Tag Archives: ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ՄԱՍԻՆ

20 Mar

Իմ առջև են դրված Հայ հայի հատորները: Նա գլուխը կախ, ամբողջ իր կյանքի ընթացքում հավաքում էր հայերեն բառեր: Ու՞մ համար, ի՞նչ նպատակով… Այդ հարցը մի այլ ոքի մեջ կարող է ծագել, բայց ոչ Հայ հայի: Ու նրան չտատանեց նաև այն, որ 37 թվականին երկու հայ` համազգեստավոր սևահեր հայն ու շիկահեր հայը, ծխախոտ էին հանգցնում նրա ճակատի վրա` մոխրաման դարձնելով ազնվաշուք գլուխը: Նա շարունակում էր առանձնացնել տառերը` որպես ինքնուրույն քանդակներ, ուրվագծային գլուխգործոցներ, ապա միացնում տարբեր արմատներով ու ածանցներով: Տառերը բացում էին իր գեների սկզբնաստեղծ և ի վերուստ սահմանած կազմախոսությունը: Այդ տառերն ու բառերը նկարագրությունն էին այն խոչ ու խութ արահետի, որ տանում էր իր կյանքի հազարամյակների սկիզբը, ու էլի նրա նախագո ծայրը գնում արմատանում էր Աստվածների մոտ: Ու Հայ հայը ոչ թե հիսուն տարեկան էր այդժամ, այլ մշտամնա ոգու տերը…

 ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

«Հայ հայը» պատմվածքիցsbeXzLQYPB9UhLEok5rIDMtR5M

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

12 Sep

Մենք բոլորս ձգտում ենք անջատվել քաղցր ու անիմաստ նյութեղենությունից` մեզանից` սատանայից… Սատանան տառապում է, այրվում է կրակի վրա ու փրկվել է ուզում, պոկվել է ուզում իրենից… Ես ողբում եմ սատանային, ես խղճում եմ սաանային` ձեզ, ինձ: Մարդը սատանայի անցումային փուլն է… Գիտե՞ք, թե ինչ ճանապարհ եք անցել, մինչև հասել եք այս վիճակին: Մի կործանեք ձեր երկար ու մեծ աշխատանքը… Մարդը օդանավակայանն է, որտեղից պիտի գնաք բանականության, օգտի, երջանկության աշխարհը… Մի փորձեք մարմինը տանել ձեզ հետ, ինչպես սավառնորդներն են անում: Նրանց արածը ճանճի թռիչքն է: Կույր թռիչք, մեխանիկական թռիչք` հոգու թռիչքի հետ համեմատած: Ողորմելիները ուզում են նյութեղենը բարձրացնել վեր: Անհնար մի բան: Առանց նյութից պոկվելու վեր բարձրանալ: Պահպանելով նյութեղենի կիրքը… Խղճուկ մի բան` տանել մարմինը դրախտ: Այդ սատանայի` նյութի ցանկությունն է: Պատրաստվեք իսկական թռիչքի: Ու թեպատրաստ չեք` թռիչքը չի կայանա: Ու կմնաք այստեղ, կմնաք սատանա, այս տխուր աշխարհում` հողի ձգողականությանը գերի: Եվ կմնաք այնքան ժամանակ, մինչև դժոխային աշխատանքով չնախապատրաստեք ձեր նոր թռիչքը: Կապրեք քրտնած, արյունոտած, ուրիշի ստամոքսում, ուրիշը ձեր ստամոքսում, կապրեք որպես նյութեղեն` ձի կամ մուկ, կոկորդիլոս կամ ագռավ: Ու կրկին ձեզ մարդ պիտի դարձնեք` թռչելու համար…

 

«Ժամագործների համքարությունը»axasi

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

15 Sep

Կան խոշոր ու մանր ձկներ: Խոշորներն ուտում են մանրերին: Ու դա հասկանալի է: Ինձ շփոթեցնում է մի այլ հանգամանք. կան մի հատուկ տեսակի ձկներ, որոնք սնվում են միմիայն իրենց համար ի վերուստ նախատեսված մի ուրիշ հատուկ տեսակի ձկներով: Ու եթե չլինեն այդ ձկները, մյուսները կոչնչանան: Աստված, ուրեմն, ստեղծում է այդ փոքր ձկներին մասնավորաբար որպես կեր մեծերի համար: Ես թույլ եմ տալիս ինձ մտածելու, որ ձկները զգացմունք չունեն, հոգի չունեն, զուրկ են իմաստավորելու կարողությունից: Թող այդպես լինի: Բայց ինչու Աստված ստեղծում է մարդկանց մի տեսակ, որոնք կեր պիտի դառնան մարդկանց մի ուրիշ տեսակի: Եվ եթե չլինի մարդկանց առաջին տեսակը, երկրորդը կոչնչանա: Դա ևս կհասկանայի այսքան գրադարաններով առատ աշխարհում, բայց մի հասարակ բան, այնուամենայնիվ, չի դիմանում տրամաբանությանը: Այդ դեպքում ի՞նչ կարիք կար, ի՞նչ իմաստ ուներ մարդուն տալ վերլուծելու ունակություն, խիղճ, արժանապատվություն, անապակ սեր… և այսքան գրադարաններ…

ՊԱՐԱԿԱՆՈՆ ԴԻՄԱՆԿԱՐ

4 Feb

ՎԱՆ ԳՈԳ

Իր էության անհարմարությունը զգալով` Վան Գոգը փորձեց հասկանալ իր ներկայության իմաստը: Եվ ընդհանրապես` նյութեղեն գոյության խորհուրդը: Իր բոլոր զգայարաններով շոշափեց նյութը` ամենակոշտ առարկաները, մարդկանց խոժոռ, գետնակոր կերպարանքները, նրանց դեմքերն ու անտաշ ձեռքերը, կորդապատառ հագ ու կապը, ամրափայտ աթոռն ու սեղանը, կոշկոռ կարտոֆիլ ուտողների բիրտ մակատեսքն ու նույնիսկ նրանց շարժումների նյութականությունը… Առարկայի մեջ թափանցելու, նրա միջուկը տնտղելու նպատակով իջավ հանքախորշերը: Ու առարկան կախեց հոգուց և սկսեց քարոզել փրկարար հոգու զորությունն ու բանականությունը, հավերժությունը: Բայց սեփական գոյի տառապանքը չնվազեց. ճար չուներ ու ելք: Հոգու անասելի ու անմիտ ցավերից սկսեց աջ ու ձախ ընկնել, դուրս ելավ հանքախորշից, հեռացավ առարկայի կամքից ու կոնկրետությունից, տագնապահար վրձինը պտտեցնում էր իր շուրջը` ընդարձակ ու լայն` գտնելու հույսով որևէ հենակայան, ուր իր հոգեմաշ անձկության և վայրագ ձանձրախտի ոտքերը կկապեր և որտեղ կջարդեր ներչարչարանքի աննպատակությունը: Ու քարոզիչ Վան Գոգը դարձավ աղաղակող, բոռացող վտարակ, պտտեցրեց իր հուսալքությունը, պտտեցրեց և գծեց արև… Արևը մեծացրեց-մեծացրեց և արևով լցրեց աշխարհը, ու ինքը մտավ արևի մեջ: Ու նորեն մեծացրեց-մեծացրեց և դարձրեց Աստված: Քրիստոնյա Վան Գոգը փոխակերպվեց արևապաշտի: Քարոզիչը դարձավ հեթանոս: Այդ էլ չփոքրացրեց նրա տառապանքը: Եվ նա կրակեց իր սրտին` հասկանալու համար, թե այդ երկուսից այն կողմ ինչ կա, և որտեղ կարող է հանգստացնել իր գոյության ծուռնումուռ անիվներով սայլը:

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Map

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 4,878 other followers

%d bloggers like this: