ՔՐԻՍՏԻԱՆ ՄԱՐԳԵՆՇՏԵՐՆ

23 Հկտ

ԿՏԱԿ
Խոսենք այն ժամանակներից, երբ կապիկը մարդ դարձավ: Եվ այսպես, իր կերպարանափոխման նախօրեին նա երկրի բոլոր գազաններին կանչեց, որպեսզի հրաժեշտ տա:
-Վաղը ես մարդ կդառնամ,- տխուր բարբառեց նա,- և դուք կլքեք ինձ ու կխուսափեք ինձանից, և կռիվ կծագի իմ ու ձեր սերունդների միջև:
— Ճիշտ այդպես, կռիվ,- մռնչաց առյուծը:
— Դու մեզանից զորավոր կլինես,- բառաչեց ռնգեղջյուրը:
— Եվ դրա դիմաց քեզ ծանր հատուցում է սպասում, — թունոտ մանրաբզզաց լուն:
— Այդ ամենը մոռանանք,- հոգնաձայն խոսեց կապիկը:- Այսօր բոլորս միասին խաղաղության խնջույք սարքենք:
— Թող քո ասածը լինի,- բացականչեցին գազանները: Եվ ահա նրանք, բարեհաճությամբ տոգորված, ամբոխվեցին իրենց հեռացող ընկերոջ շուրջբոլորն ու հարցրին, թե իրենք չե՞ն կարող արդյոք նրա համար որևէ հաճելի բան անել կամ մի ընծա թողնել ի հիշատակ:
Այստեղ կապիկի հոգին բերանը եկավ, նստեց արմավենու տակ ու սկսեց դառնորեն ողբալ: Գազանների բարի սրտերը խորին կարեկցանքով համակվեցին:
— Մենք կմխիթարենք խեղճ դժբախտին, — ասաց վերջապես ոչխարն ու առաջինը մոտեցավ ողբացողին: Երկար-երկար նայեց կապիկի աչքերին, իսկ հետո բարբառեց.
— Պահիր, ուրեմն, ընդմիշտ իմ պատկերը քո սրտում, և այնժամ ես հավիտյանս կկենամ քեզ հետ ու քո մեջ:
Ոչխարին հետևեց ուղտը, ակնապիշ նայեց կապիկի աչքերին և ասաց նույն բանը: Հետո մոտեցան ցուլը, էշը, խոզը, սիրամարգը, սագը, վագրը, գայլը, բորենին և դեռ շատ ուրիշ գազաններ, և նրանք բոլորը երկար նայում էին կապիկին ու հանդիսավորությամբ ասում.
— Պահիր ընդմիշտ իմ պատկերը քո սրտում, և այնժամ ես հավիտյանս կկենամ քեզ հետ ու քո մեջ:
Վերջինը մոտ եկան առյուծը, արծիվն ու օձը: Կապիկի աչքերն արդեն փակվում էին ուժասպառությունից, և երբ օձն էր հրաժեշտ տալիս` անմիջապես քուն մտավ: Բայց խռովում էին նրան խառնակ ու սարսափազդու տեսիլները, և լուսուծեգին նա վեր կացավ տեղից ու ափլփելով հասավ մոտակա աղբյուրին: Նրա աչքերը, որոնց վրայից հստակված գիտակցությունը դեռևս փառը չէր հանել, նայում էին ջրին, որը դույզն ինչ փշաքաղվելով, նրա կերպարանքն էր արտացոլում:
Սա ի՞նչ տեսք է: Ալիքներին մանրածփում էր ոչխարի բարեհոգի պատկերը, թե` ոչ: Դա անճոռնի ուղտն էր, որ ջրի միջից նայում էր ինքնաբավորեն: Մեկ էլ հանկարծ իր արտացոլանքի մեջ պարզ զանազանեց արյունարբու վագրի ուրվագծերը, և չէր հասցրել իրեն ինչպես հարկն է զննել, երբ մեղմալիք մակերեսին տեսավ սիրամարգին` պոչը սնափառորեն հովհարաբաց: Բայց ահա արևի ճառագայթը վերջապես ճեղքեց-անցավ ծառերի միջով, և կապիկը պատրանքազերծվեց ու սթափվեց: Ապշանքով տրորեց աչքերն ու հենց որ պատրաստվում էր մոտակա ծառը մագլցել` պատահաբար նորից հայացք ձգեց ակնագուռին: Եվ տեղնուտեղը հասկացավ, որ գիշերվա ընթացքում մարդ է դարձել:
Եվ ճամփա ընկավ Ադամը, և հանդիպեց Եվային, և բովանդակ երկրով մեկ սփռեց սերմն իր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s