Tag Archives: «Հայելի.ամ»

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

31 May

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ. «ՄԵՆՔ ԿԿՈՐՑՆԵՆՔ ՓԱԿ ՇՈՒԿԱՆ»

Հարցազրույց գրող Հովիկ Չարխչյանի հետ

- Վերջին մեկ ամսում իրար հաջորդեցին աղետները` հրապարակում փուչիկների պայթյունը, ՀՀԿ գրասենյակը հրդեհը, հետո` պայթյուն Էլեկտրոն գործարանում, հրդեհ Ռազմական ոստիկանության շենքում: Ձեր կարծիքով, սրանք երկնային նախազգուշացումներ չեն?
- Ես շատ ավելի երկրային մարդ եմ ու պայթյունների, հրդեհների պատճառները շատ լավ հասկանում եմ: Դրանք տեխնածին աղետներ են, որոնք պայմանավորված են մարդկային գործոններով: Սա նշանակում է, որ վերջին տասնամյակներին մենք վատ մասնագետներ պատրաստեցինք: Ու թող որեւէ մեկը չզարմանա, որ այդ աղետների թիվը գնալով ավելանա: Աստված չանի, բայց մենք ավելի վատ միջադեպերի ականատես կարող ենք դառնալ զուտ վատ մասնագետների պատճառով: Մենք բացատրում էինք, որ չի կարելի տնտեսությունը, տեխնիկան, բոլոր մյուս ոլորտները վստահել մարդկանց, ովքեր թերի պատրաստվածության աստիճան ունեն: Վթարների թիվը տասնապատիկ ավելացել է ամենեւին ոչ մեքենաների առատությունից, այլ այն պատճառով, որ վարորդական իրավունք ստանում են անպատրաստ մարդիկ: Ուրիշ տեղ պետք չէ պատճառ որոնել: Ամբողջ երկիրն է ղեկավարվում մարդկանց կողմից, ովքեր, չասեմ տգետ են, բայց թերուս են: Իսկ դա անպայման իր հետեւանքներն ունենալու է: Անխուսափելի է:
- Իսկ ինչ է լինելու Փակ շուկայի հետ? Կկարողանան կանխել հայտնի օլիգարխի ոտնձգությունները:
- Անկեղծ ասած` վերջին շրջանում ես չեմ հիշում մի դեպք, երբ հուշարձանը քանդում էին, եւ հաջողվեր դա կասեցնել: Հաշվի առնելով դառը փորձը` ես մտածում եմ, որ, այնուամենայնիվ, նրանք իրենց մտադրությունը կիրագործեն: Կպահեն ֆասադը` ասելով, թե, ահա, մենք պահպանում ենք հուշարձանը: Մինչդեռ այդ հուշարձանի մի պատը ընդամենը կպահպանվի: Իսկ մնացած ամբողջ կառույցի տեղում կբարձրանան խոստացված 4 հարկերը: Կդառնա անհասկանալի ժամանակակից մի կառույց, ու մենք փաստացի կկորցնենք Փակ շուկան:
- Այդ դեպքում Մշակույթի նախարարություն կոչված կառույցն ինչի համար է, եթե նա ի զորու չէ պաշտպանել աչքի առաջ ոչնչացվող պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցը:
- Մշակույթի նախարարությունը արդեն 2 տասնամյակ ոչ մի բանի համար է: Եթե որեւէ մեկը ինձ գոնե մեկ օրինակ հիշեցնել, որ վերջին 20 տարվա մեջ Մշակույթի նախարարությունը որեւէ օգտակար բան է արել այս երկրի համար, ես ներողություն կխնդրեմ իմ ասած խոսքերի համար: Նույնիսկ սովորական գյուղի ակումբի վարիչը շատ ավելին կարող է անել, քան մի ամբողջ համակարգ, որը կոչվում է Մշակույթի նախարարություն: Ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում, բայց իրեն ներկայացնում է այդ ոլորտի տերն ու տիրականը: Անհասկանալի մի կառույց, օդից կախված մի հաստատություն, որը խժռում է էս պետության բյուջեի փողերը, բայց ոչինչ չի վերադարձնում դրա դիմաց:
- Այն բանից հետո, երբ բոլորը գլուխ էին ջարդում, թե արդյոք ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի, թե ոչ, ու հիմա, երբ բոլորը մտահոգված են, թե ինչ է լինելու մեզ հետ, որ ԲՀԿ-ն չմիացավ ՀՀԿ-ին… Ինչ եք կարծում, երկրում քաղաքական իրավիճակ կփոխվի?
- Մեծ առումով` ոչինչ չի փոխվել: Կա փոփոխության պատրանք ու կան մարդկային խմբեր, որոնք շահագրգռված են, որպեսզի պատրանքն իրականության տեղ ընդունվի: Որովհետեւ երբ ակնկալիք կա, որ ինչ-որ բան կփոխվի, մարդիկ դառնւմ են պասիվ ու համակվում են սպասողական վիճակով: Ընդամենը սա են ապահովել: Բայց ես համոզված եմ` երկրում ոչինչ չի փոխվել: Իշխանության երկու թեւեր վիճաբանում են պաշտոնական աթոռների համար ու թե ինչով կավարտվի այդ վեճը, որեւէ կերպ չի կարող անդրադառնալ հասարակության առաջնային խնդիրների վրա:
- Ընտրություններից հետո ապատիկ տրամադրություն էր կախված երկրի վրա: Որովհետեւ եթե մյուս ընտրություններին մտածում էինք, որ ընտրությունները կեղծվեցին մի խումբ զեղծարարների պատճառով, ապա այս անգամ ականատես եղանք զանգվածային առուծախի տեսարանի: Դուք ինչ եք մտածում սրա մասին:
- Ես անընդհատ մտածում էի մի հարցի շուրջ` լավ, իսկ ինչու է մեր հասարակությունը դարձել այդպիսին? Ինչու են մարդիկ որոշել, որ իրենց ձայները պիտի վաճառեն: Ընդհանրապես, ում ձայնն է հեշտ գնել կամ վաճառել: Մարդու, ում համար միեւնույնն է, թե ով կգա իշխանության: Կարելի է գնել այն մարդու ձայնը, ով որեւէ որոշում չի կայացրել, թե ում է ընտրելու: Չեմ կարծում, թե մարդիկ ապուշ են ու չեն հասկանում, որ 10 հազար դրամով ոչինչ չի փոխվելու իրենց կյանքում: Պարզապես այլեւս անտարբեր են…
- Իսկ ինչու են մարդիկ դարձել անտարբեր:
- Որովհետեւ ոչնչի չեն հավատում`ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ ապագային, որ փոփոխություններին: Ապագայի տեսիլքը չկա: Մարդիկ չգիտեն ինչ է իրենց կատարվելու վաղը: Նրանք ապրում են միայն այսօրվա օրով, այսօրվա օրն էլ կարելի է գոնե կերակրել 10 հազար դրամով: Իսկ թե առավոտը կբացվի ու ինչ կլինի, նրանց համար միեւնույնն է: Վաղն էլ գուցե փորձեն մի այլ տեղից 10 հազար գտնել: Ու շատ լավ կլինի, որ իշխանությունն էլ, ընդիմությունն էլ այս հարցի շուրջ մտահոգվեն, այլ ոչ թե փոխադարձ մեղադրանքներ իրար հասցեագրեն, թե` դու առար, դու ծախեցիր… Հա, առա, որովհետեւ ծախեցին: Մեկը չէր, երկուսը չէր… Ինչ պատահեց, որ մասսայաբար ծախվեցին?
- Ինչ պիտի պատահի, որ մարդիկ ինչ-որ բանի հավատան, որոշեն, որ հենց իրենք պիտի վիճակ փոխեն, շարժվեն:
- Հավատում են, երբ մեկը ներշնչում է այդ հավատը: Երբ կգա էն անհատը, քաղաքական ուժը, էն հասարակական նախաձեռնությունը, որ, իսկապես, կվաստակի էս ժողովրդի հավատը, էդ ժամանակ ժողովուրդը չի ծախվի: Կկառչի էդ հույսից ու կփորձի գնալ ավելի լավ վիճակի: Իսկ քանի դեռ համատարած հուսահատություն է եւ հուսախաբություն, թող որեւէ մեկին չմեղադրեն էս վիճակի համար, որեւէ մեկը թող դիտորդի վիճակում հանդես չգա: Բոլորն են մեղավոր: Բոլորն անխտիր:

Մարինա Բաղդագյուլյան
«Հայելի.ամ» կայք

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Map

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 124 other followers

%d bloggers like this: