ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

27 Հկտ

… Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ տվեք երկու օտար բառ օգտագործել) արխայինություն-դինջությունն է:
Մենք քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը: Սնամեջ ու հավակնոտ, պոռոտ ու պռատ գլուխգովանությունը, քաջնազարային դինջության և արխայինության հետ հանդիպելիս` առաջացնում են մի քամի (ո՛չ, այս անգամ հո՜ղմ), որ այլևս գլխարկ չի թռցնում, այլ գլուխ:
Մենք շատ ենք խոսում և պիտի խոսենք կարմիր, իսկ այժմ առավել ևս սպիտակ ջարդից, որին ենթակա է մեր ժողովուրդը: Այս սպիտակ ջարդի լավագույն օգնականը հենց սնապարծությունն է, այն հինգերորդ շարասյունը, հենց գործում է մեր իսկ ներսում, իբրև արխայինություն-դինջություն:
Մեր նոր պատմագրության առաջին մեծը` Միքայել Չամչյանը, իր եռահատոր «Հայոց պատմությամբ» ահագին գործ է արել մեր ժողովրդի արթնացման և զարթոնքի հեռավոր տարիներին,- մեծ մեղք կլինի այս մոռանալը: Բայց Չամչյանի պատմական սկզբունքը հետևյալն էր, քանի որ Նոյյան տապանն իջել է Արարատի գագաթին, ուրեմն Հայաստանն է արդի մարդկության օրրանը: Քանի որ (ըստ նույն Սուրբ գրոց վկայության) Ադամ-Եվայի երբեմնի դրախտը գտնվում էր Տիգրիս և Եփրատ գետերի միջև, ուրեմն Հայաստանն է «Երկիր դրախտավայրը»: Քանի որ…
Այս «քանի որ» -ների համար կարելի է և պետք է ներել հայր Չամչյանին, բայց պետք է թշնամաբար նայել բոլոր նրանց, ովքեր այսօր էլ դատում են մոտավորապես նույն ձևով. «Մենք որ կայինք. այսինչ ժողովուրդը դեռ միսն աղել չգիտեր…»: «Մենք որ Պլատոն էինք թարգմանում` նրանք ապրում էին ծառերի վրա…»: «Իսկ հապա մեր Այսինչ, մեր Այնինչը, մեր Էսը, մեր Էնը»: Ահռելին այն է, որ այսպես դատողների մեծամասնությունը բնավ էլ չգիտի ո՛չ մեր Այսինչը, ո՛չ Այնինչը, ո՛չ Էսը, ո՛չ Էնը. նա պարզապես կրկնում է անուններ: Իսկ ամոթալին էլ այն է, որ նա ոչ միայն չգիտի, այլ նաև եթե նրան ասես, թե մեր մոտավոր ու հեռավոր հարևաններին էլ ունեցել են այդ ամենը կամ այդ ամենից շատ ավելին, չի՛ հավատա կամ քեզ կհամարի, ինչպես հիմա ասում են` «շուռ տված հայ»:
…Գուցե տագնա՞պ կա իմ այս խոսքերի մեջ: Գուցե: Բայց դա ընդամենը տագնապ է և ոչ թե խուճապ: Եվ դա այն տագնապն է, որ ունենում է գնացքից կամ օդանավից ուշացողը: Տագնապն է այն շախմատիստի, որ ցայտնոտի մեջ է:
Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից:
Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s