ՋՈՒԲՐԱՆ ԽԱԼԻԼ ՋՈՒԲՐԱՆ

25 Հկտ

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ
Չորս բանաստեղծ նստել էին սեղանի շուրջ, որի վրա գինով լի գավ կար:
— Ինձ թվում է, ես տեսնում եմ այս գինու բուրմունքը` տիեզերքում թևածելիս, ինչպես թռչունների ամպը կախարդված անտառներում,- ասաց առաջին բանաստեղծը:
Երկրորդ բանաստեղծը գլուխը բարձրացրեց ու ասաց.
— Իսկ ես իմ ներքին ունկերով լսում եմ այդ թռչուններին, որոնք երգում են, և մեղեդիներն ամբողջությամբ հավաքվում են սրտումս` գերեվարելով այն, ինչպես որ հասմիկն է գերի վերցնում մեղվին իր թերթերի մեջ:
Աչքերը փակեց, ապա ձեռքերը վեր բարձրացրեց ու ասաց երրորդ բանաստեղծը.
— Ինչ վերաբերում է ինձ, ապա ձեռքերս գրեթե հպվեցին նրանց` դեմքիս վրա զգալով նրանց թրթրռացող թևերի շրշյունը. ասես քնած ոգու շնչառություն լիներ:
Այդ ժամ տեղից վեր ելավ չորրորդ բանաստեղծը, բարձրացրեց գավն ու ասաց.
— Ներեցեք, եղբայրներ, քանի որ տեսողությունս թույլ է, նաև ծանր եմ լսում, հազիվ էլ շոշափում եմ, ապա ի զորու չեմ տեսնելու այս գինու բուրմունքը, ոչ էլ լսելու նրա երգը, ոչ էլ զգալու նրա թևերի շրշյունը: Ցավում եմ, քանի որ ես ոչինչ չեմ զգում, բացի հենց իրենից` գինուց, դրա համար էլ պիտի խմեմ իմ անկյանք, անկենդան զգացմունքների համար, որ հոգիս բռնկվի ձեր օրհնության երկնային կրակով ու անարատության ներշնչանքով:
Այնուհետև գինով լի գավը դրեց շրթներին ու ըմբոշխնեց մինչև վերջին կաթիլը:
Նրա երեք բանաստեղծ ընկերներն ապշած նայում էին նրան` շրթները սեղմած, աչքերում` անհագ ծարավ, որը չէր տեսնում գինու հուրը, և ատելություն, որը չէր մեղմացնում գինու հրաշեջ բոցը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s