Պահոց | 11:59 ե.

ՌԱԴՅԱՐԴ ԿԻՊԼԻՆԳ

1 Նյմ

…Եթե կարող ես ինքդ քո հանդեպ պահել հավատդ,
Երբ հարազատդ, ընկերդ, կինդ քեզ չեն հավատում,
Կամ թե կարող ես առանց հոգնելու սպասել ու սպասել,
Կամ էլ խաբվելով` ինքդ չխաբել,
Ատվելով` չատել…
Եթե կարող ես երազներ հյուսել ու չստրկանալ դրանց հմայքին,
Եթե կարող ես մտածել, սակայն չդարձնել մտքերն իմաստը կյանքիդ,
Եթե կարող ես սառնասիրտ մնալ թե´ Հաղթանակի, թե´ Փորձանքի մեջ
Ու տարբերություն չդնել բնավ այդ երկու խարդախ ստահակների մեջ.
Եթե կարող ես տեսնել, թե ինչպես քո շիտակ խոսքը,
Խաբեբաները խեղաթյուրում են, որ հիմարներին ծուղակը գցեն…
Ու թե կարող ես անդարձ սլացող րոպեի վաթսուն վայրկյանը լցնել
Արդար քրտինքիդ վաթսուն կաթիլով` չկորցնելով մի ակնթարթ իսկ,
Քոնը կլինի ամբողջ աշխարհը, նրա վրայի բոլոր գանձերը,
Եվ որ ավելին, շատ ավելին է` դու Մարդ կլինես, սիրելի որդիս…

ԱՐԻՍՏՈՏԵԼ

1 Նյմ

ԽՐԱՏՆԵՐ
-Անմիտ, անզգամ մարդու հետ գինի խմելուց լավ է իմաստուն բարեկամի հետ քար կրելը։
-Թագավորներին ու մեծամեծներին մոտ լինելուց լավ է հեռու մնալը։
-Ուր որ ձեռքդ չի հասնում, մի՛ մեկնիր։
-Մատնիչ լինելուց լավ է ծովն ընկնելը։
-Սովածության պատճառով գողություն անելուց լավ է սոված մեռնելը։
-Լավ է մուրալով հաց ուտել, քան հարբեցող ու զազրախոս մարդկանց ընկեր լինել։
-Լավ է աղքատ պատանի, քան ծեր ու անմիտ թագավոր։
-Վայ նրանց, որ բարուն չար և չարին բարի են ասում, քաղցրին՝ դառն, լույսին՝ խավար և խավարին լույս:
-Դաստիարակութեան մէջ առաջնայինը պէտք է լինի գեղեցիկը և ոչ թե վայրենի կենդանականը:
— Ամոթ է, եթե չես կարողանում պաշտպանվել ձեռքով, կրկնակի ամոթ, եթե չես կարողանում պաշտպանվել խոսքով:
— Առաքինության մասին լավ դատողություններ անելը դեռևս չի նշանակում լինել առաքինի, իսկ խորհրդածություններում արդարացի լինելը դեռևս չի նշանակում գործնականում լինել արդարացի: Մենք այն բանի համար չենք դատողություններ անում, որ իմանանք, թե ինչ է առաքինությունը, այլ նրա համար, որ դառնանք լավ մարդիկ:

ԵՐԿՈՒ ՔԱՌՅԱԿ ՉԱՐԵՆՑԻՑ

1 Նյմ

Եղիշե Չարենցի ողբերգական մահից հետո նրա ստեղծագործությունների մի ստվար մասը ոչնչացվեց կամ պարզապես անհետացավ։ Ժամանակ առ ժամանակ երջանիկ պատահականությամբ լույս աշխարհ են գալիս առանձին էջեր, թանկագին բեկորներ, որոնք լրացնում են չարենցյան անտիպների շարունակական շղթան։ Դրանցից յուրաքանչյուրն իր նախապատմությունն ունի, մոռացումից փրկվելու իր ոդիսականը։ Ահա ևս երկու փոքրիկ ստեղծագործություն Չարենցի բազմաբեղուն ժառանգությունից։
Երբ «Նոյեմբեր» միությունը լուծարքի էր ենթարկվում և ձուլվում խորհրդային գրողների միությանը, հիասթափված Չարենցը դեպքերի անմիջական ազդեցության տակ գրել է մի քառատող։ Թեև այն չի տպագրվել, սակայն իր Ժամանակին գրողական շրջանակներում բավականին հանրահայտ է եղել։ Հետագայում՝ Չարենցի մահից հետո վաղամեռիկ բանաստեղծ Սուրեն Թարյանը, ինչպես վկայում են ժամանակակիցները, հիշողությամբ այդ քառատողը փոխանցել է մյուսներին, իսկ այնուհետև գրի է առնվել ու պահպանվել։
Խուժանությունը հոգու մեզ նորից ցրեց,
Որ սերունդները գալիք մեզ հավետ հիշեն.
Բայց մեզանից ո՞վ արդյոք շատ բան կորցրեց-
Դուք բոլոր՞րդ միասին, թե՞ Չարենցը Եղիշե։
Կարծիք կա, որ այս տողերը գրվել են 1936-37 թվերին։
Մեկ ուրիշ՝ դարձյալ առ այսօր անտիպ մի քառատող պահպանվել է գրող Մկրտիչ Արմենի արխիվում։
Չարենցը Արմենին է նվիրել իր լուսանկարը, որի վրա թողել է հետևյալ չափածո մակագրությունը.
Մկրտիչ Արմեն, դու լավ իմացիր-
Որքան էլ չափես կյանքի ափերը,
Չկա քեզ ուղի այս ուղուց բացի-
Եվ հայրենիքն է քո «Նոյեմբերը»։
Ըստ Մ. Արմենի, այն պետք է գրված լինի 1934 թվին։

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ

1 Նյմ

Պարոնայք, քանի դեռ ոտնամանները ծառայում են մեզ` հագնում ենք, իսկ երբ մաշվում են` գցում ենք ձեղնահարկ և նորերն ենք գնում: Իսկ ինչու՞ նույնը չպահանջենք արվեստից: Եվ եթե այն հնացել է ու այլևս չի ծառայում մեր զգացումներին` շպրտենք ձեղնահարկ: Թող դառնա պատմության սեփականությունը:Այն արվեստը, որ այսօր հիրավի ծառայում է մեզ և համապատասխանում մեր ժամանակին ու պահանջներին, անկասկած, ավանգարդիզմ կոչվող կամ նոր արվեստն է: Ամեն մի դարաշրջանի հին արվեստ, համոզված եղեք, իր ժամանակի համար նոր է եղել և, այսօրվա արվեստի նման, ձևավորվել է այն մարդկանց չափանիշներով ու, հետևաբար, ներդաշնակության օրենքներով, ովքեր օգտվել են դրանից:Հենց նոր կառուցված Պարթենոնն ավերակ չի եղել: Եղել է նոփ-նոր, ինչպես մեր ավտոմեքենաները, առանց փառ ու բորբոսի:
Որքան էլ մեծ լինի մեր հարգանքը հանգուցյալ ծնողի հանդեպ, ժամանակն է պարզելու` դեռ ինչքա՞ն պետք է մեր ուսերին քարշ տանք նրա դիակը` տոկալով նեխման բոլոր փուլերին: Վերջապես նրա մարմինը հողին հանձնենք պատշաճ հարգանք-պատվով և լավագույն հիշողություններ պահենք նրա մասին:
Իհարկե, լավ կլիներ, եթե հարգանքի վեհ զգացումն անցած արվեստի և, առհասարակ, արդն հնագիտության բնագավառին վերաբերող ամեն ինչի նկատմամբ այդքան խոր ու ամուր արմատներ չգցեր մեզանում: Չէ՞ որ դա է մեզ պարտադրում երկյուղածորեն պահպանելու այն ամենը, ինչ թողել են մեր նախնիները: Փչում-մաքրում ենք փոշին, աղոթում ենք, խնամում-պահում այնքան ժամանակ, մինչև որ մգլում ու փտում են դրանք` ի չիք դարձնելով և մեր հարմարակեցությունը, և քաղաքակիրթ հասարակության վարկը:
Այդպես ծաղկում է անմաքրությունների պաշտամունքը: Ի՞նչ է բորբոսը: Անմաքրություն է դա, որ ժամանակը կուտակում է պատերի, իրերի, կահույքի և նման բաների վրա… Եվ երկրպագում ենք բորբոսին…

Թարգմ. Սուրեն Խաչատրյան

ՊՈԼ ՎԱԼԵՐԻ

1 Նյմ

— Այն, ինչ մաքուր է իմ մեջ,- ասում էր նա,- ամենազոր բանականությունը, որն առանց գերագույն ճիգեր թափելու խժռում-լափում է բոլոր հորինվածքները, և փոխարենը ոչ մի բան իրեն չի խաթարում և չի փչացնում իր էությունը, ահա այդ բանականությունը ոչ մի հնարով չի կարողանում ինքն իրեն ճանաչել այս արտասվաթոր դեմքի, այս պղտոր աչքերի հարևանությամբ, ուր առկայծող լույսը ասես մեղմացած լինի արցունքների խոնավ անխուսափելիության սպառնալիքի առաջ:
— Ինչպե՞ս հասկանալ, սակայն, իմ մեջ հանգրվանած այս գեղեցկատես լացուկոծի տառապանքը, որն ինձնից է սերվել, որովհետև ես պարզ տեսնում եմ նրա էությունը, քանզի ես գիտակցությունն եմ ամենայն ինչի, և գիտեմ, որ նա տանջվում է միայն մի ինչ-որ ուրիշ, առավել դժնի իրողություն մոռացության մատնելու համար:
<Ով իմ զարմանք,- ասում էր նա,- հմայիչ ու տխրատեսիլ Գլուխ, մի՞թե լույսից զատ ուրիշ բան էլ գոյություն ունի:
Եվ նա շարունակ հարցեր էր տեղում իր գլխին` իր սքանչելիորեն մաքուր ոգեղեն էության տիեզերական սահմաններում հարամփոփ, ուր գաղափարները ապրում էին հավետ իրարից անջատ, և իրենցից էլ հավասարաչափ հեռու տարածված, մեկուսի և բաժան, մի այնպիսի կատարյալ ներդաշնակության ու խելամիտ հավասարակշռության մեջ, որ ասես ինքը տարալուծվելիս լիներ նրանցում: Եվ համակարգությունը տիեզերածավալ, որ ինքնաբավ խանդով առկայծում էր ադամանդաշար ապարոշի պես, իր վեհապանծ լիության սահմաններում ամփոփ` շարունակում էր իր հավերժամատույց ու անայլայլ գոյությունը:
Մի ողջ ինքնակա հավիտենություն նա ճգնում էր հասկանալ բանի խորհուրդը վերին ու միշտ ապարդյուն:

Թարգմ. Աշոտ Ալեքսանյան

ՆԱՏՕ-ի անհանգստացնող աջակցությունը

1 Նյմ

Քաղաքական իրադարձությունների և զարգացումների նկատմամբ մեր պահվածքը սկսել է ավելի հաճախ ձեռք բերել ոչ այնքան հաճելի ավանդույթի ուժ: Բանն այն է, որ երբ որևէ միջազգային կառույց (լինի դա ՄԱԿ-ը կամ եվրոպական որևէ կազմակերպություն, Բրյուսելի կամ Ստրասբուրգի մշտական հասցե ունեցող հեղինակավոր հաստատություն) հանկարծ որոշում է Հայաստանին ու մեր խնդիրներին առնչվող ինչ-որ փաստաթուղթ ընդունել, Երևանում առաջին հերթին հիշում են այն մասին, որ այդ կարգի բանաձևերը սոսկ խորհրդատվական կարգավիճակ ունեն և կատարողական գործառույթներ չեն պարտադրում: Նման չհիմնավորված հետ մեկտեղ ի հայտ են գալիս տագնապի նշաններ, որոնք ոչ մի կերպ չեն ներդաշնակում քիչ առաջվա թվացյալ հանգստությանը: Եվ ստացվում է, որ ինքներս էլ չգիտենք` եղածը դատա՞րկ բան է, թե՞ այնուամենայնիվ արժե փոքր-ինչ լրջանալ ու ճիշտ գնահետել իրավիճակը:
Այս անգամ էլ հերթը ՆԱՏՕ-ինն է: Հյուսիսատլանտյան դաշինքի 56-րդ գագաթաժողովի ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 12-16-ը` Վարշավայում, ներկայացվելու է նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև: Այդ փաստաթուղթը կազմվել է կանադացի զեկուցող Ռեյնել Անդրեյչուկի կողմից և բաղկացած է վեց կետերից: Բուն քվեարկությունը կկայանա նոյեմբերի 14-ին, իսկ մինչ այդ օրինագիծը նախ պետք է քննարկվի ՆԱՏՕ-ի ԽՎ տարբեր հանձնաժողովների մակարդակներով, որից հետո միայն կընդգրկվի լիագումար նստաշրջանի օրակարգ:
Պետք է նկատել, որ սա առաջին լուրջ դեպքն է, երբ ՆԱՏՕ-ն պատրաստվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նախկինում եղել են փորձեր, երբ դաշինքը վերաբերմունք է արտահայտել տարածաշրջանի իրավիճակային փոփոխությունների առնչությամբ, սակայն երբեք բանը չէր հասել բանաձև ընդունելուն: Ավելորդ չէ հիշել նաև այս տարվա ամռանը ծագած համանման կացությունը, որը նույնիսկ ստիպեց ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին նամակով դիմել ՆԱՏՕ ԽՎ-ի նախագահ Ջոն Թաներին` կազմակերպությանը խորհուրդ տալով ձեռնպահ մնալ ղարաբաղյան հարցի քննարկումներից: Այն ժամանակ պաշտոնական Երևանը ասում էր, որ դեռևս մայիսին Ռիգայում ադրբեջանական պատվիրակությունն առանձին հանդիպում էր ունեցել Թաների հետ ու առաջարկել Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ պատրաստել հատուկ մի զեկույց ու այն քննարկել վեհաժողովի աշնանային նստաշրջանում: Հայաստանը դրա մասին իմացավ միայն մեկ ամիս անց: Հովիկ Աբրահամյանի նամակը խիստ էր. ,- գրել էր նա: Սակայն, ինչպես տեսնում ենք, ԱԺ ղեկավարի խոսքը Թաների համար փաստարկ չէ:
Հիմա` վեհաժողովից տասն օր առաջ, Երևանում կրկին իրար են անցել, բաժանվել են բանակների ու դեռ կյանքի չկոչված նախագծին արդեն որակումներ են տալիս, ընդ որում, այդ որակումները ցատկոտում են հակահայկականից մինչև պրոհայկականը: Այս անգամ չի սպասվում, կամ, ավելի ճիշտ, իբրև միջին տարբերակ կարող ենք համարել կարծիքներն այն մասին, թե այս բանաձևի քննարկման նպատակը Ադրբեջանի ու Հայաստանի վրա հավասարապես ճնշում գործադրելն է` դեկտեմբերին սկզբին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ:
Բանաձևի նախագծից դժգոհների հիմնական փաստարկը փաստաթղթի 2-րդ կետում օգտագործված հետևյալ ձևակերպումն է. և այլն: բառի առկայությունն այս դեպքում լիովին բավարար է ասելու համար, որ հայ դիվանագիտությունը կրկին ձախողման եզրին է:
Սրան հակառակ, գոհունակները հղում են կատարում նույն բանաձևի 5-րդ և 6-րդ կետերին, ուր խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ու Հելսինկյան ակտի այն դրույթների մասին, որոնք արձանագրում են հիմնախնդրի լուծման գործընթացում ուժի չկիրառման անհրաժեշտությունը և ազգերի ինքնորոշման սկզբունքի կարևորությունը:
Բայց փոխադարձ մեղադրանքների ու առարկությունների այդ աղմուկի մեջ անլսելի է մնում կարևոր մի հարցի պատասխանը. ինչու՞ ՆԱՏՕ-ն այնուամենայնիվ որոշեց անդրադառնալ Ղարաբաղին: Հայտնի է, որ գոյություն ունի ՆԱՏՕ-ի ԽՎ փորձագիտական խումբ, որը զբաղվում է տարածաշրջանային հիմնահարցերով, սակայն հայտնի է նաև, որ այդ խումբը հիմնականում խուսափում է հակամարտությունների խնդիրների մեջ թաթախվելուց: Բայց հիմա, գերազանց իմանալով, որ բանակցություններն ընթանում են Մինսկի խմբի ֆորմատով, ռազմական բլոկն այնուհանդերձ հարկ է համարել այդ հարցն առանձին քննարկել:
Որոշ վերլուծաբաններ պատճառը պայմանավորում են միմիան Ռուսաստանի հանգամանքով: Ըստ նրանց, Արևմուտքում կարող են լրջորեն անհանգստանալ, որ Մոսկվան զուգահեռ գործընթաց է սկսել և հավակնում է ինքնուրույն խաղալ ամբողջ պարտիան: Գուցե նաև սա՞ է պատճառը, որ բանաձևի նախագծում այնքան հաճախ է հիշատակվում ՆԱՏՕ-ի անդամ երկրների կառավարությունների ու խորհրդարանների մասին` կոչ անելով նրանց աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին ԼՂ խնդրի կարգավորման գործում: Իսկ այդ աջակցության հեռանկարը փոխանակ խաղաղեցնելու, առայժմ միայն անհանգստություն է պատճառում: Ամեն դեպքում, հայկական կողմն այս պահին բանաձևի հետ կապված առաջարկներ է մշակում: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամներն էլ իրենց հերթին պատրաստվում են նամակ ուղարկել դաշինքի ղեկավարությանը` ներկայացվելիք բանաձևում որոշ ճշտումներ մտցնել հույսով:
Այսքանից հետո հավելենք, որ Հայաստանում համարյա ոչ մեկի համար հետաքրքիր չէ, որ ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանում լսվելու են նաև զեկույցներ հետընտարական Ուկրաինայի, Բելառուսում նախընտրական իրավիճակի, Սաուդյան Արաբիայի, Աֆղանստանի առկա կացության, տնտեսական ճգնաժամի շրջանում ՆԱՏՕ-ի ֆինանսական օպերացիաների, մասայական ոչնչացման զենքի դեմ պայքարի և այլ թեմաների շուրջ: Մեզ մոտ բոլորն ուզում են, որ միայն մենք ու մեր խնդիրները լինեն համայն մարդկության ուշադրության կենտրոնում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԳԵՈՐԳ ՖՈՐՍՏԵՐ

1 Նյմ

… Պարը և ըմբշամարտը կենդանու պահանջմունքներից ընդամենը մեկ աստիճան վեր կանգնած վայրենու առաջին վարժանքներն են: Իր ուժը նա զգում ավերածություն գործելիս, հաղթության հրճվանքով գինովցած` ոտքերն ակամա գետնին է դոփում` առլեցուն տղայական կռվարարությամբ ու որոշակի նախաշավղից դուրս ներքին մղումով:
Առատությունը, անկախ այն բանից, որսի արդյունք է այն, անասնապահության, թե հողագործության, հաճելի անդորր է բերում, և այդժամ հողի առատ հյութերի ըմբաշխնումը ավելի ուժգին է բորբոքում սեռական հակումը: Մեղմ կլիման, բերքառատ հողը, հանգիստ հարևանները և ով գիտե կազմավորման և արտաքո գործոնների էլ ինչ համակցություններ են արագացրել ինչպես չինացիների ու հնդիկների, այնպես էլ նեգրերի աճը, ավելի վաղ արթնացրել նրանց մեջ սեռական հակումը, հանգեցրել բազմամուսնության և վերջին հաշվով դարձրել նրանց երկրի վրայի ամենաբազմաքանակ ժողովուրդները: Բայց հյուծվածություն է վիճակված նրան, ով կատաղորեն վատնում է իր առնական ուժը: Կենսական սկզբունքը այդ ժողովուրդների սրտում և ուղեղում քնեցվել ու լոկ երբեմն ցնցվել է ջղաձգաբար: Ստրկության համար ծնված` նրանք զգացել և մինչև հիմա էլ զգում են բռնապետի, որն իրենց խաղաղ արվեստներ ու մեքենայական հմտություն կպատվաստեր, իմաստության կարիքը: Բայց եթե անգամ բռնապետության մտրակը ողորմած ձեռքում լինի, այն կարող է մարդուն միայն սովորույթի ու նմանակելու ճամփով քշել, այն զորու չէ յուրահատկություն բացահայտել ու ստեղծագործ եռանդ արթնացնել: Եվ ի՞նչ արժե ասիական ժողովուրդների զարմանալի, բայց անճաշակ ու որևէ առաջընթացի անատակ աշխատասիրությունը մռայլ երազկոտության աղերսվող անսիրտ ու անբարո կրոնով հանդերձ, սովորույթների ու բարքերի քարե անշարժության, մանկական ու անտաշ մտքի դեպքում…

Թարգմանությունը`Գ. Բաբայանի

ՖՐԻԴՐԻԽ ՇԻԼԼԵՐ

1 Նյմ

ՆԱՄԱԿ ԼՈՏՏԱՅԻՆ
… Ախ, որքան ծանր է ինձ համար պահել այդ գաղտնիքը այն մեծ ծանոթության օրից ի վեր: Այն օրից, ինչ միասին ենք, հաճախ, արիություն դրսևորելով, պատրաստվում էի գալ Ձեզ մոտ` խոստովանելու, բայց չէի կարողանում: Իմ ցանկությունն ինձ թվում էր եսասիրություն, և վախենում էի, որ չկարծեք, թե միայն իմ երջանկության մասին եմ մտածում: Եթե պատահեր այնպես, որ դուք չկարողանայիք ինձ համար լինել այն, ինչ ես էի Ձեզ համար, ուստի կխաթարվեր մի հրաշալի ներդաշնակություն ու նար Ձեր քրոջ բարեհաճությունը: Բայց և այնպես լինում էին պահեր, երբ հույսն արթնանում էր. միասին լինելու երջանկություն. այն վեր էր ամեն ինչից, ես անգամ պատրաստ էի զոհաբերել ամեն ինչ` դրան հասնելու համար: Դուք կարող էիք լինել երջանիկ առանց ինձ, բայց դժբախտ իմ պատճառով` երբեք: Դա ես հաստատ զգում էի, երբ մտածում, հուսադրվում էի: Դուք կարող էիք տրվել ուրիշին, բայց ոչ ոք չէր սիրի Ձեզ այնպես մաքուր ու քնքուշ: Ոչ մեկի համար ձեր երջանկությունը չէր լինի սրբություն, ինչպես ինձ համար: Իմ կյանքի ամենաթանկագինը նվիրաբերում եմ Ձեզ: Եթե ես ձգտում եմ ավելի ազնվանալ, միմիայն Ձեզ արժանի լինելու, Ձեզ ավելի երջանիկ դարձնելու համար: Հոգիների վեհությունն իսկական բարեկամության ու սիրո գրավականն է: Մեր սերն ու բարեկամությունը կլինեն հավիտենական, քանի որ նրանք բխում են ճիշտ այդպիսի զգացմունքներից:
Մոռացեք այն ամենն, ինչ պիտի բռնանա Ձեր սրտին, տրվեք Ձեր զգացմունքներին: Ապացուցեք այն, ինչի մասին ինձ հուսադրեց Կարոլինան: Ասացեք ինձ, որ ուզում եք իմը լինել, և որ դա զոհաբերություն չէ Ձեր կողմից: Համոզեք ինձ գոնե մեկ բանով: Մեր հոգիները վաղուց էին մոտ միմիանց: Թող չքվի օտարը, որ մինչև հիմա կար մեր միջև, և թող ոչինչ չարգելի մեր հոգիների մերձեցմանը: Ցտեսություն, թանկագին Լոտտա: Ես փափագում եմ մի հանգիստ պահ ունենալ, որ նկարագրեմ իմ հոգու տվայտանքները, երբ մերթ երջանիկ էի, մերթ դժբախտ: Դեռ ինչքան բան ունեմ ասելու Ձեզ:
Մի հապաղեք ցրելու իմ կասկածները: Իմ կյանքը, իմ ապագան թողնում եմ Ձեր հայեցողությանը: Վաղուց չեմ պատկերացնում դրանք առանց Ձեր ներկայության: Ցտեսություն, սիրելիս:

Թարգմանությունը` Անահիտ Ամիրյանի

ՎԻԼՅԱՄ ՖՈԼԿՆԵՐ

1 Նյմ

… Այժմյան մեր ողբերգությունը համընդհանուր և ունիվերսալ սարսափի զգացման մեջ է, այնքան վաղուց մեր մեջ սատարված, որ մենք նույնիսկ սովորել ենք կրել այն: Ոգու պրոբլեմն այլևս գոյություն չունի: Մնացել է սոսկ մի հարց. ե՞րբ մարմինն իմ մաս-մաս կբզկտեն: Այդ պատճառով էլ մեր օրերի երիտասարդ գրողները- կանայք և տղամարդիկ- երես են դարձրել մարդկային սրտի պրոբլեմներից, որոնք հակասության մեջ են իրենք իրենց հետ,- իսկ միայն այդ կոնֆլիկտը կարող է լավ գրականություն ծնել, քանզի ուրիշ ոչինչ նկարագրության արժանի չէ, արժանի չէ քրտինքի ու տառապանքի:
Նրանք նորից պետք է հասկանան այս: Նրանք պետք է համոզեն իրենց, որ սարսափը ամենանողկալի բանն է, որ կարող է միայն գոյություն ունենալ և, համոզելով իրենց դրանում, պետք է դեն նետեն այն ընդմիշտ և վերացնեն իրենց արվեստանոցներից ամեն ինչ, բացի մարդկային սրտի հին իդեալներից` սիրուց և պատվից, կարեկցանքից և հպարտությունից, խղճմտանքից և զոհողությունից, որոնց բացակայությունը ամլացնում և սպանում է գրականությունը: Մինչ այն ժամը, քանի դեռ նրանք այդ չեն անում, նրանք կաշխատեն նզովքի նշանի ներքո…

ՌԱԴՈՅԵ ԴՈՄԱՆՈՎԻՉ

1 Նյմ

ՍՏՐԱԴԻԱ
(հատված վեպից)
… Մարդիկ ապշած ինձ էին նայում։ Ինձ էլ զարմանալի թվաց այդ անծանոթ ժողովուրդը։ Ում որ նայես, բոլորն էլ զարդարված են շքանշաններով և ժապավեններով։ Շատ քչերը, այն էլ ամենաաղքատները, կրում են մեկական, երկուական, մյուսներն այնքան են կախել, որ հագուստը չի երևում։ Մի քանիսի պարգևները չեն տեղավորվել կրծքներին, և նրանք փոքրիկ սայլակներ են քարշ տալիս՝ լցված զանազան ծառայությունների համար ստացած շքանշաններով, ժապավեններով, աստղերով և այլ տարբերանշաններով…
Ինձ սկսեցին ձանձրացնել միևնույն տարակուսելի հարցերը։
— Ո՞րտեղացի ես։ Մի՞թե դու ոչ մի շքանշան չունես։
…Մինչ այդ՝ ես հասցրի մի քանիսին հարց ու փորձ անել, թե ինչ ծառայությունների համար են նրանք պարգևատրվել։
Մեկն ասաց, որ նախարարը նրան պարգևատրել է անձնազոհության և հայրենիքի հանդեպ բացառիկ ծառայությունների համար, մի ամբողջ տարի նա գործ է ունեցել պետական մի խոշոր գումարի հետ, իսկ ստուգումից հետո դրամարկղում հայտնաբերվել է ընդամենը երկու հազարի պակասորդ։
— Տեղին են պարգևատրել,- խոսում էին շուրջս,- չէ՞որ նա կարող էր վատնել բոլորը, բայց ազնվությունն ու հայրենասիրությունը նրան թույլ չեն տվել կատարել այդ։
Մեկ ուրիշը պարգևատրվել էր այն բանի համար, որ մի ամսվա ընթացքում, երբ նա ինչ-որ պետական բազաների պահակն էր, դրանցից ոչ մեկը չայրվեց։Մի խոհարարուհի պարգևատրվել էր այն բանի համար, որ հինգ տարի ծառայելով մի հարուստ տան մեջ, ընդամենը մի քանի ոսկե և արծաթե իրեր էր գողացել։Մի ինչ-որ քաղաքացի շքանշան էր ստացել, որովհետև հասել էր խոր ծերության և չէր մեռել։Մեկն էլ պարգևատրվել էր ընդամենը կես տարում հարստանալու համար…
…Ոստիկաններն ինձ բոթեցին կառքի մեջ, որի կողքերից քշում էին ժողովրդին։ Կառքը կանգ առավ մի երկարուկ, գետնահար, կարծես լքված շինության առջև։ Պարոն շեֆը՝ կրկնածալ, սափրած կզակով, ճերմակող բեղերով, գիրուկ մի մարդ, ինձ տեսնելով՝ զարմանքից քիչ մնաց նվաղեր։
— Տե՛ր իմ, դու որտեղի՞ց հայտնվեցիր,- սթափվելով զարմանքից՝ ասաց նա և, ձեռքերը պարզելով, սկսեց տնտղել ինձ ամեն կողմից։
— Իսկ ո՞ւր են քո պարգևները… Վաթսուն տարեկան ես ու ոչ մի շքանշան չունե՞ս։ է՜, որտե՞ղ ես դու ապրել, լուսնի վրա, ի՞նչ է։
— Երդվում եմ աշխարհում ամեն ինչով, ես ոչ մի շքանշան չունեմ,- դողդողալով ասացի ես։
Զարմանքից շեֆը շշմեց։ Ուշքի գալով՝ նա կարգադրեց ստորադրյալին՝ մի տասնյակ շքանշան բերել։ Հարևան սենյակից անմիջապես բերեցին մեդալների մի կույտ և ամեն տեսակ շքանշանների, աստղերի ու ժապավենների մի սար։ Շեֆի հրամանով հապճեպորեն ընտրեցին երկու-երեք աստղ, ժապավեն, երեք-չորս շքանշան վզիցս կախեցին, մի քանիսը կպցրին վերարկուիս և, ի լրումն այդ ամենի՝ մի քսան հատ մեդալ ու կրծքանշան էլ գրպաններս լցրին։
— Ահա այսպե՜ս, ախպերս,- բացականչեց շեֆը։- Այսպե՜ս, այժմ դու մի քիչ նման ես նորմալ մարդու, թե չէ՝ ոնց որ հրաշք, հայտնվեցիր, վրդովեցիր ամբողջ քաղաքը…
Հաջորդ օրը ես այցելեցի ոստիկանության նախարարին։ Սկզբում ես զրույցի բռնվեցի մի փայլուն երիտասարդի հետ, որն ինչպես ինքը հայտնեց, ուզում էր տեղավորվել ոստիկանական ծառայության մեջ։
— Դուք, ինչպես երևում է, կրթված մարդ եք, և հավանորեն իսկույն կընդունվեք պետական ծառայության։ Երիտասարդը վեր թռավ և վախեցած շուրջը նայեց՝ համոզվելու համար, թե ոչ ոք ուշադրություն չդարձրե՞ց իմ խոսքերին…
— Այս գերատեսչությունում չեն հանդուրժում կրթված մարդկանց։ Ես իրավունքի դոկտոր եմ, բայց ջանասիրաբար թաքցնում եմ այդ, թե չէ, Աստված չանի, եթե այդ մասին իմանա նախարարը, ես աշխատանք չեմ ստանա։ Իմ մի բարեկամը, նույնպես կրթված մի մարդ, ստիպված եղավ տեղեկանք ներկայացնել, որ երբեք ոչինչ չի սովորել, և դրանից հետո միայն նա լավ պաշտոն ստացավ…

ՍԱՆԴՐՈ ՊԵՆԱ

1 Նյմ

Սիրում էի
Աշխարհում
Ամեն ինչ.
Սիրում էի
Ավազն ու ծովը,
Մարգագետինն ու գետը…
Հավերժ պայծառ
Արևի տակ
Ես ունեի մի ճերմակ Ծոցատետր:

ՉՈՐՍԻ ԳԱՂՏՆԻՔԸ

1 Նյմ

Գիտուններն իմացությամբ չորս կարգի են. նախ, որ գիտե, ու թեպետ գիտե, որ գիտե, ասում է՝ չեմ կարող ասել, սա իմաստուն Է և հեզ, սովորիր սրանից, երկրորդ` գիտե, որ չգիտե և խոստովանում Է իր անտեղյակությունը, թե` չգիտեմ. սա ևս բարի Է, սովորիր այդ. երրորդ` չգիտե և անտեղյակ Է, թե չգիտե և խոսում Է տգիտաբար, սա հիմար Է և չգիտե իր պակասությունը, ինչպես չար հիվանդը, արթնացրու սրան. չորրորդ, չգիտե և գիտե, որ չգիտե, բայց դատարկամիտ հպարտությամբ ձևացնում Է, թե գիտե, այսպիսին ամբարտավան Է, խուսափիր նրանից:
~ Չորս բան են տապալում թագավորությունը՝ բացբերանությունը, չարակամներից չզգուշանալը, չարագործներին հանդուրժելը և սեփական ժողովրդին զրկելը։
~ Չորս պատճառ կա, որ կործանում է թագավորությունը, նախ՝ խելքի պակասություն և տգիտություն, երկրորդ՝ ագահություն և կաշառակերություն, երրորդ՝ անառակություն և ողջախոհություն, չորրորդ՝ կծծիություն. սա ամենից ավելի ատելի է ծառաների ու ռամիկների աչքում։
~ Չորս բան նշան է անբախտության, անառակներին սիրելը, քսու մարդկանց լսելը, անգետներին մտերմանալը և չարկամներից խորհուրդ հարցնելը։
~ Չորս տեսակ մարդուց պետք է հեռու մնալ, որ իր թերին չի տեսնում և ուրիշին է բամբասում, որ ուրիշների բարուն չարով է պատասխանում, որ չի վստահում ընկերոջը և, վերջապես, ստախոս է և մատնիչ։
~ Չորս բան կա, որ ցրում է տրտմությունը և աչքերի լույսը զորացնում, կանաչ տեսնելը, ջրի մոտ նստելը, երկնքի լույսը տեսնելը և լավ բանի հանդիպելը։
~ Չորս բան կա, որ պակասեցնում է աչքի լույսը. բոբիկ ճանապարհ գնալը, թշնամի տեսնելը, շատ լալը, բարակ բաների նայելը։
~ Չորս բան գիրացնում են մարմինը. բաղնիք մտնելը, ախորժելի կերակուրներ ուտելը, փափուկ շորեր հագնելը և հաճելի բաներ լսելը։
~ Չորս բան առողջացնում են հիվանդին. կանոնավոր սնվելը, անուշ բույրեր հոտոտելը, գուսանի ձայնն ու անուշ քամին։
~ Չորս բանից է լինում հանկարծամահությունը. մեծ ուրախությունից ու շատ տրտմությունից, ուժեղ բարկությունից և խիստ վախենալուց։
~ Չորս տեղ են փորձում մարդուն. պաշտոնի ու առևտրի մեջ, գինի խմելիս և ճանապարհին։
~ Չորս բանի, չի կարելի հավատալ. թշնամու սիրուն, ագահ մարդու երդմանը, անհավատի դաշինքին և անառակ կնոջ սիրուն։
~ Չորս տեսակ մարդիկ չեն կարող հարստանալ. առաջինն այն է, որ խոյ է կռվեցնում, երկրորդ այն, որ աղավնի է պահում, երրորդը, որ խաղամոլ է, որ դրամով գումար է խաղում, չորրորդն այն է, որ փողոցներում առուծախ է անում։ Սրանք ամեն ինչով դժբախտ են։
~ Չորս բան կա մարդու օգտակար՝ թե հոգուն, թե մարմնին. քիչ ուտելն ու քիչ խմելը, քիչ խոսելն ու քիչ քնելը։ Քիչ ուտելն ու քիչ խմելը մարմնին օգուտ է. անձը թեթև է պահում և զգայությունները՝ հստակ ու մաքուր, մարմինը՝ առողջ։ Քիչ խոսելն ու քիչ քնելը հոգուն է օգուտ, որովհետև եթե շատ քնի՝ կկուրանա միտքը, կխափանվեն հանճարը և զգայությունները, իսկ շատ խոսելը չորացնում է ուղեղը և պատվազրկում մարդուն։ Եթե տասն բան գիտես, մեկն ասա և ինը պահիր. խոսքը գոհարի է նման. անտեղի մի խոսիր, որ չկորցնես, շտապով մի խոսիր, բարկությամբ ու լալկան դեմքով մի խոսիր, այլ, եթե ուզում ես, որ խոսքդ անցնի, մեղմորեն ու ժպտուն դեմքով խոսիր։

ՄԱՔՍԻՄԻԼԻԱՆ ՌՈԲԵՍՊԻԵՌ

1 Նյմ

Եկել է ժամանակը պարզելու հեղափոխության նպատակը և սահմանը, որին ուզում ենք հասնել, եկել է ժամանակը ինքներս մեզ հաշիվ տալու նաև խոչընդոտների մասին, որոնք հեռացնում են մեզ նրանից, որոնք մենք պետք է ընդունենք` դրան հասնելու համար: Սա հասարակ և կարևոր միտք է, որը, ինչպես երևում է, երբեք չի նշվել: Եվ ինչպե՞ս կհամարձակվեր ստոր և անբարո կառավարությունն իրականացնել այն: Մի ինչ-որ թագավոր, ինչ-որ մեծամիտ սենատ, Կեսար, Կրոմվել նախ և առաջ կրոնական շղարշի տակ թաքցնում էին իրենց ծրագրերը, գործարքի մեջ մտնում բոլոր արատների հետ, շողոքորթում էին բոլոր կուսակցություններին, ոչնչացնում էին ազնիվ մարդկանց կուսակցությունը, ճնշում կամ խաբում էին ժողովրդին այն բանի համար, որ հասնեն իրենց նենգ փառասիրության նպատակին: Եթե մենք մեծագույն խնդիր իրականացնելու չլինեինք, եթե խոսքն այստեղ վերաբերեր միայն ինչ-որ հանցախմբի կամ նոր արիստոկրատիայի, մենք կհավատայինք, այնպես, ինչպես դրան հավատում են ավելի շուտ տգետ, քան թե փչացած գրողները, որ ֆրանսիական հեղափոխության պլանը տառացիորեն գծվել է Տակիտոսի և Մաքիավելու գրքերում, և կկարողանայինք ժողովրդի պարտականությունների նկարագրությունը գտնել Օգոստոսի, Տիբերիոսի, Վեսպասիանոսի պատմության կամ նույնիսկ որոշ ֆրանսիացի օրենսդիրների պատմության մեջ, քանի որ նենգության և դաժանության որոշ նրբություններում բոլոր տիրանները նման են միմյանց:
… Հարկավոր է վաղօրոք նախազգուշական միջոցներ ձեռնարկել և ազատության ճակատագիրը հանձնել ճշմարտության ձեռքը, որը հավերժ է, և ոչ թե ձեռքն այն մարդկանց, ովքեր մահկանացու են. այսպիսով, եթե կառավարությունը մոռանում է ժողովրդի շահերը կամ եթե դրանք հայտնվում են անբարո մարդկանց ձեռքում, իրերի բնական ընթացքին համապատասխան, ընդունված սկզբունքների լույսը լուսավորում է նրանց դավաճանությունը, և թող նոր հանցախումբն ընկնի հանցագործության մտքից անգամ: Երջանիկ է այն ժողովուրդը, որ հասել է այս վիճակին: Քանզի ինչ նոր հարվածներ էլ սպառնան նրան, իրերի դրությունը, որի պարագայում հանրային բանականությունը ազատության երաշխիքն է հանդիսանում, նրան բազում միջոցներ կտրամադրի այդ հարվածները կանխելու համար: Ո՞րն է այն նպատակը, որին ձգտում ենք: Ազատության խաղաղ գործադրումն ու հավասարությունը, հավերժ արդարության տիրապետությունը, որի օրենքները փորագրված են ոչ թե մարմարի ու քարի, այլ բոլոր մարդկանց սրտերում, անգամ ստրուկի սրտում, ով մոռացել է դրանց մասին, և տիրանի սրտում, ով ժխտում է դրանք:
Մենք ուզում ենք ունենալ այնպիսի իրադրություն, որտեղ բոլոր նսեմ և դաժան կրքերը սանձված կլինեն, և բոլոր բարերար ու մեծահոգի կրքերը կարթնանան օրենքներով, որտեղ սնափառությունը կարտահայտվեր հայրենիքին ծառայելու ձգտմամբ, որտեղ տարբերությունները միայն հավասարություն կծնեին, որտեղ քաղաքացին կենթարկվեր քաղաքապետությանը, քաղաքապետությունը` ժողովրդին, ժողովուրդը` արդարությանը, որտեղ հայրենիքը կապահովեր յուրաքանչյուր անհատի բարօրությունը, իսկ յուրաքանչյուր անհատ հպարտ կօգտվեր հայրենիքի բարգավաճումից և փառքից, որտեղ բոլոր հոգիները կփառավորվեին հանրապետական զգացումների հետ մշտական հաղորդակցությամբ և մեծ ժողովրդի հարգանքը վայելելու անհրաժեշտությամբ, որտեղ արվեստները ազատության զարդարանքն են, որ վսեմացնում է նրանց, իսկ առևտուրը կլինի ժողովրդի հարստացման աղբյուր, այլ ոչ թե միայն մի քանի ընտանիքների հրեշավոր շքեղություն:
Մենք ուզում ենք մեր երկրում եսասիրությունը փոխարինել առաքինությամբ, պատիվը` ազնվությամբ, սովորույթները` սկզբունքներով, պարկեշտությունը` պարտավորություններով, մոդայի բռնակալությունը` բանականության տիրապետությամբ, դժբախտության նկատմամբ արհամարհանքը` արհամարհանքով արատի նկատմամբ, անպատկառությունը` հպարտությամբ, սնափառությունը` հոգու վեհությամբ, փողի նկատմամբ սերը` սիրով փառքի նկատմամբ, լավ ընկերախումբը` լավ մարդկանցով, դավադրությունը` արժանիքով, սրամտությունը` տաղանդով, սիրալիր, թեթևամիտ և դժբախտ ժողովրդին` մեծահոգի, ուժեղ, երջանիկ ժողովրդով, այսինքն` միապետության արատներն ու բոլոր անհեթեթությունները փոխարինել հանրապետության բոլոր առաքինություններով և հրաշքներով:

ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆ

1 Նյմ

Նամակ Ջուլիետա Գուակարդիին
Հրեշտակ իմ, կյանք իմ, իմ երկրորդ ես`այսօր գրում եմ քեզ միայն մի քանի բառ և այն էլ մատիտով (քո մատիտով): Վաղը ստիպված եմ նոր բնակարան փնտրել ինձ համար, այնքան անհարմար է , հատկապես հիմա:
Եվ ինչի՞ համար է այս խորը թախիծը անխուսափելիից առաջ: Մի՞թե սերը կարող է գոյություն ունենալ առանց զոհերի, առանց ինքնամերժման: Դու կարո՞ղ ես անել այնպես, որ ամբողջովին ես պատկանեմ քեզ , իսկ դու ինձ: Աստված իմ: Սերը պահանջում է ամեն ինչ և ունի դրա իրավունքը: Ես զգում եմ դա այնպես, ինչպես և դու: Միայն թե դու շատ հեշտությամբ ես մոռանում այն, որ ես ապրում և պետք է ապրեմ մեր երկուսի համար`ՔՈ և ԻՄ:
Իմ ճանապարհորդությունը սարսափելի էր, ես վերադարձել եմ երեկ առավոտյան ժամը չորսին , ձիերը շատ քիչ էին, ես էլ որոշեցի այլ ճանապարհով գալ, սարսափելի էր: Բայց հետաքրքիր էր այն զգացողությունը, որը այցելեց ինձ ճանապարհի վերջում`ես երջանիկ էի , որովհետև ես հաղթահարեցի դժվարություններ:
Լավ , ինչևէ: Երևի շուտով մենք կհանդիպենք` գուցե հենց այդ պատճառով էլ ես չեմ կարող քեզ ասել այն եզրակացությունների մասին, որ արել եմ իմ կյանքի վերաբերյալ:
Գիտե՞ս, եթե մեր սրտերը միասին բաբախեին, ես հավանաբար դա չէի անի: Հոգիս լի է այն ամենով, ինչ կուզեի քեզ ասել:Լինում են պահեր, երբ ինձ թվում է , որ մեր լեզուն անզոր է: Ուրախացիր, զգա կյանքը, բայց խնդրում եմ շարունակիր մնալ իմը: Մնա իմ անփոխարինելին, միակ գանձը: Մնացած այն ամենի մասին ինչ լինում ևպետք է լինի մեզ հետ, հոգում է ԱՍՏՎԱԾ:
ՔՈ ՀԱՎԱՏԱՐԻՄ :

ԼԵԳԵՆԴ ԽԱՅԱՄԻ ՄԱՍԻՆ

1 Նյմ

Ավանդաբար ասվում է, որ մի օր Խայամը նստած ծառերի ստվերի տակ գինի էր խմում և բանաստեղծում էր: Հանկարծ բարձրանում է մի ուժգին քամի և ծառի մի ճյուղը կպչում է նրա գինու կժին, որն ընկնելով, կոտրվում է և գինին թափվում: Այս դեպքի առթիվ նա ասում է այս քառեակը.
Անոթն իմ գինու, Տեր իմ, կոտրեցիր,
Դուռը ցնծության գոցեցիր դեմքիս,
Թափեցիր գինիս՝ վարդի պես կարմիր,
Հարբա՞ծ ես, Տե՜ր իմ, հո՜ղը գա բերնիս:
Խայամի այս համարձակության վրա բարկանում է Աստված և խիստ պատիժ տալիս: Ծռում է բերանը, կարկամեցնում լեզուն եւ սևացնում երեսի մի կողմը: Երբ մի փոքր անցնում է, Խայամն ուշքի է գալիս, տեսնում է ծանր պատիժը, զղջում իր խոսքերի համար և այս քառյակով ներողություն է խնդրում Աստծուց:
Ասա´ ինձ, խնդրեմ, ո՞վ է աշխարհում որ մեղք չունենա,
Այն մահկանացուն, որ մեղք չգործեց, ինչպե՞ս ապրեց նա,
Ես վատ եմ անում, եւ Դու ինձ վատով պատժում ես, ո՜վ Տեր,
Ասա´ ինձ խնդրեմ, ապա ես և դու ինչո՞վ ենք տարբեր:
Խայամի զղջումը լսելի է դառնում Աստծուն, վերացնում է պատիժը և նորից շնորհում նրան կարմիր գինի ու ավելի իմաստուն լեզու:

ՈԻԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ

1 Նյմ

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը քայքայվեց, մասնատվեց բազմաթիվ նահանգների միջեւ եւ թուրքերի կողմից՝ որպես ոչնչացման ամենահեշտ միջոց որդեգրած ջարդերի, կռիվների ու բռնագաղթեցման հետեւանքով նրա 3/4 մասը բնաջնջվեց: Հայության կրած տառապանքներն ու ջարդերը Գլադստոնի հրապարակախոսական յոդվածների կոչերի շնորհիվ հայտնի էին դարձել անգլիացիներին, որոնց կարծիքները, սակայն, այդ հարցում միասնական չէին: Ոմանք իրենց ուշադրությունն ավելի շատ կենտրոնացրել էին հայոց ողբերգության, ոմանք էլ՝ նրանց ձախորդությունների ու թերությունների վրա: Բոլոր դեպքերում, ի տարբերություն այն համընդհանուր անտարբերության, որով Արեւմուտքի դեմոկրատական երկրները հետեւում էին արեւելյան ու միջինարեւելյան ժողովուրդների բախտին, Անգլիան եւ ԱՄՆ-ը մոտկից ծանոթ էին հայերին ու նրանց ճակատագրին: Հայերի հանդեպ նրանց հետաքրքրությունն առաջ էր եկել կրոնական ընդհանրություների հիմքի վրա, ինչպես նաեւ մարդասիրության ու քաղաքականության թելադրանքով: Հայ ժողովրդի հանդեպ գործադրված վայրագություններին, իրավամբ, առաջացրել էին անգլիացի ժողովրդի անկեղծ զայրույթը:
Վերջապես, հասել էր ժամը, երբ պետք է պաշտպանվեր հայերի արդար դատը, եւ նրանք պետք է ստանային իրենց բնիկ հողերի վրա խաղաղ ապրելու իրավունքը: Հայերին հալածող, կոտորող, գերեվարող դահիճներն ու բռնապետերը պատերազմից ու հեղափոխությունից հետո կորցրել էին իրենց ուժը: Հաղթանակի ժամին աշխարհի մեծ ժողովուրդները հայերի բարեկամներն էին եւ պետք է ջանային պաշտպանել նրանց արդար իրավունքները:
Անհասկանալի կլիներ, եթե հինգ հզոր դաշնակիցներ չկարողանային իրագործել իրենց ցանկությունը: Բայց, մինչ հաղթանակած պետությունները Հայկական Հարցի քննարկման համար կհավաքվեին Փարիզում, նրանց դաշնակցային միասնությունը խախտվել էր արդեն, կազմացրված էին նաեւ բանակները եւ նրանց կայացրած որոշումները դատարկ խոսքերից ավելին չարժեին…
1941 Թ.

ՍՈՂՈՄՈՆԻ ԵՐԳ ԵՐԳՈՑԸ

1 Նյմ

… Ահա դու, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների՝ հարսնաքօղիդ տակ։ Քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից։ Քո ատամները նման են խուզած ոչխարների հօտերի, որոնք ելնում են լողաւազանից. բոլորն էլ զուգաշար են, եւ ոչ մի ստերջ չկայ նրանց մէջ։ Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի, եւ գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին։ Քո այտերը նման են կիսած նռան՝ հարսնաքօղիդ տակ։ Քո պարանոցը նման է Դաւթի աշտարակին, որ շինուած է Թալպիոթում. հազար վահան է կախուած նրանից, նաեւ՝ ռազմիկների բոլոր նետերը։ Քո երկու ստինքները նման են այծեամի երկուորեակ ուլերի, որոնք արածում են շուշանների մէջ, մինչեւ ցերեկն անցնի, եւ ստուերները շարժուեն։ Ես էլ առանձին գնամ զմուռսի սարը եւ կնդրուկի բլուրը։ Դու բոլորովին գեղեցիկ ես, ո՜վ իմ սիրելի, եւ ոչ մի արատ չկայ քո մէջ։ Ե՛կ Լիբանանից, ո՜վ հարս, այստե՛ղ եկ Լիբանանից. արի անցի՛ր Հաւատքի գագաթից, Սանիրի եւ Հերմոնի կատարներից, առիւծների որջերից եւ ինձերի լեռներից։ Կարօտով լցրիր մեր սիրտը, ո՜վ մեր քոյր հարս, քո մի հայեացքով, քո պարանոցի մի մանեակով կարօտով լցրիր սիրտը մեր։ Գեղեցկացան քո ստինքները, ո՜վ մեր քոյր հարս, գինուց գեղեցկացան քո ստինքները, եւ քո զգեստների հոտը քաղցր է բոլոր խնկերից։ Մեղր է կաթում քո շուրթերից, քո՛յր իմ հարս, մեղր ու կաթ կայ քո լեզուի տակ. եւ քո զգեստների հոտը նման է կնդրուկի հոտի։ Փակուած պարտէզ ես, քո՛յր իմ հարս, փակուած պարտէզ եւ կնքուած աղբիւր։ Քո տնկիները նռնենիների դրախտ են՝ մրգատու ծառերի պտուղներով, նոճով ու նարդոսով, նարդոս են ու քրքում, խնկեղէգն ու կինամոն՝ Լիբանանի ամէն տեսակ ծառերով, զմուռս ու հալուէ՝ բոլոր լաւագոյն խնկերով հանդերձ, բուրաստանների աղբիւր են եւ կենդանի ջրի ակունք, որ բխում է Լիբանանից։ Վե՛ր կաց, հիւսիսի՛ քամի, եւ ե՛կ, հարաւի՛ հով, փչի՛ր իմ պարտէզի մէջ, եւ թող իմ խնկերն իրենց բոյրը տարածեն…

ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

1 Նյմ

— Եթե ես մի որևէ գեներալի հրամայեմ, որ թիթեռի նման ծաղկից ծաղիկ թռչի կամ ողբերգություն գրի, կամ էլ ճայ դառնա, իսկ գեներալը հրամանը չկատարի, ո՞վ կլինի մեղավորը՝ նա՞, թե՞ ես:
— Դուք, ձերդ մեծություն, — առանց տատանվելու պատասխանեց Փոքրիկ իշխանը:
— Միանգամայն ճիշտ է, — հաստատեց թագավորը: — Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունը նախ և առաջ պետք է խելացի լինի: Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի: Ես իրավունք ունեմ հնազանդություն պահանջելու, որովհետև իմ հրամանները խելացի են:

“Փոքրիկ Իշխանը”

%d bloggers like this: