ՍԻՐՈ ԴԱՍ
Նստած ձիգ ու անհաղորդ՝ իռլանդացի հեզ աղջիկ,
Ծնկներն իրար պինդ սեղմած- նույնիսկ այդժամ հասկացա,
Որ շուրթերդ կբացվեն իմ համբույրից առաջին.
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
Հետո արդեն հատակին՝ շրջազգեստդ ձգվեց վեր,
Ձգվեց մինչև երկնագույն կիսավարտիքը քո պիրկ,
Որն ուր որ է կպայթի իմ շոյանքից կարևեր.
Սիրավեպը չի կարող լինել ցամաք ու անկիրք:
Ո՞րն է անկեղծն ավելի. երբ Ջոն Դոնից եմ փչում
Եվ սա միջոց անվանում, բայց ոչ երբեք նպատակ,
Թե՞ երբ սեղմված քո ցոլքին «սիրելիս» եմ շշնջում.
Մտերմությունն այս է լոկ, մնացածը՝ փուչ կատակ:
Սուտ են բոլոր գրական դարձվածները սեթևեթ,
Սրա համար խենթացավ ուսուցիչը քո անքուն:
Սուտ է կյանքում ամեն բան. ճշմարտությունը ինձ հետ
Հանգրվանում է այնտեղ՝ քո ոտքերի արանքում:













