Մահկանացուներ, արթնացեք: Դուք, դեռևս կյանքից ազատված չեք: Կգա ժամը, և ոչ մի արտաքին ուժ, ոչ մի ներքին հուզմունք չի ստիպի ձեզ թոթափելու քնի ընդարմացումը, որում դուք կննջեք հավերժ և անկշտում: Իսկ քանի դեռ ձեզ մահը չի տրված, ձեզ թույլատրված է լոկ ժամանակ առ ժամանակ կարճաժամկետ ապրել դրա նմանությունը: Չէ՞ որ կյանքն անկարելի կլիներ պահպանել, եթե այն այդքան հաճախ չընդհատվեր: Չափազանց երկար զրկվելն այդ երազից, կարճատև և անկեղծ` դա մահաբեր չարիք է ու հավերժական քնի պատճառ: Կյանքն այնպիսին է, որ դրա բեռը կրողին հարկ է երբեմն այն ուսերից թոթափել, շունչ քաշել և ուժերը թարմացնել` ասես ճաշակելով մահվան հատվածը…
Թվում է` ամենայն եղածի գոյությունը մի նպատակ ունի` մահը: Այն, ինչ գոյություն չունի, չի կարող մահանալ, և այդու ոչնչից հայտնվեցին ամենայն գոյություն ունեցող բաները: Գոյության վերջին պատճառը ոչ մի կերպ չի կարող լինել երջանկությունը, չէ՞ որ ոչ մի բան երջանիկ չի լինում: Ճիշտ է, շնչավոր էակները, ցանկացած գործ ձեռնարկելիս, իրենց առջև դնում են այդ նպատակը, բայց երբեք դրան չեն հասնում, և ողջ իրենց կյանքում՝ խորամանկելով, բանելով և տառապելով, նրանք տառապում և վատնում են ուժերը հիրավի լոկ այն բանի համար, որպեսզի գան բնության սահմանած միակ վերջնական նպատակին` մահվանը:
ԻԱԿՈՄՈ ԼԵՈՊԱՐԴԻ
10 JunՋԱԿՈՄՈ ԼԵՈՊԱՐԴԻ
12 AprԵս ահա թե ինչ նկատի ունեմ` մարդը ծարավի է և սիրում է լոկ իր երջանկությունը: Իսկ կյանքը նա սիրում է սոսկ այնքան, որքան այն ընկալում է այդ երջանկությանը հասնելու գործիքը կամ դրա սուբյեկտը, և ոչ թե կյանքն է սիրում, թեպետ և հաճախ կյանքին է վերագրում իր սերն առ երջանկություն: Իսկ սերն առ կյանքը այնպիսի հատկություն չէ, որ բնականաբար և անխուսափելիորեն բնորոշ է մարդկանց, դու դրանում կհամոզվես, եթե հիշես, որ հնում շատ ու շատերն ընտրում էին մահը, թեև կարող էին ապրել, և որ մեր օրերում շատերն են մահ կամենում ամենատարբեր իրավիճակներում, իսկ ոմանք նույնիսկ ինքնասպան են լինում: Այդ ամենը չէր կարող տեղ գտնել, եթե սերն առ կյանքը ինքնին լիներ մարդու բնույթում: Փոխարենը` սերն առ սեփական երջանկությունը յուրաքանչյուր կենդանի արարածի բնույթում է, և ավելի շուտ աշխարհը փուլ կգա, քան նա կդադարի սիրել իր երջանկությունը և իր ձևով դրան հասնել: Ըստ իս, երջանիկ կյանքը բարիք է, անկասկած, բայց սոսկ որպես երջանիկ կյանք, այլ ոչ` որպես պարզապես կյանքը: Կյանքը դժբախտ է, քանզի այն դժբախտ է, կա չարիքը և ուշադրության տակ առնելով, որ բնությունը, համենայն դեպս` մարդկայինը, հանգեցնում է այն բանին, որ կյանքն ու դժբախտությունն անբաժան են, դու ինքդ դատիր, թե ինչ է դրանից հետևում:
ԴԵՎԻԴ ՅՈՒՄ
20 Nov
Ոչինչ այնքան ազատ չէ, որքան մարդկային միտքը:
Երջանիկ է նա, ով ապրում է իր խառնվածքին համապատասխան միջավայրում: Բայց առավել կատարյալ է նա, ով կարողանում է իր խառնվածքը համապատասխանեցնել ցանկացած միջավայրի: Սովորաբար երջանկությունը հովանավորում է համարձակներին ու ձեռներեցներին, սակայն ոչինչ մեզ այնքան համարձակություն չի ներշնչում, որքան լավ կարծիքը սեփական անձի նկատմամբ: Ինքնասիրությունը ծնում է արդարության կանոնները և հանդիսանում է առաջին դրդապատճառը հաջորդները պահպանելու համար: Սակայն եթե մեր գործողությունների միակ դրդապատճառը սեփական ազատությունը ցուցադրելու ցանկությունն է, կնշանակի մենք ոչ մի կերպ չենք կարող ազատագրվել անհրաժեշտության կապանքներից: Ոչինչ ավելի խրախուսելի չէ, քան սեփական արժանապատվության գիտակցումն այն դեպքերում, երբ մենք իսկապես արժեքավոր որակների ենք տիրապետում: Այս պարագայում պիտի որ անպտուղ լինի մարդուն հիմարության համար պատժելը կամ նրան համոզելը, որպեսզի լինի խելացի ու սկզբունքային, թեև նույն այդ պատիժներն ու պնդումները կարող են նշանակալի ազդեցություն թողնել, եթե խոսքը վերաբերում է արդարությանն ու անարդարությանը:
ԱՆԴՐԵՅ ՏԱՐԿՈՎՍԿԻ
13 NovԶարմանալի և ուսանելի է հանճարի ճակատագիրը մարդկային իմացության համակարգում: Այդ Աստծո ընտրյալ տառապյալները, ովքեր դատապարտված են կործանելու հանուն շարժման և վերափոխման, գտնվում են անհաստատ հավասարակշռության հակասական վիճակում` առ երջանկություն ձգտմամբ և համոզված, որ այն՝ որպես մարմնավորվող իրականություն կամ վիճակ, պարզապես գոյություն չունի: Քանզի երջանկությունը վերացական, բարոյական հասկացություն է: Իսկ իրական երջանկությունը, երջանիկ երջանկությունը, ինչպես հայտնի է, ձգտման մեջ է առ այն երջանկություն, որը մարդու համար չի կարող բացարձակ լինել: Բաղձալի է, որպես բացարձակ: Պատկերացնենք, սակայն, որ մարդիկ հասել են երջանկության` երջանկությունը որպես մարդկային կամքի ազատության լիակատար դրսևորում ամենալայն իմաստով: Եվ հենց այդ վայրկյանին անհատը քայքայվում է: Մարդը դառնում է միայնակ՝ ինչպես Բեհեղզեբուղը: Կապը հասարակական մարդկանց հետ կտրվում է, ինչպես նորածնի պորտը: Եվ, հետևաբար, քայքայվում է հասարակությունը: Առարկաները ցաքուցրվում են տարածության մեջ՝ զրկվելով երկրային ձգողականության ուժից: Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, որ հասարակությունը հենց պետք է կործանվի, որպեսզի նրա բեկորների վրա միանգամայն նոր և արդար բան ստեղծվի… Չգիտեմ, ես քայքայիչ չեմ:
Հազիվ թե կարելի է երջանկություն կոչել գրպանը դրած բարեպատեհ ձեռք բերած իդեալը: Ինչպես ասել է բանաստեղծը. «Չկա երկրի երեսին երջանկություն, բայց կա հանգիստ և կամք»: Չէ՞ որ, բավական է միայն ուշադիր նայել գլուխգործոցներին, ներթափանցել դրանց գոտեպնդող և խորհրդավոր ուժի մեջ, որպեսզի պարզ դառնա դրանց խուսանավող և միաժամանակ սուրբ իմաստը: Դրանք, որպես արհավիրքային վտանգի հիերոգլիֆներ, կեցած են մարդկային առաջընթացի ճանապարհին: Նրանք ասում են` «Վտանգավոր է: Այստեղ մի եկեք»:
Թարգմ. Վ. Ֆերեշեթյան
ՄԱՐԼԵՆ ԴԻՏՐԻԽ
10 NovՅուրաքանչյուր ոք, ով եղել է հրապուրված, ցանկանում է ինքն էլ հրապուրել:
Գրեթե յուրաքանչյուր կին կկամենար պահպանել հավատարմությունը: Դժվարն այնպիսի տղամարդ գտնելն է, որի համար արժե հավատարմություն պահպանել: Ցանկացած տղամարդու առավել հետաքրքիր է այն կինը, ով հետաքրքրված է իրենով, քան նա, ով գեղեցիկ ոտքեր ունի: Տղամարդիկ հաճույքով կուզեին տանը տեսնել չհավաքված անկողին ու երջանիկ կնոջ, քան օրինակելիորեն հարդարված անկողին ու դժգոհ կնոջ: Իմ խորհուրդը՝ կարգի բեր անկողինդ և եղիր երջանիկ: Սիրո մեջ հպարտությունը ավելի վտանգավոր է կանանց, քան տղամարդկանց համար: Եթե պետք է փրկել իրավիճակը, տղամարդիկ իրենց հպարտության մասին մոռանում են ավելի հեշտությամբ և ավելի արագ: Իսկ իսկապես լավ կինը ամենօրյա կյանքը դրամատիզացնելու կարիք չի զգում: Երջանկությունն ընդամենը անճոռնի ճուտիկ է: Նա հնարավորություն ունի միայնության մեջ մտածել կյանքի, բարեկամության իմաստի մասին, գրքեր կարդալ, օգնություն ցուցաբերել ուրիշ մարդկանց: Այդպես նա վերածվում է կարապի: Պարզապես համբերություն է պետք:
ՄԻՇԵԼ ՈՒԵԼԲԵԿ
23 OctՊետք չէ երջանկությունից վախենալ. այն չկա: Մենք պետք է երջանիկ լինեինք, ինչպես լսող երեխաները. երջանկության համար ընդամենը պահանջվում էր ոչ դժվարին գործառույթների պահպանում, ինչը կապահովեր անվտանգություն, ինչպես նաև ցավի և ռիսկի բացակայություն: Սակայն երջանկությունը չեկավ, և մեր հավասարակշռությունը վերածվեց անմասնակցության: Ոչ մի դարաշրջան, ոչ մի քաղաքակրթություն չի ծնել այնպիսի մարդկանց, որոնց հոգում այսքան դառնություն լիներ: Այս իմաստով մենք ապրում ենք բացառիկ ժամանակներում: Եթե հարկ լիներ այսօրվա մարդու հոգեվիճակն արտահայտել ընդամենը մեկ բառով, ես անկասկած կընտրեի «տառապանք» բառը: Դուր չի գալիս ինձ այս աշխարհը: Վճռականորեն դուր չի գալիս: Ցավալի բան է, երբ տեսնում ես, թե ինչպես է խորտակվում քաղաքակրթությունը, ցավալի է տեսնել, թե ինչպես են խորտակվում նրա լավագույն ուղեղները: Սկզբում դու քեզ այս կյանքում այնքան էլ հարմար չես զգում, իսկ վերջում արդեն երազում ես իսլամական հանրապետության մասին… Այն, ինչը մեզ իսկապես հուզում է, մեր մահվան հանգամանքներն են: Մեր ծննդի հանգամանքները երկրորդական են:
ՍԻՈՐԵՆ ԿԻԵՐԿԵԳՈՐ
11 OctՄարդը անվերջանալիի և վերջանալիի, ժամանակավորի և հավերժի, ազատության ու անհրաժեշտության սինթեզն է: Ինչ անծայր թախիծ ես զգում, երբ տեսնում ես լույսի տակ միայնակ կանգնած մարդուն: Ինչ տարօրինակ են մարդիկ: Երբեք չօգտագործելով մի ոլորտում իրենց շնորհված ազատությունը, նրանք ինչ գնով էլ լինի պահանջում են դա մեկ այլ ոլորտում: Նրանց տրված է մտքի ազատությունը, բայց չէ՝ մատուցիր նրանք խոսքի ազատություն: Ազատությունը՝ դա հնարավորի և հարկավորի դիալեկտիկան է: Սակայն ոչ ոք ազատ չէ հուսահատությունից: Չկա այնպիսի մեկը, ում հոգու խորքում այցի եկած չլինի անհանգստությունը, տագնապը, աններդաշնակությունը, վախը անհայտության հանդեպ կամ այն բանի հանդեպ, ինչը նա նույնիսկ չի համարձակվում գիտենալ,- վախը ներքինի կամ ինքն իր հանդեպ:
Ո՞րն է կյանքի իմաստը: Մարդկանց, ըստ էության, կարելի է բաժանել երկու դասի. մեկը պիտի աշխատի, որպեսզի ապահովի կյանքը, մյուսը դրա կարիքը չունի: Սակայն չէ՞ որ առաջին դասի մարդկանց կյանքի իմաստը աշխատանքի մեջ չէ: Եթե ընդունենք դա, ապա ահռելի հակասություն առաջ կգա: Պայմանների մշտական ձեռքբերումը կդառնա այն բանի նշանակության մասին հարցի պատասխանը, ինչը դրանով է պայմանավորված: Մյուս դասի կյանքը նույնպես չունի մեկ այլ իմաստ, բացի պատրաստի պայմանների պահանջարկից: Եվ ասել, թե որն է կյանքի ու մահվան իմաստը՝ կարծես թե վերստին հակասական է… Երջանկության դռները, ցավոք, բացվում են ոչ դեպի ներս, այլապես այդ ժամանակ հնարավոր կլիներ դրանք բացել ուժգին ճնշումով, այլ դեպի դուրս, այդ իսկ պատճառով էլ ոչինչ անել հնարավոր չէ…
Սուֆիստական առակ
12 AprԵՍ ԸՆՏՐՈՒՄ ԵՄ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Վարպետ Բահաուդինն իր ամբողջ կյանքում երջանիկ էր, ժպիտը երբեք չէր իջնում նրա դեմքից: Նրա ողջ կյանքը ներծծված էր տոնի բուրմունքով: Նույնիսկ մեռնելիս նա ուրախ ծիծաղում էր: Թվում էր, թե բավականություն էր ստանում մահվան գալստից:
Աշակերտները խմբվել էին նրա շուրջը: Նրանցից մեկը հարցրեց.
-Ինչո՞ւ եք Դուք ծիծաղում: Ձեր ամբողջ կյանքում Դուք միշտ ծիծաղել էիք, և մենք չէինք համարձակվում հարցնել, թե ինչպես է դա Ձեզ հաջողվում: Եվ ահա հիմա էլ՝ վերջին րոպեներին, Դուք դարձյալ ծիծաղում եք: Այստեղ ի՞նչ կա ծիծաղելու:
Ծեր վարպետը պատասխանեց.
- Շատ տարիներ առաջ ես եկա իմ Վարպետի մոտ, տասնութամյա երիտասարդ էի, բայց արդեն խորապես տառապող: Վարպետս յոթանասուն տարեկան էր, և նա ժպտում ու ծիծաղում էր հենց այնպես, առանց որևէ տեսանելի պատճառի: Ես նրան հարցրեցի. «Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում»: Եվ նա պատասխանեց. «Ներքուստ ես ազատ եմ իմ ընտրության մեջ: Պարզապես դա իմ ընտրությունն է: Ամեն առավոտ, երբ ես բացում եմ աչքերս, հարցնում եմ ինքս ինձ. ի՞նչ ընտրել այսօր՝ երջանկություն, թե՞ տառապանք: Եվ այնպես է լինում, որ ես ընտրում եմ երջանկությունը, չէ՞ որ դա այնքան բնական է»:
ՉՀԱՆԴՈԳՅԱ ՈՒՊԱՆԻՇԱԴ
5 Apr- Արդարև, եթե մեկը իմանում է, ապա ասում է ճշմարտությունը: Ով չի իմանում` չի ասում ճշմարտությունը: Ճշմարտությունն ասում է իմացող մարդը միայն: Բայց պետք է ձգտենք իմանալ իմացությունը:
- Ես ձգտում եմ իմանալ իմացությունը, տեր իմ:
- Արդարև, եթե մեկը մտածում է, ապա իմանում է: Ով չի մտածում` չի իմանում: Իմանում է մտածող մարդը միայն: Բայց պետք է ձգտենք իմանալ մտածողությունը:
- Ես ձգտում եմ իմանալ մտածողությունը, տեր իմ:
- Արդարև, եթե մեկը հավատում է, ապա մտածում է: Ով չի հավատում` չի մտածում: Մտածում է հավատացող մարդը միայն: Բայց պետք է ձգտենք իմանալ հավատքը:
- Ես ձգտում եմ իմանալ հավատքը, տեր իմ:
- Արդարև, եթե մեկը հավատարիմ է ու հաստատակամ, ապա հավատում է: Ով հաստատակամ չէ, չի հավատում: Հավատում է հաստատակամ մարդը միայն: Բայց պետք է ձգտենք իմանալ հաստատակամությունը:
- Ես ձգտում եմ իմանալ հաստատակամությունը, տեր իմ:
- Արդարև, եթե մեկը գործում է, կատարում սրբազան պարտականությունները, ապա հաստատակամ է: Ով չի գործում, հաստատակամ չէ: Հաստատակամ է գործուն մարդը միայն: Բայց պետք է ձգտենք իմանալ գործունեությունը:
- Ես ձգտում եմ իմանալ գործունեությունը, տեր իմ:
- Արդարև, եթե մեկը հետամուտ է երջանկության, ապա գործում է: Ով հետամուտ չէ երջանկության` չի գործում: Գործում է երջանկության հետամուտ մարդը միայն: Բայց պետք է ձգտենք իմանալ երջանկությունը:
- Ես ձգտում եմ իմանալ երջանկությունը, տեր իմ:
- Արդարև, անհունորեն մեծ է երջանկությունը: Չկա երջանկություն մանր բաների մեջ: Երջանկությունը անհունորեն մեծն է միայն: Բայց պետք է ձգտենք իմանալ անհունորեն մեծը:
- Ես ձգտում եմ իմանալ անհունորեն մեծը, տեր իմ…
Թարգմ. Հ. Էդոյան
ՎԵՐՋԻԼԻՈ ՋՈՏՏՈ
25 FebՎԵՐՋԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Երկու փայտից մի կրակ
Բոցկլտում է ու փայլում:
Եվ կրակի շուրջ հուշիկ
Մի մրսած կին է քայլում:
Ախ, իմ սիրտը մի անգամ
Շնչեց նրա սրտի հետ:
Մենք կանք, սակայն մեր ժամը
Հեռացել է առհավետ:
Մի թռչուն կա վանդակում:
Դրսում ձմեռ է ճերմակ:
Ես հիշում եմ ու ապրում
Այս արևի լույսի տակ:
Թարգմ. Գ. Բաղդասարյանի
ՕՍԿԱՐ ՈՒԱԼԴ
16 FebԱՐՁԱՆԱԳՈՐԾԸ
Մի երեկո նրա հոգում պահանջ զգացվեց քանդակելու մի նոր արձան: Այդ արձանը պիտի կոչվեր «Երջանկություն, որ միայն մի ակնթարթ է տևում»:
Ու բրոնզ գտնելու համար նա գնաց աշխարհի զանազան կողմերը, որովհետև միայն բրոնզի միջոցով էր կարողանում երևան հանել իր հոգու ու մտքի ստեղծագործությունները:
Բայց ոչ մի տեղ չգտավ փնտրածը: Ամբողջ աշխարհում բրոնզ չկար:
Այդ ժամանակ նա հիշեց «Հավիտյան ապրող Վիշտ» արձանը, որն իր սեփական ձեռքերով էր արարել: Այդ արձանը նա կանգնեցրել էր իր սիրելի կնոջ դամբարանի վրա, որին նա այնքան էր սիրում, որ աշխարհում ամեն բանից թանկ էր: «Հավիտյան ապրող Վիշտ» արձանը նա քանդակել էր որպես նշանակ մարդկային չթառամող սիրո, որի կորուստը բերում է հավիտենական վիշտ ու թախիծ:
Արևի տակ նա շատ թափառեց, շատ որոնեց, բայց… իր արձանից զատ չգտավ ուրիշ բրոնզ:
Ու վերցնելով արձանը, հալեց մեծ վառարանի կրակի մեջ: «Հավիտյան ապրող Վիշտ» արձանի հալվածքից քանդակեց մի նորը և կոչեց`
- Երջանկություն, որ միայն մի ակնթարթ է տևում…
ՀԻՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ
9 FebԾերունին մահամերձ պառկած է մահվան մահճում: Դուռը ծեծում են.
–Ո՞վ է ,– հարցնում է ծերունին…
–Երջանկությունը,– լսվում է պատասխանը:
–Ես կյանքում երջանիկ եղել եմ, շնորհակալ եմ…
Ժամանակ անց նորից թակում են:
–Ո՞վ է ,– հարցնում է ծերունին…
–Հարստությունը,– լսվում է պատասխանը:
–Ես հարստություն չեմ փափագում, շնորհակալ եմ…
Ժամանակ անց նորից են ծեծում դուռը:
–Ո՞վ է,– հարցնում է ծերունին:
–Երիտասարդությունը,– լսվում է ի պատասխան:
–Ես իմ երիտասարդությունն ապրել եմ, շնորհակալ եմ…
Ժամանակ անց նորից դուռն են թակում:
–Ո՞վ է,– նորից հարցնում է ծերունին:
–Ընկերներդ են,– լսվում է պատասխան…
Ծերունին լարելով վերջին ուժերը բացում է դուռը, ընկերները ներս են գալիս, և նրանց հետ տուն են մտնում նաև երիտասարդությունը, երջանկությունը և հարստությունը…
ԲԵՐՆԱՐԴ ՇՈՈՒ
5 Feb
Կյանքն ինձ համար հալվող մոմ չէ: Դա կախարդական ջահի նման ինչ-որ բան է, որը մի ակնթարթ ընկել է իմ ձեռքը, և ես ուզում եմ նրան ստիպել բոցկլտալ հնարավորին չափ ավելի պայծառ, նախքան գալիք սերունդներին հանձնելը: Մենք երջանկությունից օգտվելու իրավունք չունենք, եթե այն չենք ստեղծել, ինչպես որ իրավունք չունենք օգտվելու այն հարստությունից, որը չենք վաստակել: Եթե երբևէ, հետամուտ լինելով երջանկությանը, դուք այն գտնեք, իր ակնոցը որոնող պառավի նման կնկատեք, որ երջանկությունը շարունակ եղել է ձեր քթի վրա:
Այնտեղ, որտեղ կամք չկա, չկա նաև ճանապարհ: Երբ մենք դադարում ենք գործ անել` դադարում ենք ապրել: Աշխարհում հաջողության հասած մարդիկ այն մարդիկ են, ովքեր վեր են կենում և փնտրում են իրենց հարկավոր դեպքը: Բազմաթիվ մեծ ճշմարտություններ սկզբում եղել են սրբապղծություն: Առաջադիմության դեմ առարկությունները միշտ հանգել են անբարոյականության մեջ մեղադրանքների: Փչացած մարդիկ նրանք են, որոնք սեր չունեն: Այդ պատճառով էլ նրանք ամոթ էլ չունեն: Նրանք ընդունակ են սեր խնդրել, որովհետև դրա կարիքը ունեն, նրանք ընդունակ չեն սեր առաջարկել, որովհետև նրանք տալու ոչինչ չունեն: Առաքինությունը ոչ թե այն է, որ խուսափես արատավոր դիտավորություններից, այլ այն, որ չունենաս դրանք: Իր գործողություններն արդարացնելու համար մարդը գտնում է ցանկացած պատճառ, բացի մեկից` իր հանցագործությունների համար, ցանկացած արդարացում, բացի մեկից` իր անվտանգության համար, ցանկացած առիթ, բացի մեկից, և այդ մեկը նրա վախկոտությունն է: Ատելությունը վախկոտի վրիժառությունն է իր զգացած վախի համար: Լինել վախի ստրուկը` ստրկության ամենավատթար տեսակն է:
ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ
7 Dec
Մարդկային երջանկության մասին ունեցած իմ մտքերին միշտ էլ, չգիտեմ ինչու, մի տխուր բան էր խառնվում. իսկ հիմա երջանիկ մարդ տեսնելով` ես համակվեցի մի ծանր, հուսահատության մոտեցող զգացումով: Առանձնապես ծանր էր ինձ համար այդ գիշերը: Իմ անկողինը գցեցին եղբորս ննջարանին կից սենյակում, և ես լսում էի, թե ինչպես նա չէր քնում, վեր էր կենում, մոտենում հաղարջով լի ափսեին ու մի-մի հատ վերցնում: Ես միտք էի անում, թե իրոք, որքան գոհ, երջանիկ մարդիկ կան: Ինչպիսի ճնշող ուժ է դա: Նայեցեք այս կյանքին. ուժեղների լկտիություն ու անգործություն, թույլերի տգիտություն ու անասնակերպություն, չորս կողմը անասելի աղքատություն, նեղություն, այլասերում, հարբեցողություն, կեղծավորություն, ստախոսություն… Մինչդեռ բոլոր տներում ու փողոցներում լռություն է, անդորր. քաղաքում ապրող հիսուն հազարի մեջ չկա մեկը, որ ճչա, բարձրաձայն վրդովվի: Մենք տեսնում ենք նրանց, ովքեր շուկա են գնում մթերքի. ցերեկն ուտում են, գիշերը` քնում, ասում են իրենց դատարկ խոսքերը, ամուսնանում, ծերանում, բարեհոգաբար գերեզման տանում իրենց ննջեցյալներին. սակայն մենք չենք տեսնում ու լսում նրանց, որոնք տառապում են, և այն, որ ահավոր է կյանքում, տեղի է ունենում կուլիսների ետևը: Ամեն ինչ խաղաղ է, հանգիստ, բողոքում է միայն համր վիճակագրությունը. այսքան մարդ է խելագարվել, այսքան դույլ ջուր է խմվել, այսքան երեխա է մահացել թերսնումից… Եվ, ակներևաբար, այսպիսի կարգ ու կանոն է պետք. ակներևաբար, երջանիկն իրեն լավ է զգում լոկ այն պատճառով, որ դժբախտները լուռ տանում են իրենց լուծը և առանց այդ լռության երջանկությունն անկարելի կլիներ: Սա ընդհանուր հիպնոս է: Պետք է որ յուրաքանչյուր գոհ, երջանիկ մարդու դռան ետևը կանգներ որևէ մեկը` մուրճը ձեռքին և թակոցով շարունակ հիշեցներ, որ կան դժբախտներ, որ, ինչքան էլ նա երջանիկ լինի, կյանքը վաղ թե ուշ ցույց կտա նրան իր մագիլները, մի փորձանք կպայթի` հիվանդություն, աղքատություն, կորուստներ, և նրան ոչ ոք չի տեսնի և չի լսի, ինչպես նա հիմա չի տեսնում և չի լսում ուրիշներին: Սակայն մուրճը բռնած այդ մարդը չկա, երջանիկն ապրում է իր համար, և առօրյա մանր հոգսերը հուզում են նրան թեթևակի, ինչպես կաղմախիին երերող քամին, և ամեն ինչ մնում է բարեհաջող:
ՈՒՄԲԵՐՏՈ ՍԱԲԱ
4 NovԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Ջահելությունը`
դժվարության ծարավ,
իր հոժար կամքով
ուսն է հարմարեցնում
ծանր բեռան տակ:
Բայց չի դիմանում:
Փլվում է արցունքներից:
Երեկոն իր մեջ հրաշքներ ունի-
թափառում, փախուստ, պոեզիա:
Երեկոն նրբացնում է օդը և քայլելը դարձնում
թեթև,անզգա:
Նոր օրն ավելի
լավն է, քան հինը,
թեպետ երկուսն էլ
երջանկությանն են:
Ինչպես ծուխն է ազատվում
երկար, անօգուտ կրակից,
այդպես մի օր էլ մենք ենք փրկվելու:












