ԱՆՏԻՊ ՍԵՎԱԿԸ

17 Հկտ

Պարույր Սևակի մահից տասնամյակներ են անցել, սակայն մինչև այսօր անտիպ են մնում նրա բազմաթիվ ստեղծագործությունները, հրապարակ չեն հանվում օրագրությունները, զանազան գրառումներ, նամակներ, այլ ձեռագրեր: Տվյալ դեպքում խոսքն առավելապես վերաբերում է Սևակի վաղ շրջանի գործերին, երբ դեռ նոր-նոր ձևավորվող գրական ճաշակի ու աշխարհընկալման վրա իրենց անխուսափելի կնիքն էին թողնում ժամանակաշրջանի ոգին և սոցռեալիզմի անբեկանելի պահանջները: Սակայն, ինչպես էլ գնահատելու լինենք այդ տարիներին ստեղծված էջերը, դրանք սևակյան ժառանգության բաղկացուցիչներն են, առանց որոնց անհնար պիտի լինի ունենալ այն տեսանելի հանրագումարը, ինչն իր մեջ կներառի անցած ճանապարհի բոլոր փուլերը:
Ստորև ներկայացնում ենք Պարույր Սևակի երկու անծանոթ բանաստեղծությունները, որոնք արտացոլում են, այսպես կոչված, «սառը պատերազմ»-ի տարիները, երբ Խորհրդային Միության ու Արևմուտքի առճակատումը թևակոխել էր նոր փուլ, երբ նույնիսկ կոմիտասյան թեման (ինչպես Սևակի օրինակում է) պիտի շաղկապվեր միջազգային իրավիճակի հետ:

«ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆԸ» ՈՐՈՆՈՂՆԵՐԻՆ
Թյուրքիայի մինիստրների խորհուրդը թույլ է տվել ամերիկյան «արշավախմբին» Արարատ լեռան վրա որոնել «Նոյան տապանի մնացորդները»: (թերթերից)

Նորից «արշավախումբ»,
Եվ այս անգամ դեպի կատարները Մասսի…
Սակայն ծանոթ է աշխարհը «տուրիստներին» ամերիկյան.
Այդպես, նրանք առած օդանավեր,
Առած տանկ ու ական,
Կատարների վրա Ոլիմպոսի
Որոնում են նյութեր հին հունական
«Հովվերգության» մասին,
Որոնում են, սակայն…
Ահավասիկ
Հունաստանը փեղկված երկու մասի1,
Ազատության ոգին, մարտիկները նրա
Ապաստանած Գրամոսի2
Քարափներին խորունկ ու ժայռերի վրա…
Իտալիայում նրանք, այդ «տուրիստները» նույն՝
Արձանն են «որոնում»
Առասպելի Ռոմոս- Ռոմուլոսի:
Եվ ինչ,
Տոլիատին3 է վիրավորվում ծանր և մահացու
Ու ժառանգորդները Կրասոսի,-
Ծանոթ առասպելին ճիշտ հակառակ,-
Գայլի նման երկրի, մարդկանց հյութն է ծծում:
«Անմեղ տուրիստներին» այդ բարբարոս
Որտեղ դու չես ճարի.
Չինաստան ու Չիլի, Վիետնամ ու Բիրմա
Ճամփորդում են նրանք միշտ նույն ուղեգրով՝
«Ալպյան ցուպի» վրա լպիրշ ռեկլամով
Գրած նույն դեվիզը-
դոլար,
բիզնես,
ֆիրմա:
… Մի նոր «տուրիստական արշավախումբ» հիմա,
Եվ այս անգամ դեպի կատարները Մասսի:
Վերստին մարդկային արյունի մեջ
Լողանալու հարմար այս առիթի համար
Անզուսպ խնդությունից բարբարոսի
Համիդն անշուշտ շիրմում շուռ է եկել հիմա…
Բայց ոչ: Ոչ, արյունից,
Պատերազմից չէ, որ մենք ուզում ենք խոսել:
Խաղաղությունն է մեր խորհրդանիշն այսօր
Եվ նշանաբանը ապագայի:
Թող որ արհեստական ներվայնությամբ հոսեն
Իրերն ու պակտերը Ատլանտական,
Բայց հողագունդը մեր, գլոբուսը, սակայն,
(Որ պատկերանում է անդրօվկիանոսյան քեռիներին
Իբրև ակցիաներով,
ակտիվներով,
ոսկով լեցուն տակառ),
Զարդարվել է այսօր նոր գույներով,
Եվ աղավնին ճերմակ,
Կտցին խաղաղության ընձյուղն ու ծիլը նոր,
Սավառնում է հիմա երկրագնդի բոլոր գոտիներով:
Աղավնին այդ ճերմակ, բայց ոչ ելած
Տապանից այն չեղյալ,
Այլ ափերից Օբի և Վոլգայի:
Խաղաղությունն է մեր խորհրդանիշն այսօր
Եվ նշանաբանն ապագայի:
Սակայն եթե փորձեն…
Այնժամ- Ստալինգրադը վկա-
Կելնենք ոչ միայն մենք՝
երկրագնդի
Միլիարդավոր բանակը հասարակ մարդկանց.
Կելնեն և ծովերն իրենց խոր անդունդից,
Կելնեն օվկիանները
Եվ կջրհեղեղեն դաժանորեն դաժան…
Եվ չի փրկի այնժամ
Անգամ առասպելի Նոյան տապանը ձեզ,
Չի գտնվի այնժամ աշխարհում ոչ մի լեռ,
Որ ապաստան տա իր կատարին
Խարխլված ու փլուզված ձեր տապանին:
Չի ճարվի աշխարհում և ոչ մի լեռ,
Չհիշելով արդեն Արարատին,
Արարատին տանջված, բայց և տոկուն,
Որ Մոմբլանի, Անդի, Վեզուվի4 հետ
Պահում է ձեզ համար
Վրեժից կարծրացած իր ընդերքում
Հրաբխի վերջին իր ժայթքումները դեռ…»:
1949 թ. օգոստոս

ԵՐԳԻ ՎԱՐՊԵՏԻՆ
….Երբ հարգում են հիշատակը հանգուցյալի՝
Ընդունված է չանդրադառնալ։ Սակայն ինչպե՞ս, ինչպես լռե՞լ,
Երբ բովանդակ զարհուրանքը մոտ անցյալի
Կամենում են երկրի վրա նորից փռել,
Կամենում են կրկին հանել հրապարակ,
Լույս ընծայել նոր վարիանտով, հավելվածով արյունալի,
Կամենում են նորից նրանք,
Որոնք ձայնը կախարդական քո քնարի
Խլացրին բիրտ խուժանի քրքիջի մեջ…
Հոկտեմբերը մեզ առհավետ փրկեց մահվան ճիրաններից:
Ավանդական մեր դաշտերում հնչեց նորից
Քո «Հորովելը» քաղցրալուր,
Պտղավորվեց «Ծիրանի ծառը» քաղցրանուշ,
Եվ «Անտունին» քո հանճարեղ,
Սրտակեղեք ծանոթ երգը «տնավարի»,
Թովիչ դարձավ էլ ավելի՝
Դադարելով կյանք լինելուց
Եվ մնալով լոկ իբրև երգ,
Լոկ եղանակ չնաշխարհիկ:
Բայց աշխարհին
Սպառնում են այսօր նորից կոտորածով:
Ատլանտյանով դեպի Բոսֆոր, Մարմարա ծով,
Թավալվում է մի մութ ալիք:
Հոխորտանքով ամոթալի՝
Յաթաղանն են փոխարինում ատոմային արկով նրանք,
Ենիչերին՝ էքսպերտով,
Կավե բերդը՝ «Թռչող բերդով»,
Եվ մահիկը՝ արշավանքով խաչակրաց:
Սակայն մարդն իր դարավոր խաչը կրած
Շպրտել է արդեն մի կողմ՝ Չինաստանից
Մինչև Վարշավ և Վարշավից մինչև Աթենք…
Եվ թող հիմա «Հորովելը» քո հանճարեղ
Թող որ փռվի մեր արտերին,
Իբրև սիմվոլ խաղաղության,
Իբրև բարիք,
Իբրև ցորեն:
Թող փառավոր կվարտետդ քո համբավը հեռուն տանի:
Մենք հանգիստ ենք վաղվա հանդեպ.
Հին աշխարհի պատառոտվող խավարի դեմ՝
Մեր երկիրը «քելեր- ցոլեր»:
1949 թ. Սեպտեմբեր

1. Նկատի ունի 1945-49 թթ Հունաստանում ծայր առած քաղաքացիական պատերազմը:
2. Բնակավայր Էգեյան ծովի ափին, քաղաքացիական կռիվների օջախներից մեկը:
3. Պալմիրո Տոլյատի (1893-1964)- Իտալիայի կոմունիստների առաջնորդը: Վիրավորվել է 1948 թ. իր դեմ կատարված մահափորձի հետևանքով:
4. Գործող հրաբուխներ:


Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s