Ո՞Վ Է ԹԱՐԳՄԱՆԵԼ «ՔԱՌԱՍՈՒՆՔԸ»

28 Հկտ

1930- ականների գրական գվարդիան, կամ, եթե ավելի կոնկրետացնենք, այդ գվարդիայի հալածյալ հատվածը Ստալինի մահից և վրա հասած «ձնհալից» հետո վերստին արտոնվեց։
Այժմ արդեն կարելի էր ոչ միայն մեծարել գնդակահարված, աքսորված ու հետապնդված գրողներին, այլև նրանց հետ երբևէ ունեցած մտերմությունները, թռուցիկ առնչությունները և դրանց մասին հիշողությունները համարվում էին խիստ կարևոր ու շահեկան։ Գրական թերթերն ու ամսագրերը սկսեցին հեղեղվել այդ կարգի հրապարակումներով։ Տպագրվում էին նորահայտ ստեղծագործություններ, լուսաբանվում էին մինչ այդ անհայտ փաստեր ու հանգամանքներ։ Եվ, ինչպես և պետք էր ենթադրել, ազնիվ ոգևորության, դրական միտումների կողքին հայտնվում էին նաև այնպիսի էջեր, որոնք առիթ էին տալիս լուրջ տարակարծությունների, կասկած էին հարուցում թե դրանց ազնվությունն ու ճշմարտացիությունը և թե հեղինակների իրական նկարագիրն ու նախկին դերակատարությունը։
Պատահում էր նաև այնպես, որ երբեմն այդ կարգի անհաշտություններն ի հայտ էին գալիս այն մարդկանց միջև, որոնք իսկապես համակիրներ ու նվիրված բարեկամներ էին եղել երեկվա «ժողովրդի թշնամիների» և ներկա մեծանուն արվեստագետների համար։ Նման դեպքերում սկիզբ առած բանավեճերը հետզհետե վերածվում էին մրցակցության ու ավարտվում փոխադարձ մեղադրանքներով։ Ավելի հաճախ համանման իրավիճակներ էին ստեղծվում, երբ քննության նյութ էր դառնում Եղիշե Չարենցի անձն ու գրական ժառանգությունը։
Մենք կպատմենք դրանցից միայն մեկի մասին, որտեղ վիճաբանության առանցքը Չարենցի թարգմանած մի բանաստեղծությունն է։ Խոսքը Սերգեյ Եսենինի հանրահայտ «Քառասունքի» մասին է։
1925 թ. դեկտեմբերին Սերգեյ Եսենինի ողբերգական մահը ցնցեց Չարենցին։ Վաղամեռիկ բանաստեղծի հիշատակի առթիվ Չարենցը հունվարի 13-ին պետական թատրոնում կազմակերպում է գրական երեկո՝ ինքն էլ գնահատանքի ու ցավակցության խոսք ասելով նրա մասին։ Իսկ մի քանի օր անց իր խմբագրած «Նորք» հանդեսի առաջին համարի էջերում տպագրում է առաջին անգամ հայերեն թարգմանված «Քառասունքը»։ Հետագայում Չարենցի ժողովածուներում և գրքերում այս գործն ընդգրկվել է առանց վերապահությունների՝ չհարուցելով որևէ կասկած կամ հեղինակային անհամաձայնություն։
Սակայն ամեն ինչ իրականում այնքան էլ անխոցելի չէր, որքան կարող էր թվալ։ Նախ և առաջ պետք է նկատել, որ դեռ «Նորքում» տպագրելու պահին թարգմանչի անվան փոխարեն գրված է եղել «X. X.» երկիմաստ ստորագրությունը։ Այդ թերասացությունը մասամբ պարզաբանվեց, երբ 1964 թվին լույս տեսավ Չարենցի երկեր ժողովածուի 3-րդ հատորը։ Թարգմանված գործերի թվում «Քառասունքը» նույնպես կար, իսկ ծանոթագրության մեջ ասված էր, որ «Չարենցի գրական և անձնական բարեկամ Մկրտիչ Արմենի վկայությամբ, թարգմանությունը կատարել են Չարենցը և ինքը Եսենինի ինքնասպանությունից (1925 դեկտ. 28) անմիջապես հետո»1։ Ստացվում էր, որ « X. X.» նշումը վերաբերել էր Չարենցին և Արմենին։
Նմանօրինակ համագործակցությունը գրական աշխարհում եզակի չէ, իսկ տվյալ դեպքի համար՝ միանգամայն հնարավոր։ Եվ եղածը կարելի էր հենց այդպես էլ ընկալել, եթե չլինեին մի շարք «բայց»-եր, որոնք խճճում, իսկ երբեմն էլ նույնիսկ ուղղակի երկրորդական են դարձնում Չարենցի հեղինակային մասնակցությունը։ Ի՞նչն է դրա պատճառը, որտեղի՞ց էին սնվում համանման պնդումները և որքանո՞վ են դրանք հավաստի։
Այն, որ «Քառասունքի» թարգմանությունը կատարվել էր համահեղինակի մասնակցությամբ, շրջանառվում էր դեռ շատ վաղուց։ Միայն թե խոսքը ոչ թե Մկրտիչ Արմենի, այլ Չարենցի կնոջ՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանի մասին էր։ Իր ժամանակին դա եղել է չափազանց տարածված կարծիք։ Պատահական չէ, որ նույնիսկ բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանը «Ոսկե ամպ» հուշերի գրքում, պատմելով Երևանի հին գերեզմանատան մասին, այսպիսի տողեր է գրել.
«…Մլեր։ Այստեղ կա հասարակ, գորշ տուֆից մի տապանաքար, մենավոր մի շիրիմ, ուր հանգչում է երիտասարդ բանաստեղծների համար լեգենդ դարձած Արփենիկ Չարենցը, որը ժամանակին, ինչպես ասում են, թարգմանել է Եսենինի «Քառասունքից» մի հատված…»2: Ստացվեց, որ մի կողմից՝ Մ. Արմենի պնդումն է, մյուս կողմից՝ Չարենցի կնոջ մասնակցության պարագան, ինչն ինքնին որոշակի հակասության հիմք է ստեղծում։
Բայց պարզվում է, որ «թեկնածուների» ցանկը դեռ այսքանով չի սահմանափակվում։ Եվ հաջորդ հավակնորդի ներկայացրած փաստարկումներն էլ այնքան լուրջ են, որ դրանք նույնիսկ իր ժամանակին առիթ են տվել… երեքամյա գժտության։ Խոսքն այս դեպքում մեկ այլ գրողի՝ Գուրգեն Մահարու մասին է։
1950-ականների կեսերին մայրաքաղաքի գրական շրջանակներում զանազան ենթադրություններ էին արվում այն մասին, թե ի՞նչ պատճառով կարող էին գժտվել հին ու մտերիմ երկու ընկերներ՝ Մահարին և Արմենը։ Կռահումներից որևէ մեկն այդպես էլ իր հիմնավորումը չէր գտնում, մինչև որ մի օր՝ ավելի կոնկրետ՝ 1959-ի սկզբներին նրանք վերջապես չհաշտվեցին։ Այդ օրերից պահպանվել են երկու գրողների փոխանակած նամակները, որոնք ոչ միայն մասամբ պարզաբանում են անհաշտության դրդապատճառը, այլև Չարենցին առնչվող բավականին հետաքրքիր փաստեր են արձանագրում։ Հաշվի առնելով, որ ստորև ներկայացվող նամակներն առ այսօր անտիպ են՝ մենք կմեջբերենք մի քանի ընդարձակ հատվածներ՝ խնդրին առավել հստակություն հաղորդելու նկատառումով։
1959 թ. մարտի 23-ին Գ. Մահարին նամակ է հղում Մ. Արմենին։ Դիմելով իր գրչընկերոջը երրորդ դեմքով՝ Մահարին այդ ընդարձակ նամակում մասնավորապես ասում է. «…Տարիներ առաջ Չարենցի հետ միասին թարգմանեցինք Եսենինի «Քառասունքը»։ Երեք տարի առաջ նա ( Մկրտիչ Արմենը- Հ. Չ.) ինձ հավատացնում էր, որ «Քառասունքը» թարգմանել են ինքն ու Չարենցը, իսկ ես միայն հանդիսատես եմ եղել։ Պարզ է, որ նա շփոթում է իրերի դրությունը և այսօրվա իր ռուսերենի տիրապետումը շփոթում է այն ժամանակների հետ, երբ նա ռուսերեն այնքան գիտեր, որքան ես հիմա ուկրաիներեն, իսկ ես այն ժամանակ մի քիչ ավելի գիտեի այդ լեզուն։ Այս հանգամանքը նա մոռացել է, բայց չի մոռացել մի ուրիշ բան,- այն, որ ես այն ժամանակ ռուսերեն բռնահանգեր էի սարքում ծիծաղելու համար, և այդ նրա մտքում մնացել է որպես իմ ռուսաց լեզվի հնարավորությունների չափանիշը։ Այն ժամանակ էր, երբ ես Տերյանին «թարգմանել» էի ռուսերենի՝ դիտավորյալ կերպով խեղաթյուրելով Տերյանն ու ռուսերենը, և որն անսպառ ծիծաղի տեղիք էր տալիս, և Չարենցի «հու-հու-հու»-ն մինչև հիմա ականջներիս մեջ է։ Երևի չի մոռացել նա,-
Չկան օրերն ահարկու,
Չկա ժամ և ժամանակ-ը
ես «սարքել» էի-
Нету дни страшные,
Нет и час и часавой.
Ավելի հետաքրքիր դեպք.- Ստ. Մանուկյանի, Նորենցի հետ նկարվեցինք՝ Չարենցի գլխին չանչ բռնած։ Ինձ Արմենը պատմեց այդ բանը, իսկ ես նրան ասացի, որ ինքը չի եղել նկարվողը, ես եմ եղել։ Արմենն անկեղծորեն բողոքեց և ինձ հավատացրեց, որ նա է եղել այդ նկարում։ Կարո՞ղ ես երևակայել նրա դեմքի արտահայտությունը, երբ ես ցույց տվի լուսանկարը…»3։

Ավելի քան 30-ամյա վաղեմություն ունեցող միջադեպի առթիվ երկու գրողների անհամաձայնությունը նոր թափ է հավաքում, երբ երկու օր անց՝ մարտի 25-ին Մկրտիչ Արմենը Մոսկվայից մի ընդարձակ պատասխան նամակ է հղում Գուրգեն Մահարուն։ Հիմնական խնդրին հավելելով նաև այլևայլ դրվագների շուրջ ծագած մեծ ու փոքր տարակարծությունները՝ Արմենը գրում է. «… Սիրելի Գուրգեն։ Երբ ես «Սովետական գրականության» մեջ կարդացի քո հուշերը Չարենցի մասին և տեսա, թե ինչպես դու այնտեղ մի շարք երկրորդական փաստեր խառնել ես իրար անճանաչելիության աստիճան, հավատացնում եմ քեզ, ես մտքովս էլ չանցկացրի, թե դու այդ արել ես դիտմամբ։ Օրինակ, դու բոլորովին ճիշտ չես հիշում Չարենցի հետ իմ ծանոթանալու հանգամանքները։ Բայց այնքան անմեղ բան է դա և այնքան ընդունելի վարիանտ է քո բերածը, այնքան նույնատիպ՝ իրականի հետ, որ կասկածել քեզ ինչ-որ հետին մտադրությունների մեջ՝ պարզապես կլիներ անազնվություն…»4։ Այնուհետև, ընդունելով հանդերձ, որ մարդկային հիշողությունը կարող է սխալական լինել, Արմենը բոլոր դեպքերում չի ցանկանում հաշտվել Մահարու նամակում հիշատակված երկու օրինակների հետ. «…Այդ երկու դեպքումն էլ գործը եղել է այլ կերպ,- գրում է նա։- Եվ եթե մեզանից որևէ մեկը մոռացել է իրականությունը, ապա դա ոչ թե ես եմ եղել, այլ «մյուսը»։ Ընդ որում, ես զգալի չափով ձեռնպահ եմ մնում դրան միտում վերագրելու համար։
Սերգեյ Եսենինի «Քառասունքի» թարգմանության մասին, հավատացնում եմ քեզ, դրա տպագրությունից ի վեր, ես ոչ միայն չէի խոսել ոչ մեկի հետ, այլև ոչ մի անգամ չէի էլ մտաբերել։ Առաջին դեպքը դա հիշելու և դրա մասին խոսելու, եղավ քո ներկայությամբ, մի քանի տարի առաջ։ Ես ասացի, որ դա թարգմանել ենք ես ու Չարենցը։ Մի քանի օր հետո, իմ և քո մասնավոր խոսակցության ժամանակ դու ինձ, բավականին նեղացած, ասացիր, որ դա թարգմանել ենք մենք երեքով և ես իզուր եմ քեզ դուրս հանում հաշվից։
Սիրելի Գուրգեն։ Եթե ես իմանայի, որ դա որևէ նշանակություն ունի քեզ համար, և ես դիպել եմ քո հեղինակությանը՝ որպես թարգմանչի, հավատացնում եմ քեզ, որ ես էն գլխից կհայտարարեի, որ դա թարգմանել են երեք հոգի.- դու, Չարենցը և Ակսելը։ Այժմ, երբ դու նամակիդ մեջ, ինձ համար միանգամայն անսպասելի կերպով, նորից մեջ ես քաշել այդ հարցը՝ տալով դրան հարկ եղածից խիստ ավելի մեծ տեղ, ես առավել ևս կուզենայի ապացուցել, որ այդ թվին ես ոչ միայն չեմ թարգմանել «Քառասունքը» Չարենցի հետ, այլև գաղափար էլ չեմ ունեցել այդ բանաստեղծության նույնիսկ բնագրի մասին, էլ չխոսած հեղինակի՝ Եսենինի մասին։ Ահա այդքան անկարևոր է ինձ համար այդ դափնին, սիրելի Գուրգեն։ Բայց քանի որ այդ թարգմանության չարաբաստիկ հարցն ինձ համար անսպասելի կերպով նշանակություն է ստանում իմ և քո փոխհարաբերությունների համար,- մեր ազնվության, լավագույն դեպքում՝ հիշողության ուժեղության կամ թուլության համար, ես ստիպված եմ անդրադառնալ դրան։
Սերգեյ Եսենինի «Քառասունքը», սիրելի Գուրգեն, իհարկե, թարգմանել են միայն ես և Չարենցը և ուրիշ ոչ ոք մեզ հետ։ Դու, ինչպես երկուսս էլ հիշում ենք, մեզ մոտ նստած, ծիծաղելի բռնահանգեր էիր սարքում, և երեքովս ծիծաղում էինք։ Ճիշտ այդպես էլ, երբ դրանից ոչ շատ ժամանակ անց ես ու Չարենցը որոշեցինք թարգմանել Ուայլդի «Ռիդինգյան բանտի բալլադը», դու քո մասնակցությունը մեր նախնական աշխատանքին բերեցիր նրանով, որ սարքեցիր մի շատ սրամիտ ու ծիծաղելի «թարգմանություն» Ուայլդի երկու տողի.
Հարգեց, հարգեց,
Դարձավ զարկեց…
Ես և Չարենցը սկսեցինք վարիանտավորել դա.
Ում որ հարգեց՝
Էնոր զարկեց…

Որին հարգեց՝
Էնոր զարկեց…

Ընչի՞ հարգեց,
Ընչի՞ զարկեց…
Եվ այլն։
Եթե, սիրելի Գուրգեն, թարգմանիչների քանակի հարցը ջնջվել է քո հիշողության միջից (իհարկե, առանց միտումի), ապա գոնե աչքի անցկացրու նորից «Նորքը»։ Թարգմանության տակ Չարենցը գրել է.- թարգմ. Իքս, իքս։ Ճիշտ հաշվով՝ երկու իքս և ոչ թե երեք։ Դրանից մեկը նա է, մյուսը՝ ես։
Այն փաստը, որ այդ բանաստեղծությունը թարգմանել ենք երկուսով, հայտնի դարձավ դեռ այն ժամանակ մեր համարյա բոլոր գրողներին։ Երբ մի երեք տարի սրանից առաջ ես նրանցից մեկին հարցրի, թե ով է թարգմանել, նա անսխալ կերպով տվեց երկուսիս անունը։ Երբ ես անվանեցի նաև քեզ, նա ծիծաղեց և ասաց, որ՝ «դե լավ, լավ, վերջին թվով մեջտեղ մի քաշիր նաև ընկերոջդ»… Որպեսզի չկարծես, թե սա «ինսցենիրովկա» է, հնարովի բան (ով գիտե, թե ինչերի մեջ դու կարող ես կասկածել ինձ), ես Երևանում կարող եմ ասել քեզ նրա անունը և կամ երկուսով կարող ենք հարցնել նրան, ինչպես և ուրիշներին։
Կարող է հարց ծագել, Գուրգեն, թե ինչու՞ համար դու, լինելով Չարենցի մի այլ մտերիմը, նույն օրը և նույն ժամին գտնվելով նույն տեղում, լինելով բանաստեղծ, միայն քո զավեշտական «մասնակցությունն» էիր ցույց տալիս քո սիրած Եսենինի թարգմանության գործին։ Պատճառը, սիրելի ընկեր, այն էր, որ ռուսերենի քո գիտելիքները քեզ հնարավորություն չէին տալիս ավելին անելու։ Եվ եթե դու, ինչպես գրում ես նամակումդ, թարգմանել էիր Տերյանի մի երկտողը՝ «խեղաթյուրելով Տերյանին ու ռուսերենը», ապա դու այդ արել էիր ոչ թե «դիտումնավոր» կերպով, ինչպես գրում ես,. այլ որովհետև կարող էիր միայն այդքանը։ Ախր ինչու՞ համար ես դա համարում հեղինակային հարց, սիրելիս…»։

Այնուհետև Մկրտիչ Արմենը սկսում է մանրամասնորեն թվարկել, թե այն տարիներին ինքն ուրիշ ինչ գործեր է թարգմանել և որտեղ են դրանք տպագրվել։ Սակայն դեռևս կար չպարզաբանված ևս մի դրվագ, և նամակագիրն անմիջապես անցում է կատարում այդ խնդրին. «… Իմ հիշողության միտումնավոր թուլության քո մեջբերած երկրորդ փաստն այն է, որ դու, Նորենցն ու Ս. Մանուկյանը նկարվել եք Չարենցի հետ, իսկ ինձ թվում էր, թե ոչ թե Նորենցը, այլ ես եմ նկարվել ձեզ հետ՝ Չարենցի գլխին «գրող» չափելիս։
Առավել ևս այդ դեպքը, սիրելի Գուրգեն, չունի ինձ համար և ոչ մի նշանակություն, ուստի և առնվազն տարօրինակ է այստեղ ևս փնտրել ինչ-որ միտում։ Դու շատ լավ գիտես, որ ես չեմ սիրում լուսանկարվել մեծամեծ մարդկանց հետ, թեև նկարվողներին բոլորին չեմ մեղադրում։ Դա իմ անձնական «խասյաթից» դուրս է և ուրիշ ոչինչ։ Հույս ունեմ, չես կասկածի, որ ցանկության դեպքում ես էլ կարող էի շատ անգամներ նկարվել Չարենցի, Իսահակյանի, Հովհաննես Աբելյանի, Ակսելի, Ռոմանոսի և ուրիշ շատերի հետ։ Հետևաբար և դու պարզապես բարոյական իրավունք չունես միտում գտնելու այն ամենում, որ ուզում եմ ասել քեզ այդ կապակցությամբ։
Այո, Գուրգեն, իմ հիշողության մեջ այնպես էր մնացել, որ ես եմ նկարվել քեզ հետ ու Ստեփանի՝ Չարենցին «գրող» չափելիս։ Եվ, երևակայիր, նույնիսկ հիմա, այն բանից հետո, երբ ես մի քանի տարի առաջ տեսա նկարը Նորենցով և ոչ թե ինձանով, ես դարձյալ շարունակում եմ շատ լավ հիշել, որ ես եմ նկարվել։ Կամ դա իրոք եղել է իրականում, մենք պատմել ենք Նորենցին, և դուք բոլորդ նրա հետ միասին նորից եք նկարվել, կամ դա հիշողության այնպիսի մի տարօրինակ խաղ է, որը ոչ մի սովորական բացատրություն չունի։ Ես ավելի շատ կարող եմ հավատալ իմ առաջին, միանգամայն անհավանական վարիանտին, որ եղել է երկու լուսանկար, քան որ ես չեմ նկարվել։ Ես հիշում եմ այդ օրվա և այդ դեպքի ամեն մի մանրամասնություն։ Տարօրինակ բան է դա, առեղծված, և ոչ թե հիշողության սովորական սխալմունք։
Բայց ամենազարմանալին ու անբացատրելին, սիրելի Գուրգեն, այն է, որ ոչ միայն ես, այլև դու էիր հիշում այնպես, թե իբր ես եմ եղել ձեզ հետ նկարվողը։ Դու այդ մասին ոչ միայն լռում ես քո նամակում, այլև, ընդհակառակը, աշխատում ես ցույց տալ, թե իբր միշտ էլ հիշել ես հակառակը։ Այ, այստեղ արդեն, դու իսկապես որ մոռացել ես։ Նորենցը կարող է հաստատել իմ ասածը։ Երբ նա նկարը ցույց տվեց մեզ (ի միջի այլոց, այստեղ ևս դու սխալվում ես՝ գրելով, թե իբր դու ես ցույց տվել ինձ), դու այնքան համոզված էիր, որ ես եմ ձեզ հետ, որ նույնիսկ նայելով որոշակիորեն և աներկբայորեն Նորենցի կերպարանքին՝ նկարի վրա, պնդում էիր, թե այդ ես եմ….»։

Չարենցյան հիշողություններով չհրապուրվելով և վերադառնալով «Քառասունքի» թարգմանության խնդրին, անհրաժեշտ ենք համարում ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ Արմենի նամակում հիշատակվում է ևս մի «թարգմանչի» անուն՝ Ակսել Բակունց։ Ճիշտ է, նամակագիրը որևէ կերպ չի ակնարկում վերջինիս մասնակցության չափաբաժինը, սակայն «հավակնորդների» թիվը ավելանում է ևս մեկով։ Ինչ վերաբերում է Օսկար Ուայլդի «Ռիդինգյան բանտի բալլադի», թարգմանությանը, որտեղ Մ. Արմենը կրկին հավակնում է համահեղինակի դերը ստանձնել, ապա պետք է ասել, որ այդ պնդումը հավատ չի ներշնչում։ Բանն այն է, որ ըստ առանձին վկայությունների, նշված բալլադի տողացի թարգմանությունը կատարել է Խաչիկ Դաշտենցը, 1933-ին, իսկ արդեն չափածոյի վերածել է Չարենցը5։
Ի՞նչ է ստացվում։ Եղիշե Չարենցի նման խոշոր բանաստեղծը, որ հրաշալի տիրապետում էր ռուսերենին ու բանաստեղծական արվեստին, հինգ մատի պես գիտեր ռուսական գրականությունը, հանկարծ որոշել էր Եսենինի մի բանաստեղծություն թարգմանելու համար օգնության կանչել մի քանի հոգու, ընդ որում, մարդկանց, որոնց լեզվի իմացությունը իրենց իսկ կասկածն էր հարուցում, ովքեր Եսենինի անունն առաջին անգամ Չարենցից էին լսել (այս մասին նույնիսկ Մահարին է խոստովանում իր հուշերում), իսկ գրողական տաղանդով անկասկած զիջում էին Չարենցին։ Ուրեմն ո՞րն էր կոլեկտիվ աշխատանքի իմաստը և որտե՞ղ է պետք որոնել ճշմարտությունը։ Կամ ինչու՞ նման բանավեճ ծայր էր առնում ոչ թե Չարենցի կենդանության օրոք, այլ միայն նրա մահից հետո։
Եղիշե Չարենցի ստեղծագործական լաբորատորիային քիչ թե շատ ծանոթ, նրա լեզվի և ոճի առանձնահատկություններն ընկալած յուրաքանչյուր մասնագետ հեշտությամբ կարող է վկայել, որ «Քառասունքի» թարգմանությունը մեկ ձեռագրի կնիքն է կրում և այդ ձեռագիրը պատկանում է Չարենցին։ Ինչ վերաբերում է հետին ամսաթվով ի հայտ եկած համահեղինակներին, ապա պետք է նկատել, որ սա, ցավոք, առաջին դեպքը չէր։ Հիշենք թեկուզ հանրահայտ պատմությունը՝ կապված «Պեպո» կինոնկարի երգի բառերի հետ, երբ մի օր հանկարծ պարզվեց, որ մեծ ժողովրդականություն վայելող այդ ստեղծագործության խոսքերի հեղինակը եղել է ոչ թե Չարենցը, այլ… դերասան Դավիթ Մայլյանը։

1. Ե. Չարենց, Երկեր ժողովածու, հատոր 3, Երևան, 1964 թ., էջ 365։
2. Հրաչյա Հովհաննիսյան, «Ոսկե ամպ», Սովետական գրականոթյուն, թիվ 12, 1979 թ.
3. ՀԱԱ, ֆոնդ 972, ցուցակ 1, գործ 108։
4. ՀԱԱ, ֆոնդ 972, ցուցակ 1, գործ 87։
5. «Հուշեր եղիշե Չարենցի մասին», Երևան, 1986 թ., էջ 297-298։

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s