ԿՈՄԻՏԱՍԻ «ԻՆՔՆԱՆԿԱՐԸ»

25 Մրտ

Տաղանդավոր երգչուհի և դաշնակահար Մարգարիտա Բաբայանին հասցեագրված հերթական նամակը Կոմիտասը եզրափակել է այսպիսի կատակ-նկարով և մակագրությամբ:

ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐԸ

24 Մրտ

Արշավիր Շահխաթունի. դերասան, բեմադրիչ, բայց նաև զինվոր ու սպա:

Անուրանալի են նրա կազմակերպչական ջանքերը Սարդարապատի ճակատամարտի օրերին: 1918-ից 1920 թվականները եղել է Երևանի զինվորական պարետը: Այնուհետև մեկնել է արտասահման, նկարահանվել է մի շարք ֆիլմերում, խաղացել է թատրոնում: Սակայն քչերին է հայտնի, որ Շահխաթունու ամենամեծ նվաճումները արձանագրվել են դիմահարդարման ասպարեզում: Ժամանակին ֆրանսիական թերթերից մեկը նույնիսկ նրան որակում էր «հայ, որը աշխարհի լավագույն դիմահարդարն է»: Եվ սա բոլորովին էլ չափազանցված գնահատական չէր:

Մի անգամ կազմակերպվեց մի մրցույթ, որի մասնակիցները 40 րոպեում սովորական կնոջը պիտի «դարձնեին» Ջոկոնդա: Շահխաթունին շահեց առաջին մրցանակը և վաստակեց դիմահարդարման փորձագետի տիտղոսը: Ավելին, նրան առաջարկվեց Փարիզում ամերիկյան ընկերության տնօրինությունը: «Էլիզաբեթ Արդեն» կոսմետիկակյան ընկերությունը հատկապես նրան վստահեց ԱՄՆ-ում կայանալիք միջազգային ցուցահանդեսում ներկայացնել իր գործունեությունը:

Արշավիր Շահխաթունին այն քչերից էր, որ կարողացավ ժամանակակիցներին ապշեցնել նորարարական լուծումներով: Հեռուստատեսությունը դեռ նոր էր կիրառում գտել, իսկ նա արդեն էկրանին պատկերների ու դեմքերի հստակությունն ապահովող առաջարկներ էր ներկայացրել: Կինոգրիմի այդ նոր սկզբունքները գերազանց արդյունք արձանագրեցին:

ՄԱՀՎԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԸ

24 Մրտ

1923 թվի մարտի 24 ին առավոտյան վաղ ինձ մոտ եկավ Արեգը՝ Թումանյանի կրտսեր որդին ու հայտնեց, թե՝ «Հայրիկը մահացավ, գնանք հիվանդանոց նկարի»:
Առա թուղթ ու մատիտ, գնացինք մորգ: Ահա Թումանյանը, պառկած է ճերմակ սավանի տակ: Երևի այդպես է պառկած եղել Հայկ նահապետը մահճում: Երկարել է կարծես ավելի: Մի աչքը բաց, կարծես թե չի ուզում բաժանվել իր սիրած կյանքից ու գոհ կլիներ գոնե մեկ աչքով նայեր նրան: Ցուրտ էր: Մատիտը հազիվ էի բռնում ձեռքիս, սակայն նկարեցի: Արցունքները հոսում էին աչքեիցս իրենք իրենց: «Լուսավորչի կանթեղը», «Անուշը», «Գիքորը», «Լոռեցի Սաքոն», անցնում են մտքովս լուսե տողերը, սիրելի դեմքերը և իմ մանկությունը: Ականջիս հնչում է Գիքորի զիլ ձայնը. «էստի համեցեք», Սաքոն, ասես Լոռվա ժայռերից պոկված հսկա մի բեկոր, գլորվում է անդնդախոր ձորը, Անուշն է նայում թախծալի ու վշտոտ: Այս ժխորը հանդատվում է էպիկական մի ներդաշնակությամբ ու կանգ առնում մի եզրակացության՝ ահա.
Մահը մերն է, մենք՝ մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ…

Միքայել Մազմանյանի հուշերից

ԱՐԱՔՍՅԱՆ՝ ՉԱՐԵՆՑԻ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆԸ

19 Մրտ

Եղիշե Չարենցի կենսագրության և ստեղծագործական ժառանգության բազմաթիվ էջեր դեռ շարունակում են մնալ չբացահայտված կամ թերի: Իսկ որոնումները երբեմն կարող են ի հայտ բերել ամենաանսպասելի շրջադարձերը: Դրանցից մեկի մասին էլ ցանկանում ենք պատմել ստորև:

Ինչպես հայտնի է, 1920-ականների երկրորդ կեսը Չարենցի համար մի բարդ ժամանակահատված էր. նա դեպքերի բերումով հայտնվեց Երևանի ուղղիչ տանը, այնուհետև կորցրեց իր սիրելի կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածատուրյանին, և դժբախտությունների այդ հաջորդական շղթան ծանր հետք թողեց նրա հոգեկան աշխարհի վրա: Պիտի պահանջվեին ուժերի ծայրահեղ լարում, կյանքը վերաիմաստավորելու անհաշիվ փորձեր, հուսալքության ճիրաններից դուրս գալու կամք, որպեսզի կրկին վաղվա օրը ուրվագծվեր իբրև ներկան ապրելու արգասիք: Ահա այդ շրջանի հետ է կապված մի դրվագ, որ մնացել է ստվերում ու, թերևս, բանաստեղծի դյուրափոփոխ հուզական ներաշխարհի, խառնաշփոթ փնտրտուքների և դրանց հաջորդած ձախողումների ակնբախ արտահայտիչն է:

Գրող Վահրամ Ալազանի կինը՝ Մարո Ալազանը, պատմելով Չարենցի մասին, իր հուշերում նաև հետևյալն է գրում. «Տարիներ էին անցել Արփիկի մահից, Չարենցը երկար ժամանակ որոնումների մեջ էր: Չէր գտնում իրեն համապատասխան մի լավ կյանքի ընկերուհի: Ի վերջո, նա կապվեց մի կնոջ հետ, որի ամուսինը մահամերձ վիճակում պառկած էր Դիլիջանի թոքախտավորների հիվանդանոցում»:

Այս առեղծվածային կնոջ մասին հուշագրի քողարկած ակնարկներն իրականում պիտի թափանցիկ լինեին նրանց համար, ովքեր տեղյակ էին այդ օրերի իրադարձություններից: Խոսքն Արաքսյա Մանուկյանի մասին էր:

Արաքսյա Խաչատուրի Մանուկյանը ծնվել էր 1905 թվականին (որոշ աղբյուրներում՝ 1906-ին), Թիֆլիսում, բավականին երիտասարդ տարիքում ամուսնացել էր Հայաստանում պիոներիայի հիմնադիր, կինոռեժիսոր Ստեփան (Ստյոպա) Մանուկյանի հետ: Նրանք ապրում էին Րաֆֆու փողոցի թիվ 29 տանը՝ իրենց հարկի տակ մշտապես հյուրընկալելով գրողների, դերասանների, արվեստի աշխարհի մարդկանց և այն օրերի «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչներին:

Արաքսյան գեղեցիկ ու տպավորիչ կին էր, սիրում էր բոհեմական կյանքը, սովորում էր Վահրամ Արիստակեսյանի պետական խորեոգրաֆիայի ստուդիայի դասական և ժողովրդական պարերի խմբում: Ապագա պարուհու ամուսինը նույնպես հաճելի տղամարդ էր, ատլետիկ կազմվածքով, ակտիվ ու գործունյա: Նրանք լիովին կարող էին նախանձելի զույգի տպավորություն թողնել:

Պետք է կարծել, որ Արաքսյայի և Ստյոպայի հետ Չարենցի ծանոթությունը կայացել է 1924 թվականին: Երկու երիտասարդ ընտանիքների միջև շատ արագ ձևավորվում է մտերմություն ու փոխադարձ համակրանք: Դրան նպաստում էր նաև տղամարդկանց համատեղ աշխատանքն ինչպես գրողների «Նոյեմբեր» միությունում, Սոցդասգլխվարչությանը կից գործող մանկական գրականության հանձնաժողովում, այնպես էլ գրական ու պատանեկան հանդեսներում: Ամեն դեպքում, համաձայն առկա փաստերի ու ժամանակակիցների վկայությունների, Չարենց-Մանուկյան ընտանիքների միջև ջերմ հարաբերությունները պահպանվել են մինչև 1927 թվականը:

Այդ օրերից մնացած հետաքրքիր հիշատակներ կան՝ մի լուսանկար, որտեղ նրանք չորսով կեցվածք են ընդունել բուտաֆորիկ ավտոմեքենայի շուրջ, Չարենցի մի մակագրությունն Արաքսյայի լուսանկարի դարձերեսին, ընտանեկան ալբոմում Տերյանի բանաստեղծությունը, որ հիշողությամբ գրի էր առել Չարենցը՝ նվիրելով Մանուկյան ամուսիններին:

Իսկ հետո ամեն ինչ կտրուկ ու միանգամից փոխվեց: Թե հատկապես ինչը դարձավ Չարենցի և Ստյոպայի գժտության պատճառը, դժվար է միանշանակ ասել: Այս դեպքում կարելի է սոսկ ենթադրություններ անել՝ դիմելով ֆրանսիացիների մոտ լայն տարածում գտած արտահայտությանը՝ «Cherchez la femme»՝ փնտրիր կնոջը:

Հայտնի բան է՝ Չարենցն անտարբեր չէր գեղեցիկ կանանց նկատմամբ: Ընկերները դա գիտեին և հանդուրժում էին նրա տղայական մոլությունն ու «չարաճճիությունները»: Քանի դեռ կենդանի էր Արփենիկը, նրա հանդեպ սերը Չարենցին դարձրել էր անհամեմատ զուսպ ու շրջահայաց: Սակայն կնոջ մահից հետո հին հակումները վերստին արթնացան, և Արաքսյան այդ արթնացումի առաջին թիրախներից մեկն էր լինելու: Գուցե Արաքսյան էլ իր հերթի՞ն առիթ տվեց, որ բանաստեղծի ներսում խլրտար տղամարդկային անսաստելի կիրքը, ո՞վ գիտե… Ամեն դեպքում հիմքեր կան մտածելու, որ այդ օրերին Արաքսյան այլևս իրեն չէր համարում երջանիկ ու լավատես: Նման  ենթադրությունների հիմք է տալիս Չարենցի՝ «Արաքսյային» վերնագիրը կրող բանաստեղծությունը, որում կան հետևյալ տողերը.

… Տրված է մեզ՝ երկուսիս էլ-

Ինչ կարող է բախտը տալ-

Սակայն ինչո՞ւ դու էլ, ես էլ

Տրտնջում ենք կյանքից հար…

Գանգատվելու պատճառները քիչ չէին: Երկուսն էլ հրաշալի գիտակցում էին, որ կատարվում էր մի բան, ինչը լինելու իրավունք չուներ: Եվ եթե բուռն էին հույզերը, պակաս հակազդող չէին դրանց սանձող խոչընդոտները: 1928-ին Մանուկյանների հարկի տակ ծնվեց նրանց դուստրը: Այժմ կնոջ մայրական պարտականությունները էլ ավելի հեռու մղեցին Չարենցի նկրտումները, և թեև նրանք շարունակում էին ժամանակ առ ժամանակ հանդիպել, Արաքսյան դարձել էր անվստահ ու վարանոտ, նաև նյարդային, նաև ընկրկող: Թռուցիկ տեսակցություններին հաջորդում էին երկար սպասումները, իսկ դրանք իրենց հետ բերում էին միայն հավելյալ լարվածություն, անորոշություն և անպատասխան հարցեր, որոնք իրենց արձագանքն էին գտնում բանաստեղծական տողերում.

Ո՞ւր ես, Արաքս,

Երբ պիտի գաս,

Բերես հույզեր,

Եվ կյանք, և սեր,

Եվ փայլ, և բույր-

Հրե համբույր…

Հետո ամեն բան ավելի խճճվեց ու բարդացավ: Ստյոպա Մանուկյանը հիվանդացավ: Բժիշկները զննեցին նրան ու արձանագրեցին՝ թոքախտ է, շտապ անհրաժեշտ է հիվանդին մեկուսացնել, սկսել բուժումը: Լավագույն տուբերկուլոզային դիսպանսերն այն օրերին գտնվում էր Դիլիջանում, որտեղ էլ տեղափոխեցին Ստյոպային: Սակայն շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ նա դատապարտված էր: Ժամանակը հոսում էր, հիվանդի վիճակը գնալով ավելի էր բարդանում, իսկ Արաքսյան հոգեկան ծանր ապրումների ու երկվության մեջ էր: Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել, ո՞րն էր ելքը…

Այդ օրերի գերիշխող տրամադրությունների գրավոր վկայություն կարելի է համարել  Չարենցի «Բալլադը», որն ունի այսպիսի ենթավերնագիր. «Ունդերվուդի, Աչոնի, ոսկե կնոջ և բացիլի մասին, գրված հատկապես Աչոնի համար, որ կարդա, երբ մեծանա և սովորի կարդալ մեծ-մեծ, հաստափոր գրքեր (Այժմ Աչոնը երկու տարեկան է)»:

Աչոնն Արաքսյայի դուստրն էր՝ Դորան: Ըստ տեղեկությունների, Չարենցը գնել էր նրանց ընտանիքին պատկանող «Ունդերվուդ» մակնիշի գրամեքենան և հենց դրանով էլ մեքենագրել էր իր «Բալլադը»: Չարենցյան այս չափածո շարադրանքը կարծես մի ինքնախոստովանություն լինի՝ երբեմն մերկ անկեղծությամբ, երբեմն քողարկված ափսոսանքով, երբեմն ցավոտ անողոքությամբ, բայց հասցեագրված նրան, ով պիտի հեռու լիներ այդ ամենից և կարող էր նաև դրանց մասին չիմանալ:

Աչոն, լսում ես, աշխարհում

Կար մի անգամ մի մարդ:

Ոչ այդ մարդն էր ինձ սիրում,

Ոչ ես նրան:

Դորայի հոր մասին իր կարծիքն ու դեպքերի ընթացքը թղթին պահ տալը Չարենցի համար ասես վերջին փրկօղակներն էին՝ արդարացնելու համար այն, ինչն արդեն եղել էր ու դեռ կլիներ: Չէ, նա ապաշխարելու ցանկություն չուներ, նրա տարփանքից էր ծնունդ առել սիրային մի արկած, որ հեռուն էր գնացել՝ հասնելով մինչև խղճի սահմանները, սակայն խայթված խղճի կծկումներից առաջ նա ըմբոշխնել էր կնոջական գգվանքների հաճույքը մինչև մրուր և կարոտով էր վերհիշում այդ երանելի ակնթարթները.

Ախ, մի անգամ միայն նա,

Այնքան սրտաբաց

Այդ ոսկիներն ինձ տվեց

Ու անդարձ գնաց…

1930 թվականի հուլիսի 20-ին Ստյոպա Մանուկյանը վախճանվեց: Նրան հուղարկավորեցին Մլեր գերեզմանատանը, ներկայիս Պանթեոնի տարածքում, Արփենիկի գերեզմանից ոչ շատ հեռու: Մանուկյանի ողբերգական մահը կամա թե ակամա պիտի մոտեցներ նաև հանգուցալուծումը Չարենցի և Արաքսյայի համար: Եվ դիպվածն իրեն սպասեցնել չտվեց:

1930 թ. ամառային մի օր Աբովյան փողոցում Չարենցը հանդիպում է Լուսավորության ժողկոմ Արտո Եղիազարյանին ու Ալազան ամուսիններին և նրանց ճաշի է հրավիրում: Այդ օրերին Չարենցն ապրում էր «Ինտուրիստ» հյուրանոցում: Հյուրերը գալիս են, բոլորով սեղան են նստում, Չարենցը վերցնում է բաժակն ու սկսում է պատմել իր կացության մասին՝ ակնկալելով լսել ներկաների խորհուրդը: Ասում է, որ ցանկություն կար ամուսնանալու, և իր ընտրությունը կանգ էր առել Արաքսյայի վրա: Սակայն կատարվել է մի բան, որն իր մտքերն ու մտադրությունները լիովին վերափոխել է: Դեպքն այսպես է եղել: Երբ Ստյոպա Մանուկյանը վախճանվել է, հեռագրով այդ մասին տեղեկացրել են նրա կնոջը: Լուրն առնելուն պես Արաքսյան շտապել է Չարենցի մոտ: «Փոխանակ լաց լիներ, գոնե մի փոքր տխրեր, հեռագիրը ձեռքին բռնած, պարելով վազեց, ինձ հետ գրկախառնվեց ու ասաց. «Չարենց ջան, վերջապես ազատվեցինք, հիմա կարող ենք ազատ ամուսնանալ»,- պատմում է Չարենցը: Կնոջ այդ անմարդկային արարքը տակնուվրա է անում նրա ներաշխարհը, մի ակնթարթում կարծես պատռվում է վարագույրը, և նա տեսնում է այն մարդու իրական դեմքը, որին սիրում էր: Այսքանից հետո հազիվ թե մնար այն վստահությունը, որ վաղն էլ իր հետ չէին վարվելու նույն կերպ: Եվ Չարենցը կարիք ունի լսելու մտերիմներին, նրանց հետ կիսելու իր տագնապները:

Սակայն բանը խորհուրդներ տալուն չի հասնում: Այնուհետև հուշագիրը գրում է. «Դեռ մեր խորհուրդը չլսած՝ ներս մտավ այդ կինը՝ մի քանի գինու շիշ ձեռքին բռնած: Չարենցը վեր կացավ տեղից, անմիջապես հարձակվեց այդ կնոջ վրա և ասաց.

-Դուրս, դուրս կորիր, երեսդ չտեսնեմ, անմարդկային սրիկա:

Կինը գլուխը կորցրեց, այլայլվեց, շփոթվեց, գինու շշերը հատակին դրեց ու դուրս եկավ սենյակից: Մենք անհարմար դրության մեջ ընկանք: Մեզ կանչեց խորհրդակցելու, մեր խորհուրդը լսելու, բայց առանց մեզ հաշվի առնելու ինքն իր վճիռը կայացրեց և մեզ շատ անհարմար դրության մեջ գցեց: Մեզ մնում էր հանգստացնել նրա ալեհույզ հոգին և մի քանի մխիթարական խոսքեր ասել: Լուսժողկոմ Արտո Եղիազարյանն ասաց.

-Չարենց, քո արարքը անտակտություն էր, կնոջն այդպես խայտառակել չէր կարելի»:

Այս տհաճ միջադեպից ամիսներ անց Չարենցը ծանոթացավ Իզաբելլա Նիազյան-Կոդաբաշյանի հետ և 1931 թվականին նրանք ամուսնացան: Բանաստեղծի կյանքում սկսվում էր մի նոր, շրջադարձային փուլ, որում Արաքսյա Մանուկյանն այլևս չկար: Սակայն մնաց գիրը, մնացին բանաստեղծությունները և այն անվիճելի իրողությունը, որ ժամանակից առաջ ընկնած Չարենցն արդեն գիտեր, թե ինչ ճակատագիր էր վիճակվելու իր հերթական գայթակղություն-մոլորությանը.

Զուր է, Արաքս.- Փարվիր կրծքիս,-

Փարվիր անհուշ ու անտենչ,-

Բախտ չեն գտնի կին ու երգիչ,

Երկու անօգ- իրար մեջ…

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

19 Մրտ

Հիշում եմ Շիրազի թաղումը: Ուսանող էինք, համալսարանից խմբով եկանք Օպերայի հրապարակ: Ծով բազմություն էր: Նախկինում ես երբեք այդքան մարդ մի տեղում խմբված չէի տեսել: Իսկ երբ Շիրազի մարմինը դուրս բերեցին շենքից, շուրջն ամեն ինչ այնպես տարուբերվեց ու ալեկոծվեց, որ մեզ ուրիշ ոչինչ չէր մնում, քան բարձրանալ հրապարակը շրջապատող մետաղե ցանկապատի վրա ու այնտեղից ցատկել դեպի փողոց:
Այդ օրը երկու բան տպավորվեց ու մեկընդմիշտ մեխվեց հիշողությանս մեջ: Առաջինը ձնծաղիկներն էին, որոնցով ծածկված էր Շիրազի մարմինը, իսկ երկրորդն այն բանի գիտակցումը, թե ինչ ասել է լինել ժողովրդի բանաստեղծը
:

ԼԵԳԵՆԴ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ

18 Մրտ

Երբ Տերը արարեց կնոջը, հրեշտակը տեսավ ու հիացած բացականչեց.

— Սա կատարելություն է, նրան կերտելիս դու ամեն բան հաշվի ես առել:

— Օ, այո,- պատասխանեց Աստված:- Նա ունի ուժ, որ կարող է կախարդել տղամարդուն: Նա կարող է ծիծաղել, երբ կցանկանար արտասվել: Նա օգնության ձեռք կմեկնի ուրիշներին, երբ օգնության կարիք ինքը կունենա: Նա կժպտա այն ժամանակ, երբ իրականում սարսափելի կլինի: Նրա մի հայացքն ի զորու է անել այն, ինչը վեր է տղամարդու ուժերից…

Բայց հետո Տերը հառաչեց ու ասաց.

— Միայն մի բան կա, որ ստվերում է այս ամենը: Միայն մի թերացում, որը եթե ինքը չշտկի, կկործանի իր ողջ կյանքը:

— Ի՞նչն է դա,- հարցրեց հրեշտակը:

— Նա չգիտի իր գինը…

ՀԻՇԵՆՔ ՆՐԱՆՑ

18 Մրտ

Անցյալ դարի 30-ականներին Բուլղարիայում լուս տեսած «Ազատ խոսք» թերթի 1939 թ մայիսյան համարներում կարդում եմ Վարդգես Ահարոնյանի «Դեպի Վան» հուշագրությունը: Հասնում եմ հետևյալ հատվածին. «… Նույնքան և ավելի հեռու էին Վանից պարսկական Ատրպատականում գործող ռուսական զորամասերը, որոնց հետ էր Անդրանիկի գումարտակը… Արդյո՞ք ռուս զորքերը և հայ կամավորները պիտի հասնեն, արդյո՞ք Վանը պիտի դիմանա մինչև այդ՝ ահա ամեն մեկ հայի շրթունքից կախված հարցումը… Թուրքական շղթան հրաշքով ճեղքած մի վանեցի ռուսական բանակին է հասցնում Արամի նամակը, որով Վանի հերոսը հաղորդում է, թե ռազմամթերքի և ուտելիքի պաշարը սպառվելու վրա է և խնդրում է շտապեցնել ռուսական բանակի առաջխաղացումը…»:

Կարդում եմ և հանկարծ միանգամից կանգ եմ առնում: Ախր ես սա գիտեմ, ես գիտեմ նամակ տարած այն վանեցուն, ես այս մասին արդեն կարդացել եմ մեկ այլ աղբյուրում՝ ձեռագիր, որն ինձ է հանձնվել ի պահ՝ իբրև իմ նախնիների պատմություն:

Բացում եմ գունաթափված տետրերը, թանաքե տողերի մեջ փնտրում եմ ինձ անհրաժեշտ հատվածը: Ահա գտա.

«Արամ փաշան Նորաշեն փողոցի եկեղեցում ելույթ ունեցավ, հայտարարեց. «Հայ ազգի զավակներ, ժողովրդի փրկության և սովի ճիրաններից ազատելու համար ով հանձն կառնի նամակ հասցնել Խոյ քաղաք` Անդրանիկին, խոստանում ենք նրանց շնչերին ապահովել հացով, իսկ գնացողներին` զենքերով և դրամական միջոցներով»: Ճանապարհներին ծանոթ չլինելու  և լեռները ձյունով ծածկված լինելու պատճառով դժվար էր գնալ: Մեր գյուղից Չարխչյան Պիտոն և Կոռկե Եղոն մոտեցանԱրամին` խնդրելով իրենց ուղարկել, պայմանով, որ իրենց ընտանիքները կապահովվեն հացով մինչև իրենց վերադառնալը: Ամեն մեկին զինեցին երկուական մաուզերով, փամփուշտներով, իսկ դրամ ստանալը մերժեցին:

 Սուրհանդակները, առաջին գծից անցնելով, գիշերով հասնում են Սալախան գյուղի դիմաց Նըզաթավա կոչվող լեռը: Ցերեկը քրդերը նրանց նկատում են: Սարայի շրջկենտրոնից  թուրք ասկյարները և Սադուն բեկի աշիրաթը նրանց շրջապատում են` առաջարկելով հանձնվել: Հայ սուրհանդակները մերժում են նրանց առաջարկը, դիմադրում են մինչև մութն ընկնում է:

Ձյուն ու ցրտին չեն դիմանում ասկյարները և քրդերը, քաշվում են գյուղերը` մտածելով, որ ձյուն է, սուրհանդակները ուր էլ գնան, առավոտյան նրանց հետքով կգտնեն: Տղաները գիշերով ձյունը ճեղքելով` փորձում են անպայման հասնել Կոթուրի ձորը, որտեղ ձյուն չկար` իրենց հետքերը կորցնելու համար: Մինչև լուսանալը հասնում են Կոթուրի ձորը, թաքնվում անտառաթփերի տակ: Ասկյարները և քրդերը առավոտյան մոբիլիզացնում են քրդական գյուղերի բնակչությանը, բայց մինչև երեկո չեն կարողանում հայտնաբերել տղաներին:

Գիշերով անցնում են Պարսկաստան, մտնում Խոյ քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չավուշկալի գյուղը: Հանդիպում են պարսկական սարբազներին, կռվում են: Այգիների միջով պատահաբար ընկնում են  հայկական թաղ: Գիշերը հայերը նրանց պահում են: Առավոտյան նամակը հանձնում են Անդրանիկ զորավարին:

Հինգ օրից հետո կամավորական խմբերը ռուսների հետ մտան Վան»:

Հիշենք նրանց. Չարխչյան Պիտոն և Կոռկե Եղոն: Բերկրի գավառի Զեյնիս գյուղից:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ

18 Մրտ

Ֆրանսիացի նշանավոր գրող, «Սիրանո դը Բերժերակ»-ի հեղինակ Էդմոն Ռոստանի կյանքի վերջին օրերի մասին շատ է գրվել: Զանազան պատմություններ կան, սակայն հավաստի է դիտվում այս մեկը՝ շարադրված նրա մահից անմիջապես հետո:

Ասում են, որ Առաջին համաշխարհային պատերազմի օրերին նա արդեն հիվանդ էր: Ինչ-որ մի պահի, երբ ռազմաճակատում վիճակը դարձավ օրհասական, Ռոստանը քիչ էր մնում հոգեկան խանգարում ստանար: Բայց վերջապես վրա հասավ բաղձալի օրը. զենքերը լռեցին, պատերազմն ավարտվեց: Փարիզի փողոցները լցված էին մարդկանց հոծ խմբերով, նրանք վանկարկում ու երգում էին, դրոշներ էին ծածանում, գրկախառնվում էին: Անկողնում պառկած գրողը լսում էր այդ ձայները:

Հանկարծ նա ոտքի կանգնեց, սկսեց հագնվել և ասաց կնոջը.

— Չէ, ես այլևս չեմ կարող այստեղ մնալ: Ես չափազանց երջանիկ եմ դրա համար: Ուզում եմ ինքս էլ փողոց դուրս գալ:

Դուրս եկավ քաղաք, վերադարձավ մի քանի ժամ անց՝ ժպիտը դեմքին, և անընդհատ կրկնում էր.

— Ինչպիսի երջանկություն, ինչպիսի երջանկություն…

Երեկոյան ջերմությունը բարձրացավ: Նա այլևս անկողնուց դուրս չեկավ: Վերջին տողերը, որ հանձնեց թղթին, հետևյալն էին. «Բազմաթիվ զոհեր խլեց պատերազմը, պետք էր, որ մեկն էլ զոհվեր խաղաղության ուրախությունից…»:

Դավիթի հորը կհասցնես ծննդատուն…

7 Մրտ

Վազգեն Սարգսյանի հետ Գորիսից Երևան էինք վերադառնում: Հանկարծ նկատեց, որ ճամփեզրով արագ-արագ քայլում է զինվորական համազգեստ կրող մի մարդ: Զայրացավ.

— Սա զորամնասից դուրս ի՞նչ է անում այստեղ:

Մեքենան կանգնեցրեց, դուռը բացեց ու բարկացած շարժվեց դեպի հետիոտնը.

— Սա ի՞նչ բան է: Ի՞նչ ես անում այստեղ:

Զինվորականը հանկարծակիի եկած պատիվ տվեց ու զեկուցեց.

— Պարոն նախարար, դիրքերում էի: Զանգահարեցին, ասացին, որ տղա եմ ունեցել: Թույլտվություն խնդրեցի ծննդատուն գնալու համար…

Վազգենը միանգամից վերափոխվեց-պայծառացավ: Գրկեց սպային, շնորհավորեց, հետո դարձավ դեպի իր վարորդը.

— Մոսո, մեքենայի մեջ հոգեպահուստ ի՞նչ ունես, դուրս հանի:

Մեքենայի թափքի վրա դրեցին շիշը, բաժակները, մի քանի խնձոր:

— Դե, աչքդ լույս լինի,- ասաց,- տղայի անունն ի՞նչ ես դնելու:

— Դավիթ:

Բաժակներն իրար խփեցին: Ապա Վազգենը մոտ կանչեց ուղեկցող մեքենայի վարորդին.

— Դավիթի հորը կհասցնես ծննդատուն…

Գրականությունը ոչ թե զենքն է, այլ փամփուշտը

7 Մրտ

Զրուցել ենք գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ։

— Տպավորություն է ստեղծվել, թե Չարենցը Ձեր կուռքն է, բայց հարցազրույցներից մեկում Դուք ժխտեցիք դա։ Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն են Ձեր և Չարենցի հարաբերությունները։ Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Չարենցի հետ որպես կերպար հարաբերվելիս։

— Ես կուռքեր չունեմ: Ես ունեմ նախընտրելի կերպարներ: Որքան նրանք բարդ են, գայթակղությունն այնքան մեծ է: Այս իմաստով Չարենցի հետ հարաբերվելը մեծ փորձություն է: Նա ընդարձակում է ընկալման սահմանները և ձեռնոց է նետում քո հմտություններին: Լինել նրա ազդեցության գոտում և մնալ անաչառ, ընկղմվել խորության մեջ, բայց չդառնալ ջրահեղձ, տեսնել ու համոզվել, այլ ոչ թե հավատալ կուրորեն. ահա սա է Չարենցի հետ մտերմության գինը:

— «Չարենց և Արմենուհի» փաստագրական վեպի վրա աշխատելիս բռնկվեց 44-օրյա պատերազմը։ Ի՞նչ ազդեցություն ունեցավ դա Ձեզ վրա։ Դուք գրում էիք 1920-ին Կարսը կորցնելու մասին և հանկարծ մեր օրերում կորցրեցինք Շուշին։

— Ցանկացած անդրադարձ պատմությանը արվում է հենց այդ նպատակով՝ գտնել զուգահեռներ, ցուցադրել կրկնությունը, հասկանալ օրինաչափությունը ոչ թե հանուն անցյալի, այլ ներկայի համար: Գրականությունը չի կարող լինել կողմնացույց, բայց կարող է դառնալ խոշորացույց նրանց համար, ովքեր պատրաստ են այսօրվա խնդիրները դիտարկել լայն տեսադաշտով:

— Պատերազմը մտավ գրականություն։ Պե՞տք էր արդյոք սպասել, որ որոշակի ժամանակ անցնի և հեռավորությունից սթափ արտացոլումներ տեսնեինք գրականության մեջ, թե՞ ամեն դեպքում հատկապես պոեզիայում այդ պահի հույզն է կարևորը։

— Հույզն ու գրականությունն անբաժանելի են: Բայց հուզականության ավելորդ չափաբաժինը ինչպես կյանքում, այնպես էլ արվեստում միշտ չէ, որ աշխատում է հօգուտ գնահատելի արդյունքների: Յուրաքանչյուր լավ գրող գիտի, թե ինչ բան է չափի զգացումը: Իսկ հատկապես պատերազմական թեմատիկան պահանջում է ծայրահեղ զգուշություն և նրբանկատություն, մի բան, որն այսօր ոչ բոլորին է հաջողվում: Հիմա շատ գրքեր են տպագրվում, որոնցում էմոցիաները պարզապես կլանում են միտք ու դատողություն: Այլ խոսքերով ասած՝ դրանց հեղինակները փորձում են խաղալ մարդկանց նուրբ լարերի հետ՝ տագնապի, ցավի ու արցունքոտ տեսարանների առատության մեջ գծելով իրենց մտադրության իրագործման ուղին: Սակայն դրանց ներգործությունը թույլ է և անցողիկ, որովհետև գրականությունը ոչ թե զենքն է, այլ փամփուշտը: Թիրախը խոցելու համար դիպուկ կրակոց է պետք:

— Այսօրվա սերունդը հիմնականում կարդում է մոտիվացիոն գրքեր, բիզնես գրքեր, ֆանտաստիկա։ Գեղարվեստական գործերը համեմատաբար զիջում են։ Ինչ կարդալը երբեմն ավելի կարևոր չէ՞, քան ուղղակի կարդալը և ինչպե՞ս ձևավորել լավ գիրք կարդալու մշակույթ։

— Թեմայի և նյութի ընտրությունն անկառավարելի են: Յուրաքանչյուր ընթերցող ինքն է որոշում, թե ինչ կարդալ, և եթե գեղարվեստական գրականությունը առաջնային չէ, դա դեռ չի նշանակում, որ մեղավորն ընթերցողն է: Այս պարագայում վիճակագրությունը լավ օգնական չէ: Կարելի է նաև քիչ կարդալ, սակայն գրքերի ճիշտ ընտրությամբ փոխլրացվում է տարբերությունը: Լավ գրքերը նրանք չեն, որոնք հաճելի ժամանց են ապահովում, այլ նրանք, որոնք խթանում եմ մտքի ու գործունեության ստեղծագործական ունակությունները:

— Ո՞վ է հաջորդ գրողը, որ հայտնվելու է Ձեր մանրադիտակի տակ, թե՞ ընթերցողին Չարենցի մասին դեռ նոր բացահայտումներ են սպասվում։

— Այն, ինչի վրա աշխատում եմ ներկա պահին, կապ չունի որևէ նշանավոր անձի կենսագրության հետ: Փաստագրական գրականությունը չի կարելի ստեղծել պլանավորմամբ կամ հերթագրմամբ: Դա պիտի լինի ինքնաբուխ ու անհրաժեշտությամբ թելադրված: Այս պահին այլ մտքեր ու ասելիքներ կան: Փորձում եմ դրանք ի մի բերել նոր ձևի ու հնչեղության մեջ:

— Ի՞նչ գիրք եք կարդում հիմա և ո՞րն է Ձեր սեղանի անբաժան գիրքը։

— Այս պահին կարդում եմ Կազուո Իշիգուրոյի «Օրվա մնացորդը»: Սեղանի գիրք չունեմ և երբեք չեմ ունեցել: Իմ սեղանից անբաժան կարող են լինել միայն թուղթն ու գրիչը:

Արմինե Մուրադյան

oragir.news

ՓԵԼԵՇՅԱՆԸ ՄԻՆԱՍԻ ՄԱՍԻՆ

5 Մրտ

… Ինձ չէր զարմացնում Մինասի գեղեցիկ դեմքը և ոչ էլ նրա սիրուն, սև ու մեծ աչքերը: Նրանք ինձ ոչինչ չէին ասում: Ես ապշած էի նրա թևերի մաշկի սպիտակության վրա: Ինչքան ազնվություն կար դրա մեջ: Դեռ դպրոցական տարիներիս (այդ հիմա եմ հիշում) ասում էին, որ ֆիզիկայի օրենքով ծիածանի և ամբողջ աշխարհի բոլոր գույների միացությունը բերում է և հանգում միայն մեկ գույնի՝ սպիտակի: Միգուցե Մինասի կախարդական գույների զգացողությունը մարմնավորված էր նրա ճերմակ, մաքուր և սպիտակ մաշկի մեջ: Ի՞նչ իմանաս… 

ՆԱ ԷԼ Է ԶԻՆՎՈՐ ԵՂԵԼ…

1 Մրտ

Այն, որ մեծանուն դերասան Վահրամ Փափազյանը 1915-ին զինվորագրվել է Հայրենիքի պաշտպանության գործին, քչերին է հայտնի: Ասում են՝ ինքն էլ հակված էր չխոսել դրա մասին (ժամանակներն էին այդպիսին): Նույնիսկ «Հետադարձ հայացք» ինքնակենսագրական գրքում նրա կյանքի այդ կարևոր դրվագը լռությամբ շրջանցված է: Իսկ իրականությունն այն է, որ Փափազյանը կամավորագրվել է հայկական զորագնդին (ըստ որոշ աղբյուրների՝ եղել է 4-րդ գնդի հրամանատար Քեռու թիկնապահը) և մարտնչել է թուրքերի դեմ: Սվինամարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվել է կրծքից: Իր արիության համար Փափազյանը պարգևատրվել է Գևորգյան Խաչով:

Բարեբախտաբար, հաջողվեց գտնել երկու լուսանկար՝ այդ օրերից:

ՄԻ ԱՆԳԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ…

19 Փտր

Այս պատմությունը լսել եմ մոտ 20 տարի առաջ, մի կնոջից, որ 1915-20 թվականներին Վաղարշապատի որբանոցում բուժքույր է աշխատել: Նույնությամբ գրի եմ առել.

«Այդ տարի Վաղարշապատում և նրա շրջակակայքում շատ կային հիվանդ, անապաստան երեխաներ: Մեծ մասը սովահար էր կամ տիֆով հիվանդ: Ամեն մի բուժքույրի սայլ էին տալիս (եզներով), մի հոգի էլ գալիս էր որբանոցի խորհրդից: Շրջում էինք Վաղարշապատի մոտակայքում, երբեմն ավելի հեռու էինք գնում ու հավաքում երեխաներին: Երբ գտնում էինք մի հիվանդ կամ սովահար երեխա, ես մեքենայով գլուխը խուզում էի, դնում սայլի մեջ, ու բերում էինք որբանոց: Եթե պետք էր, տեղավորում էինք հիվանդանոցում:

Այդ օրն ինձ հետ էր Հովհաննես Թումանյանը, որ բավականին ժամանակ Վաղարշապատում էր: Մի արտի մոտով անցնելիս նա սայլապանին խնդրեց, որ կանգնի ու ինձ ցույց տվեց արտի մեջ: Նայեցի, իրոք, կարծես թե երեխա կար: Գնացի: Կմախքացած երեխա էր, արտի մեջ նստած: Ինձ չնայեց: Բոլորովին հյուծված էր, մահվան մոտ: Մեքենան ձեռքիս մոտեցա, որ գլուխը խուզեմ ու սարսափեցի: Ամբողջ ոջիլ էր՝ մազերին, հագուստին: Վխտում էին, ազատ տեղ չկար: Այնպիսի զզվանք զգացի, որ ետ դարձա սայլի մոտ: Թումանյանը հարցական նայեց:

— Չեմ կարող, պարոն Թումանյան, անհնար է:

Ու պատմեցի: Թումանյանը թե՝

— Հա, հասկանում եմ: Տուր մեքենան:

Առավ ու մտավ արտը: Խուզեց երեխայի գլուխը, հետո գրկեց, բերեց դրեց սայլի մեջ…»:

Ռաֆայել Իշխանյան

1986 թ.

ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴԸ

18 Փտր

Հասարակ մարդ… Ի՞նչ է հասարակ մարդը… Նա միշտ է վեր նայում, նա սպասում է, թե ինչ կասի ոչ հասարակ մարդը: Նրան խաբում են՝ նա ուրախ է, նրան ճնշում են՝ նա գոհ է: Նա ծառայում է բոլոր պետություններին: Նա ծառայել է Չինգիզ Խանին, նա ծառայել է Նապոլեոնին, նա ծառայել է Վիլհելմին, նա միայն Քրիստոսին է սպանել… Չարագործությունները նրա ձեռքով են կատարվել… Թե՞ կարծում եք Լյուդովիկոս արքան ինքն իր ձեռքով, սպիտակ ձեռնոցներով է սպանել հազարավոր մարդկանց, թե՞ ռուսական ցարի ձեռքերն այնքան երկար էին, որ օղակել ու պահել էին ամբողջ կայսրությունը… Հասարակ մարդն է այդ անում հաճույքով… Եվ էլի կանի… Դա նրա ցանկությունն է, նրա կենսական պահանջը… Նշանակիր հասարակ մարդուն պահակ զուգարանի դռանը: Նա կասի՝ չի կարելի մտնել: Ինչու՞,- հարցրու: -Ես ոչինչ չգիտեմ,- կասի նա,- այդպես են հրամայել: «Բա ի՞նչ գիտես»,- հարցրու: «Ոչինչ»,- կասի նա: «Բա ու՞ր գնամ, ախր կենսական պահանջ է»: «Չգիտեմ»: «Բա ի՞նչ գիտես…»: «Ոչինչ»,- կրկին կասի նա: Ոչինչ, ոչինչ: Ոչինչ: Ոչիիիիինչ: Աստված իմ, փրկիր ինձ անհեթեթություններից: Փրկիր ինձ ստից: Փրկիր ինձ ոչնչից: Փրկիր ինձ այս հասարակ մարդուց, որը ոչինչ չի ուզում իմանալ, որը կարող է գնդակահարել իր մոտ բարեկամին: Կարող է սպանել ճշմարտությունը: Կարող է դավաճանել: Կարող է պաշտպանել սուտը: Եվ չի մտածի, թե ինչ է անում: Նա ոչինչ չգիտե: Այդպես է պետք: Իրեն ասել են: Իրեն հրամայել են: Այդպես է պետք:

Աշխարհին իշխում է հասարակ մարդը: Թագավորները միշտ պատրվակ են եղել: Նույնիսկ հանճարեղ բռնակալները խաղալիք են հասարակ մարդու ձեռքին, նա թելադրել է իր ցանկությունը՝ իշխիր, հրամայիր… Սարսափելի հասարակ մարդ… Ես վախենում եմ քեզնից, քո ստից, քո ոչնչից…

Աղասի Այվազյան

ԵՎ ՉԳԻՏԻ, ՈՉ ՉԳԻՏԻ

1 Փտր

Պարսիկներն ունեն մի իմաստուն խոսք, որը հայերիս ծանոթ է շատ վաղուց՝ գրաբարով: Արդի հայերենով այդ ասացվածքը կհնչի այսպես. «Մարդ կա՝ գիտի, որ գիտի. մարդ կա՝ գիտի, որ չգիտի. մարդ կա՝ չգիտի, որ չգիտի»:

Գրականությամբ զբաղվելու իրավունք պիտի ունենան այն մարդիկ միայն, ովքեր «գիտեն, որ գիտեն»: Ուրիշ հարց է, թե այդ իրավունքը չարաշահողների թիվն ավելի է, քան դրանից օգտվողներինը:

Գրականության մեջ աշխատելու արտոնություն ունեն նաև նրանք, ովքեր «գիտեն, որ չգիտեն»: Այդ արտոնությամբ են գրական ասպարեզ իջնում օժտված պատանիները, որոնք շատ բան չգիտեն (և չեն էլ կարող իմանալ), բայց գոնե գիտեն, որ չգիտեն:

Եվ ցավալի է, որ գրականության դուռը՝ սարքված լինելով դարեր առաջ, չի օգտվում տեխնիկայի այսօրվա առավելություններից, եթե ոչ պիտի ավտոմատորեն փակվեր բոլոր նրանց դեմ, ովքեր «չգիտեն, որ չգիտեն»:

Պարույր Սևակ

ՎԱՎԵՐԱԳԻՐՔԸ

1 Փտր

Ներկայացնեմ իմ անձնական արխիվում պահվող լուսանկարներից մեկը:

1996 թվականն էր: ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի հետ Արցախ էինք մեկնել: Հենց այստեղ էլ, մի հարմար պահ որսալով, լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանը, որ այդ ժամանակ աշխատում էր «Հայ զինվոր» թերթում, որոշեց Վազգենին նվիրել հենց նոր լույս տեսած «Ես մի զարկն եմ քո կռվի» վավերագրական լուսանկարների ալբոմը:

Վազգենն ուշադիր թերթում էր, երբեմն կանգ էր առնում այս կամ այն նկարի վրա՝ տեսնելով ծանոթ դեմքեր, հիշողության մեջ դրոշմված իրադարձությունների պատկերներ: Հետո գովեց Արմենակյանին, ասաց, որ մեր պատմության վավերագրումը խիստ կարևոր գործ է, և այս լուսանկարներն էլ եկող սերնդին պիտի պատմեն այն մասին, թե ինչպես էինք մենք գնում դեպի հաղթանակ…

ՉԱՐԵՆՑ. «ԵՐԲ ԱՆՕԹԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է, ՔԱՆ ՀԱՑԸ»

6 Հնվ

Հայ գրող, հրապարակախոս, հասարակական-կուսակցական գործիչ Էլլեն Բյուզանդի (1895-1970) անունը այսօր քչերին է հայտնի: Մինչդեռ նրա թողած գրավոր ժառանգությունը կարող է կարևոր սկզբնաղբյուր ծառայել անցյալ դարասկզբի մեր երկրի պատմության բազմաթիվ էջերի լուսաբանման համար: Այս տեսանկյունից ոչ պակաս արժեքավոր են նրա հիշողությունները Եղիշե Չարենցի մասին:

Ի տարբերություն Չարենցի շատ այլ ժամանակակիցների, Էլլեն Բյուզանդի հուշերը գրեթե միշտ անտեսվել են և միայն հազվադեպ են դրանք ծառայեցվել որպես փաստական վկայակոչում: Սա իր պատճառներն ունի: Խորհրդային տարիներին Բյուզանդն՝ իբրև դաշնակցական գործիչ, համարվում էր անցանկալի անձ: Իսկ հետագայում նրա տեսակետները գնահատվեցին կողմնակալ և սուբյեկտիվ:

Բյուզանդն ու Չարենցը՝ երկուսն էլ Կարսի բնակիչ, եղել են ծանոթներ, բայց ոչ երբեք մտերիմներ: Ժամանակ առ ժամանակ նրանց ուղիներն անսպասելիորեն հատվել են և արագորեն էլ բաժանվել: Պետք է կարծել, որ դրան մեծապես նպաստել է փոխադարձ համակրանքի բացակայությունը: Եվ եթե Չարենցի պարագայում դա գրեթե հավասարազոր է եղել պարզ անտարբերության, ապա Բյուզանդի հակակրանքն իր հետքերն է թողել ինչպես անձնական փոխհարաբերություններում, այնպես էլ հուշագրության էջերում:

Էլլեն Բյուզանդի ջանքերը` տպավորություն ստեղծել, թե նա լավ է ճանաչել Չարենցին և բավականին շատ բան գիտի բանաստեղծի մասին, մեղմ ասած, հաջողությամբ չեն պսակվում: Սակայն, միևնույն ժամանակ, Բյուզանդի հուշերն ու վկայությունները նախ և առաջ արժեքավոր պիտի համարվեն այն պատճառով, որ վերջինիս ընդգծված  վանողական պահվածքն իր խորքում կամա թե ակամա ի հայտ է բերում  իրատեսական գնահատումներ և արժանահավատության տարրեր, բաներ, որոնք Չարենցով հիացող ու նրան երկրպագող մեկը գուցե թե միտումնաբար շրջանցեր:

Ստորև ներկայացնում ենք մի հատված Բյուզանդի հուշերից, որը վերաբերում է Չարենցի կյանքի ալեքսանդրապոլյան օրերին՝ մի կարճ շրջան, որն առ այսօր մնում է անհայտ ու չլուսաբանված:

Հովիկ Չարխչյան

«…Մայիսյան ապստամբության միջոցին Խորհրդարանը դադրեցրեց իր նիստերը. Պատգամավորները գնացին շրջանները զանազան աշխատանքներ կատարելու համար: Խորհրդարանի գրասենյակը մեծ գործ չուներ կատարելու:

Ապստամբության ճնշումեն անմիջապես հետո Աշխատանքի նախարար Վարոս Բաբոյանը ինձ կանչեց գործի: Գյումրի (Ալեքսանդրապոլ), Կարս, Սարըղամիշ և այլ վայրեր պիտի լծվեի Արհեստակցական Միությունները վերակազմելու գործին, որ ապստամբության պատճառով լուծարքի էր ենթարկված:

Մեր ընտանիքը՝ Կարսեն 18-ին գաղթած՝ Թիֆլիսում էր դեռ. միայն մեծ եղբայրս ընտանիքով արդեն Կարս էր վերադարձած: Գործի անցնելե առաջ մի քանի օրով գնացի Թիֆլիս քույրերս տեսնելու համար: Գյումրի եկա փոքր քրոջս՝ Հռիփսիմեի հետ (այժմ քույր, Կալիֆորնիա՝ Լոս Անջելես է. տիկին Հ. Այվազյան՝ ամերիկյան հնչումով Այվիսըն): Իջանք մեր պապենական տունը, ուր միշտ կահավորված սենյակ ունեինք մեր տրամադրության տակ: Այդ միջոցին մեր տան վարձակալներն էին կարսեցի Քեոսապապյանները: Մեր տունը գտնվում էր Պարտեզի մոտ, Պուշկինյան փողոցի վրա, ճիշտ դիմացը՝ նախկին Առևտրական դպրոցի:

Այդ ժամանակ հաց կարելի էր ունենալ միայն արձանագրությամբ և բաժնեչափով: Մեր առաջին գործը եղավ մեր հացը ապահովելու խնդիրը: Հացաբաշխման գրասենյակը Առևտրական դպրոցի մեջ էր: Երկու քույր գնացինք՝ արձանագրվելու: Մեր դեմը գտանք Չարենցը,  որ պաշտոն ուներ այդ գրասենյակում:

Երբ իմացավ, թե գործով էի Գյումրի եկել, ասաց.

— Ինձ էլ նոր գործ են տվել, ու ի՞նչ գործ, հացի բաժանում. գիտե՞ս ինչ դժվար գործ է հաց բաժանելը, երբ անօթին ավելի շատ է,  քան՝ հացը: Օրինակ՝ ոչ այսօր, ոչ էլ վաղը դուք հաց չեք ունենա: Որպեսզի Գրասենյակը ձեզ հաց տա, պետք է, որ ձեր բաժին հացը իրեն հանձնե փուռը, որպեսզի փուռը ունենա ձեր բաժին հացը, պիտի դիմե ալյուրի… և այլն, և այլն: Վրաս չխնդաս, մեջը պիտի լինես հասկնալու համար, թե ինչ դժվար գործի են լծել ինձ: Չէ, բանաստեղծի գործ չէ այս. ավելի լավ է հաց ստացող լինել, հաց չստացած օրդ անօթի փորով հայհոյել կառավարություն, պաշտոնյա, նաև Աստված՝ քան հաց բաժնող լինել և հաց չտալ անօթի մարդուն: Չէ, ես այս գործի մարդը չեմ, օձիքս որ ազատեմ, Կարս պիտի գնամ:

Երեկոյան Չարենցը  եկավ՝ մի կտոր հաց ձեռին:

-Իմ բաժինն է,- ասաց,- բերել եմ քույրերիդ համար. դուն հոգս չես: Վաղն էլ կբերեմ, մինչև հաց ստանաք:

Քույրս մերժեց Եղիշի բաժին հացը ուտել: Առարկեցի նաև ես:

-Իմ հոգը ձեզ չէ տրված,-ասաց նա- ես դանակի տակի փշրանքներով էլ կարող եմ կշտանալ: Միևնույն է, եթե դուք չառնեք, ուրիշի կտամ, անոթի շատ կա:

Առանք Չարենցի բաժին-հացը:

Մի քանի օր հետո գյումրեցի մի երիտասարդի հետ, Չարենցը եկավ մեզ մոտ.

-Հեպերիկ Չոլախյանի հիշատակին սգահանդես ենք կազմակերպում,- ասաց Եղիշը: Եկած ենք խնդրելու, որ երկու քույրերդ էլ բերեք ձեր մասնակցությունը այդ տխուր հանդեսին: Սգահանդեսը, անոր նահատակության քառասունքի առթիվ, երիտասարդներս ենք նախաձեռնում: Ես որ չեմ սիրում նման գործերի մեջ մտնել, սիրով հանձն առա աշխատել՝ որովհետև Հեպերիկը…

Հուզվեց, ավելի բան չասաց:

Հեպերիկ Չոլախյանը բնիկ գյումրեցի, բազմաճյուղ, նահապետական գերդաստանի զավակ էր, բարձրագույն կրթությամբ գյուղատնտես էր. գործոն, հանրածանոթ Դաշնակցական, սիրված ու հարգված մարդ մեծերեն ու փոքրերեն: Մայիսյան ապստամբության խառն օրերին մի մարդ փողոցում վեճ է ունենում համայնավար կարծված մի երիտասարդի հետ. քաշում է ատրճանակը, որ սպանե հայրենիքի դավաճանին: Պատահմամբ Հերպերիկը ներկա է լինում այդ վեճին. իր կրծքով պաշտպանում է անզեն զոհին: Քաշված ատրճանակը պայթում է` խլելով Հերպերիկի կյանքը. մյուսը փրկված էր:

Լայնախոհության, մարդասիրության, արդարամտության մի անմեղ զոհ Հեպերիկ Չոլախյանը, մեծ կորուստ Դաշնակցության, մանավանդ գյումրեցիների համար:

Սգահանդեսը տեղի ունեցավ Առևտրական դպրոցի (այս դպրոցն էր, որ եղավ Հ. Հանրապետության առաջին համալսարանը) մեծ սրահում: Ես և քույրս մասնակցեցինք այդ հուզիչ սգահանդեսին, խոսքով և արտասանությամբ:

Գյումրի, Չարենցի հանդիպած լինելս աչքաթող չարեցի ընթերցողին ուշադրության հանձնելու համար հետևյալը:

Մայիսյան ապստամբության հետևանքով ձերբակալված, աքսորված, փախած, կամ թաքնված էին բոլոր ծանոթ համայնավարները, նաև բոլոր նրանք, որ որևէ մասնակցություն էին ունեցած ապստամբության: Չարենցը ոչ միայն ազատ էր, այլ նաև պաշտոն ուներ պետական հաստատության մեջ: Բացի այդ նա ինքնակամ նվիրումով մասնակցում էր Դաշնակցական Չոլախյանի սգահանդեսի կազմակերպության: Սրանք խնդիրներ են, որ նկատի պետք է ունենալ իր դեմքը գծելու համար: Ես դեռ Գյումրի էի, երբ Չարենցը՝ հավատարիմ իր խոսքին՝ թողեց պաշտոնը և գնաց Կարս: Այո, նրա համար անտանելի էր լինել հաց բաժանող, չունենալով պետք եղած հացը տալու համար անօթիներին:

1920 դեկտեմբեր: Համայնավար իշխանության կարճատև Խաղաղության շրջանին Չարենցը Երևանում էր: Կարսի անկումեն հետո Երևան էր եկել նաև Կարինե Քոթանջյանը: Պաշտոնավարում էր Կոնդ թաղի որբանոցում, որպես բժիշկի օգնական. նույն թաղում, որբանոցի մոտ, նա մի փոքրիկ սենյակ ուներ:

Ռազմաճակատեն վերադարձիս (դեկտ. 3-ին) ես շատ էի տկարացած: Կարինեն ստիպեց ինձ խնամվել: Ինքն ուզեց ինձ խնամել, ամեն օր գնում էի մոտը. կատարում էր ներարկումներ, ստիպում էր ձկան յուղ ընդունել. մի բան, որ չէի սիրում, բայց չէի կարող մերժել իմ շատ սիրած աղջկան:

Նրա մոտ էր, որ մի քանի անգամ հանդիպեցի Եղիշեին, տխուր էր, մտացրիվ. լաց էր լինում, երբ խոսում էր Կարսի անկման և ժողովրդի թշվառ վիճակի մասին: Սկսել էր խմել, գրպանում օղիի շիշ էր պահում: Երբ պահանջ կար խմելու և օղի չունենար՝ դառնում էր ջղագրգիռ, ցասկոտ, հայհոյում էր աջ ու ձախ: Ուզում էր խմել, խմել օղի. խնդրում էր, աղաչում, որ իրեն օղի տային խմելու:

Կարինեն՝ չկարողանալով դիմանալ նրա ողորմելի թախանձանքին՝ դեղի համար գործ ածած իր ալկոհոլեն մի քիչ ջրի մեջ խառնելով տալիս էր նրան խմելու: Այդ օրերին ցավալի, արգահատելի մի բան ուներ Չարենցը, որ նրան ճանաչողներիս ցավ էր պատճառում…»:

Էլլեն Բուզանդ

ՄՏՔԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ

6 Հնվ

Մեծ Բրիատանիայի թագավոր Էդուարդ 7-րդի կինը՝ Ալեքսանդրիա Դանիացին մի ոտքից կաղում էր: Եվ ահա անգլիացի բարձրաշխարհիկ տիկնայք, որ ամեն կերպ կրկնօրինակում էին առաջին տիկնոջը, սկսեցին իրենք էլ կաղալ: Ավելին, այդ կանայք պատվիրում էին կոշիկներ, որոնց կրունկներն անհավասար էին՝ անբնական քայլքն առավելագույնս բնականին մոտեցնելու փափագով:

Ոտքի կեղծ հաշմանդամությունն, ինչ խոսք, զավեշտալի իրավիճակ է: Բայց պիտի ասեմ, որ մտքի հաշմանդամություն կրկնօրինակողները միշտ էլ գերազանցելու են նրանց: Իսկ մեր շուրջն այսօր դրանք այնքան շատ են:

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՆ Է

24 Նյմ

Լեզուն արյան բաղադրությունն է, երկրի ու մարդու երակներով հոսող ավիշը, որից սնվում են մարմինն ու ոգին: Լեզուն դիմագիծդ է, մատնահետքդ ու քո ծննդյան վկայականը: Արտասանվող բառերի մեջ դու ես ու քո պատմությունը, քո տեսակը, քո էությունը: Խոսքդ գաղտնազերծում է քեզ, նշտարի պես բացում է մաշկդ, հայելու նման արտացոլում է պատկերդ: Լեզուն կշռաքար է, որ հուշում է մտքիդ ծանրությունը, ջերմաչափ է, որ գիտի, թե որքան է տաք սիրտդ ու որքան սառն է դատողությունդ: Լեզուն հայրենիքդ է, որին կզոհաբերվես, այն ջուրն է, որ պիտի խմես ծարավելիս, այն հացն է, որ պիտի ճաշակես քաղցած ժամին: Լեզուն քո ապաստանն է, այն բերդն ու պարիսպը, որտեղ դու կարող ես լինել պաշտպանված ու անխոցելի, ուրեմն ապրեցրո´ւ, մարմին ու շունչ տո´ւր քո լեզվին, որովհետև միայն այդպես պիտի գոյատևես իբրև կամուրջ, որ կապում է անցյալդ ապագայի հետ, միայն այդպես կարող ես հնչեցնել քո արժանապատիվ ու ծանրակշիռ ձայնը բոլոր ժամանակների մեջ, որովհետև ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ Հայոց աշխարհն է:

Հովիկ Չարխչյան

Հենրի Միլլերն ու հայ պայծառատեսը

23 Նյմ

20-րդ դարի ամենահակասական ու սկանդալային դեմքերից մեկին՝ ամերիկացի նշանավոր գրող Հենրի Միլլերին վիճակված էր ապրել դժվարին, գահավիժումներով ու վերելքներով լի կյանք: Նրա առաջին գործերը հասարակությունը սրերով ընդունեց, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում դրանք արգելվեցին: Մերժված բոլորից և նույնիսկ գրչակից ընկերներից՝ Միլլերը ստիպված էր հեռանալ Եվրոպա: 1939 թվականին նա մեկնեց Հունաստան: Նրա հունական տպավորությունները հետագայում տեղ գտան «Մարուսիի հսկան» վեպում:

Հենց այս վեպի հատվածներից մեկում էլ Միլլերը նկարագրում է իր այցը հայ պայծառատես Արամ Հայրապետյանին, որն ապրում էր Աթենքի մերձակայքում գտնվող հայ գաղթականների ճամբարում: Ներկայացնելով տարագրված հայերի թշվառ վիճակը, շեշտելով այն հանգամանքը, որ նույնիսկ նման ծանր պայմաններում հայերը ջանում էին իրենց կենցաղին մի փոքր գույն, գեղեցկություն և իմաստ հաղորդել՝ գրողը, վերջապես, երկար որոնումներից հետո իր ուղեկցի հետ կանգնում է Հայրապետյանների տան շեմին:

«Գուշակի կինը բացեց դուռը: Նրա կեցվածքի մեջ այնքան վեհություն, այնքան պարզություն կար, որ հրաշալի տպավորություն գործեց: Նա մեզ առաջնորդեց կողքի սենյակ, որտեղ ամուսինը նստած էր սեղանի դիմաց և գլուխը ձեռքերի մեջ թաղած՝ մի հսկա հատոր էր ընթերցում: Մեզ տեսնելով ոտքի կանգնեց ու սեղմեց մեր ձեռքերը: Նրա կեցվածքի մեջ ոչ ձևականություն, ոչ էլ արտիստություն կար: Ավելի շատ ատաղձագործի էր նման, քան պայծառատեսի… Խոսում էր արաբերեն, թուրքերեն, հունարեն, հայերեն, գերմաներեն, ֆրանսերեն և չեխերեն: Իբրև թարգմանիչ էր աշխատում Չեխոսլովակիայի հյուպատոսարանում»,- գրում է Միլլերը:

Այնուհետև նա մանրամասն ներկայացնում է, թե ինչպես հայ գուշակը նրան հարցեր է տվել ծննդյան տարեթվի, վայրի, ծնողների մասին, ապա ինչ-ինչ հաշվարկներ է արել ու սկսել է գրողին պատմել, թե ինչեր են կատարվել նրա կյանքում և ինչեր են նրան սպասվում ապագայում: 1939-ին գրված այս էջերի ընթերցողը, եթե քաջատեղյակ է Հենրի Միլլերի կյանքի հետագա տարիներին, ապա նվազագույնը պիտի ապշած մնա, թե Արամ Հայրապետյանն ինչպես է կարողացել անսխալ գուշակել այդ ամենը: Միևնույն ժամանակ նա կռահել է, որ իր առջև նստած մարդը սովորական այցելու չէ, այլ մեկն է, որին վիճակված է հռչակ ու փառք:

«Ոտքի ելավ, մոտեցավ ինձ, վերցրեց ձեռքս ու տարավ իր շուրթերին: Ինչ որ ասաց անցյալի մասին՝ կետ առ կետ ճիշտ էին: Կարողացել էր բացահայտել գաղտնիքներս: Ինձնից խնդրեց, որ երբ Ամերիկա մեկնեմ, գնամ Դետրոյթ և տեսնեմ այնտեղ հաստատված իր եղբորը, որից նյութական օժանդակություն էր ակնկալում… Պետք է ասել, որ այս տեսակցությունը խորունկ ազդեցություն գործեց ինձ վրա: Ես ինքս ինձ ծայր աստիճան բյուրեղացած էի զգում: Բացի այն խորհրդավոր կանխատեսումից, որ նա արեց անմահության մասին, ապագայի առնչությամբ իր բոլոր գուշակություններն ինձ չէին զարմացնում: Ես շատ բան եմ պահանջել աշխարհից և միշտ էլ պատրաստ եմ եղել ամեն բան տալու»,- հետո պիտի խոստովաներ ամերիկացի արձակագիրը:

Արամ Հայրապետյանի զարմանահրաշ կարողության մասին իրական ու մտացածին պատմությունները քիչ չեն: Սակայն մի բան անժխտելի է. նա իսկապես օժտված է եղել գալիք դեպքերի նախազգացմամբ, և դա ապացուցվել է շատ անգամ:

Ժամանակին մի պատմություն էր շրջանառվում Հայրապետյանի մասին, որի հավաստիությունը պնդել չենք կարող, սակայն, համաձայն բերնեբերան անցնող լուրերի, հայ պայծառատեսին շատ հաճախ այցելության է գնացել Հունաստանի իշխանուհի Սոֆիան: Օրիորդն աննկատ մնալու համար իր հայ բարեկամի մոտ գնում էր ծպտված: Այդ այցերից մեկի ժամանակ Հայրապետյանն իշխանուհուն ասում է, որ նա ի վերջո թագուհի է դառնալու, սակայն ոչ իր երկրում: Եվ, իսկապես, ամեն բան լինում է նրա ասածի պես: Սոֆիան ամուսնանում է Իսպանիայի Խուան Կառլոս գահաժառանգ իշխանի հետ և 1975 թվականին դառնում է Իսպանիայի թագուհին:

Արամ Հայրապետյանի մասին տեղեկություններ հանդիպում են նաև այլ աղբյուրներում: Համաձայն դրանց, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից տարիներ անց նա Հունաստանից գաղթել է Արգենտինա: Այս երկրում նույնպես մեծ համբավ է վայելել շնորհիվ իր բնատուր ընդունակության: Մահացել է 1970-ականներին:

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: