ԵՐԿՈՒ ԱՆՏԻՊ ՆԱՄԱԿ

23 Հկտ

ժամանակակիցները պատմում են, որ մի առիթով Պուշկինն ասել է. «Նույնիսկ դերձակին ուղարկված երկտողը, եթե այն գրված է մեծ պոետի ձեռքով, պատմական անգնահատելի արժեք է ներկայացնում»: Ռուս դասականին չափազանցության համար հազիվ թե հարկ լինի մեղադրել: Մեծերի կողմից գրված յուրաքանչյուր տող այսօր մեզ համար ոչ միայն մասունք է, այլև վավերագիր ու կենսապատում:
Պարույր Սևակը այն հայ գրողներից է, որի գրավոր ժառանգության մի ստվար հատված առ այսօր շարունակում է մնալ չուսունասիրված, չդասակարգված, չժողովված: Այդ ներկա-բացակա էջերում առանձնապես մեծ թիվ են կազմում նրա նամակներն ու գրությունները:
1967 թվականը Սևակի համար նշանավոր տարի էր: «Անլռելի զանգակատուն» պոեմն արժանացավ հանրապետության պետական մրցանակի, վերահրատարակվեց Գրիգոր Խանջյանի անկրկնելի նկարազարդումներով: Եվ հատկապես այդ շրջանում էր, որ բանաստեղծը իր երկրպագուներից հարյուրավոր նամակներ էր ստանում: Գրում էին Հայաստանի տարբեր անկյուններից, միութենական հանրապետություններից, սփյուռքի գաղթօջախներից: Իրենց հիացմունքն ու սերը արտահայտելու հետ մեկտեղ նամակագիրները երբեմն նաև բանաստեղծի հետ կիսվում էին իրենց հուզող հարցերի շուրջ, ակնկալում նրա վերաբերմունքն ու արձագանքը:
Այդ նամակագիրներից մեկն էլ Լորիս Աբգարի Պապիկյանն էր: 1898 թ. ծնված Պապիկյանը Շամխորի բնակիչ էր: Երիտասարդ տարիներին ծառայել էր Անդրանիկի բանակում, ականատեսն էր դարասկզբի մի շարք պատմական իրադարձությունների: Հետագայում զբաղվել էր լրագրությամբ, թղթակցել հանրապետական մամուլին:
Ինչպես շատերին, նրան ևս Սևակը պատասխան նամակ է ուղարկել: Գրողների միության վարչության քարտուղարի հատուկ ձևաթղթի վրա գրված այդ նամակը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի ընկ. Պապիկյան,
Ներեցեք, որ Ձեր սրտառուչ նամակին պատասխանում եմ այսքան ուշացումով: Իմ ստացած նամակները, անկեղծ ասած, այնքան շատ են, ժամանակս էլ այնքան քիչ, որ հաճախ ամիսներով չեմ կարողանում գեթ երկու խոսքով շնորհակալ լինել իմ անծանոթ ու լավ բարեկամներին, իսկական ու ջերմ հայրենասերներին:
Շատ շնորհակալ եմ Ձեզնից՝ ոչ թե Ձեր ջերմ, շատ բանով չափազանցված խոսքերի համար, այլ այն հայրենասիրության, որով լեցուն է Ձեր նամակը:
Ի սրտե երջանկություն եմ ցանկանում Ձեզ և Ձեր գերդաստանին:
Թող հայի աստված գեթ մասամբ վերադարձնի Ձեզ այն, ինչ անդառնալիորեն կորցրել եք Եղեռնի զարհուրելի տարիներին:
Լավագույնի մաղթանքով՝ Ձեր Պ. Սևակ:
1.12.1967 թ.»:

Մի առանձին, սակայն առ այսօր դեռևս հարկ եղածի պես չուսումնասիրված թեմա է Սևակի գործունեությունն իբրև ԽՍՀՄ Գերագույն Սովետի պատգամավոր: Ժողովրդի ընտրյալը լինելու պատասխանատու դերը Սևակն ի սկզբանե ընկալեց ոչ այնպես, ինպես ընդունված էր այն ժամանակներում: Բանաստեղծի համար այն դարձավ ոչ թե արտոնյալ ու բացառիկ կարգավիճակ սեփական խնդիրների հարթեցման ու բարեկեցիկ կյանքի ձգտումներն իրականացնելու համար, այլ մարդկանց ծառայելու, նրանց հոգսերը թեթևացնելու, օգնության ձեռք մեկնելու հավելյալ պատասխանատվություն: Կան տասնյակ վկայություններ այն մասին, թե Սևակն ինչպես է միջամտել այն դեպքերում, երբ անարդարությունը եղել է ակնհայտ, երբ զգացվել է իր աջակցության կարիքը: Ասվածը մի ավելորդ անգամ ապացուցվում է այս անտիպ նամակով, որը պահվում է Շ. Սիմոնյանի անձնական արխիվում: Շավարշ Ստեփանի Սիմոնյանը (1912-1974 թթ.), 1955-ից եղել է ՀՍՍՀ լուսավորության նախարար, ՀԿԿ Կենտկոմի անդամ: Մասնագիտությամբ հոգեբան-մանկավարժ էր, բազմաթիվ գիտական հոդվածների ու աշխատությունների հեղինակ:
1968 թ. հուլիսի 19- ի Պարույր Սևակի նամակը Շ. Սիմոնյանին.
« Հարգելի ընկ. Սիմոնյան,
Չհաջողվեց հեռախոսել Ձեզ, իսկ վաղը մեկնում եմ արձակուրդի, ուստի ստիպված եմ խնդրանքս գրավոր հայտնել:
Իմ ազգականուհիներից մեկը՝ Զարիկ Գրիգորյանը, արդեն 6 տարի աշխատում է շրջանում (Վեդու շրջանի Կիրովի անվան սովխոզում): Նա ունի մի հաշմանդամ մայր, որ տարիներ շարունակ գամված է անկողնուն՝ զուրկ խնամակալ ձեռքերից, մենակ ու միայնակ: Վեց տարին ավելի է, քան գյուղական վայրում աշխատելու պարտադիր «պլանը»: Տեղի համապատասխան մարմինները համաձայն են Զարիկին աշխատանքից ազատելու: Ինքը Զարիկը վաղուց հերթագրված է Ձեզ մոտ՝ Երևանում աշխատելու համար:
Շատ և սրտանց խնդրում եմ Ձեզ օգնեք նրան՝ արտահերթ աշխատանքի տեղավորվելու (իրեն խոստացել են): Նրա հաշմանդամ ու պառաված մայրը այլևս անկարող է ապրել առանց իր միակ խնամակալի:
Ներեցեք, որ անհանգստացնում եմ:
Նախապես շնորհակալ եմ:
Խորին հարգանքներով՝ Պարույր Սևակ:
19.7.1968 թ., Երևան»:

Իբրև հավելում ասենք, որ նախարարը կատարեց բանաստեղծի խնդրանքը: Իսկ Զարիկ Գրիգորյանը այսօր էլ ապրում է Երևանում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s