ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ

25 Հկտ

ՎԵՐՋԱԲԱՆ

Երկինքը սև է…
Ժողովուրդը` հայրենասիրացված, օտարերկրացիների հանդեպ ատելությամբ լի, զուրկ ազգային մշակույթից ու գրականությունից, և երբեք հոգևոր պահանջներ չունեցող:
Մեր գրողներն ու հրապարակախոսները, երբ պարապ դատողություններ են անում դատողության շուրջ, փորձելով բացատրել, թե որն է իսկական ազատությունը, մատնանշում են Ամերիկան, իբր տեսեք, թե որտեղ է ազատությունը:
Ամերիկյան ոգին թափանցում է յուրաքանչյուրի գիտակցության մեջ նամակների ու գովազդների, թերթերի ու թափառաշրջիկ ճարտարախոսների շնորհիվ: Խոնարհ ու հնազանդ` մենք սկսում ենք մտածել, թե “Այո, Ամերիկան մեծագույն երկիր է”. մեզ համոզում են երկրի ահռելի չափերը: Մեծ չափերն ընդհանրապես լիովին բավարարում են ամերիկացուն: Ծայրահեղ դեպքում, երբ ինչ-որ բանի չափերը մեծ չեն, նա գոհանում է գնով: Վաշինգտոնի արձանն, օրինակ, որ ամերիկացիների հպարտությունն է, աչքի է ընկնում միմիայն իր անծայրածիր բարձրությամբ. պատվանդանն ունի 555 ֆուտ երկարություն, իսկ կատարին, ինչպես իրենք են պնդում, կանգնած է Վաշինգտոնը. միանգամայն հնարավոր է, որ Վաշինգտոնին կանգնեցրել են վերևում և` հավանաբար, այդպես էլ կա, բայց ներքևից նայողն իսպառ զուրկ է արվեստի այդ թաքնախորհուրդ ստեղծագործությունը տեսնելու որևէ հնարավորությունից: Ամերիկացիների հսկայամոլության խորհրդանիշը Նյու Յորքի Metropolitan Opera Hous-ն է: Շենքի ճարտարապետը հատուկ ուղևորվել է Եվրոպա, ամիսներ շարունակ ապրել Փարիզում, Հռոմում, Վիեննայում, անգամ` Մոսկվայում, ապա վերադարձել ետ և կառուցել հրեշավոր չափերի հասնող մի շինություն, որն անկասկած “աշխարհի ամենամեծ թատրոնն է”, թերևս, սակայն, ոչ մեծագույն: Չիկագո ժամանած օտարերկրացին անմիջապես աֆիշներից է տեղեկանում, որ Madison sguare theater-ի վարագույրը “աշխարհի ամենաթանկարժեք վարագույրն է”: Նրա երևակայության մեջ անմիջապես այդ անհեթեթությունն այնպես է տպավորվում, որ նա, ի վերջո, գնում է Madison sguare theater, քաջ գիտակցելով, որ գնում է “աշխարհի ամենաթանկարժեք վարագույրը” տեսնելու: Ինչ խոսք, Ամերիկան մեծագույն երկիր է…
Իր քաղաքականությամբ, գրականությամբ, քաղաքակրթությամբ, իր արվեստով, իր էությամբ, իր քաղաքներով ու գյուղերով Ամերիկան փշրում է ամեն տեսակ հիացում ու պատրանք: Ես շատ թե քիչ, բայց բավականին ճանաչում եմ քաղաքակիրթ աշխարհի բոլոր պետությունները, և չեմ պատկերացնում մի ուրիշ երկիր, բացառությամբ Ռուսաստանի, որտեղ չցանկանայի ապրել, ինչպես չեմ ցանկանում ապրել Ամերիկայում: Ուրիշ ոչ մի տեղ կյանքը չի կարող լինել ավելի խղճուկ, անմաքուր ու տհաճ: Ամերիկան հպարտանում է իր ազատությամբ ու հավասարությամբ, չտեսնելով, սակայն, որ աշխարհում չի գտնվի ուրիշ որևէ երկիր, որտեղ այդպես պարբերաբար անարգվեն անհատի իրավունքները:
Ամերիկացու միակ և ճշմարիտ կենսական խնդիրը անծայրածիր տափաստանների հայրենասեր քաղաքացի լինելն է: Մարդն Ամերիկայում կարող է մարդ համարվել միմիայն այն դեպքում, եթե ամերիկացի է: Ահա թե ինչու այդ վիթխարի երկրում ոչ մի գնով չես գտնի կարծիքավոր և լույս փնտրող գեթ մի ապստամբ հոգի, որը կարողանար չձայնակցել, գիտակցաբար չփչացնել անագե շեփորների հնչեցրած սրտաճմլիկ մեղեդին: Բոլորն ապրում են հաշտ ու համերաշխ` ինքնահիացական բացականչությունների ներքո:
… Եվ ո՞վ է ասելու նրանց, որ երկինքը սև է…

Թարգմանությունը` Աշոտ Խաչատրյանի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s