Լեթարգիայից արթնացածները

22 Հկտ

Մի քանի օր առաջ Գորիսում հանրապետության նախագահը խոսել էր ադրբեջանցիների կողմից սանձազերծված հակահայ քարոզչության ու պատմական փաստերը կեղծելու մասին, բավականին կոշտ խոսքեր էր հասցեագրել նրանց: Եվ այդ պահից ի վեր սկսեցին տարօրինակ բաներ կատարվել մեր շրջապատում: Եթե մինչև ելույթի նախորդ օրը մեծամասնությունն այն կարծիքին էր, որ Ադրբեջանից հնչող ամեն մի կեղծարարությանը պատասխան տալը պատիվ չի բերում հայկական կողմին, ապա Սերժ Սարգսյանի ելույթից անմիջապես հետո ամենատարբեր մասնագիտության ու պաշտոնի տեր մարդիկ, մեկը մյուսին հերթ չտալով, իրենց նետեցին մամլո ակումբներ, ասուլիսներ հրավիրեցին, որպեսզի մյուսներին բացատրեն, թե որքան ճիշտ բաներ էր ասում նախագահը, ինչպես նրան հաջողվեց մի ժամում բացել բոլորիս աչքերը, իսկ մենք մինչ այդ խարխափում էինք չգիտության ու անտեղյակության մեջ և հարկ եղած ուշադրությունը չէինք հատկացնում այդ կարևոր խնդրին:
Քարոզչական պատերազմի մասին խոսելիս Հայաստանի ամեն մի քաղաքացի պատկերացնում է հայհոյախառն արտահայտությունների տարափ ադրբեջանցիների, թուրքերի և բոլոր նրանց հասցեին, ովքեր վատ են վերաբերվում հայերին կամ անում են այնպիսի քայլեր, որոնք չեն բխում մեր շահերից: Ընդ որում, նման դեպքերում ամենևին էլ կաևոր չէ այն իրողության առկայությունը, որ օտարներն էլ կարող են ունենալ իրենց շահերն ու առաջնորդվել դրանցով: Հրաշալի աշխատանք է համարվում այն ելույթը կամ հրապարակումը, որտեղ թշնամու մասին լոտանքները շաղախված են լինում հայրենասիրական հիստերիայով ու փառապանծ անցյալի մասին հիշատակումներով:
Ի տարբերություն վերջինի, անհամեմատ հեշտ և պարզունակ հակաքարոզչության հայկական տարբերակն են որդեգրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, որոնց պատկերացումներում դա նույնացվում է բոլոր այն վատ դեպքերի հետ, որ կատարվում են հակառակորդ երկրներում: Ընդամենը պետք է դրանք թարգմանել, տեղադրել թերթի կամ կայքէջի առանձին բաժիններում, և ոսոխն արդեն ջախջախված է ու պարտված:
Ցավալին այն է, որ գրելով ուրիշների մասին, մեր լրագրողները հաճախ պարզապես մոռանում են, որ նույն երևույթները ոչ միայն մեր երկրում են առկա, այլև որոշ դեպքերում նույնիսկ գերազանցում են մյուսներին: Երբ որևէ լրատվական ծառայություն` մի կողմ թողած օրվա տեղեկատվական ներհոսքի ահռելի քանակությունը, դրանից ընտրում է լուրն այն մասին, թե Բաքվում վերելակ է պոկվել, սա կարելի՞ է բավարար համարել: Երբ մեկ ուրիշը հաղորդում է, որ ադրբեջանցի մի դպրոցական ինքնասպանություն էր գործել կախվելու միջոցով, մինչդեռ նույն օրը Հրազդան քաղաքում ինքնասպան էր եղել նաև հայ աշակերտը, սա պայքարի գործելաո՞ճ է: Երբ հայկական կայքէջը հեգնանքով պատմում է այն մասին, թե Ադրբեջանի մայրաքաղաքում գործազուրկները հավաքվում են -ում և սպասում են, որ ինչ-որ մեկն իրենց աշխատանք կառաջարկի, սակայն մոռանում են, որ ճիշտ այդպիսի մի հավաքատեղի էլ գործում է Երևանում ու կոչվում է , սա սեփական առավելություններն ընդգծելու ճանապա՞րհ է:
Բայց սրանք դեռ մանրուքներն են, սակավակշիռ խոտանը: Կա շատ ավելի վատը: Օրինակ, երբ որևէ անուն հանած հոգեբան հավաքում է լրագրողներին և սկսում է լուրջ դեմքով նրանց բացատրել, որ ադրբեջանցիները տառապում են պաթոլոգիական ստախոսությամբ, ինչը ծագում է նրանց լուրջ հոգեբանական խնդիրներից, մասնավորապես այն հարցից, թե ումի՞ց են իրենք ի վերջո սերված, ովքե՞ր են իրենց նախնիները, ապա ի՞նչ անուն պետք է տալ պայքարի այս մեթոդին: Իսկ հետո նույն հոգեբանը մեջտեղ է նետում իր ծանր հրետանին` նեղ մասնագիտական տերմինաբանությունը` արտասանելով մոտավորապես այսպիսի նախադասություններ. :
Կասկածից վեր է, որ պաշտոնական Բաքվի քարոզչամեքենան բոլոր հնարավոր ձևերով իր ժողովրդի մոտ ատելություն է սերմանում հայերի ու հայկականի նկատմամբ: Սակայն այդ պղտոր հեղեղի ճանապարհին արգելապատնեշներ դնելու համար պետք է ոչ թե ձեռքի տակ եղած ավազահատիկները նետել հորձանքի դեմ կամ ափին կանգնած մտացածին դատողություններ անել այդ վտանգի ախտաբանական հատկանիշների մասին, այլ գործել սթափ, հավասարակշռված ուղեղով, ընտրել օպտիմալ լուծումները, բանավիճել փաստարկված ու համարժեք հակահարված հասցնել:
Մենք անընդհատ ասում ենք` այս գործով պիտի զբաղվեն մասնագետները: Իսկ ի՞նչ են անում հենց դրան կոչված և այդ աշխատանքի համար վճարվող պարոնները: Ահա, խնդրեմ, Երևանի պետական համալսարանի վիրտուալ հայագիտության բաժնի վարիչը հայտարարում է, թե իրենք արդեն 2 տարի քրտնաջան աշխատանք են տանում և հասել են մեծ արդյունքների: ։ Սրանք այդ վարիչի խոսերն են: Ուրեմն հայագիտության բաժնից մեկ տարի է պահանջվել հասկանալու այն, ինչը ուզածդ շարքային քաղաքացին առանց հայագետ լինելու էլ տեղյակ էր: Իսկ հետո նույն վարիչը հպարտորեն գլուխ է գովում, որ ամբողջ բաժնով 2 տարում կարողացել են կայքէջում 20 անուն պատրաստի մասնագիտական գիրք տեղադրել, այսինքն մի ծավալ, որ ուզածդ ջահել բլոգեր ինքնուրույն կգրեր ու դեռ եղած նյութերով էլ կհեղեղեր ողջ համացանցը:
Համանման այլ կառույցների ու հաստատությունների մի երկար շարք կարելի է թվարկել, որոնք մեր քարոզչության ավանգարդն են, բայց, չգիտես ինչու, քայլում են ետին շարքերում` անընդհատ սպասելով վերևից եկող հրահանգների ու հուշումների: Ահա թե ինչու այդպես միանգամից խուճապի մեջ ընկան, երբ նախագահը նրանց ասաց, որ կարելի է նաև մի փոքր էլ աշխատել…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s