ԼՈՒԿԻՆՈ ՎԻՍԿՈՆՏԻ

23 Հկտ

ԴԻԱԿՆԵՐ
… Եթե ձեզ հանկարծ առիթ ներկայանա խոսելու այդ պարոններից որևէ մեկի հետ, և դուք հաղթահարելով թեթևակի զզվանքը, ստիպված լինեք շարադրել ձեր երազանքները, ձեր մոլորությունները, ձեր հույսերը, նրանք ձեր դեմքին կհառնեն լուսնոտի իրենց տարակա հայացքը, և նրանց աղոտ աչքերի խորքից հանկարծ կարծես ձեզ վրա մահվան պաղություն կփչի: Երբ լսեն ձեր փաստարկները, նրանց կպատահի այն, ինչ պատահեց Էդգար Պոյի հերոսներից մեկին. սա վաղուց մահացել էր, սակայն մարմինն անվնաս ու անխաթար էր մնացել մոգական զորեղ կամքի շնորհիվ, բայց բավական է, որ վերջինս հանկարծ թուլանա կամ վերանա, և մարմինը մարդկանց աչքի առաջ սկսում է նեխել ու քայքայվել:
Արդեն մեռյալ` նրանք շարունակում են ապրել` չնկատելով ժամանակի ընթացքը, գոյություն պահպանելով վաղուց արդեն վերացած ինչ-որ բանի արտացոլանքի նման` նրանց այն խամրած, պստլիկ աշխարհի, ուր ընդունված էր քայլել թղթյա կամ գիպսե հատակի վրա, ուր թեթև ետնապաստառներն օրորվում էին չնչին քամուց, երբ անսպասելիորեն բացվում էր դուռը, ուր հավերժ փթթում էին ծխախոտի թղթից պատրաստած վարդենիները, ուր ոճերն ու դարաշրջանները հեշտ ու հանգիստ խառնվում էին ու միաձուլվում, ուր մի խոսքով, ոգով թափանցիկ զգեստներ հագած Կլեոպատրաները վամպիրների պես խարազանով սպառնում էին կետոսկրե սեղմիրանների մեջ պրկված խռովկան Մարկոս Անտոնիոսներին:
Նրանք ողբում էին հեռու ծայրամասային ջերմոցներ և լուսանկարչական աշխատանոցներ հիշեցնող, ապակյա տանիքներով նեղլիկ տաղավարների կորուստը:
Երբեմն նրանց կարելի է հանդիպել գիշերով, ժամը քսանչորսի և մեկի միջև, երբ ավարտազանգից հետո քոլեջից դուրս պրծնող աշակերտի անմեղ տեսքով սլանում են թաքուն տեսակցելու իրենց ընկերուհու` ջահել աղջկա հետ, որը նրանց թույլ է տալիս գութ շարժելու համար մի փոքր տրտնջալ սեփական բախտից: Ջանալով աննկատ մնալ` նրանք հուշիկ բարձրանում են կարբոլաթթվի հոտ արձակող սանդուղքներով:
Իսկ հետո, քնի մեջ, նրանց չարչրկում են ահավոր մղձավանջները, և լուսաբացին անսպասելորեն դրդում- արթնացնում է լյարդը, որը դեղ է պահանջում: Ննջարանի տարտամ լույսի մեջ նրանք դժվարանում են հասկանալ` իրենք արդեն կենդանի՞ են, թե ոչ, և ապրե՞լ են արդյոք մինչ այդ:Նրանց ժամանակն անցել է, մինչդեռ իրենք, չգիտես ինչու, մնացել են:
Ուրեմն, թող նրանք թույլ տան իրենց դնել ապակու հետևը, և մենք ամենքս, քանի կանք, կխոնարհվենք նրանց: Սակայն ինչպե՞ս չափսոսաս, որ այսօր տակավին նրանցից շատ- շատերին է թույլատրված կապել ու արձակել իրենց քսակը և ` մերթ անձրև, մերթ արև: Երբևիցե կգա՞ այն երկար սպասված օրը, երբ մեր երիտասարդ ուժերը կարող են կարճ ու հստակ ասել. …

Թարգմ. Ս. Խաչատրյանի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s