիսիի գործելաոճում:
Կա ևս մի ուշագրավ դրվագ: Դեռևս այս տարվա ամռանը Վրաստանի պաշտոնական մարմինները հայտարարել էին, թե չեն բացառում, որ երկրի ներսում լրտեսական ցանց է ձևավորվում: Այս խոսքերից անմիջապես հետո ելույթ ունեցավ Բրիտանական հետախուզության պետը` նախազգուշացնելով այն մասին, թե իբր ձախողվելով ԱՄՆ-ում ու Եվրոպայում, Ռուսաստանի հատուկ ծառայություններն այժմ կարող են իրենց հետախույզներին ուղարկել Վրաստան: Ահա այսպիսի դետեկտիվ սյուժե` միանգամայն արժանի Արթուր Կոնան Դոյլի գրչին ու երևակայությանը: Ուրեմն զինվենք համբերությամբ և սպասենք վիպական հանգուցալուծման:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s